Tag Archives: սպառազինություն

Բարեկամի ուղղաթիռները` թշնամու համար

25 Փտր

Ադրբեջանական բանակը նոր սպառազինությամբ համալրելու մասին ցանկացած տեղեկություն մենք ընկալում ենք ընդգծված անհանգստությամբ, քանի որ գիտենք` մեծ է դրանց առաջին թիրախը դառնալու հավանականությունը: Միևնույն ժամանակ, ասվածից ոչ պակաս կարևորում ենք այն հանգամանքը, թե հատկապես ո՞ր երկիրն է այդ հարցում աջակցել մեր ագրեսիվ հարևանին: Եվ այս իմաստով պիտի հասկանալի լինի մեր մտահոգությունը, երբ օրերս «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդումից տեղեկացանք, որ ադրբեջանցիների հերթական գործընկերը դարձել է Ռուսաստանը: Համաձայն այդ աղբյուրի, դեռ անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի ու «Ռոսվերտոլ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվել է մի պայմանագիր, ըստ որի Դոնի Ռոստովում գործող ընկերությունը ադրբեջանցիներին վաճառելու է 24 միավոր «Մի-35Մ» մակնիշի մարտական ուղղաթիռներ։ Տեղեկատվության հավաստիությունն ընդգծելու համար հավելենք, որ գործարքի մասին հաղորդումը ստացվել է «առաջին ձեռքից»` «Ռոսվերտոլ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Բորիս Սլյուսարից։
Մեզ համար հազիվ թե մխիթարական լինի այն փաստը, որ համանման պայմանագրեր ռուսական կողմը ստորագրել է նաև մի շարք այլ երկրների հետ, ինչի արդյունքում ընկերության մաքուր շահույթը հասել է 1,3 միլիարդ ռուբլու: Ինդոնեզիա կամ Վենեսուելա առաքվող ուղղաթիռները դժվար թե երբևէ չար մտադրություն ունենան սավառնելու հայկական երկնակամարով: Իսկ ահա Բաքվի հետ համաձայնության եկած ռուսները մինչ փաստաթղթերի ստորագրումը պիտի հրաշալի հասկանային, թե առանց այդ էլ պայթյունավտանգ մեր տարածաշրջանում հավելյալ զինտեխնիկայի առկայությունը ինչպիսի նոր ռիսկեր է հարուցելու և որքանով է ի զորու անդրադառնալու ամեն գնով պահպանվող ուժային հավասարակշռության վրա: Սակայն գործարքն այնուամենայնիվ կայացել է, և սա ոչ առաջին և ոչ էլ վերջին համանման դեպքն է: Զուտ ռուսական թեզ է այն տեսակետը, թե սպառազինությունների բազմապատկումը մեծացնում է անվտանգության երաշխիքները: Կովկասում նման պնդումների հետ ոչ բոլորն են համաձայն: Ինչ վերաբերում է վերջին դեպքին, ապա արժե հիշեցնել, որ այդ թռչող զինանոցի տպավորիչ բնութագիրը վաղուց է հայտնի: «Մի-35Մ» մակնիշի ուղղաթիռը բազմանպատակային է, օգտագործվում է հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, հետևակին աջակցելու, դեսանտային գործողությունների, վիրավորներին տարհանելու ու բեռներ փոխադրելու համար։ Ուղղաթիռը կարողանում է թռիչքներ կատարել եղանակային ամենաբարդ պայմաններում և հատկապես լեռնային ռելիեֆ ունեցող գոտիներում իրեն դրսևորել է գերազանց հատկանիշներով: Ուղղաթիռը զարգացնում է 310 կմ/ժ առավելագույն արագություն։
Ցավոք, ադրբեջանական նոր «ձեռքբերումների» մասին դեռևս հավելյալ տեղեկություններ ստանալ հնարավոր չէ: Վերստին ականատեսն ենք այն նույն պահվածքի, որի ծուղակում հայտնվել են շատ շատերը: Ինչ-որ մեկը տեղեկացնում է զենքի գնման մասին, մեկ ուրիշը դա անմիջապես հերքում է, հետո գալիս է երրորդն ու ասում այնպիսի մի բան, որը ոչ հերքում է, ոչ հաստատում: Իսկ արդյունքում ամեն կարգի կռահումները հյուսում են իրենց այլընտրանքային ցանցերը` էլ ավելի խճճելով առանց այդ էլ անորոշ կացությունը:
«Ռոստվերտոլ»-ն էլ հարկ համարեց վարվել այդ ձևով: Այն բանից հետո, երբ լուրը հայտնվեց մամուլի էջերում, պարզաբանումների համար ընկերությանը դիմած լրագրողներին տեղի ներկայացուցիչները ասացին, թե նախորդ հաղորդագրությունում հիշատակված Բորիս Սլյուսարը մեկ շաբաթով արձակուրդի է մեկնել, ուստի նա չէր կարող նման ինֆորմացիա հրապարակել։ Սրա հետ մեկտեղ նրանք հրաժարվեցին հերքել կամ հաստատել ուղղաթիռների վաճառքի մասին լուրը` պարզաբանելով, որ «Ռոսվերտոլ»-ը «Ռուտսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգի մաս է կազմում, իսկ գործարքների մասին տեղեկատվություն տարածելու իրավունքը վերապահված է միայն հոլդինգի կենտրոնական մոսկովյան գրասենյակին։ Մի խոքով` գնացեք ու տապակվեք ձեր ենթադրությունների մեջ:
Ակամա վերհիշում ենք ամիսներ առաջ Ս-300 հրթիռային կայանքների շուրջ բարձրացված աղմուկը, երբ շաբաթներ շարունակ որևէ մեկին այդպես էլ չէր հաջողվում վերջնական պատասխան ստանալ այն միակ հարցի մասին, թե ի վերջո Ռուսաստանը Ադրբեջանին տրամադրելու՞ է այդ հզոր զինատեսակից, թե՞ ոչ:
Համաձայն պաշտոնական աղբյուրների, Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ներկայումս շահագործվում են ավելի քան 60 ուղղաթիռներ: Անցյալ տարվա օգոստոսին հաղորդվեց այն մասին, որ Բաքուն մտադրվել էր Ռուսաստանից գնել Ka-32 տեսակի չորս մարտական ուղղաթիռ։ Այնուհետև թուրքական աղբյուրները տեղեկացրեցին, թե Ադրբեջանը այն երկրների ցանկում է, որոնց Թուրքիան կվաճառի Т-129 ռազմական ուղղաթիռներ։ Համարյա միաժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց, որ Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական օդային միջոցների կառուցմամբ զբաղվող ձեռնարկությունների արտադրանքի ձեռքբերմամբ և հավելեց, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է մարտական ուղղաթիռների գնմանը: Մի խոսքով, հնարավորությունների ու աղբյուրների պակաս չի զգացվում, և ռուսների հետ այս վերջին գործարքը իր տեսակի մեջ ոչ բացառիկ է և ոչ էլ անհավանական: Մնում է միայն ափսոսանքն այն մասին, որ թշնամին իր զենքերը մեր դաշնակից ու բարեկամ երկրից է ներմուծում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ուժի դեմ` ուժով

22 Դկտ

Վերջին օրերին Հայաստանի պաշտպանության ոլորտում արձանագրվեցին երկու կարևոր իրադարձություններ: Դրանցից առաջինն այն է, որ մեր երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ու Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվեց հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ: Այն այժմ ի զորու է գերժամանակակից սարքավորումների օգնությամբ վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և կառավարել օդային թիրախների խոցումը: Հարկ է նաև նկատել, որ դա երկու երկրների միջև ռազմական համագործակցության որակական միանգամայն նոր հարթություն է, ինչի նշանակությունը պատշաճ գնահատական կպահանջի:
Հաջորդ նշանակալի իրադարձությունն այն էր, որ մեր երկիրն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց հանրապետության տարածքում S-300 զենիթահրթիռային համակարգերի առկայության մասին: Ընդ որում, տարածված հաղորդագրության մեջ առանձնահատուկ կերպով շեշտվում էր այն փաստը, որ դրանք գտնվում են հատկապես ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Ավելորդ չէ հիշել, որ այս մասին ասվում և նույն պահին էլ հերքվում էր շուրջ 10 տարի շարունակ: Իսկ այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, թե ռուսները պատրաստվում են Ադրբեջանին վաճառել նույնատիպ համակարգեր, խնդիրն էլ ավելի հրատապ ու սկզբունքային բնույթ ձեռք բերեց: Այժմ դժվար է ասել` S-300-ները վաղուց էին այստեղ, թե՞ դրանք նոր են տեղափոխվել Հայաստան, սակայն էականն այս դեպքում զենքի առկայության փաստն է: Իսկ ինչ վերաբերում է միայն այժմ այդ մասին բարձրաձայնելուն, ապա հիշյալ քայլը կարող է ունենալ երկու բացատրություն: Նախ անհրաժեշտ է այն դիտարկել քարոզչական պատերազմի թելադրանքի տեսանկյունից: Այլ կերպ ասած` սա բացահայտ «մեսիջ» է Ադրբեջանին` իր մեծ ախորժակը զսպելու համար: Բանն այն է, որ ավելի վաղ Բաքուն էր համանման մի հաղորդագրությամբ հանդես եկել` տեղեկացնելով, որ վերջին կես տարում իրեն հաջողվել է գնել հարձակողական տիպի մի շարք հրթիռներ, որոնց հեռահարությունը 100-ից մինչև 350 կիլոմետր է: Սա նշանակում էր, որ դրանք իրոք մեծ վտանգ կարող էին ներկայացնել Հայաստանի պաշտպանունակության համար: Իսկ ահա S-300 հրթիռները եղած սպառնալիքները չեզոքացնելու լավագույն միջոցներն են: Փաստորեն ստացվեց, որ Ադրբեջանը փորձեց ուժի ցուցադրություն կազմակերպել, իսկ մենք էլ այսօր հակադարձում ենք նրան:
Նկատենք նաև, որ S-300-ների մասին Երևանը տեղեկացրեց այն բանից հետո, երբ օրեր առաջ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հրավիրեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ` քննարկելու և հավանության արժանացնելու «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Իսկ նշված ծրագիրը գերազանցապես ուղղված է ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը: Սա, իհարկե, սոսկ գեղեցիկ ցանկություն լինել չի կարող: Այդ մասին սովորաբար կամ լռում են, կամ խոսում են այն դեպքում, երբ իրագործումի հնարավորություններ են ստեղծվում:
Այն, որ Հայաստանը որոշեց (կամ կարողանում է) լրացնել իր զինանոցը, պիտի անհանգստացներ մոտիկ ու հեռու հարևաններին: Թուրքերն, օրինակ, չեն թաքցնում իրենց դժգոհությունը: Թուրքական Zaman պարբերականը նույնիսկ այդ առթիվ մի ընդարձակ հրապարակմամբ հանդես եկավ, որ կրում էր «Հայաստանը շարունակում է զինվել» վերնագիրը: Թերթն իր ընթերցողների ուշադրությունն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած Հայաստանը Կովկասի ամենամարտունակ բանակն ունի, սակայն դրանով չի բավարարվում ու ավելի հզորանալու քայլեր է ձեռնարկում։
«Հայաստանը չի բավարարվում ներկայիս իր ռազմական հզորությամբ՝ նախատեսելով ավելի հզորանալու քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ Հայաստանում ընդունվել է զինված ուժերի արդիականացման ծրագիրը, որը նախատեսում է 2011-2015 թվականներին զինտեխնիկայի արդիականացում և զարգացում։ Այդ ծրագիրը նախատեսում է նաև սեփական ռազմական արդյունաբերության զարգացում»։ Թե ինչու՞ է մեր զինվելը թուրքերին արտառոց թվում, դժվար է ասել: Հավանաբար պատճառներից մեկն այն է, որ նրանց համար միշտ էլ նախընտրելին հայի անզեն տեսակն է եղել: Եվ ահա Zaman-ը նույն դժկամությամբ շարունակում է. «Այսօր Հայաստանի ձեռքում կան հակառակորդի որոշ թիրախներին ուղղված հրթիռներ։ Օրինակ, ռուսական «Սկադ»-ը։ Հնարավոր է՝ «Սկադ»-ից բացի այլ զինատեսակներ էլ կան, քանի որ հայտնի է՝ Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել արդիական զենքեր։ Այս համատեքստում, հավանականություն կա, որ Հայաստանը տիրապետի նաև հեռահար հրթիռների»:
Ինչ խոսք, թուրքական մամուլը երբեք տագնապով չի գրի այն մասին, որ համեմատած նախորդ տարվա հետ, 2010 թ. Ադրբեջանում կտրուկ` 3,6 անգամ ավելացել է ռազմական նշանակության արտադրության ծավալները, որ այդ երկրի պաշտպանության նախարարությանը 2011 թվականին կհատկացվի 3,1 մլրդ դոլար, որ ամբողջությամբ վերացվել է Բաքվի կախվածությունը ռազմամթերքների ներկրումից, որ մինչև 2011 թ. մարտ Ադրբեջանը ծրագրում է գործարկել 8 նոր գործարաններ, որտեղ կարտադրվեն ռազմամթերք ու նոր զենքեր: Սակայն թուրք լրագրողների փոխարեն այս անգամ այդ հոգսն իր ուսերին է վերցրել ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրը, որը հրապարակել է 2009թ. Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերման հաշվետվությունը: Ըստ այդմ, Ադրբեջանը Բելառուսից գնել է 9 միավոր 2С7 «Пион» հրետանային համալիր, Ուկրաինայից՝ 29 միավոր 2С1 «Գվոզդիկա» ու 6 միավոր 2С3 «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, Հարավային Աֆրիկայից` 10 միավոր Marauder զրահափոխադրիչ: Էլ չենք խոսում 9 միավոր «ՍՈՒ-25» ինքնաթիռների, «ՄիԳ-29ՈՒԲ», «Միժ 24» 11 ռազմական ուղղաթիռների մասին, որոնք դարձյալ տրամադրել են Բելառուսն ու Ուկրաինան: Այս բոլորից հետո Հայաստանի քայլերը դժվար պիտի լինի գնահատել համարժեք, սակայն եղածը միանգամայն ընդունելի է պաշտպանական տրամաբանության շրջանակներում: Ամեն ուժ ունենում է իրեն հակազդող ուժը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: