Tag Archives: Վարդան Այգեկցի

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

6 Նյմ

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԳՈՐՏԵՐԸ
Գարնանը մի սակավաջուր ցեխաջրում գորտեր ծնվեցին եւ այնտեղ էլ մեծացան: Կարճ ժամանակ անց ջուրը նվազեց, եւ գետում ապրող գորտերն եկան եւ հորդորեցին, որ իրենց հետ ապրեն.
«Եկեք մեր անմահական ջրերը,- ասացին,- խղճացեք ձեզ, քանզի ձեր ցեխաջրերը արեւի տապից ցամաքել են»:
Եվ նրանք պատասխանեցին.
«Ոչ, անհնար է, որ մենք լքենք մեր հայրենիքը»:
Շատ ժամանակ չանցած ջուրն ամենեւին գոլորշիացավ, եւ գորտերն այնտեղ կնքեցին իրենց մահկանացուն:

ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ
Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին ու ասան, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն և ոչ թե խաղաղություն: Հավաքվեցին գայլերը և շատ ուրախացան, նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին.
«Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառը և սկիզբ մեր խռովության և կռվի: Եվ եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:
Լսեցին այծերը, հաստատեցին և ասացին.
— Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից:
եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Այծերը ցրվեցին լեռներն ու դաշտերը և սկսեցին ուրախ լինել, ցնծալ ու խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր, խնդում էին ու վազվզում, փառք տալով, որ հասան լավ ժամանակի:
Գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան:

ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ
Մի առյուծ կորյուն ծնեց: Հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսը եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ, առյուծին նախատեց բարձրաձայն ու անարգեց, թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ:
Առյուծը հանդարտաբար պատասխանեց.
-Այո՛, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես:

%d bloggers like this: