Tag Archives: վարագույր

ՅԱՆԻՍ ՌԻՑՈՍ

7 Փտր

ՍԱՌՈՒՑՅԱԼ ԺԱՄ

Փակ են պատուհանները: Փակ են դռները:
Որտեղի՞ց է քամին մտնում տուն:
Փքվում են վարագույրները: Հոգնում են սավանները:
Անկյուններից վեր են խոյանում ծխնելույզները:
Մառանում ականջ է դնում փայտե ձին:
Սանդուղքի ամեն երրորդ աստիճանին ծառաներ են,
մարմարյա, մարած մոմակալներով:
Ինչ-որ մեկը բարձրանում է: Ինչ-որ մեկը իջնում է:

ԷԼԵԳԻԱ

Կեսբաժակ ջուր կա սեղանին: Շուրջը
հավաքվել են լռակյաց, նեղված իրերը-
թուղթ կտրելու դանակը, սանրը, լուցկին, մի գլանակ`
մոխրամանում ինքնիրեն ծխացող,
իսկ դրսում սպանված վայրի բադերի
փետուրները վեր քշող քամին է:

Թարգմ. Մերուժանի

ՎԱՍԻԼԻ ԿԱՆԴԻՆՍԿԻ

16 Հկտ

ՀԱՅԱՑՔ
Ինչու՞ ես նայում դու ինձ ճերմակ վարագույրի միջով: Ես չեմ կանչել քեզ, ես չեմ խնդրել քեզ ճերմակ վարագույրի միջով նայել ինձ: Ինչու՞ է այն թաքցնում քո դեմքը ինձնից: Ինչու՞ ես չեմ տեսնում դեմքը քո ճերմակ վարագույրի ետևում: Մի նայիր ինձ ճերմակ վարագույրի միջով: Ես չեմ կանչել քեզ: Ես չեմ խնդրել քեզ: Փակ կոպերիս միջով ես տեսնում եմ, թե ինչպես ես դու նայում ինձ, թե ինչու ես դու նայում ինձ ճերմակ վարագույրի միջով: Ես կքաշեմ ճերմակ վարագույրն ու կտեսնեմ դեմքը քո, իսկ դու իմը չես տեսնի: Ինչու՞ ես չեմ կարող քաշել ճերմակ վարագույրը: Ինչու՞ Է այն թաքցնում դեմքը քո ինձանից:

Թարգմ. Վարդան Ֆերեշեթյան

%d bloggers like this: