Tag Archives: Սպինոզա

ՍԻԳԻԶՄՈՒՆԴ ԿՐԺԻԺԱՆՈՎՍԿԻ

23 Հկտ

Սպինոզան և սարդը

Բենեդիկտ Սպինոզայի կենսագիր Կոլերուսը (17-րդ դար) փիլիսոփայի մասին հաղորդում է` «Նա սիրում էր գիտական աշխատանքից հանգստանալու ժամերին զննել, նետելով ճանճը ոստայնը սարդի, որն ապրում էր իր տան անկյունում, զոհի եւ գիշատչի շարժումները: Երբեմն, ասում են, նա այդ ժամանակ ծիծաղում էր:
Ծեր բրդոտ տոտիկներով խաչասարդը, զգալով իր վրա փիլիսոփայի բիբերը, փոքրիշատե, ինչը նրա հետ հազվադեպ էր պատահում, հուզվեց: Հասկանալի է` պահը չափազանց նշանակալից էր: Հավանաբար, վարպետի այդ զուտ արտիստիկ հուզմունքի հետեւանքով, երկու-երեք թել կտրվեցին եւ խճճվեցին, բայց, ընդհանուր առմամբ, գործն արված էր, ինչպես միշտ` արագ եւ մաքուր:
Սարդի ութ բարալիկ, դեպի ներս ծռված տոտիկները, քայլելով սարդոստայնի պիրկ ձգված հյուսվածքի վրայով, մեթոդաբար, լիակատար հետեւողականությամբ, ասես վարժությունների համար նոտաների տետրում համարակալած դաշնակահարի մատները, փաթաթել են ճանճի հիստերիկ ջղաձգվող մարմինը արծաթա-մոխրավուն խավոտ սավանով: Վարպետի եռանկյունի գլխամարմինը, եզրերից ծակող աչքերով, գտնելով ճանճի սեւ փորիկի վրա թրթռացող պետքական մասը, փորիկի շուրջ փակել էր սուր-ծռված ծնոտները:
Ճանճը մի պահ թեւիկները թափահարեց: Մեկ անգամ եւս: Եվ վերջ:
Հենց այդժամ էլ սարդը բարձրացրեց իր ծակող նստակերտ աչքը` հենց այդժամ էլ սարդի աչքերն ու մետաֆիզիկի բիբերը հանդիպեցին: Մի ակնթարթ: Իսկ այնուհետեւ` թե խաչասարդը, թե մետաֆիզիկը, հայացքները զատելով, բաժանվեցին:
Մետաֆիզիկը մոտեցավ պատուհանի մոտի սեղանին, աջ ձեռքը երկարեց` թանաքամանի բրոնզե կափարիչը շրխկաց, ձեռագրի էջերը միմյանց ինչ-որ բաներ շշնջացին:
Իսկ սարդը, առջեւի քիչ արյունոտած տոտիկները միջնամասի զույգին քսելով, սողաց տամուկ բորբոսի թավշյա զմրուխտի վրայով, պատի արանքում սեւացող անցքով եւ նրան կիպ կպած Կարտեզիոսի, Գերեբորդի եւ Կլաուբերգուսի տրակտատների վրայով: Անցնելով իրենց սայրերը փակած գրքերից մեկի գոգով, սարդը որքան հնարավոր էր՝ ներքաշեց իր բոլոր ութ տոտիկները եւ անշարժացավ:
Իսկ մետաֆիզիկը պատուհանի մոտ գրում էր` «…բնական իրավունքը տարածվում է ողջ բնության մեջ եւ ամեն մի առանձին տեսակի մեջ այնքան հեռու, որքան եւ ուժը: Հետեւաբար, այն ամենը, ինչ մարդ իրագործում է իր բնական օրենքների համաձայն, նա անում է բացարձակ բնական իրավունքով, եւ նրա իրավունքը Բնության վրա չափվում է նրա ուժի չափով»:
Էջերը մեկը մյուսի վրա դարսվելով քսվում էին տառերով տառերին, եւ դրա հետեւանքով՝ հասկանում էին միմյամց: Գրիչը ճռճռում էր: Եվ լոկ մի անգամ մետաֆիզիկը, հայացքը տողից կտրելով, նայեց սարդի թելիկներին սենյակի մութ անկյունում եւ ժպտաց:
Իսկ Սա՞րդը: Փորով դիպչելով Փոշոտ Կլաուբերգուսին, նա խորասուզվեց զուտ անխոհության մեջ: Փիլիսոփան ինչ-որ բան ուներ սարդից սովորելու, բայց ի՞նչ կարող էր սովորել սարդը փիլիսոփայից: Նա, չպատռվող սեւ տողերի մոտ, ավելի քիչ գիտեր, քան հարկ է, որ իմանար: Եվ գրում ու գրում էր: Իսկ սա, չպատռվող մոխրավուն թելիկների մոտ, գիտեր ճիշտ այնքան, որքան հարկ էր, որ իմանար` նա մինչեւ վերջ արարված էր, եւ հին ձեռագրերի եւ տպագիր հատորների էջերի շրշյունի հետ խորհրդակցելու կարիք չուներ: Ձեռագրի գոգամասին նստած, նա հաճույք էր ապրում մեծ արտոնությունից, որ հնուց անտի շնորհված էր նրանց հինավուրց եւ անվանի սարդային տոհմին` նախապապից պապին եւ հորից իրեն, խավատոտիկին` ազատություն մտածողությունից:

%d bloggers like this: