Tag Archives: ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ

ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ

10 Դկտ

ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամբողջ կյանքում միշտ աննկուն,
Չունենալով դադար ու նինջ,
Որոնեցի ես անվհատ
Չգիտեմ ինչ,
Քանզի ինչ որ գտա կյանքում
Որոնածի իմ համեմատ՝
Թվաց շատ քիչ…

Եվ իմ փնտրած-գտածն ամբողջ
Բաժանեցի ես աջ ու ձախ,-
Բարի մի խոսք, մի խոհ առողջ,
Սրտից բխած անհոգ ծիծաղ,
Կարոտյալին՝ օգնության ձեռք,
Սիրահարին՝ ծաղկի բողբոջ,
Չար սրտերին՝ բարի մի երգ,
Ծառավներին՝ առվի խոխոջ…

Որոնումով կյանքս անցավ,
Գտած բարին տվի մարդկանց,
Ինչ դառնություն գտա ու ցավ,
Այդ բոլորը ինձ մոտ մնաց…

Ոչինչ, եթե իմ գնալով
Չարիքն ամբողջ հետս գնար,
Ես գնայի թեկուզ լալով,
Միայն աշխարհն անլաց մնար:վաղարշակ նորենց

ԳՐՈՂՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ԿԱՊԻ ՄԻՆԻՍՏՐԻՆ

5 Դկտ

Հայաստանի կապի մինիստր Թ. Մինասյանին.
… Հայտնի է, որ մեր հանրապետության սահմաններում հայերեն տրվող հեռագրերը ռուսերեն տառերով են տպվում, և հաշվի առնելով, որ ռուսերեն տառերով հնարավոր չէ ամեն հայկական հնչյուն ունենալ, երբեմն ծիծաղելի ու այլանդակ հեռագրեր են ստանում մեր հայրենակիցները… Մոտավորապես մեկ տարի առաջ Ձեզ առաջարկել էինք, որ հայերեն գրամեքենաները ևս տեղադրեիք հայերեն տրվելիք հեռագրերի համար: Մեր այս առաջարկը մինչ օրս մնացել է «ձայն բարբառոյ յանապատի», և պիտի չուզեինք այս կեցվածքի մեջ տեսնել արհամարհանք հայոց լեզվի ու հայ քաղաքացիների նկատմամբ, բայց և չենք էլ կարող բացատրել Ձեր այդ ակներև անտարբերությունը…
Այս բաց նամակով կրկին հիշեցնում ենք Ձեզ մեր խնդրանքը և հուսանք, որ շտապ միջոցներ ձեռք կառնեք այս տգեղ երևույթը վերացնելու համար:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ
ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ
1963 թվական, «Գրական թերթ»67-390x290-1

%d bloggers like this: