Tag Archives: սցենար

Վազգեն Սարգսյանի «անպատասխան սերը»

5 Մրտ

Այսօր` սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ, Life.panorama.am-ը կներկայացնի նրա կյանքից մի բացառիկ դրվագ, որը մինչև  այժմ հայտնի է շատ քչերին: Մենք զրուցել ենք 1996-98-ին  ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալի, սպարապետի վաղեմի ընկերոջ` Հովիկ Չարխչյանի հետ, ով ներկայացրել է մեզ մի փոքրիկ, բայց ուշագրավ պատմություն Վազգեն Սարգսյանի կյանքից:

Նրա խոսքով, Վազգենը շատ էր սիրում կինոարվեստը, երազում էր որևէ մասնագիտություն ձեռք բերել, որը կապված կլիներ կինոյի հետ: Հայտնի է, որ նա նույնիսկ նկարահանվել է «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմում, որտեղ խաղացել է զինվորի էպիզոդիկ դեր, ինչպես նաև մի քանի ֆիլմերում եղել է ռեժիսորի ասիստենտ:

1986-87 թվականներին, վերջնականապես որոշելով իրեն նվիրել այս բնագավառին, Վազգենը մի օր նստեց ինքնաթիռ ու մեկնեց Մոսկվա`ընդունվելու Մ.Գորկու անվան ինստիտուտի սցենարային բաժին:

«Բոլորս ուրախ ճանապարհ դրեցինք նրան Մոսկվա, սակայն, չէր անցել ընդամենը մի քանի օր, Վազգենը նորից հայտնվեց Արարատում, գնացինք իմանալու, թե ինչ է պատահել»,-հիշեց Հովիկ Չարխչյանը:

Երբ Վազգենին հարցնում են` ինչո՞ւ է նա վերադարձել, վերջինս պատասխանում է. «Առաջին քննության ժամանակ հանձնարարեցին 4 ժամում գրել որևէ պատմվածք: Եթե ես 4 ժամում կարողանայի պատմվածք կամ սցենար գրել, այն էլ` օտար լեզվով, էլ իմ ինչի՞ն էր պետք ինստիտուտ ընդունվելը»:

Հենց  այս փորձն էլ Վազգենի վերջին և անպատասխան սիրո խոստովանությունն էր կինոյին:

Հեղինակ Աննա Բաբաջանյան3

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ

4 Ապր

ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԸ

… Այդ պահին վարորդը երկար ու ձիգ ազդանշան տվեց: Առջևում, մեքենայի լույսի մեջ երևաց մի մարդ: Նա կանգնել էր ճանապարհի մեջտեղում և ձեռքով փակել աչքերը կուրացնող լույսից: Իսկ նրանից քիչ հեռու կողքից թաղված էր ձյան մեջ մի մեծ բեռնատար մեքենա:
Մեր մեքենան կանգ առավ: Վարորդը դուրս եկավ խցիկից ու մոտեցավ նրան:
Միալար աշխատում էր կանգնած մեքենայի շարժիչը: Նրանք ձեռքի շարժումներով ինչ-որ բան էին խոսում: Նրանց ստվերներն ընկնում էին ձյան վրա և ձգվելով կորչում գիշերային խավարի մեջ:
Մեր վարորդը մեքենայից բենզին լցրեց դույլի մեջ և տվեց նրան: Հետո նա նստեց մեքենան և մենք նորից շարժվեցինք առաջ:
Այժմ ձյունը թափվում էր ավելի ուժեղ, և արդեն չէին երևում առջևում անցած մեքենաների անվահետքերը: Կատաղի ոռնում էր շարժիչը դիք, ոլորապտույտ ճանապարհի վրա…
— Իսկ քո բենզինը կհերիքի՞, որ տվեցիր նրան,- հարցրեցի ես վարորդին:
— Իմ պապը միշտ ասում էր. «Լավություն արա ու գցիր ջուրը, մի տեղ անպայման դուրս կգա»: Իսկ տատս նույնն էր ասում, բայց ուրիշ ձևով. «Բալա ջան, երբ մարդիկ մի կտոր հաց են ուզում, դու միշտ տուր, նա անպայման կվերադառնա քեզ: Այնպես որ` տալով դու ստանում ես, իսկ վերցնելով` կորցնում: Միշտ հիշիր սա, բալա ջան…»: Ինչ բարի ու լուսահոգի մարդիկ էին նրանք,- շարունակում էր խոսել վարորդը:- Գիտե՞ս ոնց մեռավ պապս: Արքայական մահով… Նա նստած է եղել աթոռին, իսկ այդ ժամանակ տատս հատակը ավլելիս է եղել: Պապս արդեն մահացած է եղել, իսկ տատս շարունակել է խոսել նրա հետ` գլխի չընկնելով, որ նա այլևս կենդանի չէ… Ձմեռ էր: Նրան թաղեցին իր բոլոր թոռները, ծոռները, երեխեքը ու հարազատները:
Վարորդը շարունակում էր պատմել իր պապի մասին, իսկ ես արդեն ննջում էի, և դանդաղ փակվում էին կոպերս: Նրա ձայնը գրեթե չէր լսվում, և իմ աչքերի առջև մեկը մյուսի ետևից անցնում էր այն, ինչ-որ նա պատմել էր…
Տեսա ես երազում, թե ինչպես մարդիկ տիեզերակայանում` անձրևի տակ, սպիտակ խալաթներով հանում էին հրթիռի միջից շանը և նրա փոխարեն դնում այնտեղ մի ոչխար: Եվ անմիջապես դադարում էր անձրևը: Տեսա ես, թե ինչպես ֆայետոնի մեջ թափանցիկ ապակու տակ դրած տանում են նրա պապու ցիլինդրը` շրջապատված ծաղիկներով ու վառվող մոմերով: Ինչպես համր կինոյում, ես տեսա նրա տատին ու մորը, որոնք կանգնած էին մեծ թունավոր օձի առաջ: Եվ իսկույն էկրանի վրա հայտնվեցին բառեր.
ՄԻԹԵ ՕՁ ՋԱՆ, ՄԵԶ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԵՍ ՏԱԼՈՒ:
Եվ օձը, հավանությամբ շարժելով գլուխը, մի կողմ քաշվեց…
Եվ վերջապես ես տեսա մարդկանց, որ ձյան մեջ կանգնած` տնից մինչև գերեզմանոց, ձեռքից ձեռք էին տալիս նրա պապի դագաղը: Ես կարծես թե կանգնած էի նրա գերեզմանափոսի մոտ: Եվ երբ մարդիկ պիտի իջեցնեին նրա դիակը գերեզման, հանկարծ պապը` ուրիշների համար աննկատ, բարձրացրեց գլուխը և աչքով անելով ինձ, ասաց.
— Դու լսիր իմ թոռանը, նա ճիշտ է ասում քեզ` լավություն արա ու գցի ջուրը, մի տեղ անպայման դուրս կգա:
Ես վախից հետ քաշվեցի…

Ես գլուխս ուժեղ խփեցի մեքենայի խցիկի պատին և իսկույն արթնացա: Մեր մեքենան ոռնում էր, և նրա անիվները պտտվում էին տեղում: Վարորդը արագ-արագ փոխում էր շարժիչի լծակը, բայց մեքենան չէր ենթարկվում նրան և սահում էր ետ:
Հանկարծ ետևից լսվեց ուժեղ թրխկոց: Մեր մեքենան կտրուկ խփեց մի ինչ-որ բանի և անմիջապես կանգ առավ: Շարժիչը լռեց: Ես նայեցի վարորդին:
— Ի՞նչ պատահեց:
— Բենզինը վերջացավ,- պատասխանեց նա:
— Այ քեզ բան, իսկ ինչու՞ դու բենզինը տվեցիր նրան:
— Ի՞նչ ես խոսում,- ասաց նա,- մենք վախենալու բան չունենք գիշերը, մենք երկուսով են, իսկ նա մենակ էր:
Ես լռեցի: Նա նայեց ինձ և շտապ դուրս թռավ խցիկից: Երբ նա բացեց մեքենայի դուռը, սառը քամին ոռնոցով շպրտեց դեմքիս ձյան փաթիլները: Ես ծածկեցի դեմքս վերարկուով: Նա չքացավ մթության մեջ և քիչ հետո մոտ վազեց ինձ ու խնդրեց, որ ես արագ դուրս գամ խցիկից:
Ես դուրս եկա: Նա միացրեց մեքենայի լույսերը, նստարանի տակից հանեց ինչ-որ բենզինոտ փալասներ, վառեց դրանք մեքենայի առաջ և սկսեց թռչկոտելով պտտվել այդ կրակի շուրջը: Թռչկոտում էր նա ցրտից, թե պարում էր, ես ոչինչ չէի հասկանում: Խոր լռություն էր տիրում… Միայն լսվում էին էլեկտրական լարերի միալար դողացող հնչյունները: Թվում էր ինձ, որ նրանցից հոսում էր ինչ-որ տխուր մեղեդի:

Աստիճանաբար լուսանում էր…
Առավոտյան մշուշի մեջ նշմարվում էին էլեկտրակայմերի մռայլ երկաթե ուրվագծերը: Լսվում էր ինչ-որ մի ծանր դղրդոցի ձայն: Դանդաղ մոտենում էր մեզ ձյուն մաքրող մեքենան:
Հանկարծ նրանից դուրս թռան մարդիկ և վազելով դեպի մեզ, տագնապալի ձայնով հարցրին.
— Ոչինչ չի՞ պատահել:
— Ոչ,- ուրախ բացականչեց մեր վարորդը:
Բոլորը մոտեցան մեր մեքենայի հետնամասին: Ես նույնպես: Եվ ինչ մենք տեսանք: Մեր բեռնատար մեքենայի կեսը կախված էր անդունդի վրա: Օդում դատարկ պտտվում էին մեքենայի ետևի անիվները:
Մենք կռացանք և ապշած նայեցինք ցած:
Գիշերը, երբ մեքենան սահել էր ետ` ջարդելով ճամփեզրի փոքր սյուները, գնացել և իր ամբողջ ծանրությամբ ընկել էր միակ չորացած ծառի վրա, որ թեք աճել էր անդունդի եզրին: Մեքենան թույլ ճռռոցով օրորվում էր նրա վրա…
Ձյուն մաքրող հսկա մեքենան արագ իրեն կապեց մեր բեռնատարը և դուրս բերեց ճանապարհ: Մոտեցան ուրիշ մեքենաներ: Բոլորը հարցնում էին.
— Ոչինչ չի՞ պատահել:
Մենք նրանցից բենզին վերցրեցինք և շնորհակալություն հայտնելով նստեցինք մեքենա: Խցիկում ես զարմացած նայեցի վարորդին ու հարցրեցի.
— Դու, ինչ է, գիշերը գիտեի՞ր, որ մենք կախված ենք անդունդի վրա:
— Իհարկե, գիտեի,- ժպտալով պատասխանեց նա:
— Իսկ դու ինչու՞ ոչինչ չասացիր:
— Ի՞նչ ասեի,- մի տեսակ ծուլորեն ասաց նա:
— Ինչպե՞ս թե, բայց չէ՞ որ մենք հրաշքով փրկվեցինք իսկական մահից:
— Չէ, ախպեր ջան, այդ հրաշքը չփրկեց մեզ, այլ այն մի կտոր հացը, որ մենք ինչ-որ մի ժամանակ տվել էինք մեկին, և այսօր դա մեր առաջն եկավ: Դու էլ հիշիր` երբ և ում էիր լավություն արել, որ այսօր վերադարձավ քեզ:
Հետո նա մաքրեց ձեռքերը և սկսեց աշխատեցնել շարժիչը…
Երկար ժամանակ գործի չէր ընկնում մեքենան: Վերջապես աշխատեց շարժիչը: Վարորդը փոխեց արագության լծակը և կտրուկ պոկեց մեքենան տեղից: Ես ուշադիր նայեցի նրան ու նոր միայն նկատեցի, որ մենք շատ նման ենք իրար: Իսկ նա` նորից ժպտալով ասաց ինձ.
— Գիտե՞ս ինչ, երևում է դու վատ տղա չես, բայց շատ միամիտ ես:
Նա մատներով բռնեց իմ օդաչուական գլխարկից, կատակով իջեցրեց այն աչքերիս վրա և ավելացրեց.
— Շատ մի թռվռա երկինքներում, իջիր երկիր և իսկական գործով զբաղվիր: Հանիր գլխիցդ այդ գլխարկը, մանավանդ որ քոնը չէ: Ասում ես` թագուհիներն են համբուրվում, հա՞:
Շուտով մեքենան, անցնելով ոլորապտույտ լեռնանցքը, դուրս եկավ ուղիղ ճանապարհ: Նա կատաղի արագությամբ սլացավ առաջ` իր ետևից սփռելով սպիտակ ձյան գալարվող մրրիկը:

ՉԱՐԵՆՑԻ ՉՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՍՑԵՆԱՐԸ

22 Հկտ


Կինոարվեստի նկատմամբ Ե. Չարենցի սերն ու հետաքրքրությունը եղել է ջերմ ու շարունակական: Նախանձախնդիր հանդիսատես լինելուց զատ նա ուշի ուշով հետևում էր «Հայկինո»-ի գործունեությանը, մասնակցում էր բոլոր նոր ֆիլմերի ցուցադրությանը, բազմաթիվ բեմադրիչների ու դերասանների հետ կապված էր ամուր մտերմությամբ: Հանրահայտ փաստ է, որ Չարենցն է «Պեպո» ֆիլմի Ա. Խաչատրյանի երաժշտությամբ գրված երգի բառերի հեղինակը: Վկայություններ կան այն մասին, որ իր ժամանակին մի քանի բանաստեղծություններ է գրել Ա. Բակունցի սցենարով նկարահանվող «Ալագյազ» կինոնկարի համար: Անգամ 1934-ին ինքն է դարձել վավերագրկան ֆիլմի հերոս, որի ժապավենները, ցավոք, ոչնչացվել են:
Սակայն որևէ տեղ չկա հիշատակություն այն մասին, որ բանաստեղծը նաև հավակնել է այդ գործին ավելի լուրջ ու հիմնավոր մասնակցություն հանդես բերել: Մինչդեռ փաստերը հակառակն են վկայում:
1935 թ. տարեվերջին «Հայկինո»-ն հրապարակում է հաջորդ տարվա իր արտադրական պլանը: Այդ ծրագրում տեղ էին գտել 8 գեղարվեստական-հնչունային ֆիմեր և 18 կինոխրոնիկաներ: Դրանցից մեկի դեպքում հիշատակվում էր նաև Չարենցի անունը՝ որպես ապագա ֆիլմի սցենարիստ:
Մամուլի համար նախատեսված հաղորդագրության մեջ այդ կինոնկարի մասին ասվում էր.
«Լիպարիտ Մխչյան» նկարի սցենարան գրում են Ե. Չարենցը, Վ. Թոթովենցը և Շայբոնը (ռեժ. Ա. Մարտիրոսյան): Նկարը ցույց է տալու քաղաքացիական կռիվները Ղամարլուում, երիտասարդ բոլշևիկ Լ. Մխչյանի հերոսական գործունեությունը…»: («Ավանգարդ», 6.12.1935 թ.):
Կինոսցենարի համահեղինակների նկատմամբ Չարենցն այս դեպքում ունեցել է մի քանի առավելություններ: Մխչյանը նրա հայրենակիցն ու մանկության ընկերն էր: Չարենցն արդեն գրել էր «Իմ ընկեր Լիպոն» պոեմը, և, բացի այդ, եղել էր 1921 թ. քաղաքացիական կռիվների անմիջական մասնակիցը հենց նույն՝ Ղամարլուի ճակատում: Կասկածից վեր է, որ այդօրինակ հանգամանքները որոշիչ դեր պիտի խաղային թե հեղինակի ընտրության և թե նրա մասնակցության աստիճանը կարևորելու առումներով:
Բայց հանրահայտ կինոբեմադրիչ և դերասան Ամասի Մարտիրոսյանին վիճակված չէր էկրան բարձրացնել այդ աշխատանքը: Իսկ Չարենցի և մյուսների ստեղծած սցենարի մասին մինչ օրս չկա որևէ այլ տեղեկություն: Պետք է ենթադրել, որ այն ևս արժանացավ նույն ճակատագրին, ինչ բազում այլ ձեռագրեր ու վավերագրեր, որոնք ընդմիշտ կորստյան մատնվեցին չարագուշակ ու անհաստատ ժամանակների կրակներում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: