Tag Archives: Ստրասբուրգ

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

24 Հնվ

Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Նորություններից կարևորագույնն այն էր, որ նստաշրջանը վարում էր ԵԽԽՎ նոր նախագահը: Դեռ հոկտեմբերին որոշվել էր, որ այդ պաշտոնն անցնելու է Եվրոպական Ժողովրդական կուսակցության խմբակցությանը, և քվեարկության ժամանակ ընտրվել էր Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնը: Սա նշանակում էր, որ տխրահռչակ թուրք Մևլութ Չավուշօղլուն սրտի ցավով ստիպված էր ցանկալի աթոռը զիջել մեկ ուրիշի: Սակայն Չավուշօղլուն Չավուշօղլու չէր լինի, եթե վերջին պահին էլ փորձ չաներ մթնոլորտը պղտորել իր հերթական խարդախությամբ: Եվ այդ բանն իսկապես էլ տեղի ունեցավ:
Կայացավ ԵԽԽՎ Բյուրոյի նիստը ու հենց այդ ժամանակ էլ ամենքը վերստին վերհիշեցին Լեռնային Ղարաբաղի հարցով չարաբաստիկ ենթահանձնաժողովի գոյությունը, քանի որ թուրք պաշտոնազուրկը նիստին մեկ էջանոց փոքր նախագիծ-խզբզոց էր ներկայացրել, որտեղ ոչ ավել, ոչ պակաս՝ առաջարկում էր Բյուրոյին ենթահանձնաժողովի աշխատանքը շարունակել մինչև այս տարեվերջ: Պարզ չէ, թե ի՞նչ կարող է փոխվել մեկ տարում այն կառույցի համար, որն արդեն երկար ժամանակ հիմնավորապես ապացուցել է իր ավելորդությունը: Սակայն հստակ է, որ թուրքերն այս կերպ հավակնում են նվեր մատուցել եղբայրական Ադրբեջանին, և քանի որ «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում», ապա ձին էլ կարող է լինել սատկած, բայց նվեր: Էական այստեղ հակադրվելու մոլուցքն է, այլ ոչ թե ակնկալվող օգուտը, այնպես որ Չավուշօղլուն գիտեր, թե ինչ էր անում: Մի խոսքով, առաջարկը հնչեց, հայկական պատվիրակությունը ընդդիմացավ, ներկայացրեց իր ժխտողական տեսակետը, նույնիսկ առաջարկ եղավ հարցը փոխադրել այլ օրվա քննարկումներ, երբ ընտրված կլինի նոր Բյուրոն: Բայց քանի որ առավոտյան նիստում նախագահում էր Մևլութ Չավուշօղլուն, ապա որոշվեց շարունակել ենթահանձնաժողովի աշխատանքը նաև 2012-ին:
Առաջին դեպքը չէ, երբ հայկական պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ում ստիպված են լինում կռիվ տալ անարձագանք պատերի հետ: Երեկվա դեպքը նույնպես դրանց շարքից էր: Մինչ հայ խորհրդարանականները պնդում էին, որ Չավուշօղլուի նախագիծը չափազանց թույլ է, ընդամենը մեկ նպատակ հետապնդող փաստաթուղթ, իսկ «մեռելածին» ենթահանձնաժողովի գործունեության հետագա ճակատագիրը որոշելու և օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է քվեարկություն անցկացնել, նախաձեռնության հեղինակը հարցը քվեարկության չդնելը փորձեց հիմնավորել տեխնիկական պատճառներով: Սակայն շատ դժվար էր նույն տեխնիկական պատճառներով բացատրել այն փաստը, թե ի՞նչ պատճառով էր փակ դռների հետևում, այն էլ՝ ազգային պատվիրակությունների ղեկավարների բացակայությամբ ենթահանձնաժողովի երկարաձգման հարց քննարկվել: Իսկապես էլ, Բյուրոյի հիշյալ նիստին հրավիրված չէին ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարները:
Հավանաբար դժվար է պատկերացնել ավելի անհեթեթ իրավիճակ, քան այն, որ երեկ ստեղծվել է ԵԽԽՎ-ի պատերի ներսում: Հայերն ասում էին, որ իրենց համար որևէ նշանակություն չունի Բյուրոյի վճիռը, քանի որ ինչպես որոշել են բոյկոտել, այնպես էլ շարունակվելու է հետայսու: Ադրբեջանցիները՝ հույսները թուրք պաշտպանի վրա դրած, սպասում էին ցանկալի ելքին, իսկ եվրոպացի պատգամավորները ջանում էին հնարավորինս չեզոք մնալ՝ դատարկ բանի համար հարաբերություններ չփչացնելու մտահոգությամբ:
Սակայն հաշված ժամեր անց իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց, և այդ տեղաշարժի հեղինակը դարձավ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: Նրա հայտարարությունը որքան էլ անսպասելի, նույնքան հասկանալի ու տրամաբանված էր: Մինյոնին՝ նրա առաջին ասուլիսին հարց ուղղվեց Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերաբերյալ։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ նախագահն ասաց, թե չի հավատում և երբեք չի հավատացել, որ այս ենթահանձնաժողովը կարող է որևէ արդյունք տալ։ «Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորմամբ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի հենց այս շրջանակում, իսկ հայ և ադրբեջանցի պատվիրակները Վեհաժողովում կցուցաբերեն խելամիտ կեցվածք։ «Ինձ թվում է, որ եթե կողմերը շարունակեն նույն ոգով, ինչպես նախորդ տարիներին, ապա խնդրի կարգավորման հասնելը ուղղակի կլինի անհնարին»,- հավելեց նա։
Մի ակնթարթում Չավուշօղլուի բոլոր ջանքերը ջուրն ընկան: Սա նույնն էր, թե մերժել ենթահանձնաժողովի հետագա գոյությունը: Սակայն այլ բան է կարծիքը, մեկ այլ բան՝ այդ կառույցի մասին պաշտոնական որոշումը: Եվ ստացվեց այնպես, որ խնդիրը մնաց օդում կախված:
Մի բան պարզ է. ԵԽԽՎ-ում ԼՂ ենթահանձնաժողովի ձեռքը կրակն են ընկել: Բայց դրա հետ մեկտեղ կարծես թե առայժմ չկա այն վճռականությունը, ինչը թույլ կտար մեկընդմիշտ այդ հարցը փակված համարել: Վեհաժողովում կարծես թե չեն ցանկանում կողմերից որևէ մեկին վիրավորել, և առայժմ նպատակահարմար են գտնում պարզապես խնդիրը սառեցնել՝ սպասելով ավելի նպաստավոր ժամանակների:
Ինչ վերաբերում է ապագային, ապա այս պահին պարզ է միայն, որ հայկական պատվիրակության անդամների նախնական տպավորություններն ու մտավախությունները վաղաժամ էին և դրա գործունեությունը շարունակելու վերաբերյալ որոշում առայժմ չկա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հայաստանն ընդդեմ ԵԽԽՎ-ի

4 Հկտ

Այն, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հետզհետե վերածվելու էր մարտադաշտի, պարզ էր դեռևս այս տարեսկզբից, երբ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները բոյկոտեցին Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողվի աշխատանքներն ու հրաժարվեցին մասնակցել դրա նիստերին՝ պատճառաբանելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, և նոր հանձնաժողովի ձևավորումը չի կարող հավելյալ նպաստ բերել հակամարտության հանգուցալուծմանը: Միայն թե տարակարծությունների դաշտն այդքանով չսահմանափակվեց: Եվ այժմ, երբ Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, Հայաստանի պատվիրակությունը վերստին մարտական տրամադրությամբ այնտեղ է՝ հրաշալի գիտակցելով, որ այս նստաշրջանը խիստ կարևոր է լինելու մեր երկրի համար: Այդ կարևորության առաջին նախապայմանն այն է, որ նստաշրջանում ներկայացվելու է համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Աքսել Ֆիշերի «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով զեկույցը` մեր երկրի պարտավորությունների կատարման վերաբերյալ: Այդ բանաձևի նախագիծը ԵԽԽՎ-ն կքննարկի վաղը: Նախապես ասվել էր, թե քննարկումը կայանալու է հոկտեմբերի 7-ին, սակայն վերջին պահին օրակարգը փոխվեց` համազեկուցողներից մեկի մեկնելու անհրաժեշտության պատճառով: Թե Երևանում որքան մեծ նշանակություն են տալիս վաղվա արդյունքներին, դրա մասին կարող է վկայել նաև այն փաստը, որ առաջին անգամ Հայաստանի պատվիրակության ամբողջ կազմին է առաջարկվել մեկնել Ստրասբուրգ, այդ թվում՝ նաև փոխարինող անդամներին: Ըստ տեղեկությունների, մեր պատվիրակության բոլոր անդամներն արդեն հերթագրվել են ելույթ ունենալու համար։A
Նստաշրջանի քննարկման օրակարգում տեղ գտած հաջորդ «թեժ բաղադրիչը» ԵԽԽՎ նախագահ Մ.Չավուշօղլուի ջանքերով վերագործարկված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի հարցն է: Նախօրեին Չավուշօղլուն ասել էր, որ անդամ-երկրները պետք է հարգեն ԵԽԽՎ որոշումները, և հույս էր հայտնել, թե ենթահանձնաժողովի նիստին այս անգամ կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը: Սակայն հայկական համառությունն իրեն դրսևորեց անմիջապես: Մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ելույթ ունեցավ և բացեիբաց ասաց, որ այսպես կոչված հատուկ հանձնաժողովի հանդիպումը օրակարգում ընդգրկելն այլևս անակնկալ չէ, և ոչ էլ անակնկալ է այն փաստը, որ զրուցակիցները նախընտրում են հետևողականորեն անուշադրության մատնել հայերի շարունակական բացատրությունները Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում այդ պատվարժան ֆորումի դերի ու առաքելության մասին: Այնուհետև նա ներկաների ուշադրությունը հրավիրեց, իր խոսքով, «ներկա պատվիրակություններից մեկի հանդեպ որոշ պարտավորություններ ստանձնած» ԵԽԽՎ նախագահ Մ. Չավուշօղլուի գործողությունների վրա: Ակնարկն, իհարկե, Ադրբեջանին էր վերաբերում: Իսկ այս ելույթը նշանակում էր, որ հայկական կողմը վերահաստատում էր նախորդ երկու նստաշրջաններում դրսևորած իր վերաբերմունքը` անտեսել ենթահանձնաժողովի աշխատանքները:
Դժվար է ասել՝ դա անսպասելի՞ էր Չավուշօղլուի և մյուսների համար, թե ոչ, սակայն փաստ է, որ ենթահանձնաժողովը երեկ դռնփակ նիստ գումարեց առանց հայերի մասնակցության, որը տևեց կես ժամից էլ պակաս, ինչից հետո անորոշ բացատրություններ տրվեցին դրա ընթացքի մասին, և ակնհայտ էր, որ մասնակիցներից որևէ մեկը չէր ցանկանում առաջինը խոստովանել դրա ձախողումը: Միայն Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հայտարարեց, թե Հայաստանը հատուկ հանձնաժողովի աշխատանքին չմասնակցելով փաստացի չի կատարում բյուրոյի որոշումը:
Սա, իհարկե, մահացու մեղք չէ: Բայց եթե ենթահանձնաժողովի բոյկոտն առայժմ պտուղներ տալիս է, ապա ադրբեջանական մեղադրանքներին ԵԽԽՎ-ի ամբիոնից չպատասխանելու մորատորիումը դարձավ մեր պատվիրակության անդամների առանձին խորհրդակցության նյութը: Ու թեև որոշում կայացվեց շարունակել մորատորիումի մարտավարությունը, սակայն այս դեպքում ամուր չէր համոզմունքը, որ դա կարող է երկարել և լինել արդյունավետ: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կրկին այս խնդիրը վերանայելու պահանջ կծագի:
Վերադառնալով Հայաստանին վերաբերող զեկուցման թեմային՝ ասենք, որ այս հարցում պետք է ակնկալել որոշակի լարվածություն: Դրա նախնական ազդանշանը հնչեցրեց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, երբ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանում մարտիմեկյան դեպքերի հետաքննությանը. «Նշյալ դեպքերի հետաքննությունը չի իրականացվել, զոհերի համար պատասխանատվության որևէ մեկը չի ենթարկվել: Մենք հուսով ենք, դրական զարգացումներ կարձանագրվեն, և լուրջ հետաքննություն կիրականացվի խնդրի առնչությամբ»,- ասաց նա:
Չավուշօղլուի տեսակետի պաշտպաններ գտնվեցին նաև Հայաստանում: Մասնավորապես, հայաստանյան ութ հասարակական կազմակերպություններ հանդես եկան ԵԽԽՎ անդամներին ու ԵԽ Մարդու Իրավունքների Հանձնակատարին ուղղված բաց նամակով: Նրանք կոչ էին անում առկա փաստերին և Հայաստանի իրողություններին համապատասխան վերանայել բանաձևի նախագծի բովանդակությունն ու շարադրանքը և ընդունել համարժեք բանաձև: « Մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու մտահոգությունները՝ կապված այս փաստաթղթի բովանդակության և էության հետ… Բանաձևի նախագիծը և հետևող զեկույցը իր ձևով և ոգով ոչ միայն չի նպաստում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը, այլև նույնիսկ ամրապնդում է երկրում մարդու իրավունքների խախման դեպքերում անպատժելիության զգացումը»,-ասված էր այդ նամակում:
Ընդհանուր տրամադրվածությունը թույլ է տալիս ենթադրել, որ լիագումար նիստում Հայաստանի մասին բանաձևի նախագիծը հավանաբար որոշակի փոփոխությունների կենթարկվի: Այս տարբերակին մղող մյուս փաստարկն էլ այն է, որ սկիզբ առած իշխանություն-ընդդիմություն երկխոսության ձախողումից հետո այն պիտի հարմարեցվի Հայաստանի այսօրվա իրավիճակին, իսկ դա տարբերվում է բանաձևի շարադրման համար հիմք հանդիսացած սկզբնական կացությունից:
Ի դեպ, Մևլութ Չավուշօղլուն հոկյտեմբերի 10-ին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու մարդու իրավունքների հարցերին նվիրված կոնֆերանսին։ Կասկածից վեր է, որ Չավուշօղլին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հնարավոր ամեն բան կանի պարզ երեսով Բաքու մտնելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մի տիկնոջ երազային ելույթի առթիվ

9 Հլս

Ստրասբուրգում երեկ ավարտվեց Եվրոպական խորհրդարանի հերթական նստաշրջանը` իր բազմաթիվ օրակարգային հարցերով: Քննարկումների մեծ մասն այս անգամ վերաբերում էր Եմենի ու Սիրիայի վատթարացող իրավիճակին, Հյուսիսային Աֆրիկայում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված ջանքերին, և այս շարքում ներգրավվեց նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Զեկույցի իրավունքը վերապահված էր Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, և նա ներկաների սպասելիքները կարծես թե արդարացրեց:
Ի՞նչ էր ասում և ի՞նչ էր պահանջում տիկին Էշթոնը հակամարտող կողմերից: Երկու բան` համաձայնություն ու արագություն: «Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու ջանքերը պետք է շարունակվեն, և ես ողջունում եմ այն փաստը, որ երկու կողմերն էլ հավատարիմ են մնում բանակցություններին ու խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն, մենք պետք է ավելին տեսնենք առաջիկա ամիսների ընթացքում: Կողմերը պետք է բազմապատկեն իրենց ջանքերը՝ գտնելու լուծումը մինչև այս տարվա վերջ»,- հայտարարեց նա իրեն վստահված բարձր ամբիոնից:
Բոլոր նրանք, ովքեր մինչև այժմ փորձել են Ղարաբաղի հարցում լուծման ժամկետներ սահմանել, ի վերջո, մեղմ ասած, հայտնվել են անհարմար վիճակում: Ընդ որում նախորդները եղել են Էշթոնից շատ ավելի հեղինակավոր անձինք և ունեցել են ճնշման շատ ավելի գործուն լծակներ: Միայն թե այդ մեթոդը հեռանկար չունի, քանի որ ոչինչ արված չէ ցանկությունները կյանքի կոչելու համար: Սակայն Էշթոնին այդ բանը կարծես թե առանձնապես չի մտահոգում և նա շարունակում է. «Ինչ էլ որոշվի այդ բանակցություններում, դա մեծապես նաև Եվրամիությանն է առնչվում։ Եվ մենք ուզում ենք առաջընթաց տեսնել Արևելյան հարևանության գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է սեպտեմբերին Վարշավայում»:
Հիմա էլ ստացվում է, որ ոչ թե մինչև տարեվերջ է, այլ մինչև սեպտեմբեր: Այսինքն ԵՄ-ում նստած լուրջ դեմքով մարդիկ իրենք աշխատանքային ծրագրերն են կազմում և սեպտեմբերի համար այնտեղ հատուկ նշում են արել` «Լուծել Ղարաբաղի հարցը»: Իսկ Կովկասում պիտի ամեն բան արվի, որպեսզի այդ ժամանակացույցը չխախտվի: Սա, ինչ խոսք, լուրջ չէ: Լուրջ չէ նույնիսկ այն բանի գիտակցման պարագայում, որ դրանից հետո՝ 2012-ին ընտրություններ են նախատեսված Հայաստանում, իսկ 2013-ին՝ Ադրբեջանում: Կարելի է կիսել այն տեսակետը, որ նախընտրական թոհուբոհի մեջ իսկապես փոքր է դառնում հավանականությունը, թե կողմերի միջև ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի: Միայն թե սա սոսկ իրականության գնահատում է, ինչը չի կարող խթան հանդիսանալ այն բանի, որ գործընթացը մեծ թափ կհավաքի հատկապես հիմա:
Գալով Քեթրին Էշթոնի ելույթի հաջորդ հատվածներին, միանգամից ասենք, որ դրանք իրենցից ներկայացնում էին լուսավոր ու պայծառ ապագայի այն եվրոպական տեսլականը, որ նախատեսված է մեզ համար: Իսկ այստեղ ոչ տիկինը և ոչ էլ նրա համախոհները ջանքեր չէին խնայել` գործադրելով մակդիրների ու ածականների գերադրական աստիճանները: Նշելով, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար ու այն էականորեն կվերափոխի Հարավային Կովկասը, ելույթ ունեցողն այնուհետև անցնում էր վերափոխման մանրամասներին` մատուցելով դրանք այսպես. «Կարգավորումից հետո կարող են բացվել ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլև Թուրքիայի ու Հայաստանի միջև առկա սահմանները: Երկաթգծերն ու նավթամուղերը կարող են կառուցվել հնարավոր ամենակարճ ճանապարհով և էլ ավելի սերտորեն կապել միմյանց տարածաշրջանի երկրները: Եվ, ի վերջո, Հարավային Կովկասը կարող է դառնալ այն, ինչ արդեն պետք է որ լիներ՝ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև»:
Եթե նախօրոք տեղեկացված չլինեինք, որ այս խոսքերը պատկանում են Եվրամիության արտաքին հարաբերությունների բարձրագույն ներկայացուցչին, ապա կարելի էր կարծել, թե դրանք արտասանել է, ասենք, Թուրքիայի վարչապետ Էրդողանը կամ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղով պայմանավորելու մոտեցումը զուտ թուրքական արտադրության գաղափար է, ինչը Էշթոնը թեթև ձեռքով յուրացրել էր` նույն թեթևությամբ մատուցելով մեզ:
Իսկ հետո պիտի հաջորդեին նրա երազի մյուս հատվածները, որը տիկինը հաճույքով կիսում էր եվրոպացի պատգամավորների հետ. « Եվրամիությունը նաև պետք է էական պատասխանատվություն ստանձնի ձեռք բերված հանաձայնությունը կյանքի կոչելու հարցում, երբ գա այդ ժամանակը: Անելու շատ բան կա՝ վերակառուցումից, ականազերծումից, փախստականների ու բռնի տեղահանվածների վերադարձից մինչև տնտեսական վերականգնում ու անվտանգության ամրապնդում»,- ասաց նա և հավելեց, թե մտադիր է այցելել Հայաստան և Ադրբեջան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար։ Նրա հայտարարությունից հետո պատգամավորները ելույթներ ունեցան` գերազանցապես այն միտքն արտահայտելով, որ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է անվանել սառեցված, և ստատուս-քվոյի առկայությունն անընդունելի է, ինչի համար էլ պետք է մեծ ջանքեր գործադրել խնդրի լուծման ուղղությամբ։
Եվրախորհրդարանի քննարկման առնչությամբ հայաստանյան քաղաքական ուժերի արձագանքներում անհնար էր չնկատել թերահավատությունը: Մեկ անգամ չէր, որ Երևանում նման մտքեր էին լսում, սակայն չէին լսում այն կարևորը, ինչն էլ պիտի պայմանավորեր այս երկարատև առճակատման ելքը: Օրինակ, իշխող կուսակցության ներկայացուցիչները կարծում էին, որ խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դադարի գործադրել իր ապակառուցողական վարքը: «Այսպիսի մոտեցման դեպքում ինչպե՞ս մենք կարող ենք առաջընթաց արձանագրել: Առաջընթաց կակնկալենք, եթե պրեսինգը ադրբեջանական կողմի վրա խստանա»,- ասում էին նրանք: Իսկ որպես երկրորդ հարց կարևորվում էր հատկապես ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին` լիիրավ կողմի կարգավիճակով: Դա թերևս կարող էր նպաստել, որ լինի և բեկումնային առաջընթաց, և հիմնարար սկզբունքների վավերացում:
Հայաստանյան ընդդիմությունը Քեթրին Էշթոնի ելույթում նկատել էր իրական ճնշման նշանները, ինչը նրանց կարծիքով բոլորովին էլ իմիտացիա չէ: «Երևում է, որ միջազգային հանրությունը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան` որպես համանախագահ երկրներ, աննախադեպ ջանքեր են գործադրում կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ, իսկ դա այդպես չէր լինի, եթե նրանք բավականին իրատեսական չհամարեին առաջընթացի հնարավորությունը»,- նշում էին նրանք:
Ըստ էության Եվրախորհրդարանի քննարկումները էլ ավելի ամրապնդեցին այն ենթադրությունները, որ միջնորդ երկրներն ու շահագրգիռ կողմերը ներկա պահին իրենց ջանքերը միավորելու և ամբողջական ճակատով հանդես գալու ծրագիր ունեն: Դրա հետ մեկտեղ այդ լսումները բացահայտեցին այն խոցելի կետերը, որոնք դեռևս պահպանվում են` կասկածի տակ պահելով յուրաքանչյուր նախաձեռնություն հաջող ավարտի հասցնելու հեռանկարը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մենք գնացինք, դուք մնացիք

23 Հնս

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի առաջին աշխատանքային օրը կայացավ Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի նիստը: Այս ենթահանձնաժողովի ձևավորումը կանխելու համար այնքան ջանքեր գործադրած հայկական պատվիրակությանն այլ բան չէր մնում, քան բոյկոտել նիստը` հայտարարելով, որ մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնացել: Բայց առաջին նիստն այնուամենայնիվ գումարվեց ենթահանձնաժողովի ղեկավար Խուգլա Ի Կոստայի նախագահությամբ: Մասնակցում էին նաև Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը:
Ավելորդ չէ հիշեցնելը, որ ԵԽԽՎ ներկա նախագահ, ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն, չնայած հայկական պատվիրակության դիմադրությանը, կարողացավ վերականգնել ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները։ Կա համոզմունք, որ այս գնով թուրք–ադրբեջանական տանդեմը փորձում է հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի ձևաչափից տեղափոխել այլ հարթություն, իսկ հայկական կողմը, բնականաբար, պիտի դեմ արտահայտվեր դրան:
Մի խոսքով, ենթահանձնաժողովն իր աշխատանքը սկսեց ադրբեջանական պատվիրակության, ինչպես նաև ԵԽԽՎ քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցներն այս անգամ ձեռնպահ մնացին ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հիմնական էլեմենտներին անդրադառնալուց, այլ քննարկեցին ենթահանձնաժողովի կառուցվածքը, իսկ այնուհետև հնչեցին մի շարք առաջարկներ, մասնավորապես` Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը առաջարկեց լսումներ անցկացնել Ղարաբաղի տարբեր ազգություն ունեցող բնակիչների մասնակցությամբ, և այլն:
Ինչ խոսք, այսպես` թերի կազմով շարունակելը հազիվ թե նպատակահարմար դիտվի նույնիսկ նրանց համար, ովքեր ի սկզբանե շահագրգռված էին կառույցի գործունեությամբ: Նույնիսկ ենթահանձնաժողովի նախագահն է խոստովանում, որ իր համար ցանկալի է հայկական պատվիրակության ներկայությունը ու դեռ հույսեր է փայփայում, որ հայերը կփոխեն իրենց որոշումը ու ետ կգան: Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ հայաստանյան պատվիրակության միակողմանի բոյկոտը չի խոչընդոտի ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը, այսինքն ենթահանձնաժողովի աշխատանքներիը կշարունակվեն, այլապես սա կարող է վատ նախադեպ դառնալ այլ դեպքերի համար, երբ բոյկոտը կվերածվի ցանկությունների ի կատար ածման միջոցի: «Ես համբերատար մարդ եմ, ունեմ մեկ տարվա մանդատ, և հույս ունեմ, որ հայկական պատվիրակությունը ապագայում կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին»,- ասում է Խուգլա Ի Կոստան` ինքն էլ չհավատալով նման հեռանկարին: Ու թերևս դա է պատճառը, որ հաջորդ պահին նա անմիջապես խոստովանում է. «Առանց հայկական պատվիրակության անհնար է քննարկել կարևորագույն հարցեր, և ես կոչ եմ անում նրանց վերանայել իրենց որոշումը»:
Այս բանը գիտակցում են նաև ադրբեջանցիները, և եթե այժմ նրանց հաղթանակը լիակատար չէ, քանի որ տվյալ պարագայում բացառվում է որևէ կառուցողական երկխոսության հնարավորությունը, ապա վաղը ընդունվելիք որոշումները նույնպես կարող են այն կշիռն ու ազդեցությունը չունենալ, ինչի համար ամիսներ շարունակ պայքարել էին:
Գալով տարաձայնությունների հիմնական նյութին, այսինքն այն պնդումներին, թե ենթահանձնաժողովն իր գործունեությամբ ու բանաձևերով խանգարելու կամ բարդություններ է հարուցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի համար, ապա պետք է ասել, որ մտավախություններն այնքան էլ իզուր չեն, որքան փորձում են ներկայացնել ոմանք: Բավական է վերհիշել, որ դեռևս այս տարվա փետրվարին Կոստան հայտարարում էր, որ մինչև տարեվերջ կներկայացվի «եզրակացությունների նախագիծ»` կատարված աշխատանքի վերաբերյալ: Իսկ որ այդ նախագիծը մեծ հաջողությամբ կարող է հիմք կհանդիսանա ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեկ այլ բանաձև ընդունելու համար, այսօր ոչ ոք բացառել չի կարող: Եվ ուրեմն այսպիսի հեռանկարի պայմաններում եթե հայկական կողմը չէր կարող դա կասեցնել, ապա գոնե ստիպված էր իր բացակայությամբ չակտիվացնել մի գործընթաց, որի արդյունքներն ի սկզբանե կանխատեսելի են եղել: Նույն կերպ տարեվերջին ընդունվելիք բանաձևը հայկական կողմի համար երբևէ չի կարող իրավական ուժ ունենալ և կհանդիսանա բոլոր այն մոտեցումների խախտումը, որով պետք է կարգավորվեն հակամարտությունները: Վերջին հաշվով մեր ներկայացուցիչները կհայտարարեն, որ այդ փաստաթղթի քննարկմանը Հայաստանն ու Ղարաբաղը չեն մասնակցել, հետևաբար հայկական կողմը որևէ պարտավորություն չի պատրաստվում ստանձնել կամ իրականացնել:
Մենք մեր հերթին պիտի խոստովանենք, որ եթե հայկական պատվիրակության անդամները դիմում են նման ծայրահեղ գործողությունների, ապա սա վկայում է, որ ինչ-որ բան այնուամենայնիվ այնպես չի արվել, ինչպես պետք էր, բացթողումներ կան աշխատանքներում, որոնք հանգեցրեցին ներկա պահի դեմարշին: Եվ որքան էլ շարունակենք պնդել, թե այդ Չավուշօղլուն էր մեղավորը, ով փորձում է մինչև իր պաշտոնավարման ավարտը Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև հրամցնել, ապա դրան զուգահեռ հարկ է ասել նաև, որ ի վերջո նա միանձնյա չկայացրեց այդ որոշումը, այլ ստացավ ԵԽԽՎ-ի պատվիրակներից շատերի աջակցությունը, մի բան, որը պետք էր կանխատեսել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ճնշումը չեզոքացնելու համար:
Հայկական պատվիրակությանն այժմ մնում է միայն սպասել և հետևել դեպքերի հետագա զարգացմանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մենք, ԵԽԽՎ-ն ու Չավուշօղլուն

25 Հնվ

Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Հայաստանյան պատվիրակությունն արդեն այնտեղ է, և նույնիսկ այսօր պատրաստվում է ի նշանավորումն Եվրախորհրդին Հայաստանի անդամակցման 10-ամյա հոբելյանի մշակութային բնույթի մի շարք միջոցառումներ կազմակերպել: Բայց հազիվ թե ներքին լարվածությունը լիարժեք դարձնի տոնական տրամադրությունը: Ճիշտ է, նստաշրջանի օրակարգում ներառված չեն Հայաստանին ու ԼՂՀ-ին վերաբերող կոնկրետ հարցեր, այսուհանդերձ սպասվում է, որ դրանք ի հայտ կգան փախստականներին ու տարածրջանային այլ խնդիրներին առնչվող զեկույցների քննարկման համատեքստում: Անհետևանք չի անցնի նաև Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուի ելույթը, ում հարցեր տալու համար հայաստանյան պատվիրակության երկու անդամներ են հերթագրվել: Եվ վերջապես գլխավոր ինտրիգը սպասվում է ուրբաթ օրը` չարաբաստիկ ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովը ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուի կողմից վերակենդանացնելու փորձերի առնչությամբ: «Մենք ցանկանում ենք վերականգնել ԵԽԽՎ Ղարաբաղյան ենթահանձնաժողովի աշխատանքը»,- ձմեռային նստաշրջանի բացումից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չավուշօղլուն: «ԵԽԽՎ Բյուրոն ենթահանձնաժողովի վերականգնման մասին որոշում կընդունի և կընտրի նախագահին»:
Ինչպես հայտնի է, Հայաստանի պատվիրակությունն արդեն վաղօրոք տեղեկացրել էր, որ եթե իրենց չհաջողվի կասեցնել հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, ապա հայերին այլևս ուրիշ ոչինչ չի մնա անելու, քան բացահայտ կերպով բոյկոտել այդ կառույցի աշխատանքները: Չավուշօղլուին նման պահվածքը խիստ է վիրավորել: Թուրք նախագահն այս առիթով նույնիսկ չզլացավ բարձրաձայն բոլոքել` ասելով, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժեր ԵԽԽՎ բյուրոյում Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ կոմիտեի վերստեղծման նախաձեռնությունը փորձում են վերագրել հենց իրեն, մինչդեռ, ըստ նրա, դա սխալ է: «Դա շահարկում է: Ես դա շատ լավ բացատրել եմ Երևան կատարած իմ պաշտոնական այցի ժամանակ: Դա իմ նախագիծը չէ, դա Վեհաժողովի որոշումն է: Եվ նախագահի պաշտոնում ցանկացած ոք, լինի դա Թուրքրիայի, թե Գերմանիայի, կամ, նույնիսկ, Հայաստանի խորհրդարանական, նշանակություն չունի, պետք է այդ հարցը ներկայացնի բյուրոյում»:
Սա իրավիճակն լիովին չտիրապետող մարդու պատասխան է: Հասկանալի է, որ առանց հայկական կողմի մասնակցության նման ենթահանձնաժողովի գործունեությունը կվերածվի ֆարսի, իսկ Չավուշողլուին սկանդալներ, հեղինակության սասանումներ և նվաստացումներ պետք չեն: Բայց նույնիսկ նրա հավաստիացումներն այն մասին, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտադիր է 2011 թվականին ավելի շատ ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավորման համար, որևէ կերպ կացությունը շտկել չեն կարող: Այնպես որ, որքան էլ Չավուշօղլուն պնդի, թե ուրբաթ օրը ԵԽԽՎ բյուրոյի նիստում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծման հետ մեկտեղ քննարկվելու է նաև այդ կառույցի ղեկավարի նշանակման հարցը և պաշտոնում կընտրվի օբյեկտիվ թեկնածու, միևնույն է, համաձայնության գալու մասին խոսք առայժմ չկա:
Ի դեպ, երեկ երեկոյան Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն կայացած ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությամբ կրկին ընտրվեց ԵԽԽՎ նախագահ։
Վերադառնալով մեր պատվիրակների աշխատանքներին, նշենք, որ երկու օր առաջ հայկական կողմը ԵԽԽՎ անդամ բոլոր երկրների ներկայացուցչություններին է հանձնել ԵԽ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ադրբեջանահայության ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասված է այն մասին, որ այցելելով Բաքու, խորհրդարանականները արարողակարգի շրջանակում Շահիդների պուրակում ծաղկեպսակ եք դնում, մինչդեռ այնտեղ թաղված են Բաքվի ու Սումգայիթի հայերին կոտորող ջարդարարները, և հարգանքի տուրքը նրանց հիշատակին պատիվ չի բերում քաղաքակիրթ եվրոպացիներին:
Մյուս դրվագը, որը վերստին առնչվում է մեր պատվիրակությանը, այն էր, որ Հերմինե Նաղդալյանը մեկ տարով ընտրվեց ԵԽԽՎ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ:
Ինչ վերաբերում է ձմեռային նստաշրջանի բուն օրակարգին, ապա հարցերը բազմաթիվ են ու բազմաբնույթ: Այստեղ հունվարի 24-28-ը ուշադրության կենտրոնում կլինեն Կոսովոյում մարդու օրգանների ապօրինի առևտրի մասին զեկույցի շուրջ բանավեճերը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի և Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշի ելույթները: Կքննարկի նաև ԶԼՄ-ների տեղեկատվության աղբյուրների պաշտպանության մասին զեկույցը:
Նստաշրջանում արդեն ընդունվել է քրիստոնյաների հալածանքները դատապարտող բանաձև: Հիշյալ փաստաթուղթն ըստ էության Եգիպտոսում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, Իրանում ու Իրաքում քրիստոնյաների հանդեպ վերջերս ձեռնարկված բռնարարքների արձագանքն է: «Եվրամիությունն այլևս աչք չի փակի ողջ աշխարհում քրիստոնյաների հալածանքների վրա»,- իր ելույթում շեշտեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Մասնակիցները լուրջ բանավեճեր են ակնկալում նաև վրացական պատվիրակության դեմարշից: Վերջիններս պատրաստվում են կրկին առաջ քաշել Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման և երկրի տարածքի դեօկուպացման հարցը: Վրացիների նպատակն է հասնել Եվրոպայի Խորհրդի որոշման իրականացմանը, Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերմանը, այդ երկրամասերի անկախության ճանաչման ետկանչին: Սակայն միշտ չէ, որ համառությունը հաջողության գրավականն է դառնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: