Tag Archives: վախ

ԱՌԱԿ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ

28 Դկտ

— Ո՞ւր ես գնում,- հարցրեց ճամփորդը՝ հանդիպելով ժանտախտին։
— Գնում եմ Բաղդադ։ Այնտեղ պիտի կոտորեմ հինգ հազար մարդու։
Մի քանի օր անց ճամփորդը նորից հանդիպեց ժանտախտին։
— Դու ասացիր, թե կոտորելու ես հինգ հազար մարդու, բայց սպանեցիր հիսուն հազարի,- կշտամբեց նա։
— Ոչ,- առարկեց ժանտախտը,- ես սպանեցի միայն հինգ հազարին, մնացածները մեռան վախից։florence-6-vek-chuma-1

ԽՈՒԱՆ ԽՈՍԵ ԱՐԵՈԼԱ

18 Մյս

AUTRUI

Երկուշաբթի. Այդ անծանոթը առաջվա պես հետապնդում է ինձ: Ինձ թվում է նրան կոչում են Autrui: Ես անգամ չեմ էլ հիշում, թե երբվանից եմ դարձել նրա զոհը: Երեւի թե ծննդյան օրից, ես նույնիսկ չէի նկատել: Ավելի վատ ինձ համար:

Երեքշաբթի. Այսօր թափառում էի քաղաքի թաղամասերով եւ հանկարծ նկատեցի, որ իմ երթուղու ուղղությունը բավական տարօրինակ դարձավ: Փողոցները վերածվեցին լաբիրինթոսի, անկասկած, ըստ Autrui-ի կամքի: Եվ, ի վերջո, ես հայտնվեցի փակուղում:

Չորեքշաբթի. Ինձ կյանքի համար հատկացված է ինչ-որ խղճուկ թաղամասի խիստ սահմանափակ մասը: Անօգուտ է այստեղից դուրս գալ փորձելը: Autrui-ն թաքնված է յուրաքանչյուր անկյունում, պատրաստ փակելու ելքերն առ բազմամարդությունը:

Հինգշաբթի. Ես մշտապես վախենում եմ թշնամուս հետ առանձին եւ դեմ առ դեմ հանդիպելուց: Նույնիսկ փակվելով իմ վանդակում, անկողին մտնելու պատրաստ, ես զգում եմ, որ հանվում եմ Autrui-ի հայացքի ներքո:

Ուրբաթ. Ողջ օրը ես տանն անցկացրի, որեւէ բանի անընդունակ: Գիշերն իմ շուրջ ինչ-որ օղակ հայտնվեց, աղոտ մի շրջանագիծ, հազիվ թե ավելի վտանգավոր, քան սովորական տակառագոտին:

Շաբաթ. Արթնանալով, հայտնաբերեցի, որ գտնվում եմ վեցկողմանի ըստ իմ չափի արկղում: Ես չհանդգնեցի պատերին ձեռք տալ, քանի որ զգում էի` դրսում ես կտեսնեի նույն վեցանիստը: Անտարակույս, կալանավորմամբ ես պարտական եմ Autrui-ի մութ խաղերին:

Կիրակի. Զմռսված իմ դամբանում, ես հետզհետե քայքայվում եմ: Ինձանից տարածվում է դեղնավուն երանգով կպչուն շարավը: Օ՜, երբեք չէի կամենա ճաշակել այդ մեղրը…
Իհարկե, ոչ ոք, ի բացառյալ Autrui-ի:

Autrui՝ ֆր. ուրիշ, օտար:
Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

5 Փտր

Կյանքն ինձ համար հալվող մոմ չէ: Դա կախարդական ջահի նման ինչ-որ բան է, որը մի ակնթարթ ընկել է իմ ձեռքը, և ես ուզում եմ նրան ստիպել բոցկլտալ հնարավորին չափ ավելի պայծառ, նախքան գալիք սերունդներին հանձնելը: Մենք երջանկությունից օգտվելու իրավունք չունենք, եթե այն չենք ստեղծել, ինչպես որ իրավունք չունենք օգտվելու այն հարստությունից, որը չենք վաստակել: Եթե երբևէ, հետամուտ լինելով երջանկությանը, դուք այն գտնեք, իր ակնոցը որոնող պառավի նման կնկատեք, որ երջանկությունը շարունակ եղել է ձեր քթի վրա:
Այնտեղ, որտեղ կամք չկա, չկա նաև ճանապարհ: Երբ մենք դադարում ենք գործ անել` դադարում ենք ապրել: Աշխարհում հաջողության հասած մարդիկ այն մարդիկ են, ովքեր վեր են կենում և փնտրում են իրենց հարկավոր դեպքը: Բազմաթիվ մեծ ճշմարտություններ սկզբում եղել են սրբապղծություն: Առաջադիմության դեմ առարկությունները միշտ հանգել են անբարոյականության մեջ մեղադրանքների: Փչացած մարդիկ նրանք են, որոնք սեր չունեն: Այդ պատճառով էլ նրանք ամոթ էլ չունեն: Նրանք ընդունակ են սեր խնդրել, որովհետև դրա կարիքը ունեն, նրանք ընդունակ չեն սեր առաջարկել, որովհետև նրանք տալու ոչինչ չունեն: Առաքինությունը ոչ թե այն է, որ խուսափես արատավոր դիտավորություններից, այլ այն, որ չունենաս դրանք: Իր գործողություններն արդարացնելու համար մարդը գտնում է ցանկացած պատճառ, բացի մեկից` իր հանցագործությունների համար, ցանկացած արդարացում, բացի մեկից` իր անվտանգության համար, ցանկացած առիթ, բացի մեկից, և այդ մեկը նրա վախկոտությունն է: Ատելությունը վախկոտի վրիժառությունն է իր զգացած վախի համար: Լինել վախի ստրուկը` ստրկության ամենավատթար տեսակն է:

ԻՈՍ ՎԱՆԴԵԼՈՈ

5 Դկտ

Վախը ղեկավարում է մեր արարքները: Վերջին հաշվով` մեր ողջ հասարակության վրա իշխում է վախը: Վախից է այս կարգուկանոնն ու հնազանդությունը: Վախը ծնվում է դեռևս մանուկ հասակում: Վախենում ես բարկացնել մորդ, վախենում ես հորդ բռունցքներից, մանկական ծաղրից: Վախենում ես ուսուցչից, վախենում ես պատժից, վախենում ես, որ «2» կստանաս ու կտապալվես քննությունների ժամանակ: Իսկ երբ մեծանում ես, վախենում ես քո պետից, որը որոշում է քո լինել-չլինելու հարցը: Վախենում ես քո կոլեգաների ու թշնամիների բանսարկություններից: Զինվորը վախենում է ղեկավարությունից: Հավատացյալը վախենում է դժոխքից: Անհավատը վախենում է սեփական սխալներից: Բոլորը վախենում են հարկահավաքներից, տանտիրոջից, պարտքատերերից: Բոլորը վախենում են տառապանքներից, հիվանդություններից, ծերությունից, բոլորն էլ վախենում են միմյանց չհասկանալուց, աստծուց: Վախը կախված է մեր գլխին, ինչպես դամոկլյան սուրը: Մեր ողջ հասարակարգն է վախի վրա հիմնված: Բանտի նկատմամբ ունեցած վախը մեզ ստիպում է հարգել օրենքները: Ուրեմն ամեն ինչի հիմքը վախն է: Եվ ամեն անգամ, երբ ես երկար խորհում եմ այս մասին, իսկ խորհելու ժամանակ, փառք աստծո, շատ ունեմ,- հարցնում եմ ինքս ինձ. մի՞թե միշտ այդպես է լինելու: Կարծում եմ, որ ոչ: Կգա ժամանակ, երբ հասարակությանն այլևս պետք չի գա վախը որպես միմյանց շաղկապող նյութ, ցեմենտ: Մարդիկ, որոնք կապրեն մեզնից հետո, ավելի լավ ու խելացի կլինեն: Նրանք այլ կերպ կկառուցեն իրենց կյանքը, իսկ թե ինչպես` մենք չենք կարող գուշակել մեր խղճուկ, տհաս ուղեղով: Դեռ շատ ջուր կհոսի, մինչև կհասունանա այդ ուղեղը: Եվ ճիշտ այնպես, ինչպես հիմա մենք ծիծաղում ենք մեր նախնիների հիմարությունների, վհուկների, մահապատիժների, ողջախոհության և սնոտիապաշտության վրա, այնպես էլ մեր հետնորդները վայրենիներ կանվանեն մեզ և կդատապարտեն մեր ապրելակերպը…

Թարգմ. Մ. Ջանիկյան

%d bloggers like this: