Tag Archives: Վաշաձե

Երեքը նավակում՝ չհաշված անհեթեթությունը

27 Հկտ

Այն թյուր կարծիքը, թե քաղաքական հարաբերություններում բոլոր քայլերը լինում են նախապես կշռադատված և հետապնդում են որոշակի նպատակներ, օր-օրի կորցնում է իր հավաստիությունը՝ բախվելով այնպիսի իրավիճակների, որոնք հնարավորություն չեն թողնում նույնիսկ նվազագույն լավատեսության համար: Այս բանում հերթական անգամ համոզվելու պատեհություն մեզ ընձեռեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, ով աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում (նա սիրում է հաճախակի լինել հարևան երկրում): Եվ ահա այդ հարազատ հարկի ներքո, իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում նա անդրադարձավ Ղարաբաղյան խնդրին: Վաշաձեն ասաց, որ Վրաստանը, եթե հարկ լինի, պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը: «Բանակցությունների յուրաքանչյուր ձևաչափ պետք է պահպանել, յուրաքանչյուր բանակցություն ավելի լավ է, քան բաց կամ սառեցված հակամարտությունը»,- բացատրեց նա՝ օրինակ բերելով իրենց դառը փորձը՝ 2009 թվականից ընթացող ժնևյան բանակցությունները, որոնք ցայժմ ոչ մի արդյունք չեն տվել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է իրենց ճանաչել հակամարտող կողմ։ Եվ չնայած այդ ամենին՝ Վրաստանը դեռ անում է ամեն ինչ՝ բանակցությունների ժնևյան ձևաչափը պահպանելու համար, ինչն էլ վրաց նախարարը խորհուրդ տվեց մեզ: «Ես կարծում եմ, որ նույնը պետք է վերաբերի մյուս բոլոր բանակցություններին, այդ թվում՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցություններին։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է իր օգնությունը ցուցաբերել կամ առաջարկել իր միջնորդությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Հարավային Կովկասը միասնական օրգանիզմ է, այն անհնար է մասնատել։ Հարավային Կովկասի երեք երկրները պետք է հասկանան, որ գտնվում են մեկ նավակում, և մեր ինքնիշխանությունն անքակտելիորեն կապված է։ Եթե երբևէ զգացվի այս հակամարտության կարգավորման գործընթացում մեր աջակցության կամ միջնորդության կարիքը, ապա մենք պատրաստ ենք դրան»։
Արդեն դժվար է վերհիշելը, թե սա որերորդ անգամն է, երբ Վրաստանը առաջարկում է հանդես գալ միջնորդի դերում: Նախորդ բոլոր դեպքերում Հայաստանը հնարավորինս նրբանկատորեն պատասխանել էր, որ Թբիլիսիի մասնակցության ու միջամտության կարիքը չի զգացվում: Բայց այժմ պարզվում է, որ այդքանը բավարար չի եղել, և վրացիների համառությունը կարող է շատերի նախանձը շարժել: Եվ այնուամենայնիվ, թերևս կարիք կա լսելու և հասկանալու այս անիմաստ կրկնության իմաստը: Ի վերջո ի՞նչն է մեր հարևաններին ստիպում լինել այսչափ հետևողական ու նախանձախնդիր, առավել ևս, որ նրանք հրաշալի հասկանում են՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ նույն նավակում գտնվելու հեռանկարը հազիվ թե մեզ ոգևորի: Երբեք չես իմանա, թե ինչ կարող է քեզ հետ պատահել հաջորդ վայրկյանին:
Ամենասկզբում պետք է միանգամից արձանագրել, որ վրացիների այդ կարգի հայտարարությունների տակ չկա ու երբեք չի եղել ոչ մի էական բան: Նրանք ոչ կարգավորման մշակված տարբերակ ունեն, ոչ միջնորդական առաքելության փորձ և ոչ էլ այնպիսի վարկ, որը կարողանար հույս ներշնչել, թե գործ ենք ունենալու անաչառ ու հավասարակշռված միջնորդի հետ: Մի խոսքով, Վաշաձեի ու մյուսների նմանատիպ առաջարկները սոսկ ձևական բնույթ են կրում և ոչ ավելին: Մյուս կողմից պետք է նկատել, որ ակնհայտ հակասություն կա դիվանագետ-խորհրդատուի խոսքերում: Մի կողմից նա առաջարկում է պահպանել բանակցությունների առկա ձևաչափը, ընդ որում, հրաշալի հասկանալով, որ տվյալ պարագայում խոսք կարող է գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարվող գործընթացների մասին, և նույն պահին էլ հրամցնում է իր երկրի ներկայությունը, որը ոչ միայն որևէ առնչություն չունի Մինսկի խմբի հետ, այլև դրանով իսկ արդեն փոփոխության կենթարկի սահմանված ու ընդունելի ձևաչափը:
Եվ ուրեմն ինչու՞ է Վաշաձեն այդ միտքը կրկնում նորից ու նորից: Այսօր շատերն են հակված կարծելու, որ եղածին դժվար է այլ որակում տալ, քան պարզապես տուրք քաղաքավարությանը: Այսինքն Վրաստանն այս կերպ ցանկանում է ակնարկել, որ իր համար շատ ավելի շահեկան ու նպաստավոր կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հաշտության եզրեր գտնեին: Այսպիսի տրամադրության երկրորդ շերտն էլ Թբիլիսիի այն համոզմունքն է, թե տարածաշրջանում իր դիրքերը հատուկ վերաբերմունքի են արժանի, քանի որ կարողանում է քիչ թե շատ լավ հարաբերություններ պահպանել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ:
Եթե նման բարի մտադրություններով առաջնորդվելու լիներ մի այնպիսի երկիր, որը հարևանների համար ոչ մի խոչընդոտ չի հարուցում, դա դեռ կարելի էր հասկանալ: Բայց մի՞թե Վրաստանը հենց այդ երկիրն է: Այն, որ այսօր Հայաստանի երկաթուղային հաղորդակցության ճանապարհներն արտաքին աշխարհի հետ կտրված են, արդյո՞ք հենց նույն Վրաստանի և նրա բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով չէ: Էլ չենք խոսում այն անթիվ տհաճ անակնկալների մասին, որ մեզ ամեն քայլափոխի մատուցում են եղբայր վրացիները: Ու եթե ասվածին էլ գումարենք փաստը, որ Վրաստանն ինքը միջնորդի կարիք ունի ռուսների, աբխազների, օսերի և մյուսների հետ լեզու գտնելու խնդիրներում, ապա նրա մասնակցությունը Ղարաբաղի հարցում կամ այլ հարթությունների վրա ուղղակի վերածվում է նոնսեսի:
Մի բան էլ: Երեկ Ազգային Ժողովում խոսք բացվեց Հայաստան-Վրաստան առնչությունների և հարևան երկրի նախագահի մի շարք հայտարարությունների մասին, որոնք այլ բան չէին, քան մեր հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ: Եվ ահա այս առթիվ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նման պատասխան հնչեցրեց: «Հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը պետք է զգուշորեն մեկնաբանել… Հայաստանը պետք է անի հնարավորը հայ-վրացական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Ուստի մեր կողմից նպատակահարմար չէ հակառակ հայտարարություններն անելը: Վրաստանի քաղաքական իշխանության հետ մենք նորմալ հարաբերություններ ունենք և մտադիր ենք հետայսու ևս զարգացնել դրանք»:
Վարչապետը, ով այսպես է պատկերացնում միջպետական հարաբերությունների բարոյական և էթիկական ասպեկտը, ոչ միայն վարչապետ լինելու, այլև քաղաքական դաշտում գտնվելու իրավունք չունի: Հանուն հարաբերվելու վիրավորանք կուլ տվող երկիրը երբեք արժանի չի լինի հարգանքի և նրա հետ երբեք սեղան չեն նստի հավասարը հավասարի իրավունքով: Իսկ Տիգրան Սարգսյանը կարծես թե դեմ չէ ընդմիշտ գտնվել ստորացված վասալի կարգավիճակում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Առանց քաղաքականացման անհնար է

26 Ապր

Ռուսներն ու վրացիները ևս մեկ անգամ ստիպված կլինեն խաչել իրենց սրերը, այս անգամ` Շվեյցարիայի Բեռն քաղաքում, որտեղ ապրիլի 28-ին կայանալու է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու հարցերով Վրաստանի ու Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Առաջինը կայացել էր այս տարվա մարտի սկզբին, նույն վայրում, որն ավարտվեց անարդյունք, քանի որ եթե Ռուսաստանը Վրաստանից պահանջում էր վրացական մաքսային վերահսկողության վերականգնման հարցում բանակցային գործընթաց ձեռնարկել ոչ թե իր, այլ` Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, ապա վրացիները վերահսկողություն էին պահանջում նշված անցակետերի նկատմամբ, դրանք համարում «օկուպացված»` անկախ այն բանից, որ ըստ ռուսների, մաքսակետերի պատկանելիության հարցը Վրաստանի հետ առնչություն չունի:
Բեռն մեկնելու նախօրեին Վրաստանի արտգործնախարար Վաշաձեն էլ ավելի սրեց առանց այդ էլ լարված մթնոլորտը` հայտարարելով, թե իրենց այս անգամ էլ բանակցությունների սեղանի մոտ են նստելու, որպեսզի «Ռուսաստանի պատվիրակության հետ համատեղ փոխընդունելի ելք գտնենք իրավաբանական այն մղձավանջից, որը Մոսկվան ստեղծեց Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված անկախությունը ճանաչելու իր չմտածված, հապճեպ, հուզական ու հիմար որոշմամբ»: Խնդրի նման քաղաքականացումն արդեն իսկ պիտի հուշի հնարավոր ելքի մասին, թեև, որքան էլ տարօրինակ է, նույն վրացիներն անմիջապես լրացնում են, որ իրենք գործին չվերաբերող քաղաքական, ռազմական ու այլ թեմաներ բանակցությունների սեղանին չեն դնի: «Վրաստանը չի պատրաստվում քաղաքականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամագրվելու գործընթացը»,- երկրորդ ձայնով հայտարարում են նրանք:
Անշուշտ, վատ չէ երկխոսությունից առաջ միջազգային հանրությանը ներկայանալ իբրև անաչառ կողմ, որը հարգում է խաղի կանոնները և առաջնորդվում է բացառապես դրանցով: Հաճելի է լսել, երբ Թբիլիսին հավաստիացնում է, թե Բեռն են գնում բանակցելու ոչ նրա համար, որ արգելափակեն Ռուսաստանի անդամակցությունը: Սրա հետ մեկտեղ, ասես ի պատասխան այլ երկրներից հնչող հորդորներին, վրացական կողմը նաև նշում է. «Մեր գործընկերները մեզ ընդամենը մեկ անգամ են ասել, որ Ռուսաստանի անդամակցությունն օգուտ կտա ողջ համաշխարհային տնտեսությանը: Մենք հրաշալի լսել ենք մեր գործընկերներին»:
Հասկանալի է, թե խոսքը տվյալ դեպքում որ գործընկերների մասին է և Վրաստանն ինչ չափով պիտի ականջալուր լինի նրանց: Ամեն դեպքում, դրսից եկող այս հորդորներին ի պատասխան Թբիլիսին անմիջապես մի կողմ է թողնում քաղաքական բնույթի պահանջները և կտրուկ անցում կատարում բուն հարցին` հավաստիացնելով, թե իրականում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության գործընթացում իրենց պահանջները բխում են այդ կազմակերպության արմատական սկզբունքներից և որ բանակցություններ են վարում` ելնելով ԱՀԿ-ի կանոնադրության նորմերից: Սակայն նույնիսկ այս պարագայում Ռուսաստանը չի բավարարում այդ նորմերից և ոչ մեկը: Բացի այդ, վրացական արտադրանքն արգելված է ռուսական շուկայում միայն նրա համար, որ այն վրացական է: Իսկ սա արդեն իսկապես հարցի քաղաքականացում է, սակայն ռուսների կատարմամբ:
Ի տարբերություն Վրաստանի, ռուսական կողմը մինչ այս պահը շատ ավելի հանգիստ կեցվածք ունի և նկատելի ջղակծկումներ չի դրսևորում: Ավելին ասենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնիսկ հայտարարեց, թե իր երկիրը կարող է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն առանց Վրաստանի մասնակցության: «Եթե մեր վրացի գործընկերները շարունակեն իրենց քաղաքականացված դիրքորոշումը, ապա անդամակցության հարցը կլուծվի առանց նրանց մասնակցության»,- ասաց Լավրովը: Թե ինչպես է դա հնարավոր իրականացնել` առայժմ այնքան էլ պարզ չէ, սակայն հավանաբար կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հնարավոր դարձնել անհնարինը: Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցելու բանակցություններն ընթանում են ավելի քան 17 տարի: Այս բոլոր տարիներին Մոսկվան հարկադրված է եղել բազում մեծ ու փոքր խոչընդոտներ հաղթահարել, և հիմա հերթը վրացական արգելապատնեշինն է: Կազմակերպության անդամ դառնալու համար անհրաժեշտ է կառույցի անդամ բոլոր 153 պետությունների համաձայնությունը, իսկ նրանցից յուրաքանչյուրը դա դիտարկում է բացառապես իր շահերի դիրքերից:
Ինչ խոսք, վրացիներին կարելի է ահաբեկել նաև այլ կարգի հեռանկարներով, ինչպես դա անում է, օրինակ, լուս լիբերալների առաջնորդ Վլ. Ժիրինովսկին` խոստանալով, որ եթե Վրաստանն արգելափակի ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը, վրացական բիզնեսը Ռուսաստանում կոչնչացվի, «օրենքով գողերին» բռնի կերպով կուղարկենք Վրաստան, և այդ երկիրը կշրջափակվի բոլոր կողմերից»:
Սակայն խնդիրը սոսկ Վրաստան-Ռուսաստան հակամարտության դաշտում չէ: Միացյալ Նահանգների վարչակազմը ևս շարունակում է վճռականորեն աջակցել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը և կարծում է, որ հարցը կլուծվի մինչև ընթացիկ տարեվերջ: Այդ մասին վերջերս հայտնեց Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Մակֆոլը: Նրա խոսքով`այդ թեման կոնգրեսի հետ առավել առարկայական կքննարկվի այն ժամանակ, երբ վերջնականապես կհամաձայնեցվեն կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության բոլոր պայմանները: Իսկ ընդհանրապես, ԱՄՆ-ը դժգոհ է ԱՀԿ-ում Վրաստանի դիրքորոշումից: Ճիշտ է, իրավիճակի վրա ներազդելու Վաշինգտոնի փորձերը դեռևս հաջողություն չեն գրանցել, բայց օվկիանոսից այն կողմ համոզված են, որ դա ի վերջո ժամանակի հարց է:
Թբիլիսիում ներկա պահին այդպես չեն կարծում: Վերջիններիս ինքնավստահության պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ ռուսների հետ իրենց մրցակցություն միայն ԱՀԿ-ի խնդրով չի սահմանափակվում: Առջևում կան այլ առիթներ ևս, որտեղ վրացիները կարող են հաճույքով ատամ ցույց տալ Մոսկվային: Դա Սպառազինությունների կրճատման պայմանագիրն է, Եվրոպայում անվտանգության ու կայունության նոր ճարտարապետության Մեդվեդևի գաղափարը: Մի խոսքով, մոտակա ժամանակներում Ռուսաստանը որ կողմ էլ գնա` իր ճանապարհի վրա տեսնելու է Վրաստանին:
Իսկ Բեռն մեկնելուց առաջ ռուսները նույնպես պատասխան քայլ ունեին: Ապրիլի 25-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնեց Ցխինվալի և այնտեղից հայտարարեց, թե Ռուսաստանը Վրաստանի ղեկավարությունից Հարավային Օսիայի ու Աբխազիայի դեմ ուժի չկիրառում է պահանջում։ Ինչպես տեսնում ենք, հարցն այնուամենայնիվ առաջ չի գնալու առանց քաղաքականացման:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: