Tag Archives: Վահագն Դավթյան

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

9 Հկտ

Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու…
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան,
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու…

Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով,
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում,
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:

Այս կորստի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց,
Ծանոթ ու լավ եմ ծանոթ աշնան քամու արածին…
Ինչ տխո՜ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում,
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին…

53735082

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

12 Նյմ

Կա անանուն մի կարոտ, անհասնելի ինչ-որ տենչ,
Որ արթնանում է հանկարծ ու մորմոքում հոգուդ մեջ:

Ահա գնացքը կանգնեց մի անծանոթ կայանում,
Եվ անծանոթ մի աղջիկ կարծես ձեռքով է անում:

Անդամալույծ ու խարտյաշ, աչքերը լի կապույտով,
Չթե զգեստն է ծփում երիցուկով ու պուտով:

Եվ թվում է հոգուդ մեջ կան շշուկներ ու բառեր,
Որ պիտի սիրտդ կյանքում միայն նրան վստահեր:

Թվում է՝ նա է, այդ նա քո երազանքն իսկական,
Որին փնտրել աշխարհում ու չես գտել դու սակայն:

Բայց զիլ ղողանջ ու սուլոց… Մնում է նա կայանում,
Իսկ քեզ գնացքը նորից հեռու-հեռու է տանում:

Եվ անանուն մի կարոտ, անհասնելի ինչ-որ տենչ
Արթնանում է քո հոգում ու մորմոքում է անվերջ:poezd-devushka-retro-foto-chb

ԵՐԵՎԱՆ, ԻՆՁ ՆԵՐԻՐ

22 Փտր

Երևան, ինձ ներիր,ինձ ներիր,Երևան,
Որ թողած սրբատաշ հրաշքներն այս քարի,
Որոնեմ այն մայթերն ու փոշին Նաիրյան,
Որ Չարենցն է երգել ու երգել Մահարին:

Որ թողած լույսերում պողոտա ու մայթեր,
Ես գնամ, մոլորվեմ գիշերում քո այն կույր,
Որոնեմ այն հին բակն ու դռնակն այն փայտե,
Որ իր դեմ աշխարհի լույսն ու բախտն էր փակում:

Որոնեմ ջրերում փշրված լուսնկան,
Ու լսեմ գիշերով հեկեկանքը թառի,
Մահու չափ կարոտեմ ծամավոր աղջկան,
Ու սրտիս անամոք թախծությունը թառի:

Որ մորմոք խառնվի իմ հացին ու գինուն,
Հեկեկա գիշերվա մայթերում ամայի,
Հասկանամ, որ կյանքում սերը մեկն է լինում
Ու միակն է լինում կյանքի պես ու մահի…

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ64205_573324932714940_1585620281_n

«ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԵՎ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ»

21 Փտր

Ժամանակներն անցնում են, խնդիրները մնում են: Նույն մտահոգությունները, նույն բացթողումները, նույն տագնապները: Ուղիղ կես դար առաջ մեր մտավորականներն իրենց ձայնն էին բարձրացնում այն հարցերի շուրջ, որոնք այսօր էլ օրակարգային են, մատնանշում էին փաստեր, որոնք հիմա էլ շարունակում են կենսունակ մնալ: Եվ դրանց առանցքը մեկն է` մայրենի լեզուն:
1965 թվականի ամռանը հրապարակվեց մի բաց նամակ` հասցեագրված Հայաստանի լուսավորության մինիստրին: Այդ նամակը ստորագրել էին Պարույր Սևակը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սերո Խանզադյանը, Բաղիշ Հովսեփյանը, ինչպես նաև համալսարանի ու մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության քննական հանձնաժողովի անդամները:
Ստորև ներկայացնում ենք նամակը` մասնակի կրճատումներով:

Հովիկ Չարխչյան

« Բաց նամակ.
Հայկական ՍՍՌ լուսավորության մինիստր ընկ. Շ. Սիմոնյանին
Հարգելի ընկեր մինիստր, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները մի տեսակ ստուգատես են մեր դպրոցներում առանձին առարկաների դրվածքը պարզելու համար: Այդ քննությունները ավարտվել են, և պատկերը պարզվել է:
Մայրենի լեզուն այն հիմնական միջոցն է, միակ միջոցը, որով աշակերտները գիտելիքներ են ձեռք բերում: Առանց մայրենի լեզվի լավ իմացության հնարավոր չէ սովորել այլ լեզուներ, հնարավոր չէ տիրապետել խոր և հիմնավոր գիտելիքների: Սա վերաբերում է բոլոր մայրենի լեզուներին, ուստի և հայոց լեզուն չի կարող բացառություն կազմել:
Սակայն հայերենի ուսուցման դրվածքը մեր դպրոցներում, ինչպես ցույց տվեցին այս տարվա ընդունելության քննությունները, բավարար չէ: Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական, դպրոցական և նախադպրոցական ֆակուլտետներ ընդունվելու համար դիմել էին 1,297 մարդ: Ուրեմն, մեր դպրոցներից եկած 1,297 շրջանավարտներ ցանկանում էին դառնալ մանկավարժ, այնպիսի մանկավարժ, որի հիմնական մասնագիտությունը հայերենն է: Պարզ է, որ այդպիսի մասնագիտություն ընտրած տղան կամ աղջիկը դպրոցում բոլոր առարկաներից ավելի շատ հակում է ունեցել դեպի հայոց լեզուն: Թվում էր, թե այդ տղաներն ու աղջիկները հայոց լեզվի քննության ժամանակ պետք է փայլեին իրենց գիտելիքներով, և ընդունող հանձնաժողովները հիացմունքով ափսոսային՝ չիմանալով ում նախապատվություն տալ: Այդպես թվում էր… Բայց պատկերը ճիշտ հակառակն է: Հակառակն է և ապշեցնող: Այդ 1297 հոգուց հայոց լեզվի գրավորից դրական գնահատական ստացան միայն 250 հոգի: Իսկ 250 հոգուց քանի- քանիսը կտրվեցին հայերենի բանավոր քննության ժամանակ: Բացի այդ. դրական գնահատական ստացածների ավելի քան 95 տոկոսը բավարարվեց միայն «բավարարով»: Իսկ բավարար գնահատականը նույնպես, ինչպես գիտեք, իմացության ստորին ցուցանիշ է և ոչ թե բարձր: Գրեթե նույն պատկերն են ցույց տալիս նաև պետական համալսարանի ընդունելության քննությունները:
Քննական հանձնաժողովները ամբողջ քննությունների ընթացքում ցուցաբերել են անհրաժեշտ հոգատարություն, մանկավարժական ու անհատական մոտեցում ամեն մի քննվողի նկատմամբ: Բայց, այնուամենայնիվ, արդյունքը, ինչպես տեսնում եք, գոհացուցիչ չէ: Եվ դրա պատճառը հիմնականում այն է, որ լուսավորության մինիստրության որոշմամբ վերջին տարիներին հայոց լեզուն, որպես առարկա, հանվել է 8-ից բարձր դասարաններում: Մինչդեռ 8-ից բարձր դասարաններում է, որ աշակերտը հասունանալով՝ «բերանացի» անելուց անցնում է գիտակցական ընկալմանը, այսինքն՝ մնայուն գիտելիքներ ստանալուն: Եվ հենց այդտեղ էլ լուսավորության մինիստրությունը իսկական սկիզբը համարել է վերջ և դրել է իր վերջակետը:
Ասում են, թե Դուք այդպես եք արել, որովհետև այդպես են վարվել նաև ուրիշները՝ ուրիշ հանրապետություններում:

… Բայց եկեք չմոռանանք, որ մեր ժողովուրդը շատ է հարուստ բարբառներով: Իսկ բարբառների առատությունը, գաղտնիք չէ, որ բացասաբար է անդրադառնում գրական լեզվի ուսուցմանը: Բոլորովին պատահական չէ, որ քննություն հանձնողներից շատերի գրավոր և բանավոր խոսքում իրեն զգալ է տալիս բարբառը: Ուրեմն, մեր դպրոցներում հայոց լեզվի ուսուցումը կազմակերպելիս պետք է ելնել այդ լեզվի առանձնահատկություններից:
Մեր կարծիքով մայրենի լեզվի ուսուցման մեթոդները բարելավելու հետ միասին անհրաժեշտ է հայ գրականությանը զուգընթաց 9-րդ և 10-րդ դասարաններում ևս դասավանդել հայոց լեզու: Դա ոչ միայն խիստ անհրաժեշտություն է, այլև հրամայական պահանջ, և չենք կարծում, թե Դուք, հարգելի ընկեր մինիստր, առարկություն կունենաք:

Գրողներ՝ Բ. Հովսեփյան, Ս. Խանզադյան, Հր. Հովհաննիսյան, Հ. Սահյան, Պ. Սևակ…»:
1965 թ. օգոստոս:x_c0525f26

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

16 Դկտ

ՏԽՈՒՐ ԷՐ ՉՈՒՆ

Եվ ասացին մարող 
Աչքերդ հեզ,
– Ոչ քեզ հետ եմ կարող,
Ոչ առանց քեզ…
Չվող հավքերն անցան, 
Տխուր էր չուն…
Դու՝ իմ լուսե հանցանք,
Իմ սև զղջում…hq-wallpapers_ru_nature_53582_1920x1080

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

15 Օգս

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Եվ հայացքիս դեմ թրթռա վերջին ճառագայթը ջինջ,
Կոպերիս տակով մի վերջին անգամ կվազի, գիտեմ,
Մի ոտաբոբիկ, բարակ մի աղջիկ:

Նա, որ աչքերի առեղծվածներում լույս ուներ ու սև,
Նա, որ անմեղ էր և անմեղորեն չար ու մեղսական,
Նա, որի հետքով պատանութունս վազեց հևիհև,
Վազեց կարոտով, չհասավ սակայն…

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
ՈՒ երբ ճակատիս թրթռա շունչը ուրիշ մի հովի,
Իմ կոպերի տակ մի վերջին անգամ կփռվի, գիտեմ,
Մի արևավոր, հեռավոր հովիտ:

Կխշշա խաղաղ ոսկե մի գետակ ու բարդի մի զով,
Կթախծի լռին կտուրն արևոտ, տունն իմ հայրական,
Հեռու մի հովիտ,ուր կարոտներիս արահետներով
Քայլեցի անվերջ , չհասա , սակայն…

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Ու փռվի իմ դեմ անհուն լռության ուրիշ մի եզերք,
Ծարավից ճաքած շուրթերիս վրա կդողա, գիտեմ,
ՄԻ զարմանալի, պարզ ու տաք մի երգ:

Երգ, որ անբառ է իբրև թախծություն ու իբրև հառաչ,
Երգ, որ անհուն է, անմեկնելի է ու անեզրական,
Երգ, որ ողջ կյանքում իմ շրթունքների կարոտին թառած,
Թրթռաց, դողաց, չծնվեց սակայն…Босиком-по-берегу-моря

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

27 Մյս

Սա այն դաշտն է, ուր թվում էր՝ ամեն ինչ պիտի վերջանար…

Պիտի վերջանար մի ազնվագույն ժողովուրդ, մի մեծասքանչ լեզու եւ մի փառահեղ քաղաքակրթություն։ Բայց այստեղ ամեն ինչ նորից սկսվեց… Եվ սկսվեց մի այնպիսի ժամանակ, երբ մարդկային ամենահասարակ տրամաբանությունն իսկ ասում էր, թե այլևս ոչինչ չի կարող սկսվել, քանի որ բառացիորեն մեն-մենակ էինք արար աշխարհում, մենակ, անպաշտպան, ծվատված ու արյունաքամ…

Ճիշտ է, Սարդարապատի օրերին դեռ չէր հնչել Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց նրա էությունը, որպես ժողովրդի հավաքական ենթագիտակցություն ու բնազդ, կար, գործում էր և Սարդարապատի օրերին գործեց մինչեւ այդ պատմության մեջ չտեսնված ուժով ու թափով, գործեց բարձրագույն լարումով։

Քրքրելով մեր պատմության կրակն ու մոխիրը, չի կարելի չգալ այն հաստատ համոզման, որ Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստղային ամենավսեմ ժամը։ Նրա պատմական խորին խորհուրդը մինչև հիմա լիովին չի գիտակցված ու չի գնահատված։ Դա կյանքի ու մահու սահմանագիծ էր և իր նշանակությամբ շատ ու շատ ավելին, քան լեգենդացած ու սրբագործված Ավարայրը։ Հայաստանն այն ժամանակ թեև Պարսկաստանից ոչ անկախ, բայց ներքին զորությամբ ու կենսահյութով էր լի։ Կենաց ու մահու հարցը սպառնալիորեն չէր կախված Ավարայրի վրա։

Ավարայրը պատերազմ էր հանուն հավատի։

Սարդարապատը պատերազմ էր հանուն կյանքի և ընդդեմ մահի։

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆa14

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆԾԱՆՈԹ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

24 Հնվ

1962 թ. հոկտեմբերին Հայաստան էր ժամանել ֆրանսահայ գրող Կարո Փոլատյանը: Նա Երևանում մի շարք հանդիպումներ էր ունեցել հայ գրողների հետ, սակայն շուրջ մեկ ամիս ցանկացել ու չէր կարողացել հանդիպել Պարույր Սևակին. վերջինս գտնվել էր գյուղում` Չանախչիում: Հանդիպում կազմակերպելու խնդրանքով ստիպված դիմում է Գուրգեն Մահարուն: Մահարին նրան խոստանում է. «Լուր կուղարկեմ Պարույրին, որ թողնի իր տան շինարարության աշխատանքները և գա ինձ մոտ: Այսօր, ժամը 9-ին: Ինձ մոտ կլինի նաև Վահագն Դավթյանը»: Հոկտեմբերի 12-ի երեկոյան նրանց հանդիպումը կայանում է: Փոլատյանը իր հետ ձայնագրիչ ուներ, և հետագայում սղագրում է իրենց զրույցը: Ստորև ներկայացնում ենք հեղինակի գրառումները:1971

«Այդ օրը ուրիշ գործերով չզբղվեցա: Պայուսակս կարգի դրի, երկու ժամ մրափեցի և իրիկվան ժամը ճիշտ 9-ին Կասյան փողոցն էի արդեն:

Գուրգեն Մահարիի տան մեջ հավաքված էին արդեն, Մահարիի շուրջ, Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը, Համո Սահյանը և ուրիշ մի քանի արվեստագետներ, որոնց անունները չեմ հիշեր:

Ծանոթացանք, ողջագուրվեցինք: Սևակը սկսավ մեծ գովասանքներ շռայլել «Զրույց»-ներուս մասին, հայտարարելով որ Պոլ Էլյուարը, Սեն-Ճոն Պերսը, Ահարոնը և ուրիշներ ճանչցած էր շնորհիվ իմ «Զրույց»-ներուս, և երկարեց «Անլռելի զանգակատունը», ձոնված ինձի- տաղանդավոր «Զրույց»-ներու հեղինակ…

Հոդ կեցուցի զայն.

— Սիրելի Սևակ, «Զրույց»-ներու հեղինակը չի կրնա տաղանդավոր ըլլալ, մանր գործ է ըրածս, տաղանդավորը դուն ես, «Անլռելի զանգակատան» հեղինակը, հեղինակը նաև քանի մը ուժեղ ու հրաշալի քերթվածքներու, Ս. Մեսրոպի նվիրված, հայ ժողովրդին…: Տաղանդավոր՝ նաև «Թոնդրակեցիներ»-ու հեղինակը, ապա Համո Սահյանը, Գուրգեն Մահարին:

Եվ սկսա հարցուփորձել զանոնց կարգով: Իմացա, թե պատերազմի տարիներուն ուսանող են եղած Վահագն ու Սևակը, միասին ապրած: Պարույրը՝ գյուղեն, Վահագնը՝ բնակելով Երևան:

— Ես անոթի կմեռնեի, եթե չլիներ Վահագնի մայրը,- կհայտարարե Պարույրը,- ան է կերակրեր զիս, փլավով, թանապուրով, երբ ուրիշներ կտոր մը չոր հաց չունեին:

— Սիրելի Սևակ, ծնած ես ուրեմն Արարատյան դաշտին մեջ, համայնավար վարչակարգը երբ շատոնց հաստատված էր արդեն մեր երկրին մեջ: Ինչպե՞ս կրցար գրել Կոմիտասի կյանքը, ինչպե՞ս այդպիսի խոր ապրումով կրցար տալ մեր տառապանքը, 1915-ի Եղեռնը:

— Ինչու՞, հայ չե՞մ ես, չե՞մ կարող զգալ իմ ժողովրդի ցավը նույնքան խորապես, որքան դուք:

— Այդ չեմ ուզեր ըսել… վերջապես, ականատես չես եղած:

— Ես կապրիմ, կզգամ մեր ժողովուրդի կյանքը, իբրև թե ես ըլլայի, կրեի իմ մարմնիս վրա անոր վերքերը, իմ հոգիիս մեջ՝ անոր ցավն ու հրճվանքը:

— Իրավունք ունիս, ներողություն, թերևս վշտացուցի քեզ…

— Ոչ, պետք է ուղղեիր այդ հարցումը ինձի, իրավունք ունեիր…

— Եվ դուն ալ պատասխանեիր այդ ձևով. լավ, լավ, ուրախ եմ, հոգեպես կհրճվիմ, որ բոլորդ ալ կապրիք, կզգաք մեր ձևով, կամ մենք՝ ձեր ձևով:

— Ուրիշ կերպ կարելի չէ եր¨ևակայել: Հայ ենք, ամբողջական հայեր…

— Խոսինք քիչ մըն ալ մեր գրականության մասին, քանի որ այսքան հոգի ենք, մեզմե յուրաքանչյուրը թող ներկայացնե իր կարծիքը մեր գրականության մասին, անոր արժեքին, անոր ապագային մասին:

Պարույրը կդառնա Մահարիին.

— Գուրգեն խան, խոսքը քեզի կպատկանի:

— Ես լավատես եմ, պիտի մեծանա մեր գրականությունը: Սփյուռքի մեջ, շփման մեջ եվրոպական մեծ մշակույթներուն, այստեղ, շնորհիվ մարդկայնական լայն ըմբռնումներու, պետք է մեր գրականության սահմանները ընդարձակվին: Մենք այստեղ լման երեսուն տարի կորսնցուցինք: Մենք պետք է հառաջանանք 1917-ի ավանդություններով և ոչ թե 1937-ի:

Կխոսին նաև Համո Սահյանը, Վահագն Դավթյանը:

Կփոխեմ հարցումիս ձևը.

— Ինչպե՞ս պիտի ընենք, որ մեր ազգային բնույթ ունեցող, տեղական արժեք ներկայացնող գրականությունը հասցնենք համաշխարհային արժեքի: Օրինակով մը խոսիմ: Մեր մեծագույն վիպագիրը Րաֆֆին է: Շատ գեղեցիկ վեպեր գրած է, բայց կմնա տեղական արժեք: Ոևե եվրոպացի չի կրնար հաճույք զգա անոնց ընթերցումեն: Դոստոևսկին, Տոլստոյը ռուս են, Բալզակը՝ ֆրանսիացի, Դիկկենսը՝ անգլիացի, բայց անոնք կպատկանին համայն մարդկության, միջազգային արժեքներ են: Րաֆֆին՝ ոչ: Ինչու՞:

Պարույրը ցատկած է ոտքի.

— Կեցցես, ընկեր Փոլատյան, ես սրանց նույն բանը կըսեմ, կկրկնեմ, չեն հասկնար, չեն ուզեր հասկնալ… Ինչու՞ այդպես է՝ գիտե՞ք, որովհետև այդ քու հիշածներդ ավելի տաղանդավոր են, ավելի մեծ արվեստագետներ են, Րաֆֆին՝ ոչ:

— Պարագան նույնը չէ, օրինակ Նարեկացիի համար, Քուչակի, Սայաթ-Նովայի, Վարուժանի, Չարենցի համար: Անոնք ազգային են, տեղականեն բարձրացած են մարդկայինին, մտած համաշխարհային մտածողության սահմաններեն ներս:

— Կրկին ճիշտ,- կբացականչե Սևակը:- Անոնք մեզի ցույց կու տան մեր ուղին: Պետք է հառաջանանք անոնց ուղղությամբ:

…Դեռ կշարունակենք վիճիլ այս և ուրիշ գրական հարցերու մասին: Կես գիշերը անցած է շատոնց և ես հաջորդ առտու պիտի մեկնիմ:

Սեղանի վրա կդնեմ ալբոմս` հայտարարելով.

— Մեր ժողովրդի մասին, մեր գրականության, մեր ապագային մասին ձեր կարծիքները… խնդրեմ՝ գրեցեք կարգով…

…- Կարգը իմս է,- կըսե և ալբոմս Սահյանի ձեռքեն կառնե Պարույր Սևակը:- Ես ալ կուզեմ ամփոփել իմ կարծիքս մեր ժողովուրդի մասին, բանաձևել քանի մը տողով մեր հույսերը, ապագայի մեր սպասումները:

Կգրե.

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում…

Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում,

Բայց մենք, նաև մենք պիտի ընդունենք,

Որ աշխարհում մենք Արարատ ունենք…

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են կոչում…

…Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք:

Կանք:

Պիտի լինենք:

Ու դեռ… շատանանք:

15.10.1962

Պարույր Սևակ

Երևան:

Մյուսներուն հետ ողջագուրվելե ետք, Պարույր Սևակն ու Վահագն Դավթյանը կընկերանան ինձի, ինքնաշարժով մինչև պանդոկ:

Լուռ ենք երեքով: Բայց ես վստահ եմ, որ մեր միտքերը կլանված են նույն մտածումներով…»:

 

Հրապարակման պատաստեց Հովիկ Չարխչյանըսեվ-44

ՄԻԿԼՈՇ ՌԱԴՆՈՏԻ

1 Մյս

ԱՐՄԱՏԸ

Արմատի մեջ ուժն է կյանք…
Հող է ուտում, ըմպում որոտ
Եվ երազում արև ու օդ:

Հողից դուրս է մղվում անվերջ,
Անվերջ ուզում հողը փորել
Իր մատներով պիրկ ու զորեղ:

Որդն է սողում ձեռքերն ի վար,
Ոտներն ի վար որդն է սողում,
Որդերն ինչքան շատ են հողում:

Բայց ապրում է նա հողի տակ,
Որ ներքևից ուղի հարթի
Ճյուղի համար ու սաղարթի:

Նա խորհում է նրանց մասին,
Նա նրանցով ուրախանում,
Անուշ հյութ է նրանց տանում:

Ինքս էլ ասես արմատ եմ պիրկ
Որդերի մեջ այս անհամար,
Հյութ եմ քամում երգի համար:

Ծաղիկ էի, դարձա արմատ:
Թաց հողի տակ հիմա տնքում
Եվ լսում եմ, թե իմ գլխին
Սուր սղոցը ոնց է զնգում:

Թարգմ. Վահագն Դավթյան

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

11 Նյմ

Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ
Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին…
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:

%d bloggers like this: