Tag Archives: վագր

Իսկ վագրեր եղել են

14 Հնվ

1924 թվականի մայիսին թերթերը գրել են այն մասին, որ Դավալու (ներկայիս Արարատ) գյուղի մերձակայքում բնակիչները վագր են սպանել: Իսկ հետո լրագրողը շարունակում է. «Մի շաբաթ առաջ Դավալվի մի գյուղացի դաշտում պատահաբար հանդիպում է մի վագրի ձագի, որը հարձակվում է նրա վրա և բարձրանում նրա ուսը: Հաղթանդամ գյուղացին բռնում է վագրի բկից և սկսում է խեղդել նրան: Վագրի ձագը պատառոտում է գյուղացու զգեստներն ու մարմինը, մինչև որ գյուղացուն հաջողվում է դանակը հանել և կտրել նրա կոկորդը»:
Այնուհետև այս միջադեպի մասին լրատվությունն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Նման կենդանիների ու վայրի խոզերի դավալվեցիք հաճախ են հանդիպում»: Ստացվում, որ տասնամյակներ առաջ Հայաստանում վագրերն այնքան շատ էին, որ նրանց կարելի էր հանդիպել նույնիսկ Արարատյան դաշտում:

panthera_tigris_sondaica_01

ԻՆ ՅՈՒՆ

8 Նյմ

Մի անգամ Կոնֆուցիոսը թափառում էր լեռներում: Ցզիլուն, ում նա ջրի էր ուղարկել, աղբյուրի մոտ դեմ առավ վագրին եւ նրա հետ մարտի բռնվեց: Նա բռնեց վագրի պոչից, պոկեց այն եւ պահեց ծոցում:
Ջուր հավաքելով, Ցզիլուն վերադարձավ Կոնֆուցիոսի մոտ եւ նրան հարցրեց.
— Ինչպե՞ս է սպանում վագրին ամենաարիասիրտ այրը.
Ուսուցիչը պատասխանեց.
— Ամենաարիասիրտ այրը բռնում է վագրի գլխից:
— Ինչպե՞ս է սպանում վագրին միջին արիություն ունեցող այրը:
— Միջին արիություն ունեցող այրը բռնում է վագրի ականջից:
— Իսկ ինչպե՞ս է սպանում վագրին ամենանվազ արիություն ունեցող այրը,- այդժամ հարցրեց Ցզիլուն:
— Ամենանվազ արիություն ունեցող այրը բռնում է վագրի պոչից:
Ցզիլուն ծոցից հանեց պոչը, նետեց գետնին եւ բարկացած Կոնֆուցիոսին ասաց.
— Չէ՞ որ ուսուցիչը գիտեր, որ աղբյուրի մոտ վագրեր են գալիս եւ այդուհանդերձ ինձ ուղարկեց այնտեղ, կնշանակի, նա իմ մահն էր ուզում:
Ուսուցչի վրա զայրացած, Ցզիլուն ծոցում քար դրեց: Հետո նա ուսուցչին հարցրեց.
Ինչպե՞ս է սպանում մարդուն ամենաարիասիրտ այրը:
— Ամենաարիասիրտ այրը սպանում է մարդուն վրձնի ծայրով:
Ցզիլուն դարձյալ հարցրեց.
— Ինչպե՞ս է սպանում մարդուն միջին արիություն ունեցող այրը:
— Միջին արիություն ունեցող այրը սպանում է մարդուն լեզվով:
Ցզիլուն նորից հարցրեց.
— Ինչպես է սպանում մարդուն նվազագույն արիություն ունեցող այրը:
— Նվազագույն արիություն ունեցող այրը նրան սպանում է քարով, որ պահում է ծոցում, — պատասխանեց իմաստունը:
Այդժամ Ցզիլուն դեն նետեց քարը, եւ այդ ժամանակից ի վեր ողջ սրտով սկսեց երկրպագել ուսուցչին:

%d bloggers like this: