Tag Archives: ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ԵՐԿԻՐ: Ց´ՊԱՀԱՆՋ…»

12 Դկտ

2008-04-04_mek-gumaratc-mekՎանո Սիրադեղյանի այս` թերևս միակ չափածո ստեղծագործությունը գրվել է 23 տարի առաջ` 1989 թ., ենթադրաբար` հունվարին կամ փետրվարին: Այն օրերին Սիրադեղյանը ձերբակալված էր և «Ղարաբաղ» կոմիտեի մի քանի անդամների հետ գտնվում էր Մոսկվայի «Բուտիրկա» բանտում:

Վանո Սիրադեղյան

ԵՐԿԻՐ: Ց´ՊԱՀԱՆՋ…

Ձմեռ է դուրսը ըստ օրացույցի.
ձյուն է, հալոցք է, թե սառնամանիք,
ճաղերից այս կողմ ջերմաստիճանը անփոփոխ է-
հարկերում՝ 20,
նկուղում՝ 15:
Նախաճաշից իրիկնահաց,
իրիկնահացից նախաճաշ ընկած միջոցը նույնն է,
ուրբաթի գալը իմացվում է ոլոռի լափից.
ժամանակից դուրս ես եմ ծերանում,
Քեզ ժամանակի հոսանքն է տանում՝
հայացքդ ափին,
ցավդ տանեմ:
Աղյուսակապ առաստաղի տակ լամպը
հանգչում է,
երբ փչանում է,
չի թարթում անգամ լարման անկյունից,
լույսի տակ քնում, լույսով զարթնում եմ,
և պատին դարձած լուսամփոփիդ
նրբանկատ շողքն եմ հիշում.
ցավդ տանեմ:
Համայն Ռուսիայի Ստանիչնի պրիստավ
Նվաստ մականունով Ալեքսանդրի հիմնած
զնդանում
ցաքուցրիվ կանք մի բուռ ընկերներ՝
Հայաստանի սրտից պոկած փերթ.
նույն խոհանոցից կեր ենք ստանում,
նույն միջանցքներն ենք ոտքի տակ տալիս,
սակայն իրարից այնքան ենք հեռու,
ինչքան ջղաձիգ Հայաստանից:

Մի տարվա ազատ կյանքի դիմաց
Մի լրիվ կյանքի գին են ուզում,
Ուզում եմ ընդմիշտ վերացած տեսնել
Մահապարտ ոգին Ավարայրի,
ո՜նց կուզենային տասը տիկ հանել
դնել դեմը Մայր Հայաստանի,
չլիներ ահը հազար ինն հարյուր ութսունութ թվի Երևանի:
Ի՜նչ սրընթաց տարին բոլորեց,
Ձյան քանի՞ շերտի տակ է փետրվարի
ապստամբ ոգին,
ձնհալի հետ կմաքրվեն հրապարակները
ժանգ ու մետաղից,
ծիրանիները կծաղկե՞ն, արդյոք, այս գարնանը
քրտնախաշ օդում զորանոցային Երևանի:

Ո՞նց ես ապրում Երևանում՝ առանց Վանոյի,
ո՞վ է եփածդ սուրճով հիանում,
ո՞վ է մոտենում հեռախոսին,
որ մի ժամանակ հանգչում էր գոգիդ,
շնչում էր սիրով, խոսում սրտիդ հետ…
Հաշտվիր հետը.
շաբաթ կանցնի, ամիս կանցնի, կանցնի տարի,
առօրյա մի զանգ հանկարծ սիրտդ,
պտղի առաջին զարկի նման, թունդ կհանի,-
եթե ականջդ ձայնի պահես,
եթե սիրտդ սառած չլինի,
եթե սլացիկ, արագ ոտքերդ քեզ ինձանից տարած չլինեն:
Բայց դու սրտիդ հետ մենակ մնա,
եթե բարակ է՝ կկտրվի,
կտրվեց՝ շունչն էր, ուրեմն, կարճ, արյունը՝ սակավ,
սակավի համար չեն ափսոսում,
ես իմն ապրեցի, դու քոնը ապրիր,
ցավդ տանեմ:
Երեկ նայեցի հայելու խորքը,
Տեսա՝ դեպի վերջն եմ գնում
և տեսա քեզ ձմեռային գորշ Երևանում
մենակ ու սիրուն.
օձիքդ՝ թաց,
գլուխդ՝ բարձր,
շուրթերդ՝ սեղմած, որ լաց չլինես…
Արցունքներիդ ճանապարհ տուր,
որ սիրտդ բացվի,
ժպտա՝ քաղաքի դեմքը ծաղկի,
թաց ու լույսի մեջ ջահել սերդ
թող Հայաստանի ցավոտ երկնքին
ծիածան կապի,
Հարսնություն արա Երևանին,
ցավդ տանեմ,
քանզի օրերից աննման մի օր
ես քեզ գտա երջանկության մատույցներում
և ընդունեցի՝ ճակատիս գիր,
կարգեցի՝ մերձավորիս քույր,
հռչակեցի օպերայի հարս:
…երգը վերջացավ,
խցի պատերը տեղը եկան,
հինգ տղամարդ պապանձված են շուրջը սեղանի,
պարզվեց ռադիոն վանդակի մեջ է,
երկաթե դուռը՝ երիցս կողպած,
սիրտ չկա նայելու պատուհանին,
սիրտ չկա գդալը բերան տանելու,
բայց միջանցքում կրի սայլակը առաջ հրեցի,
և բանտն սթափվեց ապուշությունից:
Այստեղ թուլանալ չի կարելի.
օրերը հաշվել չի խրախուսվում,
դրսի կյանքը մոռանալն է ճիշտ,
աշխարհաթող լինելն է փրկում,-
սա այբուբենն է անազատ կյանքի,
որ հաշտվածները եղբայրաբար
սովորեցնում են շփոթվածներին,
և ով կարեցավ գիշերը տեսած երազը հիշել,
ասում են՝ կապրի:

Բայց ես մոռանալ չեմ կարողանում
քեզ, որդուս, Հայաստանը.
քեզ՝ լացակումած,
որդուս՝ մոլոր,
Հայաստանը՝ ավերակ դարձած:
Ես ո՞նց մոռանամ,
ես ձեզ ու՞մ պահ տամ, սիրելիներս,
երբ աստված, այսպես, մեր մեջքը ջարդեց
մեր ձգված պահին…
Տեսնես ի՞նչ կա Լենինականում,
Սպիտակում ի՞նչ են անում,
փրկվածները ո՞նց են ապրում
գնացածները տեսնես ու՞ր հասան,
ո՞վ էր տեսել դասարաններով երկինք
համբառնան.
հրեշտակների այսչափ երամներ
ո՞ր երկնքում կան
բացի նզովյալ Հայաստանից:
……………..
Ձմեռվա կեսին Մոսկվա քաղաքում
կեսգիշերին անձրև է գալիս.
եղանակները ելել են հունից,
աղետաբեր են ժամանակները,-
մենք ու մեր ոխերիմ աստված,
ուշքի եկեք, աղետյալներս,
թոթափվեք թաղից գարնանը հառնող
վազի նման,
խչմարեք իրար ու ապավինեք, ձեր
ցավը տանեմ,
Դու,
որդիս,
Հայաստանը:

1-ej-mec-nkar19

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

17 Հլս

ՍԻՐԵԼՈՒ ՏԱՐԻՔ

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասևեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։
Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարևորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ,- հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչև իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։
«Վերջ,- ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս,- խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել- անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի- այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։
Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։
Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։
Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է,- այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի- նույնիսկ մեկի դեմ։
Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

2 Ապր

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:
Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական` մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա…
Մենք կռահել ենք նպատակասլացություն կոչվող բանի ավերիչ ուժը ու երազող ենք: Մենք կասկածում ենք, ուրեմն մոտ ենք սթափվելուն: Մենք հազիվհազ սթափվելու ճանապարհին ենք, իսկ խժդժության տասնապետները վայրահաչում են մեր մասին` իբր թուլամորթ, աննպատակ սերունդ դուրս եկանք, իբր մեր կյանքում վեհություն չկա…
Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանն ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը: Հայաստանն իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս` համեմատելու կարիք չկա…

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

5 Նյմ

Էրիվանի խանության ժամանակները

Հիմա Երեւանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի եւ Փոքր Ասիայի արդյունաբերության, առեւտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: Բայց ի տարբերություն անցած դարասկզբի, երբ հայությունը անմիջական մասնակցություն ուներ տարածաշրջանի զարգացումներին, այս դարասկզբին մեր դերը լինելու է ստորագույնը: Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երեւանից շարժվելու են երկիրը շրջանցող երկաթուղիների կողմը: Մի բան Ղազախից առնելու-սաղացնելու են Սադախլոյում, մի բան Նախիջեւանից առնել-տանելու են Իգդիր, մի մասն էլ շուլալվելու է Ախալքալաքի երկաթուղու մոտերքը: Արարատի տղերքը կաշխատեն փայ մտնել Հայաստան մտնող իրանական չամիչի գործում, դաշնակ շուստրիները բարեգործականի անվան տակ «տանիք կկանգնեն» Եվրոշուկայում չուտվող Հունաստանի զեյթունի ձեթի՝ Հայաստան ներկրման գործին: Մի երեք հազար հայ միառժամանակ համբալություն կանի Ախալքալաքի ռուսական կայազորի մոտերքում, մի հինգ հազար էլ կօգտվի Գյումրվա ռուսական կայազորի պայոկից… Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա եւ Ռուսաստան: Եվ կբարգավաճեն, որովհետեւ նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել: Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում: Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետեւ հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սեւանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ եւ հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին եւ նույնիսկ արդեն քերթել են գառը եւ կրակ են գցել սամովարը: Իսկ Երեւանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջեւանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երեւանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջեւանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երեւանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետեւ հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երեւանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլեւ սիգից, քանի որ կվճարեն եռակի, եւ ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երեւան: Բարգավաճող Ադրբեջանի մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով՝ պատշար, ծեփագործ եւ հյուսն: Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթեւ ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ՝ թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն՝ Շիրակը, Լոռին, Երեւանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երեւանի մյուս կեսը՝ իրանական լվացքի փոշուն: Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից:
Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։ Ո՞վ կարող է ասել, որն է մակընթացության ու մի այլ մակընթացության միջեւ եղած տարբերությունը։ Կամ ո՞վ կարող է նույն հարցին պատասխանել՝ տեղատվությունը դիտարկելիս։ Ափը փոխվում է, ավազը փոխվում է, ջրի բերած ծովախոտն ու տիղմը փոխվում է, բա փրփուրը ոնց է փոխվում, բայց մակընթացությունն ու տեղատվությունը նույնն են՝ ծովի պարզ տրանսֆորմացիա։
Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթեւամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջեւանն էլ՝ հետը։ Այո, մեծ եւ փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…

%d bloggers like this: