Tag Archives: ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

ԹՈԹՈՎԵՆՑԻ ԱՂՈԹՔԸ

23 Ապր

Տեր, օրերդ լուսաշող են և գունագեղ, դրախտներդ` անհուն, երգերդ` քաղցրագին, արևներդ` ալեկոծ…
Քու Անունիդ արձագանքը, Արարիչ, կսարսռա Աստղե Աստղ, Երկինքե Երկինք, Ծավալե Ծավալ…
Տիեզերական երկրպագություն մը կխոնարհի քո Տաճարիդ եթերային բյուրեղներուն առջև…
Տեր, ահա իմ հոգին, ահա իմ սիրտը ու ահա իմ թևերը բաց` քու Կամքիդ, քու Բանիդ ու քո աստվածային Լռության առջև…
Կերկրպագեմ քեզի հավատքով ու երկյուղածությամբ, ահա համբույրներս կհասնին քու ոտքերուդ:
Տեր, իմ բարկությունս կարտասվե քու առջև, վասնզի իմ եղբայրներս աչքեր ունին ու չեն տեսներ, ուղեղ ունին ու չեն խորհիր:
Արտասվագին կպաղատեմ, Տեր, որ իսպառ հեռացնես կուրությունը իմ նմաններուս հոգևոր խավար ընդերքեն:
Կբանամ աչքերս ու թևերս, կըմպեմ ու կգրկեմ լույսերդ, ու բուրումներդ, բայց իմ եղբայրներս վրաս կծիծաղին, կհեգնեն իմ հափշտակությունը, կհեգնեն իմ վերընծայումը, կհեգնեն խրախճանքը տիեզերական խորհուրդին:
Բաց աչքերը, Արարիչ, իմ եղբայրներուս, քու ստեղծած թշվառ արարածներուդ, որոնք կխարխափին լույսի մեջ իրենց խավարի տիրապետության տակ:
Բաց աչքերը անոնց, Տեր, որպեսզի քեզ փառաբանեն, քեզի բարձրանան:
Մենք բոլորս միասին կբաղձանք հասնիլ, միասին կբաղձանք մեր երգը հյուսել և ողջակեզը, որ պիտի վառենք քու տիեզերքիդ ուրախությանը ի նվեր` կբաղձանք, որ միասին հավատանք և միասին այրենք:
Խուլ են իմ եղբայրներուս շատերին ականջները:
Տիեզերական համանվագը անծանոթ կմնա անոնցմե շատերու հոգիներուն համար:
Բաց ականջները, Տեր, իմ եղբայրներուն:
Ես կբաղձամ, որ բոլորը տեսնեն և բոլորը լսեն, ահա, թե ինչու ես չեմ մասնակցիր քու երաժշտության, ինչու իմ երգերը չեմ խառներ քու հանդիսավոր բանաստեղծության:
Իմ եղբայրները կույր են և խուլ:
Տեր, մասնակից ըրե զանոնք ալ ընդհանուր լույսի, թրթռումի և սարսուռի խրախճանքին:
Մեծ առավոտները և մեծ իրիկունները կուգան ու կանցնին:
Տեր, ինչու՞ կզրկես իմ եղբայրներս շողի ու շռայլի ծովեն…
Ինչու՞, Տեր, Ինչու՞…

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ9041

ԵՐԵՎԱՆԻ ՓՈԹՈՐԻԿԸ

2 Հնս

(Վահան Թոթովենցի նամակը կնոջը՝ Լուսիկին)

… Քիչ անց երկինքը կապարացավ: Բնազդմամբ շտապեցի տուն, մինչ հասա՝ մթնեց, մթնեց գրեթե վայրկենապես: Սկսվեց աշխարհի կործանումը: Ի~նչ փոթորիկ, ի~նչ իրարանցում, ինչ ապակիների կոտրվել, ինչ աղաղակներ քաղաքում՝ երևակայել չի կարելի: Խելք արի՝ Լևիկի արևածաղիկները փշալարին կապելու, որ չկոտրվեն: Այնպիսի մի փայլակ էր խփում, որ ցերեկվա պես լուսավորում էր, և տեսնում էիր մարդկանց ահաբեկված դեմքերը:
Սկսվեց անձրև: Կյանքումդ այդպես անձրև չես տեսել: Ես փակել էի լուսամուտները, բայց ստիպված եղա հաշտի դռների ետև բան դնել, որ քամին չկոտրի: Հաշտի կտուրը ծակվեց և սկսեց հեղեղի նման թափվել: Եթե տուն եկած չլինեի՝ ձեռագիրներս բոլորը գնացել էին, որովհետև առավոտ և երեկո հաշտի սեղանի վրա էի աշխատում և այնտեղ էլ դրել էի, հեղեղը թափվեց հենց սեղանի վրա, հիշում ես, որ դարակում էլ ձեռագրեր և կարևոր թղթեր ունենք: Իհարկե փրկեցի: Անձրևը տևեց մինչև ժամը 12, բայց էլեկտրական լույսը հանգեց, մութի մեջ նստած սպասում էի, թե ե՞րբ է կործանվելու աշխարհը: Իհարկե, աշխարհի կործանման չէի ափսոսում, այլ սոցիալիզմը կիսատ էր մնում:
Մութի մեջ, կայծակ, անձրև, փոթորիկ, երկնքի ոռնոց, քաղաքից միայն լսվում էր հրշեջ խմբի սուլոցը, ուրիշ ոչինչ:
Առավոտյան բոլոր տրոտուարների վրա ապակի էր, բյուրավոր լուսամուտներ էին ջարդվել: Այդ բոլորի մասին մեր թերթը ոչինչ չգրեց: Ի՞նչ է գրում, գրում է, որ այսինչ կոլտնտեսությունը լողացրեց եզները: Լուր է…

15 հուլիսի, 1934 թ.
Երևան:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 80

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

3 Ապր

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կամ կը լռե, կամ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։ Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։
***
Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։
***
Ձեզ մե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։

 

%d bloggers like this: