Tag Archives: սփյուռք

Սփյուռքը պատճառներ ունի իրեն վիրավորված զգալու համար. Հովիկ Չարխչյան

27 Մյս

Այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը: Այս տարի «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառվել է Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը: Այս ֆոնին հարկ է նշել, որ վերջին ժամանակներս սփյուռքն անվստահություն ունի տեղի իշխանությունների նկատմամբ։ Սա, թերևս, ցույց տվեցին նաև ապրիլյան դեպքերը։ Գրականագետ Հովիկ Չարխչյանը NewsBook-ի հետ զրույցում նկատեց՝ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Սփյուռքի մեր որոշ հայրենակիցներ հանգանակություն անելու համար պատրաստ էին կտրել հարյուրավոր կիլոմետրեր ու գալ Հայաստան, որպեսզի գումարները սեփական ձեռքով հանձնեն, և ոչ թե միջնորդավորված։ Բացի սա, ըստ Չարխչյանի, Սփյուռքն այլ պատճառներ էլ ունի իրեն փոքր-ինչ վիրավորված զգալու համար։ «Տարիներ շարունակ Սփյուռքին դիտում են որպես մի աղբյուր, որն անընդհատ մեզ պետք է նվիրատվություններ անի։ Այս կարգի վերաբերմունքի մեջ ես գեղեցիկ ոչինչ չեմ տեսնում: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ շատ ու շատ սփյուռքահայ գործարարներ փորձեցին այստեղ ներդրումներ ունենալ, եկան, աշխատեցին որոշ ժամանակ ու հետո գլուխներն առան ու փախան, որովհետև օրենսդրական դաշտն ամենևին նպաստավոր չէ սեփական բիզնեսն իրականացնելու համար»,- մատնանշեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ հիմա մեղադրել Սփյուռքին, որ նվազեցրել է իր օգնությունը Հայաստանին, սխալ է։ Չարխչյանը գտնում է, որ պատճառները մեզ մոտ պետք է գտնենք։ Տարիներ շարունակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների ընթացքում ստացված գումարներն ուղղվել են Արցախին, բայց մինչև օրս Հայաստանն Արցախին կապող ռազմավարական նշանակության Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի հարցը լուծված չէ։ «Ճանապարհը, ցավոք, միակ դեպքը չէ։ Հսկայական միջոցներ են ներդրվել, հետո պարզվել է, որ այդ ամենը փոշիացվել է։ Մենք դա տեսնում ենք թե՛ պաշտպանության ոլորտում, թե՛ ճանապարհաշինության, և թե՛ գյուղատնտեսության ոլորտում։ Կարծում եք` տարօրինակ է, որ արդեն մայիս ամիսն է ավարտվում, բայց գյուղացին իր մթերած բերքի գումարը չի ստացել, սա էլ այն դեպքում, երբ գյուղնախարարն ամեն օր հաղթական զեկույցներ է հրապարակում` ոլորտի աճի վերաբերյալ»,- շարունակեց մտավորականը։ Նա համոզված է՝ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն այնքան գիտակից են, որ կարող են իշխանությունն ու ժողովուրդը միմյանցից տարանջատել։ «Երկիրը միշտ իրենց երկիրն է, երկրից նեղանալ չի կարելի, դա կարող է լինել իշխանությունների դեպքում: Ես համոզված եմ, որ երբ մեր երկիրը հայտնվի ճգնաժամային վիճակում, Սփյուռքը կանգնելու է ժողովրդի կողքին։ Միայն ազնվության ֆոն ապահովելու դեպքում կարող ենք Սփյուռքի աչքերին նայել։ Մտածում եմ, որ եթե մի փոքր ավելի թափանցիկ դարձնեն իրենց գործունեությունը և հաշվետու լինեն ոչ միայն հոգաբարձուների առջև, այլև ամբողջ ժողովրդի։ Նրանք իրավունք ունեն տեղեկանալու գումարների մասին, դա էլ զսպող մեխանիզմի դեր կկատարի»,- եզրափակեց նա։

Նյութի աղբյուրը ` Newsbook.amtimthumb

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

7 Փտր

ՀԵՐԹԱԿԱՆ ՕՃԱՌԱՅԻՆ ՊՂՊՋԱԿԸ

«Երկպալատ խորհրդարանի գաղափարը, ըստ իս, այն հերթական օճառային պղպջակն է, որի թաղանթի ներսում կեղծ փայլ է ու մի ամբողջ դատարկություն: Հենց այդ սնամեջ միտքն է, որն իբր պիտի ստեղծի ազգային միասնականության պատրանքը` հանուն բոլորովին այլ, երկիմաստ նպատակների: Մեկ անգամ չէ, որ մենք ականատես ենք եղել նմանօրինակ ընկեցիկ մարմինների ծննդին ու վաղաժամ մահվանը: Նույնիսկ անիմաստ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի նման երկրներում երկպալատ կառույցի գործունեությունն արդարացված չէ, և դրա ապացուցման բազմաթիվ ակնառու օրինակներ կան»,- Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարի վերաբերյալ «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:
Չարխչյանը նշեց, որ ինքը բոլորովին չի չթերագնահատում սփյուռքի դերն ու կարևորությունը, սակայն նրանց մասնակցությունը Հայաստանի կառավարման գործին անընդունելի է համարում. «Հայաստանի ճակատագիրը տնօրինելու իրավունքը պիտի վերապահված լինի միայն նրանց, ովքեր ապրում են այս երկրում, ովքեր ոչ թե կողմնակի հայեցողներ են, այլ ամեն օր ու ամեն ժամ պետության խնդիրներն ու դժվարություններն իրենց մաշկի վրա զգացող մարդիկ: Չկա ոչ մի երաշխիք, որ վաղը այդ նորաթուխ կառույցի ներսում չեն հայտնվի բառիս բուն իմաստով այն դասալիքները, ովքեր երկիրը լքեցին նրա ամենադրամատիկ ու ամենաճակատագրական պահերին»:
«Իսկ ընդհանրապես, քանի դեռ երկրում միայն պալատներն են ընդարձակվում, իսկ խրճիթները նախկինի պես շարունակում են մնալ խեղճ ու թշվառ, չի կարող լինել ոչ մի նպատակի միասնություն, ոչ մի հավատ կառավարողների արդարության հանդեպ»,- հավելեց հրապարակախոսը:
Երկուշաբթի 07.02.2011

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

12 Նյմ

ՍԵՎԱԿԻ ԱՄԱՆՈՐԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ
Պարույր Սևակի ժառանգության մի հատված էլ կարելի է համարել նրա ռադիոելույթները: Ճիշտ է, դրանք մեծ թիվ չեն կազմում, սակայն եղածներն արդեն իսկ որոշակի պատկերացում են տալիս գրողի հրապարակային խոսքի հիմնական շեշտադրումների ու ոճի մասին: Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը` դեռևս անհայտ ու անտիպ մի ելույթ, որ հնչել է Նոր տարվա նախօրեին` 1963 թ. դեկտեմբերի 31-ին: Այդ օրը ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների խմբագրությունը եթեր է հեռարձակել Սևակի շնորհավորանքի խոսքը: Սևակից առաջ ելույթ են ունեցել Մարտիրոս Սարյանն ու Գոհար Գասպարյանը: Հաղորդումը հնչել է 0 ժամ 10 րոպեին: Խոսքը եղել է նախապես գրված ու ձայնագրված: Մեքենագրված էջի վրա Սևակը ձեռագիր որոշ բառեր է ավելացրել, որոնք տեքստում ներկայացվում են ընդգծված: Իսկ չափածո հատվածը բացակայում է: Ամենայն հավանականությամբ, բանաստեղծն այն անգիր է արտասանել: Էջի եզրին մակագրված է. «Ձայնագրված է»: Բոլոր էջերը ստորագրված են գլավլիտի լիազորի կողմից: Վավերագիրը պահվում է ազգային արխիվում:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Սիրելի ազգակիցներ,
Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:
Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:
Գալիս է և մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:
Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:
Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:
Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:
Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…
Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո….. »:

%d bloggers like this: