Tag Archives: ստորոգյալ

ԵՍ` ԵՆԹԱԿԱ, ԳՐՈՒՄ ԵՄ` ՍՏՈՐՈԳՅԱԼ

23 Մրտ

Մարդիկ պնդում են, թե երկիրը կլոր է: Թույլ տվեք չհամաձայնել, ինչպես չեմ կարող հավատալ, թե դեռ կան մարդիկ, որոնք ինչ-որ բան են պնդում: Իսկ ընդհանրապես նրանք այդպես են վարվում երկու պատճառով` ա) ձանձրույթից և բ) որովհետև պետք է այդպես վարվել: Խիստ հազվադեպ, սակայն պատահում է նաև երրորդ տարբերակը: Դա այն դեպքում է, երբ նրանք վիրավորված են: Ի դեպ, երկրագունդը սրա հետ որևէ առնչություն չունի: Նույն հաջողությամբ նրանք կարող են իրենց երևակայել, ասենք, ազատ քաղաքացիներ և այդ ցնորամտությունը ներշնչել ուրիշներին: Դա, իհարկե, անցողիկ է, բայց ոչ անվտանգ, հատկապես երբ, ասենք, համակում է հազարավորներին: Նման նախադեպերից խուսափելու համար էլ ստեղծվել են պետությունները: Իսկ նրանք, ովքեր կառավարում են պետությունները, մեր ախտավոր երևակայության սանիտարներն են:

* * *
Պետությունն ավելի լավ է կոչել Հայրենիք: Երբեմն նաև ուրիշի պետությունը կարելի է հայրենիք կոչել, թեև նույն իրավունքը վերապահվում է նաև նրանց: Իսկ ընդհանրապես Հայրենիքը շատ ավելի նախընտրելի է, քանի որ այդ բառն արտաբերելիս մի պահ մոռանում ես, որ Հայրենիքի ներսում կա պետություն: Սերն առ Հայրենիք կարևոր է այնքանով, որքանով նրա հետ այլ կերպ վարվելը չի խրախուսվում: Սերը պետք է լինի անմնացորդ և, որ կարևոր է, անսպառ: Այլապես ինչպե՞ս դրանից բաժին հանես բոլորին անխտիր` հայրենի իշխանությանը, հայրենի ընդդիմությանը, հայրենի լեռներին, հայրենի ձորերին, հայրենի քաղաքներին, գյուղերին, ավաններին ու վարչատարածքային բաժանումներին: Պետք է պատրաստ լինել Հայրենիքի համար մեռնելու: Կարևոր չէ, թե որտեղ, ինչի համար, ում կողմից: Միայն մեռիր, և մարդիկ, որոնք կոչված են դրա համար, ամեն բան իր տեղը կգցեն: Սա սրբազան պարտք է: Իսկ այն, ինչ սրբազան է, վիճարկելի չէ:

* * *
Անհրաժեշտ է ապրել սեփական ժողովրդի ճակատագրով նույնիսկ այն դեպքում, երբ այն էականորեն տարբերվում է քո ճակատագրից: Խուճապի մատնվել պետք չէ: Տեսեք, թե մեր շուրջը քանի-քանիսն են ապրում այդպես ու, ի դեպ, վատ չեն ապրում: Սա իհարկե չի նշանակում, թե ձեզ համար ևս երաշխավորվում է բարեկեցիկ ապրելակերպ: Բայց հո չի՞ կարելի դավաճանել ավանդույթները: Այսօր ավանդույթները կդավաճանես, վաղը` հայրենիքդ, մյուս օրը, աստված մի արասցե, սեփական կնոջդ (վերջինն, անկասկած, չեն ների): Իսկ այդպիսի մտքերը հեռու վանելու համար խորհուրդ է տրվում մտածել ապագայի մասին: Հավանաբար չեմ վշտացնի, եթե ասեմ, որ նա, ով հավատում է պայծառ գալիքին, իրեն ուղեկից է ընտրում հուսալքությունը: Սակայն հարկ չկա սույն փաստը այդքան սրտին մոտ ընդունել, քանզի նույն բախտին վաղուց արժանացել են բոլոր նրանք, ովքեր հավատացել են նույնքան պայծառ ներկային: Ի վերջո, ներկան նույն ապագան է, միայն թե` մեզ ավելի մոտ: Իսկ մերձեցումը, ինչպես գիտեք, ոչ միշտ է խրախուսվում: Այնպես որ ապագան թերևս ավելի նախընտրելի է, ինչպես հեռու բարեկամը: Հեռու բարեկամներին սիրելը իմ թուլությունն է: Նրանցից շատերին ես անձամբ չեմ էլ ճանաչում, սակայն այդ հանգամանքը միայն ու միայն ավելի է խորացնում իմ սերը նրանց նկատմամբ, ինչը չեմ կարող ասել մոտիկ բարեկամների մասին: Ճիշտ է, ընդունված է ասել, որ դժբախտության պահերին նրանք են իմ միակ նեցուկը, բայց, ի սեր Աստծո, մի՞թե իմ կյանքը համատարած դժբախտություն է…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
(շարունակելի)

%d bloggers like this: