Tag Archives: Վազգեն Առաջին

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ «ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ»

12 Հնս

1872 թվականին, 21 տարին դեռ չբոլորած, վախճանվեց բանաստեղծ Պետրոս Դուրյանը: Այդ անսպասելի ու ծանր կորստի պահին նրա ընկերները հանկարծ հիշեցին, որ տաղանդավոր երիտասարդը նույնիսկ լուսանկար չուներ: Շտապ կանչեցին նկարիչ Աբրահամ Սարգայանին, որ գոնե մահվան մահճում Դուրյանի դիմանկարը վրձներ: Բայց մահն այնպես էր աղավաղել Դուրյանի դեմքը, որ նկարիչը հրաժարվեց այդ փորձից: (Ավելի ուշ հիշողությամբ, հարազատների նմանությունը օգտագործելով պիտի ստեղծվեր պայմանական մի կերպար, որ Պետրոս Դուրյանի դիմանկարն էր համարվելու երկար տարիներ): Նրա մարմինը հողին հանձնեցին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը: Այսպես անցավ 85 տարի:

71609_518020394883268_1523132163_n
1957 թվականին թուրքական իշխանությունները հանկարծ որոշեցին, որ գերեզմանատան տարածքով պիտի նոր մայրուղի անցնի և դիմեցին բնակիչներին՝ իրենց հարազատների շիրիմները տեղափոխելու հորդորով: Շատերի հետ վտանգվել էր նաև Դուրյանի գերեզմանը: Պոլսո Հայոց պատրիարքարանը անմիջապես ստանձնեց բանաստեղծի վերաթաղման հոգսը: Այն օրերին պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի հանձնարարությամբ ու մասնակցությամբ Դուրյանի մասունքները հանվեցին ու տեղափոխվեցին շիրմատան խորքը:
Բայց այդ օրը տեղի ունեցավ ևս մի դեպք, որը հայտնի դարձավ տարիներ հետո: Պահպանվել է ականատես Կարպիս Տողրամաճյանի գրավոր վկայությունն այդ մասին, ուր մասնավորապես ասված է. «Ես` սրորագրյալս` Կարպիս Տողրամաճյան, Թուրքիո Հայոց պատրիարքարանին բարապանը եղած եմ 1950 թվականեն ի վեր: Կվկայեմ, որ ես անձամբ ներկա էի հանգուցյալ Գարեգին Ս. պատրիարքի կողքին 1957 թվականին, երբ Պետրոս Դուրյանի գերեզմանը կփորվեր անոր ոսկորները գերեզմանին ավելի ներսերը փոխադրելու համար, քանի որ հին գերեզմանին տեղը ընդարձակվելուն՝ ճամփու պիտի հատկացվեր: Ես անձամբ տուփի մը մեջ բերի գանգին ոսկորները նախ` դպրեվանք, ուր մնաց քանի մը ամիսներ և ապա փոխադրեցինք պատրիարքարան, ուր կման մինչև այսօր»:850
Նույնատիպ մի վկայություն էլ թողել է գերեզմանափորը՝ Միհրան Ակտաղը, և նրա գրությունն այսօր պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում: 1967 թ. սեպտեմբերին նա հաստատում էր, որ հենց ինքն է դուրս բերել Դուրյանի փշրված գանգը և հանձնել հայ հոգևորականներին:
Թե որն էր պատրիարքի մտադրությունն՝ այնքան էլ հստակ չէր: Ամեն դեպքում, բանաստեղծի գանգը նրա մոտ պահվում էր կիսածածուկ և միայն եզակի, վստահելի մարդկանց էր նա արժանացնում այն տեսնելու պատվին: Վերջինիս մահից հետո Դուրյանի մասունքների պահպանությունն անցնում է Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանին: Նորընտիր պատրիարքն այդ օրերին հարկ է համարում մի հավաստագիր գրել, որտեղ ասվում էր. «Հանգուցյալ Պատրիարքը ինձի ցույց տված է Պետրոս Դուրյանի գանգին ոսկորները և ըսած է, որ զանոնք հանել տված է Դուրյանի գերեզմանեն 1957 թվականին, երբ Սկյուտարի Պաղլար- Պաշըի մաս մը կհատկացվեր հարակից ճամփուն… Մեր պատրիարք ընտրվելեն ասդին մեծ բանաստեղծին այս պատվական նշխարքը կմնա մեր հոգածության ներքո»:
Հանգուցալուծումը վրա հասավ 1969 թվականին: Օգտագործելով Էջմիածին մեկնելու անհրաժեշտությունը, պատրիարքը որոշում է Դուրյանի գանգն իր հետ տանել Հայաստան: Նա կարծում էր, որ բանաստեղծի աճյունի մյուս մասի հանգրվանը պիտի հայրենքը դառնա, իսկ նրա պոեզիայի սիրահարների համար այդ երկրորդ շիրմատեղը պիտի լինի ուխտատեղի: Պատմում են, թե ավելորդ անախորժություններից խուսափելու համար զգուշավոր պատրիարքը գանգը թաքցրել էր իր սքեմի տակ և այդպես անցել սահմանը:duryan_04
Շնորհք արքեպիսկոպոսը բանաստեղծի գանգը հանձնում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ ի տնօրինություն: Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի շտապում կազմակերպել դրա վերաթաղումը, այլև իր հերթին այն տալիս է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Բանն այն է, որ Վեհափառը մեկ այլ մտադրություն ու ցանկություն էլ ուներ: Նա ուզում էր մասնագետների օգնությամբ, գանգաբանական սկզբունքներով վերականգնել Դուրյանի իրական դեմքը, ինչից հետո արդեն կորոշվեր գանգի ճակատագիրը:
Այդ տարիներին մեծ համբավ ու հեղինակություն էր վայելում մարդաբանության լաբորատորիայի հիմնադիր, գանգաբան Անդրանիկ Ճաղարյանը, ով պլաստիկ անատոմիայի նորագույն մեթոդների գործադրմամբ կարողանում էր գանգի բեկորների հիման վրա վերարտադրել դեմքի եռաչափ պատկերը: Հենց նրա օգնությանն էլ ապավինել էր Վազգեն Առաջինը՝ Դուրյանի գանգն ի պահ հանձնելով թանգարանին: Եվ թանգարանի աշխատակիցները չհապաղեցին:
Ճաղարյանը հետագայում այդ նշանավոր պահը շատ անգամ պիտի մտաբերեր, և ոչ առանց հուզմունքի. «1970 թվականի մայիսն էր… Թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ս. Մելիքսեթյանը գուրգուրոտ հոգածությամբ ինձ հանձնեց փայտյա մի փոքրիկ տուփ, որի մեջ ամփոփված էին խունացած ոսկորներ և մի բուռ հող. «Պետրոս Դուրյանի գանգի բեկորներն են, փորձենք վերականգնել բանաստեղծի դեմքը»: Վերականգնել Դուրյանի դեմքը…Ընդունե՞լ առաջարկը, թե՞ մերժել: Իմ գիտական կյանքում հուզումներ շատ եմ ունեցել, բայց խոստովանում եմ, որ այն, ինչ համակեց ինձ այդ պահին, անկարելի է բառերով արտահայտել: Ոչ, դա ուրախության կամ հպարտության սոսկական զգացում չէր, դա գուցե ամենից առաջ վախ էր: Այո, ես վախենում էի Դուրյանից, նրա անկրկնելի հմայքից…»:71699_518020008216640_1752874978_n
Բայց գիտությունն ու էմոցիաները համատեղվել չեն սիրում, և մասնագետը գործի է անցնում: Պահպանվել է նույն տարվա մայիսի 19-ին կազմված արձանագրությունը գանգի ընդհանուր անատոմիա-մարդաբանական նկարագրական նշանների մասին: Այնտեղ մասնավորապես ասվում էր. «… Գանգը շատ վատ է պահպանված, փշրված բեկորներ, բացակայում են աջ այտային աղեղը, աջ այտոսկրի ճակատային ելունը, աջ կողմնաոսկրի մի մասը, ծոծրակոսկրի մի մասը, պահպանված է 20 ատամ, ձախ ճակատոսկրի վրա սուր գործիքից առաջացած ակոսավոր վնասվածք, որը թափանցում է ոսկորի սպունգանման շերտը, 2սմ երկարությամբ (հավանաբար դամբարանը փորելու ժամանակ բրիչի հարվածից փշրվել է գանգը)… Գանգը վերևից հնգանկյունանի (պենտագոնալ) ձևի , դեպի ծոծրակը լայնացող ձվի տեսքով, ճակատը բարձր, թմբերը` թույլ զարգացած, ունքամեջը հարթ, վերունքային աղեղները`միջին բարձրության, պտկաձև ելունները` միջակ, ձախ ելունի վրա` բազմաթիվ անցքեր, որոնք վկայում են, որ կենդանի ժամանակ Դուրյանն ունեցել է միջին ականջի բորբոքում` հավանաբար հյուծախտային ծագմամբ և բորբոքումը տարածվել է ոսկորի վերադիր հյուսվածքների մեջ…»:

77042_518022458216395_1263027382_n
Իսկ հետո մեկը մյուսին են հաջորդում մանրակրկիտ աշխատանքի երկարատև օրերը՝ լի տարատեսակ բարդություններով և նաև անսպասելի անակնկալներով: Օրինակ, ինչ-որ մի պահի հանկարծ պարզվում է, որ գանգակամարի ոսկրաբեկորների մեջ կան կտորներ, որոնք պատկանում էին տարիքն առած կնոջ: Շփոթված գիտնականն առաջին պահին չի հասկանում, թե բանն ինչ է: Եվ միայն հետո հաջողվում է ճշտել, որ Դուրյանի հարևանությամբ թաղված է եղել նրա մայրը և գերեզմանը տեղափոխելիս մոր գանգի ոսկորները խառնվել են որդու գանգի ոսկորներին:
Ի վերջո վրա է հասնում այնքան սպասված պահը: Ճաղարյանի աշխատասենյակում տեղադրված էր Պետրոս Դուրյանի կիսանդրին: Պրոֆեսորը համոզված էր. բանաստեղծը եղել է հենց այս դեմքով: Մնում էր, որ հանրությունը նույնպես ընդունեն նրան այնպիսին, ինչպիսին գիտությունն էր ծնունդ տվել՝ վերացականությունից հասնելով մինչև առարկայության:
Թե ինչեր տեղի ունեցան հետո, արդեն հանրահայտ փաստեր են: Հայաստանցիների մեծ մասը դրական գնահատեց բանաստեղծի դեմքի վերականգնումը, իր աշխատանքի մասին Անդրանիկ Ճաղարյանը մի ամբողջ գիտական աշխատություն գրեց, իսկ Դուրյանի մասունքները 2012 թվականին զմռսվեցին Պանթեոնի հուշապատի մեջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ5931359.854cdefd.560

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԸ՝ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՄԱՍԻՆ

28 Մյս

1915 թվականին, այդ սև օրերուն ամբողջ երկիր մը բնաջինջ եղավ, քարուքանդ եղան մեր եկեղեցիներն ու վանքերը և ամբողջ ժողովուրդ մը մահվան անդունդե գլորվեցավ անասելի տառապանքներու մեջ: Սակայն, սիրելի Հայեր, Աստված մեզ բոլորովին չլքեց, և ինչպես Քրիստոս երրորդ օրը մեռելներեն հարություն առավ, այնպես ալ Հայ ժողովուրդը երեք տարի հետո հարություն առավ և կոչվեցավ նոր կյանքի` գրեթե հրաշքի համազոր պայմաններու մեջ: 1915-ի Ապրիլին հաջորդեց 1918-ի Մայիսը: Եվ այնպիսի մեկ պահու, երբ երկրորդ եղեռն մը կսպառնար մեր վերապրող ժողովուրդին` Արևելահայաստանին: Մեր արյունաքամ ժողովուրդի զավակները մեկտեղեցան, բռունցքի մը վերածվեցին անխորտակելի և ստեղծեցին ու կոթողեցին Հայոց Պատմության երկրորդ Ավարայրը` Սարդարապատի ճակատամարտը: Հայ ժողովուրդը փրկվեցավ ստույգ մահե «Յուր քաջ որդոց սուրբ արյունով…»:
Գիտեք` այսպիսով հռչակվեցավ Հայաստանի Հանրապետությունը` Մայիսի 28-ին:
Հայոց պատմության անիվը վերջապես շրջվեցավ և Հայ ժողովուրդի առջև վերջապես բացվեցավ Սարդարապատի հաղթանակով` կյանքի նոր ճանապարհ:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍmaxresdefault

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԽՈՍՔԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄՈՏ

25 Փտր

Անդրանիկ, քաջ զավակ հայ ժողովրդի, դուն ազատության զինվոր, դուն՝ արդար բազուկ, դուն՝ պաշտպան հավատո և հայրենյաց, դուն մեր պատմության քարայրերեն լույս աշխարհ եկած նոր օրերու Մհեր. ահավասիկ ես՝ Հայոց Հայրապետը, քեզի կուգամ սուրբ Էջմիածնեն, Հայոց աշխարհեն, և քեզի ողջույն կբերեմ:
Կբերեմ քեզի նաև վկայությունը, թե վերածնված մեր մայր Հայրենիքին մեջ քու հոգին կսավառնի իբրև արծիվ, Հայաստանի սարերուն ու ձորերուն վերև: Եվ մանավանդ այս օրերուն, երբ ազգովին ծունկի եկած պիտի աղոթենք մոտ երկու միլիոն մեր նահատակներու հոգիներու խաղաղության համար, նաև հայրենիքի քու եղբայրներունդ, քույրերուդ ու զավակներուդ հայացքները դեպի քեզի են ուղղված հարգանքով, երախտագիտությամբ, ուխտդ իրենց սրտերուն մեջ ամուր պահած:
Հայրենիքեն ափ մը հող ես չբերի հետս գերեզմանիդ, վասնզի հոգիս կվկայե, թե հեռու չէ այն օրը, երբ ինքը հայրենի հողը իր կուրծքը պիտի բանա և ընդունի աճյուններդ, ուր դուն պիտի հանգչես հավիտյան:
Անդրանիկ, քաջ զավակ մեր, օրհնություն քու հիշատակիդ, օրհնություն քու կատարած գործիդ, օրհնություն կես թողած գործիդ: Եվ Ամենայն Հայոց Հայրապետին սրտեն ջերմեռանդ մաղթանք իր ժողովուրդին՝ քու մեծ գործդ հասցնելու իր լրումին:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
Փարիզ, Փեռ- Լաշեզի գերեզմանատուն
4 փետրվարի, 1965france-2

ՎԱԶԳԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՌԱԴԻՈՆ

15 Հնվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հովվապետական այցելությունը Հնդկաստան տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերին: Այդ այցելության հետ կապված կա առաջին հայացքից գրեթե անհավանական թվացող մի պատմություն: Սակայն, ըստ վկայությունների, ստորև ներկայացվող դեպքը ժամանակին պատմել է թարգմանիչ Ա. Կյուզելյանը, որն անձամբ ներկա է եղել Վեհափառի և Հնդկաստանի նախագահի հանդիպմանը:
Իսկ ամեն բան կատարվել է այսպես: Հանդիպման նախորդ օրը կաթողիկոսին է այցելում նախագահական նստավայրի արարողապետը: Սա սկսում է մանրամասն բացատրել, որ հանդիպումը նախատեսված է ժամը 3-ին, մեր շքախումբը պիտի տեղում լինի 3-ին 10 պակաս: Հետո դռները կբացվեն, նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնանը դուրս կգա, որից հետ երկու ղեկավար անձինք համաչափ քայլով պիտի ընդառաջ գնան, ողջագուրվեն և այլն, և այլն:
Հաջորդ օրը Հայոց հոգևոր առաջնորդը ճիշտ ժամանակին հասնում է նախագահական պալատ: Բացվում են դռները, երևում է Հնդկաստանի նախագահը, բոլորը սպասում են, որ նա արարողակարգի տառին հավատարիմ հանդարտ քայլով պիտի շարժվի դեպի Վազգեն Առաջինը, բայց հանկարծ կատարվում է զարմանալի մի բան: Նախագահը մի կողմ է թողնում ամեն կարգի ձևական պատշաճություն, ձեռքերը լայն բացած հասնում է կաթողիկոսին՝ բացականչելով. «Բարի եք եկել, Ձերդ Սրբություն», իսկ այնուհետև դառնալով դեպի թարգմանիչը՝ մի այնպիսի բառ է ասում, որից ոչ միայն սա է ապշում, այլև նրա կողքին կանգնած պատվո պահակախմբի պետը: Ռադհակրիշնանը ասում է. «Հարցրեք խնդրեմ, արդյո՞ք հայերի հոգևոր առաջնորդը իր հետ բերել է նաև Երևանի ռադիոյի անեկդոտներից»:
Երբ հարցը թարգմանում են, մյուսներից պակաս չի շփոթվում ու չի զարմանում նաև Վազգեն Վեհափառը: Նրան այլ բան չի մնում, քան դիմել թարգմանիչին ու ասել. «Հարցրեք Նորին Գերազանցությանը, թե նա Երևանի ռադիոյի ո՞ր անեկդոտներն է լսել…»:
Հայկական ռադիոյի անեկդոտների համբավը, որ հասել էր մինչև հեռավոր Հնդկաստան, դարձավ ջերմ բարեկամության հիմնաքար: Մեկ տարի անց՝ 1964-ին, երբ Հնդկաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում էր Մոսկվայում, ցանկություն հայտնեց լինել նաև Երևանում և տեղեկացրեց, որ ինքը հրավեր է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոսից: Այդ օրը Վեհափառ հայրապետը գտնվում էր Արագած լեռան լանջին գտնվող իր ամառանոցում, երբ նրան հայտնեցին, որ Սարվեպալի Ռադհակրիշնանի ինքնաթիռն արդեն օդում է: Վազգեն Առաջինն անմիջապես շտապեց օդանավակայան՝ թանկագին հյուրին դիմավորելու: Իսկ թե նա հնդիկ նախագահի համար նոր անեկդոտ ունե՞ր մտքում պահած, դա մենք երբեք չենք իմանա:

Հովիկ Չարխչյանpizap.com14528148956721

ՀԵՐՈՍԻ ՄԱՏՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌԻ ԱՋԸ

15 Նյմ

Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն ու Սողոմոն Թեհլերյանը: Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝ տեսնելու երկու մեծ հայերին: Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլերյանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպանող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ներկաները ծունկի էին գալիս ու համբուրում էին վեհափառի աջը:
Երբ վերջապես հուզված բազմությունը փոքր-ինչ հանդարտվում է, Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին, համբուրում է նրա ճակատը և ասում. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»:

Հովիկ Չարխչյանpizap.com14474611964211

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

28 Սպտ

Հայեր, հոգևոր զավակներ մեր, այս սրբազան Մյուռոնով միացեք, եղբայրացեք, եղեք մեկ կամք, եղեք մեկ ուրախություն, եղեք մեկ ցավ: Եղեք մեկ ազգ, մեկ ընտանիք, մեկ ժայռացած երդում և հավատացեք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ Էջմիածնի օրհնության ներքո:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

Երջանիկ որդի և բախտավոր մայր

27 Դկտ

vazgen arajin 1955 «Էջմիածին» ամսագիր1955 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Վազգեն Առաջինը: Նրա նստավայրն այդուհետ պիտի լիներ Սբ. Էջմիածինը: Իսկ վեհափառի մայրը բնակվում էր Ռումինիայում: Նա դեռ չէր տեսել իր օծյալ որդուն: Վերջապես վրա է հասնում պահը: Իսկ թե ինչպես նրանք հանդիպեցին, այդ մասին փոքրիկ տեղեկատվություն է պահպանվել «Էջմիածին» ամսագրի էջերում. «Դեկտեմբերի 27-ին Ս. Էջմիածին ժամնեց Նորին Ս. Օծության Վեհափառ Հայրապետի մայրը` տիկին Սիրանուշ Պալճյանը, ընկերակցությամբ ռումինահայ թեմի քարտուղար պ. Հովհաննես Գայփաքճյանի:
Վեհափառի մորը դիմավորելու համար Մոսկվա էր մեկնել Մայր Աթոռի տնտեսաֆինանսական գործերի վարիչ պ. Հմայակ Սեդգարյանը: Երևանի կայարանում իր սիրելի մորը դիմավորեց անձամբ Վեհափառ Հայրապետը: Հուզիչ ու սրտագրավ էր մոր և որդու հանդիպումը…
Երջանիկ որդի և բախտավոր մայր»:images

ՄԱՀԸ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ՉԻ ԴՆՈՒՄ

17 Նյմ

Երբ 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, որոշում կայացվեց նրա մարմինը տեղափոխել Հայաստան: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին իսկ նիստի ժամանակ թողման վայրի ընտրության հարցում ներկաների տեսակետները բաժանվեցին: Հանձնաժողովի անդամներից ոմանք առաջարկում էին կոմպոզիտորի մարմինը ամփոփել ոչ թե Պանթեոնում, այլ քաղաքի կենտրոնում` հավանաբար նկատի ունենալով այն, որ, օրինակ, Ալեքսանդր Սպենդիարյանը թաղված էր օպերային թատրոնի մերձակա պուրակում։
Ի վերջո նախընտրում են այս խնդրով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին: Վեհափառն ուշադիր լսում է նրանց փաստարկները և ընդամենը մեկ նախադասություն է ասում.
— Գերեզմանատնից դուրս թաղում են միայն հանցագործներին ու ինքնասպաններին…
Արամ Խաչատրյանի մարմինը հողին հանձնվեց Պանթեոնում:арам ьацх

ՎԵՀԱՓԱՌԻ ԱՌՅՈՒԾԸ

7 Հկտ

Նկարում պատկերված կորյունը արքայական ընծա է` վեհափառին:

1965 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը ուղևորության էր մեկնել նախ Եթովպիա, ապա Եգիպտոս: Այդ օրերին Եթովպիայի կայսրը վեհափառին է նվիրում առյուծի մի ձագ: Կոյունը բերվում է Կահիրե, որտեղից հունվարի 30-ին Կահիրե-Մոսկվա օդանավով տեղափոխվում է ԽՍՀՄ: Իսկ փետրվարի 28-ին Վազգեն Առաջինը մեկ տարեկան կենդանուն, որը եթովպիական առյուծների լավագույն ցեղատեսակից էր, նվիրում է Երևանի կենդանաբանական այգուն:առյուծ

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

20 Սպտ

Կինը մայրությամբ վեր կբարձրանա մայրական պայմանեն ու կպսակվի ծննդյան հրաշքի լույսով: Հրաշալիքը ծնունդի և սրբությունը մայրության. ահա հիմքը ընտանիքին: Զի ընտանիքն է խորան այդ հրաշքին և աղբյուրը մայրական սրբության:

Ո՞ր հայրը, ի տես նորածին իր երեխայի, չի բացականչեր՝ հրաշք, և պահ մը իր կնոջ մեջ չի տեսներ պատկերը սուրբ կույս Մարիամին: Այո, բոլոր ծնունդները հրաշքներ են, բոլոր մայրերը կույսեր են:10330437_605814499515314_4526939504047404025_n

ԻՆՉՈ՞Ւ ՎԱԶԳԵՆ

14 Սպտ

«Վեհափառ Տեր, «Վազգեն» հատուկ անունը այնքան էլ ընդհանրացած անուն չէր, ոչ աշխարհական և մանավանդ հոգևորականների համար: Մազլումյան Կարապետ սրբազանը որտեղի՞ց գտավ այս անունը», -հարցրեց Ավագ արքեպ. Ասատրյանը Վազգեն Վեհափառին:

«Լավ հարցում է» , -ըսավ Վեհը, ու հետևյալ վկայությունը տվեց: 

«Վանի ինքնապաշտպանության հայդուկներէն էր Վազգեն անունով քաջարի երիտասարդ մը: Հերոսամարտի մը ընթացքին սպանվեցավ: Թուրքերը հերոս երիտասարդին դիակը տունէ տուն պտըտցուցին՝գտնելու համար անոր ընտանիքը պատժելու կամ վնասելու միտումով: Երբ Վազգենի մայրը, շրջապատված տնեցիներով, կը տեսնե իր անշնչացած որդիին դիակը, կը հայտնէ թուրք զինվորներուն, թե չի ճանչնար անոր ով ըլլալը»: Ու հուզվեց Վեհափառը… Պահ մը մնաց լուռ, ապա շարունակեց. «Գիտե՞ք, որքան քաջություն պետք էր մոր մը համար այդպիսի կեցվածք մը ցուցաբերելու: Այդ անկրկնելի զոհաբերությունը ըրավ փրկելու համար ընտանիքի մյուս անդամները: Իմ ձեռնադրության կնքահայրությունը ստանձնած էր Ռումանիոյ թեմական խորհրդի անդամներեն վանեցի Ռուբեն Իսրայելյանը: Իր փափագին ընդառաջելով Մազլումյան սրբազանը զիս վերանվանեց Վազգէն անունով»:DB3DB4E1-02FD-46A3-9761-3D224C7C6B34_w640_r1_s

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՀՐԱՇԱԼԻ «ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

27 Մրտ

Բոլոր նրանք, ովքեր Էջմիածին այցելելիս եղել են Նոր վեհարանում և բախտ են ունեցել ծանոթանալու երկրորդ հարկում ցուցադրվող արվեստի և պատմության բարձրարժեք ցուցանմուշներին, երբեք չեն կարող մոռանալ այն, ինչ տեսել են այդ սրահներում: Բայց կա մի բան, որի տպավորությունը դժվար է նկարագրել բառերով: Ձեր առաջ բացվում են պատի մեջ տեղադրված չհրկիզվող պահարանի դռնակները, իսկ նրանց  ետևում ոսկեձուլ ու ադամանդակուռ սալիկներն են, որոնց վրա պատկերված են հայոց այբուբենը և սրբազան խաչը: Մինչ դուք կլնված դիտում եք այդ ձեռակերտ հրաշքը, ուղեկցող հոգևորականը տեղեկացնում է, որ «Հայոց Այբուբեն» և «Ոսկե Խաչ» աշխատանքները պարտաստվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ ու պատվերով: Սակայն այս ժլատ խոսքերի ետևում զարմանալի մի պատմություն է թաքնված, որը ցանկանում ենք շարադրել ստորև:

Դա 1976 թվականին էր: Սովորական օր էր Մայր Աթոռում: Ինչպես միշտ, վանքի տարածքը լի էր ուխտավորներով ու զբոսաշրջիկներով: Նրանցից շատերն էին ցանկանում տեսնել վեհափառին ու համբուրել նրա աջը: Այդ մարդկանց թվում էր նաև ոչնչով աչքի չընկնող մի կին:112700_original

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ժամանակին առիթ է ունեցել անձամբ կաթողիկոսից լսել հիշարժան օրվա պատմությունը: «Մի անգամ,- ասել էր Վազգեն Առաջինը,- վեհարան եկավ տարեց մի կին: Պատմեց, որ գաղթի տարիներին թողեր էր հայրենի տունը և ոտքով, բազում զրկանքներ կրելով հասել էր Արաքսի մյուս ափը: 50-60 տարի պահել էր իր միակ հարստությունը` գերդաստանից ժառանգություն մնացած  ոսկիները, և այժմ` կյանքի մայրամուտին ցանկանում էր դրանք հանձնել եկեղեցուն: Հետո կինը զգեստի տակից հանեց թաշկինակի մեջ փաթաթած թանկարժեք իրերը` ոսկեդրամներ, մատանիներ, շղթաներ, գրպանի ժամացույց և այդ ամենը լցրեց սեղանին: Ես շատ հուզվեցի նրա արաքից: Շնորհակալությամբ ընդունեցի նվիրատվությունը, բայց չգիտեի, թե ինչպես պիտի տնօրինեմ դրանք: Տեղյակ էի, որ վանքի գանձատանը ևս կային համանման իրեր: Ու հենց այդ ժամանակ միտք հղացա հավաքել նվիրաբերված բոլոր ոսկեղենը և դրանցից ձուլել հայկական տառերը: Խորհրդանշական է, այնպես չէ՞»:

Անշուշտ, գաղափարը ոչ միայն խորհրդանշական էր, այլև բացառիկ: Կաթողիկոսի մտահղացման մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Մարդիկ Էջմիածին էին բերում իրենց զարդերն ու նվիրաբերում այդ նպատակի համար: Հատկապես ակտիվ էին սփյուռքահայերը: Այդպես հավաքվեց շուրջ 23 կիլոգրամ ոսկի:

Սակայն, ինչպես հայտնի է, ոչ մի լավ բան հեշտությամբ չի տրվում: Այս պարագայում` հատկապես: Ցանկության իրագործումն իր հետ բազմաթիվ ենթադրելի ու չենթադրված դժվարություններ էր բերելու: Նախկինում երբևէ նման կարգի աշխատանք չէր արվել և դեռ հայտնի չէր, թե ինչպիսի տեսք կունենար այն: Իսկ դա իր հերթին ծնում էր մտահոգություններից առաջինը` ու՞մ վստահել այբուբենը պատրաստելու գործը:79046159_large_LOM_7096

Այս հարցում, ինչպես ժամանակն ու արդյունքները պիտի ցույց տային, կաթողիկոսն անթերի ընտրություն կատարեց: Հայտնի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, ով անուրանալի վաստակ ունի հայկական ճարտարապետական հուշարձանների վերականգման ու պահպանման գործում, մեծ անակնկալ ապրեց, երբ մի օր նրան հրավիրեցին վեհարան, և Վազգեն Առաջինը նրան առաջարկեց ձեռնարկել «Հայոց այբուբենի» պատրաստում: «Վեհափառ տեր, ախր ես ոսկերիչ չեմ, ես քարի մարդ եմ»,- տարակուսած պատճառաբանեց ճարտարապետը: Սակայն կաթողիկոսը հրաշալի գիտեր, թե ում և ինչ էր հանձնարարում: Ճարտարապետը պիտի ներկայացներ տառերի ոճային էսքիզները` հավատարիմ մնալով հայ զարդագրության դարավոր ավանդույթներին ու միջնադարյան ծաղկողների կողմից կիրառված գեղարվեստական լուծումներին: Իսկ Արզումանյանին ընկերակցելու և նրա պատկերներին կյանք էր տալու  հայտնի ոսկերիչ ԺիրայրՉուլոյանը, ով գեղարվեստական կոմբինատի գլխավոր նկարիչն էր:

Պատմում են, որ նրանք աշխատում էին կիրակի օրերին, հենց վեհարանում: Այբուբենի յուրաքանչյուր տառի էսքիզը պիտի հաստատվեր կաթողիկոսի կողմից: Տառերն ունեին 15 սանտիմետր երկարություն և տեղադրված էին 80 x 130 չափերով օնիքսե տախտակի վրա: Վեհափառի գիտական քարտուղար ու թարգմանիչ Պարգև Շահբազյանն իր հուշերում պատմում է. «Երբ տառերի էսքիզները պատրաստ էին, վեհափառը կանչել է ոսկերչին, տվել ձուլածո ոսկին և ասել` նույնությամբ պատրաստեք»:

Այբուբենի ստեղծման աշխատանքներն այնպիսի հաջող ընթացք ստացան, որ դրանից ոգևորված կաթողիկոսն այս անգամ ձեռնամուխ եղավ հաջորդ գաղափարին` ոսկուց և ադամաններից պատրաստել սրբազան խաչը: Շուտով նաև հայտնի դարձավ, որ Մարսելում բնակվող մի ֆրանսահայ մեծահարուստի ընտանիք պատրաստվում է իր վրա վերցնել ողջ ծախսը` այսինքն տրամադրել անհրաժեշտ քանակությամբ ոսկին: Նման խոշոր նվիրատվությունը կարող էր էապես հեշտացնել գաղափարի իրագործումը: Սակայն ստցվեց ճիշտ հակառակը:

Խորհրդային երկրում, որտեղ քարոզվում էր աթեիզմը, կաթողիկոսի նախաձեռնությունը չէր կարող հիացմունք առաջացնել: Մյուս կողմից իշխանություններն անընդունելի և նույնիսկ վիրավորական պիտի համարեին այն փաստը, որ ԽՍՀՄ-ում ինչ-որ բան իրագործելու եկեղեցին պատրաստվում է օգտվել կապիտալիստների նվիրատվություններից: Իսկ այսպիսի հակադարձությունը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն ծրագրի իրագործման, այլև ընդհանրապես պետություն-եկեղեցի հարաբերությունների վրա: Անհրաժեշտ էր գտնել այնպիսի մի լուծում, որը թույլ կտար ոչ միայն գործը հասցնել իր ավարտին, այլև խուսափել ամեն կարգի անախորժություններից:BaghdasarArzoumanian

Եվ հնարամիտ ելքը գտնվեց: Կողմերը փոխադարձ համաձայնության եկան, ինչից հետո Ֆրանսիյում ոսկու ձուլակտորը բաժանվեց բազմաթիվ փոքր կտորների, դրանցից զանազան զարդեր պատրաստվեցին և բաժանվեցին այն բոլոր զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում էին Հայաստան մեկնել: Մարդիկ գալիս էին իրենց հայրենիքը, այցելում էին Մայր Աթոռ և այնտեղ էին թողնում նախապես ստացած թևոնոցները, մատանիներն ու շղթաները: Ըստ տեղեկությունների, ֆրանսահայ վանեցինեի նվիրաբերած ոսկին Էջմիածին տեղափոխվեց ավելի քան 70 զբոսաշրջիկների օգնությամբ: Խաչի պատրաստման համար անհրաժեշտ եղավ մոտ 20 կիլոգրամ ոսկի և շուրջ 200 թանկարժեք քար: Դա 1979 թվականին էր:

Աշխատանքներն արդեն մոտենում էին իրենց ավարտին, երբ Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարին զեկուցեցին Էջմիածնում նկատվող տարօրինակ ակտիվության մասին: Չեկիստներն արձանագրել էին ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների տարօրինակ ու «առատաձեռն» վարքը, այլև տեղյակ էին ոսկերիչների հետ հոգևորականների բազմաթիվ հանդիպումների մասին: Իսկ Արզումանյանի ու Չուլոյանի պարբերական այցերը Մայր Աթոռ նոր երանգ էին հաղորդում կասկածներին: Ձեռքի տակ եղած տեղեկությունները հենց սկզբից նրանց հիմք տվեցին ենթադրելու, որ ինչ-որ բան «մաքուր» չէ և եկեղեցականները զբաղվում են թանկարժեք մետաղների ու քարերի մաքսանենգությամբ: Ահազանգը ստուգելու համար Էջմիածին մեկնեցին ՊԱԿ-ի մի քանի աշխատակիցներ: Այն, ինչ նրանք պարզեցին տեղում, գերազանցեց բոլոր սպասելիքները:

Գաղտնիքը բացահայտված էր: Եկեղեցու և հատկապես Վազգեն վեհափառի գլխին ամպեր էին կուտակում: Սակայն ո՞րն էր լինելու իրավապահների և իշխանությունների հաջորդ քայլը: Նրանցից ո՞վ կհամարձակվեր որևէ մեղադրանք ներկայացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ու մինչ վերևներում մտմտում էին ձեռնարկվելիք քայլերի մասին, հենց Մայր Աթոռում գտնվեց փակուղուց դուրս գալու ամենահնարամիտ տարբերակը: Վազգեն Առաջինն ասաց, որ որոշում է կայացվել ոսկուց պատրաստել նաև Հայկական ԽՍՀ պետական զինանշանը: Առաջարկը իշխանությունների սրտով էր: Բոլորը թեթևացած շունչ քաշեցին: 1982-ին եռյակը լրացրեց «Հայաստանի գերբեը»: «Թող սրանք լինեն իմ նվերը հայ ժողովրդին»,- հետագայում պիտի ասեր Վազգեն վեհափառը:

Եկար ժամանակ այդ չհրկիզվող պահարանի բանալիները գտնվում էին միայն կաթողիկոսի մոտ: Պատվավոր հյուրերի առաջ նա անձամբ էր բացում գանձարանի դռնակը և հպարտությամբ ցուցադրում արվեստի երեք կատարյալ ստեղծագործությունները: Հասարակ մահկանացուների առաջ այդ դռները մնում էին փակ ոչ թե կաթողիկոսի, այլ իշխանությունների պահանջով: Միայն 1991 թվականից հետո մարդիկ կարողացան տեսնել ու գնահատել եկեղեցու ամենաթանկ գաղտնիներից մեկը:

«Ի՞նչ արժեն այդ երեք սալիկները»,- պիտի հարցնեն ոմանք: Մի քանի տասնյակ կիլոգրամ ոսկի, ադամանդակուռ, բազմաթիվ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, գերազանց գեղարվեստական աշխատանք: Գլուխգործոց:

Հետաքրքրասերներին հիասթափություն է սպասվում: Ոչ ոք չի փորձել հաշվել այդ գանձերի արժեքը: Քանի որ դրանք անգին են: Քանի որ դրանք մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր գանձարանի անբաժանելի մասն են, իսկ այդ հարստությունը գնապիտակ ունենալ չի կարող:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆLOM_7087

 

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԸ` LIFE-Ի ԷՋԵՐՈՒՄ

17 Սպտ

Ամերիկյան LIFE  հանդեսի ֆոտոթղթակից Գովարդ Սոչուրեկը 1959-ին այցելում է Հայաստան: Նրա բազմաթիվ լուսանկարներ հրապարակվում են նույն հանդեսում: Հատկապես հետաքրքիր են այն կադրերը, որտեղ պատկերված են Էջմիածինն ու Մայր Աթոռը: Կարող եք դիտել դրանցից 3-ը, որտեղ Վազգեն Առաջին կաթողիկոսն է:9501fca6e9d225e22198f0381959

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

19 Հնվ

Վաղ թե ուշ այս բանը պիտի լիներ: Մի օր համբերության բաժակը լցվում է, և խուլուհամր ձևացողների ապուշային պահվածը այլևս արդարացում չի դառնում անվերջանալի սպասման համար: Եվ հիմա, 42 տարվա չարչրկումներից հետո վերստին խոսվում է բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքները հողին հանձնելու անհրաժեշտության մասին: Բայց թերևս ավելի ճիշտ բառով բնորոշենք ստեղծված կացությունը, քանի որ ոչ թե խոսվում է, այլ չարաշահվում է թեման: Հիմա բացատրենք, թե ինչու:
Հանրահայտ փաստ է, որ 1872-ին վախճանված Դուրյանը թաղվել էր Պոլսի Սկյուտար թաղամասի գերեզմանատանը: Ստացվեց այնպես, որ մոտ 90 տարի անց, իսկ ավելի ճիշտ՝ 1960-ականների վերջին տեղի իշխանությունները հայտնեցին, թե գերեզմանը տեղաշարժելու խնդիր կա, քանի որ որոշվել է այդ տարածքում ճանապարհ կառուցել: Հենց այս կացությունն էլ առիթ դարձավ, որպեսզի Պոլսի հայոց պատրիարքը Հայաստան բերեր բանաստեղծի գանգը: Պատրիարքը այն հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, իսկ վերջինս էլ մասունքները տվեց գրականության և արվեստի թանգարանին: Վերհիշենք նաև, որ հենց նույն շրջանում նախաձեռնվեց Դուրյանի դիմաքանդակի ստեղծումը՝ գանգաբանական վերականգնման սկզբունքներին համապատասխան, ինչը իրականացրեց ակադեմիկոս Անդրանիկ Ճաղարյանը: Այս ամենը ևս խիստ կարևոր էր ու վարպետությամբ կատարված, միայն թե դա չէր լուծում գանգի հետագա ճակատագրի խնդիրը: Ի վերջո ի՞նչ էր անհրաժեշտ անել: Գանգը ցուցանմուշ չէ, որ կարելի է տեղադրել թանգարանում և այցելուներ գրավել: Կար մեկ և միակ խելամիտ լուծումը՝ այն հանձնել հողին, ինչպես ընդունված է քրիստոնյա կոչվող հայերիս մոտ և ինչպես թելադրում է մարդու հիշատակի հանդեպ ունեցած հարգանքը: Սակայն արի ու տես, որ այդ «մեկն ու միակը» այնքան էլ միակը չէր շատերի համար: Ու սկսվեց վաղուց ծանոթ, միայն տհաճություն ու զայրույթ հարուցող պատմությունը:
Տասնամյակներ շարունակ տարբեր անհատներ ու կազմակերպություններ դիմեցին իշխանություններին՝ խնդրին վերջնական լուծում տալու ակնկալիքով, բայց նրանց հորդորները մնացին անարձագանք: Վերջնականապես չխելագարվելու համար անիմաստ ենք համարում մեջբերել այն բոլոր «փաստարկներն» ու «հիմնավորումներ», որոնք միջոցով գանգի թաղումը հետաձգվում էր անորոշ ժամանակով: Ասենք միայն, որ այսօր կատարվող դեպքերն ու ծավալվող քննարկումները ոչնչով չեն տարբերվում նախորդներից:
Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ: Ըստ տեղեկությունների, մի քանի տարի առաջ մշակույթի նախարարությունը որոշում է զբաղվել Դուրյանի մասունքների խնդրով: Եվ ի՞նչ է անում: Մի հսկա կառուց՝ իր բոլոր պատասխանատուներով լարում են ուղեղները, անքուն գիշերներ են լուսացնում, որպեսզի հաշվարկեն, թե հուղարկավորությունն իրականացնելու գործը ի՞նչ կարժենա: Ի վերջո համաձայնության են գալիս ընդամենը… 1000 դոլարի շուրջ և դրանից հետո հարցը փակվում է: Վերջ: Դուրյանի խնդիր չկա: Մոռացեք այդ մասին:
Հավանաբար ինչ-որ մեկին մեծ շռայլություն էր թվացել նման գումար վատնել մի բանաստեղծի համար, եթե կարող էր այդ փողերով իր չնչին գոյությունն արդարացնել այս հողի վրա: Երևի: Սակայն առաջ գնան ու հիշենք, թե ինչպես 2 ամիս առաջ նույն մշակույթի նախարարությունը բացառիկ սրտացավություն հանդես բերեց և հարցի քննարկման ու եզրակացություն տալու արտոնությունը տրամադրեց… Գրողների միությանը: Սա, ինչ խոսք, բացառիկ աբսուրդի օրինակ է: Ի՞նչ կապ ունի մի սովորական հասարակական կազմակերպությունը գործադիր մարմնի որոշումների հետ: Դա նույնն է, թե սպառողների միության անդամին արտոնես առևտրային համաձայնագրեր քննարկել կամ, ասենք, կանաչների միությանը խնդրես՝ երկրաբանական-տնտեսագիտական եզրակացություն տալ հանքարդյունաբերության որևէ ճյուղի մասին: Եթե նախարարությունը պատսպարվում է գրողների միության թևի տակ, այդ դեպքում ինչի՞ համար են գրականության ինստիտուտը, պատմության ինստիտուտը, այլ պետական ու ակադեմիկան կառույցներ, որոնք կոչված են հենց այս կարգի խնդիրներ լուծելու և մասնագիտական եզրակացությունների հանգելու համար:
Այս հարցերի պատասխանը թողնելով նույն այդ հաստատությունների պատասխանատուներին, անցնենք առաջ և հասնենք աբսուրդի հաջորդ գործողությանը: Պանթեոնում Դուրյանի մասունքները ամփոփելու ցանկությանը թվում էր՝ չէր լինելու որևէ առարկություն, քանի որ բանաստեղծն իր տաղանդով վաստակել է մյուս հայ մեծերի կողքին տեղ զբաղեցնելու իրավունքը: Բայց նույնիսկ այդ պարագայում մեր լավատեսությունը չափազանց է, քանի որ, պարզվում է, կան այդպիսիները: Կան ու դեռ առարկությունների համար բացատրություններ էլ ունեն: Օրինակ, մեր հարգարժան հոգևորականները պնդում են, թե մարդը չի կարող երկու գերեզման ունենալ, այդ իսկ պատճառով էլ Պանթեոնում Դուրյանի համար նոր շիրմատեղ հատկացնելը հակասում է եկեղեցական կարգին: Իհարկե, նույն հոգևորականներին կարել է հիշեցնել, թե ինչպես էին իրենք հոծ խմբերով մասնակցում Թումանյանի սրտի թաղմանը Դսեղում, երբ Թումանյանը Թբիլիսիում գերեզման ունի, ինչպես էին նույն կերպ Վիլյամ Սարոյանի սիրտը հողին հանձնում Երևանում, երբ Սարոյանի մարմինն օվկիանոսից այն կողմ է, և ուրիշ այլ պատմություններ էլ, սակայն կարծում եք իրենք չե՞ն հիշում:
Բանը հասավ նրան, որ նույնիսկ առաջարկ հնչեց գանգն ընդհանրապես չթաղել, քանի որ այն… հետաքրքիր կլինի Բժշկական համալսարանի ուսանողների ու առողջապահության հաստատությունների աշխատակիցների համար այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է այդ բեկորներից ստանալ մարդու դեմքը: Պատկերացնու՞մ եք այդ բանն ասողի գանգի չափերն ու դրա դատարկ պարունակությունը, որը հաստատ կհետաքրքրի կենսաբանական խեղումներով հրապուրվող ապագա բժիշկներին:
Ահա թե ովքեր են տնօրինում մեծերի երկնային կյանքն ու հիշատակը, ահա թե ովքեր են մի հողակտոր հատկացնելու անհրաժեշտությունը վերածում հիմարության խրախճանքի: Ու որքան էլ փորձում ես հասկանալ, թե ինչու՞ է յուրաքանչյուր պարզագույն իրավիճակ, յուրաքանչյուր կարևոր գործ փորձություն դառնում մեր ջղերի ու գիտակցության համար, միևնույն է, պատասխանը չես գտնում:
Այս տարի լրանում է Պետրոս Դուրյանի 160-ամյակը: Ի սեր աստծո, գոնե մի անգամ մարդ եղեք: Այնքան մարդ եղեք, որ ուժ գտնեք Դուրյանին ազատելու ձեր անախորժ ներկայությունից: Թող նրա մասունքները հանգիստ առնեն հողում, իսկ դուք մնացեք վերևում, բայց հեռու, հեռու թե նրանից, թե մեզնից…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: