Tag Archives: սուտ

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ

23 Հնվ

Ո՞վ է, որ պիտի գա ու ասի` այլևս սուտ մի խոսեք, այլևս կաշառք մի վերցրեք: Խաբեությունը ամենամեծ աղետն է, եթե դառնում է չափազանց, անկշտում: Սուտը սուտ է ծնում, որպեսզի սուտդ հաստատես, նորից սուտ ես խոսում, որպեսզի նոր սուտդ հաստատես, կրկին դիմում ես խաբեության:

Նույնն էլ կաշառակերությունն է. եթե ունես և կրկին հեշտությամբ դրամ է մտնում գրպանդ, ինչու՞ չէ, կվերցնես էլի ու էլի… Եվ վերջ չի լինի: Երեխադ էլ նույնը կլինի, թոռդ էլ նույնն է սովորում:

Այսպես եթե շարունակվի, ես շատ վատ եմ տեսնում մեր ապագան:

0

Չարենցի թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը սուտ է խոսում

3 Նյմ

Բանաստեղծ Եղիշե Չարենցի թաղման վայրը պղծելուց 4 օր անց դեպքին արձագանքել է Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը, սակայն արձագանքել է խիստ յուրահատուկ կերպով՝ հայտարարելով, թե իբր դա Չարենցի գերեզմանը չէ և այդպես ասողները ստում են ու ապակողմնորոշում հանրությանը: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի այդ կտրուկ արձագանքին գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն այսպես պատասխանեց. «Հակոբյանից ես այլ բան չէի էլ սպասում: Այդ տիկինը ոչ միայն բառերի մեջ ընտրություն կատարելու շնորհից է զրկված, այլև հակում ունի՝ պարբերաբար մոլորության մեջ գցել մարդկանց: Նրա վերջին «քաջագործություններից» մեկը թուրքերի հետ ձեռք-ձեռքի տված մի անկապ քարակույտ իբրև Չարենցի տուն մեզ վրա սաղացնելու գործարքն էր, որը անփառունակ վախճան ունեցավ, և այդ օրից Լիլիթ Հակոբյանն ատամ ունի ինձ վրա: Սա, իհարկե, զվարճալի պիտի հնչի, եթե այդքան ցավալի չլինի: Իսկ գալով այն հարցին, թե մեզնից ով է սուտ խոսում, ապա ես կարող եմ միանշանակ պնդել, որ դա առայժմ մնում է տիկին Հակոբյանի բացառիկ մենաշնորհը: Ասածս հիմնավորելու համար կան մի քանի փաստարկներ, բայց ես կհիշատակեմ դրանցից միայն մեկը, ինչը լիովին բավարար է ընդդիմախոսիս բառերի արժեքը գնահատելու համար: Ի՞նչ եք կարծում, սրանից 15 տարի առաջ ո՞վ էր, որ առաջինը հանրությանը տեղյակ պահեց, թե գտնվել են Չարենցի թաղման վայրն ու գրողի մասունքները: Ասեմ՝ չեք հավատա: Նույն Լիլիթ Հակոբյանը: Եթե թերթելու լինեք այդ օրերի մամուլը, ինքներդ էլ կհամոզվեք, որ դա այդպես է: Ես ընդամենը մի կարճ մեջբերում կատարեմ այն օրերի թերթերից. «…Եվ տնօրենն ասաց. «Ճշտված է Չարենցի գերեզմանի տեղը… Մի քանի չարենցապաշտների ու թանգարանի աշխատակիցների ջանքերով հաջողվել է ճշգրիտ որոշել Չարենցի թաղման վայրը: Փորել ենք և գտել մի քանի ոսկորներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք Չարենցինն են» (Արամ Մարգարյան, «Եվ տնօրենն ասաց…», «Հայք», 10.1.1996 թ.): Ահա այսպես: Փորել են, գտել, ուսումնասիրել, համոզվել ու հայտարարել: Իսկ հիմա պարզվում է, որ ես ստախոս եմ, իսկ Լիլիթ Հակոբյանը ճշմարտության մարմնացումն է:
Հիմա դառնանք նրա մեկ այլ աղաղակող կեղծիքին, երբ անտեղյակ լրագրողին ասում է. « Ի վերջո, այդտեղից ոսկորներ հանվե՞լ են, չէ՞ որ կարելի է ոսկորների ԴՆԹ-ի ախտորոշմամբ պարզել իսկությունը, արե՞լ են նման բան, իհարկե ոչ»: (Խեղճ գրագետը նույնիսկ չգիտի, թե ինչ բան է ախտորոշումը և որ ԴՆԹ-ն երբեք չեն ախտորոշում, բայց այս մասին՝ մեկ այլ անգամ, հիմա դառնանք բուն խնդրին):
Ինչպես նկատեցիք, քիչ առաջ նա բոլորովին այլ բան էր պնդում գտնված ոսկորների, մասունքների ուսումնասիրության մասին: Բայց սա դեռ բոլորը չէ: Թե ինչպես է ընթացել գենետիկական հետազոտություն կատարել-չկատարելու հարցի լուծումը, այդ մասին հստակ պատկերացում է տալիս ոչ այլ ոք, քան Չարենցի թոռնուհին՝ Անահիտ Չարենցի դուստր Հասմիկ Չարենցը: Ահա մի հատված վերջինիս հարցազրույցից՝ տպագրված 2008 թ. մայիսի 10-ին «Հրապարակ» թերթում. «… Ես ասացի՝ խնդրեմ, տվեք ոսկորներ, տանեմ Հոլանդիա, ԴՆԹ-ի թեստ անցկացնենք, եթե արդյունքում ապացուցվի, որ գտել ենք Չարենցի աճյունը, ես կասեմ՝ փառք Աստծո, քրիստոնեաբար կթաղենք, վրան էլ խաչ կդնենք։ Բայց ինձ չտվեցին…»։
Այն նախանձախնդիր լրագրողները, ովքեր այդքան հակված են ճշմարտությունը բացահայտել, գուցե հենց այս հարցի՞ց սկսեն՝ ինչու՞ չտվեցին, ինչու՞ ուրացան այն, ինչ ասում էին նախկինում և, վերջապես, որտե՞ղ է տիկին Հակոբյանը պահ տվել այդ ոսկորները: Հասկանում եմ, որ սրանք ծանր հարցեր են նրա համար, բայց ի՞նչ կարող ես անել…
Եթե նկատեցիք, ես առայժմ ոչինչ չեմ ասել իմ անունից: Առայժմ մյուսներն են խոսում: Եվ ձեզ վստահեցնում եմ, որ դա էլ լիովին բավարար է իսկությունը պարզելու համար: Ու՞մ է Հակոբյանը ստախոս անվանում: Նրանց, ովքեր համոզված են, որ դա է Չարենցի գերեզմանը: Կնշանակի նա ստախոս է հորջորջում նաև հարգարժան բանաստեղծ Արևշատ Ավագյանին, ով առաջիններից մեկը հրապարակեց գերեզմանի գտնվելու վայրի մասին տեղեկությունը: Ստախոս է անվանում չարենցագետ Դավիթ Գասպարյանին, ով իր գրքում գրել է«…Չարենցին թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի մինիստրության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ: Դեռ ապրում է այդ օրերի ականատես վկան…»: Ստախոս է անվանում այն բոլոր հրաշալի, հետևողական մարդկանց, ովքեր անշահախնդրորեն տարիներ շարունակ զբաղվել են մեծ գրողի վերջին հանգրվանի որոնումներով, քայլ առ քայլ տարել մեզ դեպի բացահայտում և այժմ միայն մի բան են ցանկանում՝ արժանին մատուցել նրա հիշատակին ու հեռու պահել նրան ճշմարտություն պղծողների ու քողարկողների ոտնձգություններից:
Այսքանից հետո ինչ այլ բան չի մնում, քան հերթական անգամ ասել. տիկին Հակոբյան, դուք արդեն անտանելի եք դառնում: Խելամիտ եղեք, լռեք ու զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ են վերաբերում: Չարենցագիտությունը ձերր խելքի բանը չէ»:

%d bloggers like this: