Tag Archives: վանդալիզմ

ՎԱՆԴԱԼԻԶՄ. ՊՂԾՎԵԼ Է ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

29 Հկտ

Այսօր մի խումբ հեռուստալրագրողների և բանաստեղծ Արևշատ Ավագյանի հետ մենք այցելեցինք այն վայրը, որտեղ գտնվում է Եղիշե Չարենցի գերեզմանը: Չեմ կարող բառերով նկարագրել զգացումը, որ ունեցանք բոլորս, երբ տեսանք այն, ինչը բոլորովին չէինք սպասում տեսնել: Եղիշե Չարենցի գերեզմանը պղծված էր, ոչնչացված էր այնտեղ տեղադրված խաչը, բանաստեղծի դիմանկարը և ցուցանակը, որի վրա նշված էր նրա մահվան օրը: Գերեզմանաթումբը հարթեցված էր, իսկ այնուհետև ծածկված շինարարական աղբով, քարերով և մետաղե թիթեղներով: Թե ո՞վ կամ ովքե՞ր են մարդկային կերպարանքով այն թերմածքները, որ հանդգնել են ձեռք բարձրացնել այդ սրբավայրի վրա, առայժմ հատնի չէ: Սակայն ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք: Շատերին է հայտնի, որ Չարենցի թաղման վայրը գտնվում է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի կողքին: Այդ տարածքը հսկվում է օրուգիշեր ոչ միայն թիկնապահների կողմից, այլև պարսպի տարբեր հատվածներում տեղադրված տեսախցիկներով: Ընդ որում, տեսախցիկներից մեկը գտնվում է հենց Չարենցի գերեզմանի մոտ: Բացառվում է, որ այն արձանագրած չլինի այն պահը, երբ վանդալները հողին էին հավասարեցնում շիրմաթումբը: Ուզում եմ հավատալ, որ ամենակարճ ժամանակում մենք Ռ. Քոչարյանի գրասենյակից կստանանք մեզ հուզող հարցերի գոնե մի մասի պատասխանը:
Հիշեցնեմ, որ դեռևս 1996 թվականին գտնվեցին Չարենցի մասունքները, իսկ վերջին տարիներին այդ վայրը դարձել էր Չարենցի պոեզիայի երկրպագուների ուխտավայրը: Չարենցասերների ջանքերով այն հնարավորինս բարեկարգվել էր, տեղադրվել էին հիշատակի խաչն ու հուշատախտակը: Այժմ կատարված անմարդկային արաքը ոչ միայն հանճարեղ գրողի հիշատակի պղծումն է, այլև ծանր վիրավորանք նրա ընթերցողների ջերմ զգացումների հանդեպ: Եվ սա չի կարող անհետևանք մնալ:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «քաղաքակիրթ վանդալիզմը»

21 Հնս

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի գրասենյակի «Միրո» ցուցասրահում կազմակերպված «Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» լուսանկարչական ցուցահանդեսը, որ նպատակ ուներ ներկայացնելու մեր ժողովրդի մշակութային ժառանգության դրսևորման անկյունաքարերից մեկի պատմությունը, վերածվեց ոչ թե հոգևոր տոնի, այլ քաղաքական սկանդալի: Պարզվեց, որ 60 լուսանկարները, ինչպես նաև խաչքարային մշակույթի տարածման գոտիներն ընդգրկող քարտեզն ու լուսաբանող գիտական բացատրագրերը, որոնք պիտի հնարավորություն ստեղծեին գոնե մոտավոր պատկերացում կազմելու քրիստոնեական հնագույն արվեստի մասին, իրականում դանդաղ գործող ռումբի ազդեցություն ունեցան ՅՈՒՆԵՍԿՕ կոչվող կառույցի վրա, հենց այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որն ընդամենը անցյալ տարվա նոյեմբերին հայկական խաչքարն ընդգրկել էր ոչ նյութական մշակութային ժառանգության իր սահմանած ցանկում` չնայած Ադրբեջանի պնդումներին, թե իբր այլ ազգեր ևս խաչքարեր ունեն:
Ցուցահանդեսի կազմակերպմանն անմիջական մասնակցություն ունեցած ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ու Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը դարձան այդ տհաճ անակնկալի առաջին ականատեսները: Բանն այն է, որ վերջին պահին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն առանց որևէ բացատրության խաչքարերի նկարներից հեռացրեցին դրանց ծագումնաբանության մասին տեղեկությունը` թողնելով միայն ստեղծման տարեթվերը: Ավելին, հանվեց նաև ՄԱԿ-ի դրոշը, որն ամրացված էր եղել Հայաստանի դրոշի կողքին: Իսկ այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուները ոչ միայն մերժեցին գալ ու բացատրություններ տալ, այլև ներկա չգտնվեցին ցուցահանդեսի բացման արարողությանն ու ելույթներին: Մի խոսքով, հանդիսավոր արարողության մասին այլևս խոսք լինել չէր կարող, թեև ոմանք դեռ փորձում էին փրկել կացությունը: Նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, որն աջակցել էր ցուցահանդեսի կազմակերպմանը, իմանալով միջադեպի մասին, հրաժարվեց մասնակցել բացմանը: Հետո արդեն ականատեսները պիտի պատմեին, թե հիմնական խնդիրը ոչ միայն խաչքարերի տեղանքը նշող գրություններն էին եղել, այլ նաև սրահից այն քարտեզի դուրսբերման հարցը, որտեղ Ղարաբաղը նշված էր Հայաստանի կազմում: Հայերին բաց տեքստով ասել էին, որ այն, ինչ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում է` պետք է հանել: «Դուք պետք է համաձայնեցրած լինեիք նրանց հետ»,- իրենց քայլը հիմնավորել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգադրիչները:
Վիրավորվողը վիրավորվեց, զայրացողը զայրացավ, արժանապատվություն ունեցողը նկատեց ստորությունը: Ֆրանսիայի ու Շվեյցարիայի մի շարք հայկական կազմակերպություններ իրենց բողոքն արտահայտեցին կատարվածի առնչությամբ: Հայ Դատի ֆրանսիական գրասենյակը միջադեպը որակեց իբրև ադրբեջանա-թուրքական միջամտություն պետական մակարդակով: Հայկական համայնքները սպառնացին դատի տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին` իր «քաղաքակիրթ վանդալիզմի» համար: Սոցիալական ցանցերը հեղեղվեցին «կեղտոտ գրաքննությունը» դատապարտող կոչերով ու նամակներով: Ու հանկարծ բոլորի աչքերին միանգամից պայծառություն իջավ, հիշողությունն արթնացավ իր նիրհից, և առաջին հարցը, որ հնչեց սթափության միջից, հետևյալն էր. «Իսկ ի՞նչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեզ համար»: Իսկապես, ի՞նչ է արել: Որտե՞ղ էր նա, ինչու՞ գոնե մեկ անգամ մատը մատին չխփեց, երբ ոչնչացնում էին Ջուղայի հազարավոր խաչքարերը, Թուրքիայի հայկական հուշարձանները, Վրաստանի հայոց եկեղեցիները: Մշակութային արժեքների պահպանման գործին լծված միջազգային հաստատությանը մինչ օրս քանի՞ անգամ է հաջողվել որևէ հայկական հուշարձան փրկել կործանումից: Եթե ինչ-որ մեկը հիշում է այդպիսի դեպք` թող հուշի:
Սակայն այս արձագանքի փոխարեն եկավ մեկ ուրիշը` նամակ մեղավորից: Հեղինակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանրային տեղեկատվության բաժինն էր: Այնտեղից գրում էին, թե իրենց կենտրոնակայանում բազմաթիվ երկրների շահերին վերաբերող որևէ միջոցառման անցկացման դեպքում այդ երկրների հետ նախնական խորհրդատվությունը պարտադիր է: «Ցավոք, տվյալ դեպքում այդ կարևորագույն պայմանն ամբողջովին կատարված չէր: Ցուցահանդեսին ներկայացրած ցուցանմուշներին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ դրանցից մի քանիսը կարող են վնասել միջազգային փոխըմբռնման և համագործակցության ոգուն, որով համակված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբողջ գործունեությունը, կամ էլ դուրս են գալիս Կազմակերպության մանդատի սահմաններից»,- ասվում էր նամակում:
Այդ ո՞ր երկրների շահերն են առնչվում հայկական խաչքարերի հետ: Չէ՞ որ նման բան ասելու համար նվազագույնը պիտի լինել տխմար, առավելագույնը` ստախոս: Մշակութային ստեղծագործությունը առանձնահատուկ է հենց նրանով, որ չի ենթարկվում պայմանականություններին ու չի կարող փոխոխել իր պատկանելությունը` ելնելով ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներից: Սա անհեթեթ, եթե չասենք` հիմարագույն տրամաբանություն է: Որպեսզի այդ բանը հասկանալի լինի Ֆրանսիայի մայրաքաղաքում գլխավոր գրասենյակ ունեցող կառույցի համար, հիշեցնենք այդ պարոններին, որ ժամանակին Նապոլեոնը Փարիզի կենտրոնում՝ Կոնկորդ հրապարակում տեղադրեց եգիպտական սյունը, սակայն այդ տեղադրումով հնագույն հուշարձանը չդադարել լինել եգիպտական: Ճիշտ այդպես էլ հայական խաչքարը միշտ հայկական է` անկախ նրա աշխարհագրությունից: Հայերեն առաջին տպագիր գիրքը 1512-ին լույս տեսավ Վենետիկում, բայց այն եղել է ու կա հայկական գիրք: Հայ առաջին պարբերականը լույս ընծայվեց Մադրասում, 1794-ին: Սակայն այն ևս կմնա իբրև հայկական պարբերական: Ի՞նչ կապ ունի այստեղ աշխարհագրությունը: Մի՞թե իտալացիների կամ հնդիկների արժանապատվությունը վիրավորվում է դրանից:
Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր պատասխան նամակում շարունակում էր քաղցր-մեղցր ոճով խրատ կարդալ. «Կազմակերպությունը ձգտել է սերտ շփման մեջ լինել Հայաստանի ներկայացուցիչների հետ, որպեսզի հնարավոր լինի խուսափել մշակութային միջոցառման անհարկի քաղաքականացումից: Ցուցահանդեսի նախապատրաստման բոլոր փուլերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը խստորեն հետևել է անդամ երկրների համար նախատեսված կանոններին և ընթացակարգերին ու ջանք չի խնայել, որպեսզի միջոցառումը պսակվի հաջողությամբ….»: Ինչ խոսք, ջանքերն իսկապես պսակվեցին, բայց ոչ հաջողությամբ, այլ ամոթով: Իսկ անհարկի քաղաքականացման մասին նույնիսկ ավելորդ է ասել, թե որքան նրանց հաջողվեց խուսափել դրանից…
ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամագրվել և նրա հետ համագործակցում է պետությունը, ոչ թե մարդկանց առանձին խմբեր: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերաբերմունք դրսևորել` տվյալ պարագայում ոչ միայն բացատրություն պահանջելով, այլև պարտադրելով, որպեսզի այդ կազմակերպությունը ներողություն հայցի կատարվածի համար: Իսկ մինչ այդ, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար այդչափ ստորացուցիչ է իր դրոշը մեր դրոշի կողքին տեսնելը, կարելի է նրան ընդհանրապես ազատել նման բեռից ու Հայաստանում առկախել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը: Մեր ինչի՞ն է պետք անդամակցությունը մի կառույցի, որը ոչ միայն ոչնչով չի օժանդակում, այլև պատեհ առիթը ներկայանալիս կարող է նաև հարվածել մեր թիկունքին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

14 Մյս

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ

17 Ապր

Պատմությունը` ավերակների մեջ

1962թ. մի գիշերվա ընթացքում տանկերի օգնությամբ ցած բերվեց ու ոչնչացվեց Ստալինի արձանների հսկայական ընտանիքին պատկանող երևանյան օրինակը: Նրա պատվանդանին հետագայում կանգնեցվեց «Մայր Հայաստան» հուշակոթողը: Այն օրերին դա մի իսկական պատերազմ էր խորհրդային բռնատիրության երբեմնի առաջնորդի քարակերտ վկաների դեմ, և որքան էլ հիմքում ուներ քաղաքական ու գաղափարական հստակ մեկնաբանում ու արդարացում, այնուամենայնիվ, եթե երևույթը գնահատելու լինենք զուտ իրավական տեսանկյունից, ապա կատարվածը ոչ այլ ինչ էր, քան սովորական վանդալիզմ:
«Միտումնավոր և դիտավորյալ վնասել, ոչնչացնել կամ էլ թալանել որևէ կառույց, կոթող կամ հուշարձան»,- ահա «վանդալիզմություն» կամ «վանդալիզմ» բառի նշանակությունը, որն օգտագործվում է համաստիճան բարբարոսության կամ վայրագության դեպքերում: Դե իսկ եթե «ավերիչ ձեռքը» գեղարվեստական կամ պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցներին է հասնում, ապա վանդալիզմի «կործանարար ուժը» կրկնապատկվում է: Նշված եզրույթն ունի ընդարձակ և բազմակողմանի կիրառություն, այնպես որ, համաձայն իր դրդապատճառի, գործածվում է ինչպես անձնական, սոցիալական, անարխիստական, այնպես էլ ռազմական, քաղաքական, կրոնական ծայրայեղականության, ֆինանսական ու ռասիստական պատճառներով իրագործված ավերածությունների դեպքում: Պատմությունը փաստում է, որ հատկապես պատերազմներն են սանձարձակում ամենաթողությունը, և դրանց ընթացքում ոչնչացվում կամ կողոպուտի են ենթարկվում բազմաթիվ նշանակալի հուշարձաններ ու գեղարվեստական ստեղծագործություններ: Հեղաշրջումներն ու իշխանափոխություններն իրենց հերթին անդառնալի կնիք են թողնում մարդու ձեռքով արարվածի վրա. կողոպուտի և ավերման ճարակ են դառնում նախորդի սեփականությունն ու խորհրդանիշները` անտեսելով դրանց արժեքն ու նշանակությունը:
Հնագույն ժամանակներում գեղարվեստական արժեքներ ոչնչացնելն ու թալանելը սովորական երևույթ էր համարվում: Իսկ վանդալիզմի ամենախորհրդանշող պատմական օրինակը տվեցին հենց իրենք` վանդալները (vandals), որոնք, լինելով Արևելյան Գերմանիայի անքաղաքակիրթ ցեղերից մեկը, 5-րդ դարում Հյուսիսային Աֆրիկայում հիմնեցին մի պետություն և 455 թվականին գրավեցին Հռոմը: Երկու շաբաթ անընդմեջ քաղաքը թալանի ենթարկելուց ու հիմնովին ավերելուց հետո նրանք հեռացան` իրենց հետ վերցնելով ամենաարժեքավոր ավարը: Հենց այդ ցեղախմբի անունից էլ առաջացավ վանդալիզմ բառը:
Սակայն հարկ է ընդգծել, որ ժամանակի ընթացքում վանդալիզմ երևույթը ձեռք բերեց ընկալման ու դրսևորման առավել հստակ և կոնկրետ իմաստներ: Ներկայումս այն նույնական չէ վայրագության հետ, թեև էությունը համատիպ է: Վայրագությունը շատ ավելի ընդհանուր բնույթ ունի, կարող է նշանակել նաև դաժանություն մարդու կամ ազգերի նկատմամբ և վերաբերում է ընդհանրապես անմարդկայնության բոլոր դրսևորումներին, մինչդեռ վանդալիզմ անվանում են բացառապես արվեստի, մշակույթի, քաղաքակրթության նմուշների, գրքերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացման կամ վնասման գործողությունները:
Միանգամայն տրամաբանական էր, որ դրան զուգահետ պիտի ի հայտ գար հուշարձանների պահպանության խնդիրը, ինչի գաղափարական հիմքերը դրվեցին 18-րդ դարում: Օրինակ, ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Կոնվենտի դեկրետներով անցյալի հուշարձաններն առաջին անգամ դիտվեցին որպես համաժողովրդական սեփականություն և վերցվեցին պետական պահպանության ներքո: Այնուհետև 19-20-րդ դդ. եվրոպական մի շարք պետություններում մեկը մյուսի ետևից ձևավորվեցին անցյալի արժեքները պահպանելու պետական տեսչություններ ու մարմիններ, որոնք, պահպանության խնդիրներից բացի, աստիճանաբար մշակեցին նաև ավերված ու վնասված հուշարձանների ամրակայման և վերականգնման մեթոդները: 1982թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը սահմանել է որպես Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության օր, ինչն իբրև տոն նշվում է 1984թվականից: Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության առաջին պետական մարմինը ստեղծվեց Առաջին հանրապետության օրոք՝ ՀՀ Խորհրդարանի 1920 թ. հուլիսի 7-ին ընդունած «Հայաստանի հնությունների պետական պահպանություն ստեղծելու մասին» օրենքով: Իսկ 1923 թ. դեկտեմբերի 18-ին արդեն ՀԽՍՀ Ժողկոմխորհի դեկրետով Լուսժողկոմատի կազմում հիմնվեց Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ ճարտարապետ Ալ. Թամանյանի նախագահությամբ: Հետագայում հիմնարկության անվանումը, ենթակայությունը և կարգավիճակը բազմիցս փոխվել է: Այդ փոփոխություններից վերջինը տեղի ունեցավ 2002թ., երբ անվանափոխության արդյունքում մարմինը կոչվեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն:


Ինչու է հեռուն տեսանելի,
իսկ մերձական` ոչ

«Երջանիկ են, բայց դա չեն գիտակցում աշխարհի այն ժողովուրդները, որոնք չունեն քաղաքակրթություններ կործանող հարևաններ»: Այս հանրահայտ ասույթը մեզ համար առավել քան հասկանալի է: Յուրաքանչյուր օր կարելի է լսել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի տրածքում, երկրագնդի այլ անկյուններում գտնվող հայկական մշակույթի որևէ հուշարձանի վնասման կամ ավերման մասին: Ամեն մի նոր դեպքի հետ մենք ընդվզում ենք, դատապարտող խոսքեր հնչեցնում, մեղադրանքներ հասցեագրում նորօրյա բարբարոսներին և մշակութային պատերազմի հեղինակներին: Սակայն հազվադեպ է պատահում, երբ փորձում ենք ինքներս մեզ հարց տալ. արդյո՞ք օտարներին անվանարկելուց առաջ հավասարապես պահանջ չկա նաև ժամանակ առ ժամանակ հայացք նետել հենց մեր շուրջը և խոստովանել, որ յուրայինների մեջ էլ կործանողները սակավաթիվ չեն: Մեր իսկ տան ներսում, մեր թանձր լռության ու անտարբերության շղարշի տակ կատավում են ոչ պակաս ցավալի դեպքեր, մեր աչքի առաջ փոշիանում են հոգևոր արժեքներ, խեղվում են մշակութային ու պատմական միջավայրեր, աղետալի ծավաներ են ձեռք բերում անօրինականություններն այդ ոլորտում: Մինչդեռ իրավիճակը վերափոխելու, դրա կործանարար ընթացքն արգելակելու լուրջ և տեսանելի նախադրյալներ առայժմ չեն գծագրվում:
Եթե առաջնորդվելու լինենք պաշտոնական վիճակագրությամբ, ապա պիտի արձանագրենք, որ Հայաստանում այսօր 24400-ից ավելի հաշվառված պատմական հուշարձան կա, շուրջ 5000-ն էլ դեռևս գրանցված չեն: Եվ 3000 գրանցված հուշարձան գտնվում է Արցախում, իսկ տեղի մասնագետների հավաստմամբ` մոտ 10.000-ն էլ դեռևս սպասում են իրենց գրանցմանը: Սակայն մի բան է նման ժառանգություն ունենալն ու հաշվառման վերցնելը, բոլորովին այլ բան է այս քարեղեն հարստության նկատմամբ հոգածության և ուշադրության չափաբաժինը: 2010թ.-ի դրությամբ` Հայաստանում պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների թիվը հասնում է 170-ի: Նույն տարվա տվյալներով, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող անշարժ հուշարձաններին վնաս հասցվելու 72 դեպք է գրանցել: Բայց սա` ընդամենը հաշվառված հուշարձանների և բացահայտված դեպքերի մասով:
Հայտնի իրողություն է, որ պատմաճարտարապետական ժառանգության պահպանման համար աշխարհի շատ երկրներում հսկայական ներդրումներ են արվում: Նույնիսկ մեր հարևան Ադրբեջանը պետական բյուջեից տարեկան 90 մլն եվրո է հատկացնում հուշարձանները վերականգնելու նպատակով` չհաշված անհատ ներդրողների տրամադրած խոշոր գումարները: Իսկ ահա նույն նպատակի համար մեր հանրապետության պետբյուջեի հակացումները տարեցտարի նվազում են… Եթե ասվածին էլ գումարենք այն փաստը, որ հուշարձանների զգալի մասը գտնվում է կիսավեր ու վթարային վիճակում, իսկ դրա հետ մեկտեղ բազմապատկվում են վանդալիզմի ու ոչնչացման դեպքերը, ապա մտահոգության շարժառիթների պակաս չի զգացվի: Եվ եթե նույնիսկ համապատասխան մարմինները շարունակում են հավաստիացնել, թե իրենց կողմից դեպերի աճ չի նկատվում, ապա նման երաշխիքները այլևս քչերի համար են համոզիչ դիտվում:
Մասնագետների գնահատմամբ` հուշարձաններին վնաս հասցնելու գործում մարդկային դիտավորությունը 10-15 տոկոս է կազմում, այն էլ իր հիմքում հիմնականում սոցիալական դրդապատճառներ ունի: Դրա ամենաթարմ օրինակները մայրաքաղաքում տեղադրված Հայկ Նահապետի և Տորք Անգեղի արձաններից պղնձյա թիթեղների հեռացումն ու գողացումն էր: Ու թեև մեղավորների համար «շաբաթն ուրբաթից շուտ եկավ» (իրավապահներին հաջողվեց նրանց որսալ), սակայն, այոնուամենայիվ, հիշյալ հուշարձանների հետագա ճակատագիրը դրանից շատ քիչ շահեց, քանի որ իրականացված վերականգնումն ամբողջական և հուսալի չէր: Առհասարակ, հուշարձանների պահպանության գործում վերականգման հարցը ևս կարելի է դասել ամենակնճռոտների շարքում: Մասնագետների հավաստմամբ` վերականգնման աշխատանքները հաճախ կատարվում են` առանց հաշվի առնելու մեթոդական և տեխնոլոգիական նորմերը, ինչը բերում է շատ արժեքավոր տարրերի անվերադարձ կորստի: Բացի այդ, հաճախ հենց տվյալ համայնքների ղեկավարներն ու բնակիչներն են «ինքնագործունեությամբ» զբաղվում` խնդրի լուծմանն օգնելու իրենց բարի մտադրությունների արդյունքում ակամա նպաստելով դրա արմատավորմանը:
Սոցիալական դրդապատճառից բացի հուշարձանների «անդորրը» նաև տարրական չիմացությունն ու հոգածության պակասն է վրդովում: Բոլորս ենք տեսել, որ բազմաթիվ վանքերի ու եկեղեցիների պատեր անձնանունների բառարանների ու սիրային բանաձևերի պակաս չունեն, դե իսկ բնակելի շենքերից մինչև մշակութային կենտրոնների տակատային հատվածների «նախշազարդումների» մասին խոսելն անգամ անիմաստ է: Ի՞ն չ սա, ինքնաարտահայտման ու ինքնահաստատման անփոխարինելի հարթությու՞ն, թե՞ սեփական արժեքների նկատմամբ սրտացավության ու հոգատարության լիակատար բացակայության վկայություն…
Ինչևէ, փաստերն ավելի խոսուն են և շատ բան են ասում իրենց հեղինակների մասին:


Հայկական վանդալիզմի վկայարան

Վանդալիզմի դրդող շարժառիթներն այնքան բազմազան են ու հակասական, որ դժվար պիտի լինի դրանց դասակարգումն իրականացնել: Սակայն Հայաստանում այդ քայլին դիմողների համար հազիվ թե առանձնակի նշանակություն ունի, թե իրենց արարքն ինչ որակումներ կստանա: Եվ երբ մենք հաճախ հետադարձ հայացք են նետում պատմությանը` խոսելով դարեր շարունակ մարդկային դիտավորությունից առավել հուշարձաններ կործանող կրոնական և ազգային անհանդուրժողականության, գաղափարական ու քաղաքական տարաձայնությունների մասին, երբ պնդում ենք, թե նախորդի մերժումն իր հետ նաև նրանում առկա արժեքների ոչնչացում է բերում, ու անմիջապես էլ հիշում ենք, թե ինչպես, օրինակ, Հայաստանում քրիստոնեության ընդունման ժամանակ նորը հողին հավասարեցրեց հեթանոսական հինը, որպեսզի հենց նրա հիմքերի վրա հաստատեր իր գոյությունը, ապա պատմական վերհուշը որևէ կերպ չի մեղմում այսօրվա հոռի դրսևորումների առկայության դառնությունը:
Առաջին հայացքից գուցե նույնիսկ փոքր-ինչ անհավանական հնչի, եթե ասենք, որ մեզ մոտ իրենց հուշարձանների պահպանության խնդիր ունեն ազգային փոքրամասնությունները: Սակայն, ցավոք, դա այդպես է: Օրինակ, Երևանում տեղադրված Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշաքարը մեկ անգամ չէ, որ խոշտանգման է ենթարկվել: 2004 թ. սեպտեմբերի 17-ին՝ հրեական Նոր տարվա տոնակատարությունների վերջին օրը, անհայտ անձինք սպիտակ ներկով հուշաքարի վրա խաչ և «սատանայական» 666 թիվն էին նկարել, իսկ 2010 թ. հոկտեմբերի 19 –ին դարձյալ չարագործների ձեռքով արձանի վրա հայտնվել էին ֆաշիստական սվաստիկան և գրությունը. «Մահ ջհուդին»:
Ժամանակին շատ հուշարձաններ մեծապես տուժեցին նաև քաղաքական ու գաղափարական «հերթափոխներից»: Հուշարձանների այն նոր տիպը, որ մեզ մոտ ներմուծվեց Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և 7 տասնամյակ շարունակ ծառայեցվում էր այսպես կոչված մոնումենտալ պրոպագանդային, հետխորհրդային իրականության պայմաններում դարձավ միանգամայն անցանկալի և նրանց նկատմամբ ջարդը իրականացվեց բուռն էնտուզիազմով: Մայրաքաղաքի և Հայաստանի մյուս բնակավայրերի նկարագրից մեկընդմիշտ ջնջվեցին թե հեղափոխության առաջնորդներն ու մարտիկները, թե այդ ժամանակաշրջանը պատկերող ամեն կարգի ձեռակերտ ատրիբուտները: Հուշարձանային անհանդուրժողականությունը իրենց պատվանդաններից անվերադարձ իջեցրեց Մարքսին ու Էնգելսին, Լենինին ու Ստալինին,Ղուկաս Ղուկասյանին ու Բաքվի 26 կոմիսարներին: Հատկանշական է, որ գաղափարական հիմքին զուգահեռ հետխորհրդային հուշարձանասպանդն ուղեկցվում էր նաև վանդալիստական թալանով: Ի դեպ, թալանն այսօր էլ շարունակում է նմալ հին ու նոր հուշարձանների գլխին կախված սպառնալիքներից մեկը: Արկածախնդիր գանձախույզների մեծ մասը սրբատեղիներն է նախընտրում` գայթակղված թանկարժեք իրերով ու որմնանկարներով, իսկ ոմանք էլ պատրաստ են խռովել նույնիսկ հավերժական քուն մտածների հանգիստը` չիմանալով, որ թագավորների ու փարավոնների մասին պատմող ֆիլմերում ներկայացված հուղարկավորության արարողությունները բոլորովին բնորոշ չեն եղել հայերիս և մեր ծիսակարգի մաս չեն կազմել:
Այստեղ հարկ է առանձնակի ուշադրություն հրավիրելնաև այն փաստի վրա, որ երրորդ անկախացումից հետո Հայաստանում «հիշողության ջնջման» գործընթացի արդյունքում հարվածի տակ ընկան նաև մշակութային «ոչ քաղաքական» արժեքները: Անցումային այդ շրջանը հետզհետե ձեռք բերեց իր «մուտացիոն» դրսևորումները` այս անգամ շարունակելով վնաս հասցնել նախորդ դեպքերի հետ թե որևէ առնչություն չունեցող հուշարձաններին: Օրինակ, ժամանակ առ ժամանակ անհետանում է մեր ժողովրդի համբերության պղնձե թասը Սասունցի Դավթի արձանից, չկա Այվազովսկու հուշարձանի վրձինը, Ծովակալ Իսակովի խարիսխը, Փափազյանի մահարձանի դիմակը: Վանդալների ոտնձգություններից ոչ մի կերպ հանգիստ չի գտնում գրականագետ Լևոն Ներսիսյանի հուշաքարի բրոնզե քանդակը, ոմանց թեթև ձեռքի զոհն են դառնում հայ բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու բրոնզյա կիսանդրին, Գյումրու կենտրոնում տեղադրված Զորավար Անդրանիկի արձանի թրի պղնձե պատյանը, Ախուրյան գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց տեղադրված Կոմիտասի արձանը, Մովսես Գորգիսյանի կիսանդրին հերոսի անունը կրող դպրոցի բակում, գրող Դերենիկ Դեմիրճյանի մահարձանը քաղաքային պանթեոնում, Էջմիածին տանող մայրուղին զարդարող Վիշապաքաղ Վահագնի արձանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանի հուշատախտակը, Հանրապետության հրապարակի «Յոթնաղբյուրի» մետաղե դրվագազարդումները, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի բրոնզե արձանիկը, և այսպես շարունակ: Կարելի է այս ցանկը լրացնել անվերջ ու անվերջ: Հանգիստ չունեն անգամ հազարամյակների միջով անցած և մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում հանգրվանած վիշապաքարերը, Որոտնավանքի համալիրը, Հավուսթառի վանքը, Էրեբունի ամրոցը, «Կարմիր բլուր» հնավայրը, Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը, բազում այլ նշանավոր պատմաճարտարապետական կոթողներ:
Ինչու՞ է այսպես, ո՞վ է մեղավորը, որտե՞ղ փնտրել չարիքի բուն պատճառը:


Օրենք և… անպատժելիություն

Մասնագետների համոզմամբ` հուշարձանների «անապահովության» հիմնական մեղավորներն իրավական և օրենսդրական բացերն են: Պատմության և մշակույթի հուշարձանների պետական հաշվառման, հնագիտական ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման բնագավառներին առնչվող հարաբերությունները մեր երկրում կարգավորվում են Սահմանադրությամբ, 1998թ. դեկտեմբերի 12-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ որոշումներով ու ենթաօրենսդրական ակտերով: Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների ազգային ֆոնդն են կազմում պետական հաշվառման վերցված 1000-ից ավելի պատմական քաղաքատեղիներ, բերդշեներ, ամրոցներ, բնակատեղիներ, ավելի քան 1200 վանական համալիրներ, եկեղեցիներ, տաճարներ, մատուռներ, սրբատեղիներ, դամբարանադաշտեր, միջնադարյան գերեզմանոցներ, բնակելի, հասարակական և արտադրական շինություններ, հուշային և մոնումենտալ արվեստի տասնյակ հազարավոր կոթողներ, վիմագիր արձանագրություններ, ժայռապատկերներ և այլն: Սակայն անկախ հուշարձանների քանակից ու դրանք պահպանելուն միտված օրենսդրության առկայությունից, հուշարձանների պահպանության բնագավառում բազմաթիվ թերություններ ու խախտումներ կան:
ՀՀ-ում հաշվառված ավելի քան 24400 հուշարձաններից միայն 1150-ն այսօր պահպանական գոտի ունի, մինչդեռ հանրահայտ փաստ է, որ այսօր դրանք առավել հաճախ վնասվում կամ ոչնչացվում են գանձագողության, անհամաձայնեցված շինարարական աշխատանքների, հուղարկավորությունների, և հատկապես ընդերք-շահագործման աշխատանքների հետևանքով, ինչն իր հերթին «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Նույն կերպ ՀՀ հողային օրենքսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ պատմական և մշակութային հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն: Սակայն ո՞մ է ասվում այդ մասին, եթե օրենքը կարող է նաև ոչ բոլորի վրա տարածվել:
Այս շարքից հիշատակենք ընդամենը մի քանի օրինակներ: Այսպես` Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի պահպանական գոտու սահմաններում, հողաշինարարական աշխատանքներ կատարելու արդյունքում ոչնչացվել է ընդարձակ դամբարանադաշտի (մ.թ.ա. 3-1 դդ) գգալի մասը: Ակնաշեն համայնքում բնակատեղիի տարածքով անցկացվել են էլեկտրագծեր, կատարվել հնագիտական շերտերի խաթարումներ և այլ ավերումներ: Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե և Սուրբ Աստվածածին եկեղեցիների պատմական գերեզմանոցի տարածքում կատարվում են թաղումներ, որոնք, մոտ գտնվելով ճարտարապետական խիստ արժեքավոր հուշարձաններին, խաթարում են պատմական միջավայրի տեսքը: Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում` ուրարտական ամրոցի պահպանական գոտում ավերվել է դամբարանադաշտ, արձանագրվել գանձագողություն: Վայոց Ձորի մարզի Գնդեվանքի պահպանական գոտու տարածքում, առանց գործակալության տարածքային բաժնի մասնագետների եզրակացության, վարձակալությամբ տրամադրվել են հողատարածքներ: Տվյալ դեպքում խախտել է Հայաստանի կառավարության 2005թ. օգոստոսի 5-ի թիվ 714-8 որոշման 49-րդ կետի պահանջը: Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում աճուրդային կարգով օտարման է ներկայացվել պատմամշակութային կարգավիճակ ունեցող և հուշարձան համարվող դամբարանադաշտ: Մինչդեռ համապատասխան օրենքով, ՀՀ հողային օրենսգրքի 23-րդ հոդվածով, անկախ հողի նկատմաբ ունեցած սեփականատիրական իրավունքից, առանց լիազոր մարմնի համաձայնության, արգելվում է նման կարգավիճակ ունեցող հողերի նկատմամբ ցանկացած բնույթի գործողության իրականացումը:
Էլ ավելի աղաղակող փաստերի ու անօրինականությունների ականատեսն ենք դառնում Ավան-Առինջի` Տիգրան Մեծի ժամանակների քաղաքի մնացորդների, Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերում՝ դամբարանադաշտի տարածքի ( 8-րդ դար, մթա) պարագայում: Այդ տարածքները, որոնք հատուկ պահպանվող հողի կարգավիճակ ունեն և ինչի մասին անհնար է, որ տեղյակ չլինեն պատկան մարմինները, սեփականաշնորհվել և կառուցապատվել է, իսկ մյուս մասն ավերվել է կամ վերածվել աղբավայրի: Ավանի հնավայրը, որտեղից ժամանակին մասնագետները 5 հազար հնագիտական արժեքավոր իրեր հայտնաբերեցին, այսօր էլ հողակտոր առ հողակտոր վաճավում է զանազան առանձնատների կառուցման նպատակով: Հնագետների ցանկությունը` պեղումները ավարտին հասցնել, այդ վայրում թանգարան կառուցել, հազիվ թե երբևէ իրականություն դառնա: Աննահանջ հետևողականութամբ զանազան օլիգարխներ, որոնց համար պատմությունը դատարկ հնչյուն է, իսկ սեփական բարեկեցությունը`ամեն ինչ, աչք չեն թարթի հանուն այդ գերնպատակի փոշիացնել հազարամյա ժառանգությունը:
Ասվածի վառ ապացույցներից մեկն էլ կարելի է համարել հայտնի պատմությունն այն մասին, թե ինչպես մեկ-երկու տարի առաջ մեկ այլ գործարար պատրաստվում էր Խոր Վիրապի մերձակայքում, Արտաշատ հնագույն մայրաքաղաքի ավերակների վրա «Նոյյան Տապան» անունը կրող զբոսաշրջային համալիր կառուցել: «Հին Էրիվան» պանդոկի սեփականատերն իր «ազնիվ» ցանկությունների համար կարողացել էր հասնել այն բանին, որ կառավարությունը որոշում էր կայացրել հնագիտական արգելոցի տարածքում 6 հեկտարի չափով հողահատկացում կատարել նրան: Հազիվ թե կառավարությունում չգիտեին, որ հենց իրենց կողմից ընդունած «Հողատարածքների պահպանման մասին» օրենքն արգելում է ցանկացած նպատակի համար այս տիպի հողերի վաճառքը: Սակայն կարծես թե մեզ մոտ օրենքները սահմանվում են միայն որոշակի խումբ ներկայացնող քաղաքացիների համար, իսկ արտոնյալ դասի վրա դրանք չեն տարածվում:
Դրա ևս մի վկայություն կարող է դիտվել Արարատի մարզի Գոռավան- Արարատ մայրուղու աջ թևի բլրալանջին փռված հազարամյակների պատմություն ունեցող դամբարանադաշտն ու հինագույն բնակատեղին: Նախնական պեղումների արդյունքում այնտեղ գտնվեցին հազվագյուտ իրեր և գործիքներ: Սակայն պեղումներն ինչ-ինչ պատճառներով ընդհատվեցին և տարածքի մեծ մասը այդպես էլ մնաց չուսումնասիրված: Այսօր այդ վայրում քարհանք է: Ամեն օր այնտեղ կատարվում են պայթեցումներ, հողահեռացման աշխատանքներ: Սակայն ոչ մեկը չի համարձակվում արգելել այդ գործընթացը և փրկել հնավայրը: Բանն այն է, որ ըստ շրջանառվող լուրերի, քարհանքը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սեփականությունն է: Վերջինս դա ձեռք էր բերել այն ժամանակ, երբ դեռ Արարատի մարզպետն էր: Բազմաթիվ ահազանգերին ի պատասխան հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող մարմինները կույր ու խուլ են ձևանում:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովելու համայնքի տարածքում հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը, մինչդեռ հաճախ հենց նրանց անուշադրության կամ էլ դիտավորության հետևանքով շատ հուշարձաններ են տուժում: Իսկ խնդրի ամենակճռոտ կողմերից մեկը շարունակում է մնալ հողահատկացումների հարցը: Օրենքով սահմանված կարգով` նախքան իրավաբանական կամ էլ ֆիզիկական անձանց ցանկացած տիպի հողօգտագործման իրավունքի տրամադրումը` համայնքի ղեկավարը պարտավոր է տեղեկացնել հուշարձանների պահպանության մասնագետներին, ինչպես օրինակ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին` տվյալ հողատարածքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու և հուշարձանների առկայության մասին փաստելու համար: Սակայն, բնականաբար, միշտ էլ նախապատվությունը տրվում է մասնագետների կարծիքը շրջանցելու կամ հաշվի չառնելու տարբերակին: Խախտումների արձանագրման դեպքում էլ, եթե ժամանակավրեպ չի լինում և հուշարձանը փրկելու հնարավորություն կա, հողահատկացման մասին տվյալ համայնքի ավագանու որոշումը չեղյալ է հայտարարվում: Մինչդեռ հուշարձաններին ուղղակիորեն կամ էլ անուղղակի վնաս հասցնողների նկատմամբ օրենքի սահմանած պատիժը համարժեք չի կարելի համարել: Համապատասխան իրավական հոդվածում մասնավորապես ասվում է, որ «պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Եվ սա՞ է այն պատիժը, որ կրում է հանցագործը մշակութային եզակի ու բացառիկ արժեքները ոչնչացնելու համար…

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մշակութաբան, լրագրող

Բախումներ, որ եղել ու չեն եղել

12 Հնվ

Միանգամից ասենք, որ այն, ինչ տեղի է ունեցել հունվարի 1-ին և հետագա օրերին Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքում, դրա մասին ոչ ոք ամբողջական ճշմարտությունը չգիտի: Ինչ-որ մեկին անհրաժեշտ էր ամեն գնով քողարկել իրականությունը, և այդ մեկը (կամ մի քանիսը) այս դեպքում կարող են լինել ոչ թե ուկրաինացիները, այլ հայերը: Իսկ պատմությունը սա է: Տարվա առաջին գիշերը Նիկոպոլի «Կորալ» սրճարանում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է ծագում, որը շուտով վերածվում է ծեծկռտուքի: Հենց այդ ժամանակ էլ ազգությամբ հայ, Յալթայի 20-ամյա բնակիչը գրպանից հանում է դանակն ու դանակարում իր 4 հակառակորդներին: Սպանվում են 23-ամյա երկու ուկրաինացի, իսկ 19-ամյա մի երիտասարդ և մի աղջիկ վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց:
Հաջորդ օրն արդեն Նիկոպոլից տագնապալի լուրեր էին տեղ հասնում: «Նիկոպոլը շուրջկալի մեջ է: Հարևան Մարգանեց, Կրիվոյ Ռոգ, Զապորոժիե, Էներգոդար քաղաքներից եկող մեքենաների և ավտոբուսների արական սեռի ներկայացուցիչների մուտքը քաղաք արգելափակված է: Տեղացիների խոսքով` տեղի ունեցածի համար պատասխանատու են տարածաշրջանում ամենամեծ հայկական համայնքի ներկայացուցիչները: Քաղաքի բնակչությունը հավաքվում է փողոցներում և պահանջում է պատժել մարդասպաններին»,- ահա այսպիսի տեղեկություններ էին հրապարակվում այդ օրերի ուկրաինական թերթերում: Դրանք հաճույքով արտատպում էին ադրբեջանական ԶԼՄ-ները: Ասվում էր նաև, թե իբր զանգվածային անկարգությունների ժամանակ հնչել են քաղաքապետարանը գրավելու կոչեր, թալանվել ու ավերվել են հայերին պատկանող մի քանի առևտրի կետեր, ջարդվել են մեքենաներ, իսկ կովկասցիների ընտանիքները լքում են քաղաքը: Գրվեց, որ երիտասարդները և զապորոժյան կազակները ոչնչացրել են «Ուկրաինա-հայկական բարեկամություն» հուշարձանը։
Մինչ կպարզաբանվեր, թե այս տեղեկություններից ինչն էր ճշմարտացի և ինչը` հորինվածք, հաջորդեց մյուս ցավալի լուրը: Նիկոպոլում հունվարի 4-ին, ժամը 18-ի սահմաններում անհայտ անձինք ավերել էին քաղաքի Գագարինա և Կաշտանովա փողոցների խաչմերուկում կանգնեցված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Այդ խաչը դեռևս 2008 թվականի աշնանը քանդակվել էր հայաստանցի վարպետների կողմից ու կանգնեցվել էր տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ: Հետո` դեպքից ավելի ուշ, պիտի ասվեր, որ հայ երիտասարդի կողմից սպանված ուկրաինացիներից մեկն ապրել է խաչքարի մոտ գտնվող շենքում, որի թաղումից վերադառնալիս մի խումբ հարբած ուկրաինացիներ որոշել են «վրեժ լուծել» խաչքարից: «Այս դեպքը կրում է անձնական, այլ ոչ զանգվածային բնույթ: Երիտասարդների խումբը ջարդել է խաչքարը` լինելով ոչ սթափ վիճակում: Այս արարքը դատապարտվել է հասարակության կողմից»,- շտապեցին անմիջապես հայտարարել քաղաքի իշխանությունները, իսկ ոստիկանությունը հայկական համայնքին խոստացավ հանցագործին անմիջապես գտնել: Մի քանի օր անց արդեն խոսում էին վանդալիզմի 4 հեղինակներն ձերբակալելու մասին, թեև իրականում ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր գտնել միայն 28-ամյա մի գործազուրկի, և ասվում էր, թե իբր հենց նա է ավերել խաչքարը: Ինչ վերաբերում էր դանակահարության պատմությանը, ապա դրա առթիվ Դնեպրոպետրովսկի շրջանի դատախազության և միլիցիայի ներկայացուցիչները մամլո ասուլիս հրավիրեցին, հայտարարեցին, թե դեպքը կապ չունի ազգամիջյան թշնամանքի հետ, այն բացառապես կենցաղային բնույթ է կրել և դրա մեղավոր հայն արդեն ձերբակալվել է։ «Украина криминальная» պարբերականը փոխանցում էր Նիկոպոլի ոստիկանության վարչության ղեկավար Նիկոլայ Կոլբատովի խոսքերը, համաձայն որի հետաքննության ընթացքում վերոնշյալ գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև խուլիգանության մեջ կասկածվող ծեծկռտուքի մեկ այլ մասնակից։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Ուկրաինայի ՔՕ 296–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն։ Նիկոպոլի հայ համայնքն էլ իր հերթին մամուլին հայտնում էր, որ արդեն լուծում է խաչքարի վերականգնման հարցը, իսկ 2 տուժածներց մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում:
Թվում է` եղածին հավելելու նոր բան այլևս չկա: Ցավալի միջադեպ է տեղի ունեցել, հետո հարթվել է, մեղավորները պատժված են, էլ ի՞նչ իմաստ ունի կրքեր բորբոքել, յուղ լցնել կրակի վրա: Բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէր: Ահա թե ինչ էր գրում այդ ժամանակ «Свободная пресса»-ն. «Դնեպրի ցածրադիր գոտում տեղի ունեցած ամանորյա բախումներից հետո, որոնց հետևանքով սպանություններ են գրանցվել, ուկրաինական իշխանությունները խիստ միջոցներ են ձեռնարկում` «կովկասյան կոտորածները» կանխելու ուղղությամբ»: Մինչդեռ նույն օրերին այն հարցին, թե ճի՞շտ է, որ Նիկոպոլում զանգվածաբար ջարդում ու թալանում են հայկական խանութները, տեղի հայ համայնքի ղեկավարը զարմանքով պատասխանում էր. «Այդ ո՞վ է ասել: Չկա այդպիսի բան, այդ ամենն ապատեղեկատվություն է: Այստեղ ամեն ինչ խաղաղ է»: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան հայտարարության համաձայն՝ որևէ միջադեպ ընդհանրապես տեղի չի ունեցել, մանավանդ ազգային հողի վրա։
Այսպիսի կտրուկ հերքումները փոքր-ինչ տարօրինակ են հնչում երկու դիակի, երկու վիրավորի, փշրված խաչքարի ու մի քանի ձերբակալվածների առկայության պայմաններում: Էլ չենք խոսում բոլոր այն հրապարակումների մասին, որ մի քանի օր շարունակ հաջորդաբար հայտնվում էին ուկրաինական թերթերում: Ի վերջո տեսնելով, որ այնքան էլ հեշտ չէ մախաթը պարկում պահել, որոշեցին մեղքը բարդել ադրբեջանական լրատվամիջոցների վրա` պնդելով, թե հատկապես նրանք են ստում ու ցանկանում փչացնել երկու բարեկամ ժողովուրդների եղբայրական հարաբերությունները: «Նիկոպոլում ամեն ինչ, խաղաղ ու հանգիստ է, հուզումների վերաբերյալ այստեղ նույնիսկ ակնարկ չկա»,-հայտնեց հայ համայնքի ղեկավար Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքերի նման զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Խոսքն, իհարկե եղավ ու դեռ մի բան էլ ավելի` առանց Տ. Սարգսյանի ցանկությունները հաշվի առնելու: Եվ եթե, աստված մի արասցե, իրավիճակը կրկնություն ունենա կամ ձեռք բերի այլ դրսևորումներ, հետևանքները պիտի ծանրանան նաև նրանց խղճի վրա, ովքեր հանուն ինչ-ինչ նպատակների պատրաստ են քողարկել իրականությունը և սպիտակ դրոշակներ ծածանել ի հաշիվ ազգային արժանապատվության:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: