Tag Archives: Վան Գոգ

ՎԱՆ ԳՈԳԻ ԳԱԼԱՐՆԵՐԸ

22 Հկտ

Մաթեմատիկոսները, ուսումնասիրելով Վան Գոգի հանրահայտ կտավներից մի քանիսը, հանգել են այն հետևության, որ այդ նկարներում պատկերված ալիքային գալարումները բավականին ճշգրտորեն վերարտադրում են աչքի համար անտեսանելի օդի տուրբուլենտ հոսանքները: Դա արտահայտվում է հատկապես այն բանում, որ կտավների վրա մեծ կամ փոքր պայծառությամբ կետերը կհամապատասխանեն հոսանքի արագության կոորդինատների կետերին, եթե կատարվի տուրբուլենտության մաթեմատիկական մոդելավորում: Սրա հետ մեկտեղ գիտնականները նշում են, որ ինչպես այդ կտավները, այնպես էլ հայտնի «Աստղազարդ երկինքը» Վան Գոգը ստեղծել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում:

noch(18)__8dr2nc3

ՎԱՆ ԳՈԳԻ ՆԱՄԱԿԸ ԵՂԲՈՐԸ

19 Սպտ

… Ախ, թանկագին իմ եղբայր, երբեմն ես այնպես հստակորեն եմ գիտակցում, թե ինչ եմ ցանկանում: Եվ կյանքում, և նույնիսկ արվեստում ես կարող եմ յոլա գնալ առանց տեր աստծո, սակայն որպես տառապող ես չեմ կարող յոլա գնալ առանց այն բանի, որն ուժեղ է ինձնից, որն իմ ողջ կյանքն է՝ ստեղծագործելու հնարավորության… Ես կուզենայի նկարներով արտահայտել սփոփիչ մի բան, երաժշտության նման: Կուզենայի նկարել տղամարդկանց ու կանանց , որոնց վրա հավերժության ինչ-որ կնիք լիներ, որը նախկինում խորհրդանշում էր լուսապսակը, իսկ մենք փորձում ենք դա հաղորդել լույսի խաղով ու թրթիռով…, դիմանկար, դիմանակար, որում մոդելի միտքը, հոգին կա՝ ահա թե ինչին, իմ կարծիքով, պետք է ձգտել: Արտահայտել երկու սիրահարների քնքշությունը երկու լրացուցիչ գույների զուգորդմամբ, դրանց միախառնումով ու հակադրությամբ, մերձավոր տոների խորհրդավոր երփներանգումով: Արտահայտել ճակատի ուռուցիկության տակ թաքնված միտքը լուսավոր տոնով, մութ ֆոնի վրա: Աստղով արտահայտել հույսը: Հոգու հուրը՝ մայր մտնող արևի ճաճանչումով: Իմ հոգում ապրում է, չեմ վախենում այդ բառից, հավատի այրող մի պահանջ: Եվ ահա գիշերը նես դուրս եմ ելնում՝ նկարելու աստղերը… Ես կցանկանայի մարդկանց հանգստացնող ինչ-որ բան ներշնչել, այնպիսի մի բան, որով մենք՝ մարդիկս, կարողանայինք մխիթարվել և դադարեինք մեզ մեղավոր կամ դժբախտ զգալ…

ՊԱՐԱԿԱՆՈՆ ԴԻՄԱՆԿԱՐ

4 Փտր

ՎԱՆ ԳՈԳ

Իր էության անհարմարությունը զգալով` Վան Գոգը փորձեց հասկանալ իր ներկայության իմաստը: Եվ ընդհանրապես` նյութեղեն գոյության խորհուրդը: Իր բոլոր զգայարաններով շոշափեց նյութը` ամենակոշտ առարկաները, մարդկանց խոժոռ, գետնակոր կերպարանքները, նրանց դեմքերն ու անտաշ ձեռքերը, կորդապատառ հագ ու կապը, ամրափայտ աթոռն ու սեղանը, կոշկոռ կարտոֆիլ ուտողների բիրտ մակատեսքն ու նույնիսկ նրանց շարժումների նյութականությունը… Առարկայի մեջ թափանցելու, նրա միջուկը տնտղելու նպատակով իջավ հանքախորշերը: Ու առարկան կախեց հոգուց և սկսեց քարոզել փրկարար հոգու զորությունն ու բանականությունը, հավերժությունը: Բայց սեփական գոյի տառապանքը չնվազեց. ճար չուներ ու ելք: Հոգու անասելի ու անմիտ ցավերից սկսեց աջ ու ձախ ընկնել, դուրս ելավ հանքախորշից, հեռացավ առարկայի կամքից ու կոնկրետությունից, տագնապահար վրձինը պտտեցնում էր իր շուրջը` ընդարձակ ու լայն` գտնելու հույսով որևէ հենակայան, ուր իր հոգեմաշ անձկության և վայրագ ձանձրախտի ոտքերը կկապեր և որտեղ կջարդեր ներչարչարանքի աննպատակությունը: Ու քարոզիչ Վան Գոգը դարձավ աղաղակող, բոռացող վտարակ, պտտեցրեց իր հուսալքությունը, պտտեցրեց և գծեց արև… Արևը մեծացրեց-մեծացրեց և արևով լցրեց աշխարհը, ու ինքը մտավ արևի մեջ: Ու նորեն մեծացրեց-մեծացրեց և դարձրեց Աստված: Քրիստոնյա Վան Գոգը փոխակերպվեց արևապաշտի: Քարոզիչը դարձավ հեթանոս: Այդ էլ չփոքրացրեց նրա տառապանքը: Եվ նա կրակեց իր սրտին` հասկանալու համար, թե այդ երկուսից այն կողմ ինչ կա, և որտեղ կարող է հանգստացնել իր գոյության ծուռնումուռ անիվներով սայլը:

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

ԺՈՐԺ ԲԱՏԱՅ

4 Դկտ

Վան Գոգ կամ Պրոմեթևս

Այդ ինչպես որոշ դոմինանտ կերպարներ հայտնվում են կյանքի թատերաբեմում այնպիսի ուժգին հավատամքով, որ դու համոզվում ես անմնացորդ: Եվ անթիվ հնարավորությունների քաոսային ծովում նրանք ճառագում են այնպիսի փայլով, որ կասկածի տեղ անգամ չի մնում: Շատերին թվում է, թե այս երևույթը առնչություն չունի վերելքն հաղթահարող ամբոխի հետ: Արդ, ոչ մի ճշմարտություն հանգիստ չի ընդունվում: Եվ որևէ արվեստագետի ստեղծագործության կարևորությունը ոչ մի կերպ կախված չէ մեկ այլ նկարչի համերաշխ ու ներդաշնակ համախոհությունից, առավել ևս մի երրորդի` դիտողի հավանությունից, որին գուցե այդ նկարչի ստեղծագործությունը գրավել է մի օր և նետել խորհրդածությունների գիրկը: Այս տեսակետը, իհարկե, եթե մենք պատկերացնենք, թե ինչ է կատարվում ցուցասրահներում, իսկական ժխտում է, քանզի այցելուն պատրաստ է ավելի շուտ հանգիստ ընդունել ուրիշի դատողությունները, քան փնտրել այն, ինչ իրեն հարազատ է ու անհրաժեշտ: Անիմաստ է նաև վեր հանել այն թշվառ վիճակը, որում հայտնվում է համարյա ամեն ոք, ով կարդում է կամ դիտում: Բայց կյանքի այս զավեշտական սահմանազատումներից բացի, հնարավոր է բացահայտել մի ուրիշ աշխարհ, որը չի պատկանում ամբոխը նենգությամբ ճեղքող անհատին, այլ մեր աշխարհն է, աշխարհն այն մարդկային էակի, որը գարնան ավետումի հետ ուրախությամբ դեն է շպրտում ձմռան ծանր ու փոշոտ վերարկուն:
…Անկախ որևէ հանգամանքից, մարդկային գոյությունը պահանջում է իրերի հարատև ու կայուն վիճակ: Այստեղից էլ բխում է երկակի վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչն ստեղծվում է ուժերի հզոր վատնումով: Այդպիսի երևույթները` հար ու նման բնության որևէ երևույթի, հսկայական վտանգ են ներկայացնում հենց իրենց համար: Հիացմունքի և էքստազի հետ մեկտեղ, այսպիսի երևույթները պարզապես ենթադրում են վերջիններիս ընկալումը որոշակի հեռավորությունից միայն: Զգուշանալու նման մտահոգությունը ամենապարզ ձևով կարող ենք համեմատել արևի հետ: Եվ իսկապես. ինչ է արևը, ճառագում, լույսի ու ջերմության անսահամն կորուստ, բոց, պայթյուն: Բայց նա հեռվում է, հեռու մարդկանցից, որոնք հեռավորության հանգիստ ապահովության մեջ, հանգիստ վայելում են այդ համաղետի պտուղները: Իսկ երկրին վերապահված է կեղևի ծանրությունը, որն իր վրա կրում է քարե տների ու քայլերի ծանրությունը:

Ֆրանս. թարգմ. Մ. Զինջերեջյանը

%d bloggers like this: