Tag Archives: սպասում

ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽԹ

9 Ապր

ԳՐՈՒՇԵԻ ԵՐԳԸ

Դու կռիվ գնա հանգիստ ու անհոգ,
Ես քեզ, իմ զինվոր, կսպասեմ անքուն:
Կռիվն արյուն է, կռիվն` անողոք,
Քանի-քանիսը էլ չեն դառնա տուն:
Երբ էլ որ դու գաս, քոնն եմ, իմ միակ,
Գարուն թե ձմեռ, ախ, բոլոր տարին
Ես քեզ կսպասեմ մեր ծփենու տակ,
Կմնամ, թե գա զինվորն էլ վերջին:

Ու երբ դու կռվից տուն դառնաս կրկին,
Շեմքիս չես տեսնի օտար ոտնաման,
Դատարկ կգտնես բարձդ իմ կողքին,
Շուրթերս` անեղծ, իմ սրտի նման:

Երբ վերադառնաս, զինվոր իմ, կասես.
— Ամեն ինչ նույնն է ու առաջվա պես…

Թարգմ. Ս. Հովհաննիսյան

ԽՈՒԱՆՆԱ ԴԵ ԻԲԱՐԲՈՒՐՈՒ

29 Հնվ

Սպասում

Օ, վուշ, հասունացիր, որ ես սավան գործեմ,
Իմ սիրածը հեռվից ինձ մոտ պիտի դառնա,
Այդ սավանի վրա հանգիստ առնի թող նա,
Եվ կոպերը հոգնած թող քնքշորեն գոցվեն:

Օ, վարդ, վերև պարզիր քո բոցերը թաքուն,
Թող թերթիկները քո արևի տակ ժպտան,
Շնչառությունն իրենց, իրենց բույրը թող տան
Սիրեցյալիս, երբ նա հեռուներից գա տուն:

Սիրո դարբնոցներում թող շղթաներ կռեն,
Սիրո ոսկե շղթա և անկշիռ կապանք,
Թող չգնա ինձնից իմ սիրեցյալը թանկ,
Թող ես գրկեմ նրան ու քնքշորեն լռեմ:

Կակաչներով պիտի ես զարդարեմ այգիս,
Որ ճամփաները հին էլ չկանչեն նրան…
Կիրք իմ, նրան կապիր` ամուր, պարան- պարան,
Քնքշություն իմ, շան պես դռան առաջ պառկիր…

Թարգմ. Վ. Դավթյան

%d bloggers like this: