Tag Archives: սևամորթ

ՌԻՉԱՐԴ ՌԱՅԹ

5 Սպտ

… Ուսուցիչը դուրս եկավ, հետո վերադարձավ և ասաց.
— Երեխաներ, հավաքեք գրքերն ու տուն գնացեք:
— Ինչու՞:
-Ի՞նչ է պատահել:
— Պատերազմն է վերջացել,- ասաց նա:
Երեխաների հետ ես փողոց վազեցի և տեսա սպիտակների ու սևամորթների ամբոխը, բոլորը ծիծաղում էին, երգում, բացականչում: Ես մի լավ վախեցա՝ անցնելով սպիտակների կողքով, բայց հենց որ հասա մեր թաղամաս և տեսա ժպտացող սև դեմքերը, իմ վախն անմիջապես ցնդեց: Ես փորձեցի պատկերացնել պատերազմը, հասկանալ, թե դա ինչ բան է, և չկարողացա: Երեխաները ցույց տվեցին երկինքը, ես գլուխս բարձրացրեցի ու տեսա ոչ մեծ մի թռչուն: Նա օդի մեջ դանդաղ, սահուն շրջաններ էր գծում:
— Տեսեք, տեսեք:
— Օդանավ:
Ես նախկինում երբեք օդանավ չէի տեսել:
— Դա թռչուն է,- ասացի ես:
Ամբոխի մեջ ոմանք ծիծաղեցին:
— Չէ, տղա, դա օդանավ է,- ասաց ինչ-որ տղամարդ:
— Ոչ մի օդանավ էլ չի, դա թռչուն է,- հակաճառեցի ես,- ախր տեսնում եմ:
Տղամարդն ինձ նստեցրեց իր ուսերին:
— Նայիր և հիշիր,- ասաց նա:- Դա մարդն է թռչում:
Ես դեռ չէի հավատում: Ինձ դեռ թվում էր, որ դա թռչուն է: Երեկոյան տանը մայրս համոզեց ինձ, որ մարդիկ նույնպես կարող են թռչել…

ՖԻԼԼԻՊ ԷԼԵԲԵ

23 Հնվ

Ջազ
Տարագիրների կախարդական հեքիաթ
Աֆրիկայի անառակ որդիների հեքիաթ

Ջազ
Դյութական տեսիլքներ
Վախ վաղվա օրվա հանդեպ
Ծածուկ կարոտաբաղձություն

Ջազ
Սևամորթ ստրուկների ապստամբություն
Ընդդեմ վշտերի ու տանջանքների

Ջազ
Սև պոեզիա
Սպիտակ քաղաքակրթության
Արգանդում

Ջազ
Նեգրական ռիթմեր
Տրոպիկական թավ ձայներ
Հեռավոր Աֆրիկայի բողոք

Ջազ
Պայքարի վաղեմություն
Շրջապատող աշխարհի դեմ
Չարի դաժան ուժերի դեմ:

Ջազ
Սև ժողովուրդների կատաղություն
Նրա միամտություն
Կենսականություն ու երկչոտություն

Ջազ
Կարմիր ու սև
Հնդկացի ու աֆրիկացի ցեղերի
Արհամարհված արվեստ

Ջազ
Մարմնավորում մեր հոգու:

%d bloggers like this: