Tag Archives: Սուձուկի Դայսեցու

ՍՈՒՁՈՒԿԻ ԴԱՅՍԵՑՈՒ

7 Նյմ

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑՈՎ ՏԱՌԱՊՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

1. Անհատն ու մեքենան միմյանց հակադիր են, եւ այդ պատճառով Արևմուտքն ահռելի հոգեբանական լարում է ապրում:
2. Անհատը անհատականություն է ենթադրում, անձնական պատասխանատվություն, իսկ մեքենան ինտելեկտի, վերացարկման, ընդհանրացման, տոտալիզացիայի եւ խմբակային կյանքի արտադրանք է:
3. Անձնական պատասխանատվությունն անիմաստ է, եթե այն օբյեկտիվ, ինտելեկտուալ եւ մեքենայակերպ է: Պատասխանատվությունը տրամաբանորեն հարաբերակցվում է ազատությանը, բայց տրամաբանության մեջ ազատություն չկա, քանզի ամեն բան նրանում ենթակա է սիլլոգիզմի կարծր կանոններին:
4. Որպես կենդանի բնության մաս, մարդը ղեկավարվում է կենսաբանական օրենքներով: Ժառանգականությունը փաստ է, որը չի կարող փոխել ոչ մի անհատ: Ես-ը ծնվում է ոչ իր ազատ կամքով: Եվ ծնողներն էլ ինձ աշխարհ են բերում ոչ իրենց ազատ կամքով: Պլանավորված ծնունդը ոչ իրականություն ունի, ոչ էլ իմաստ:
5. Ազատությունը ևս մեկ անիմաստ գաղափար է: Ես ապրում եմ հասարակության մեջ, խմբի մեջ, որը սահմանափակում է ինձ իմ բոլոր գործողություններում` ինչպես մտային, այնպես էլ ֆիզիկական: Նույնիսկ մենության մեջ ես ամենեւին էլ ազատ չեմ: Ես ունեմ տարաբնույթ մղումներ, դրանք ամենեւին էլ միշտ չէ, որ վերահսկվում են` դրանցից ոմանք ձգում են ինձ կամքիս հակառակ: Քանի դեռ մենք ապրում ենք այս սահմանափակ աշխարհում, մենք երբեք չենք կարող խոսել մեր ազատության կամ ըստ մեր կամքի գործելու մասին: Նույնիսկ այդ ցանկությունը մեզ չի պատկանում:
6. Անհատը կարող է խոսել ազատության մասին, բայց մեքենան բոլոր կողմերից նրան սահմանափակում է: Ազատությունը վերածվում է ազատության մասին բլբլոցի: Արևմտյան մարդն ի սկզբանե ճզմված, նեղված անազատ է: Ինքնաբերականությունը պատկանում է ոչ թե իրեն, այլ մեքենային: Մեքենան ստեղծագործություն չի ունենում, նա աշխատում է իր կառուցվածքին համապատասխան եւ երբեք չի գործում որպես «անհատ»:
7. Անհատն ազատ է միայն այնտեղ, որտեղ կորչում է անհատը: Մարդն ազատ է, երբ ժխտում է իրեն եւ կուլ գնում ամբողջությանը: Ավելի ճիշտ, նա ազատ է, երբ և ինքն է, և ինքը չէ: Մարդը չի աճում մինչեւ ազատության կամ պատասխանատվության կամ ինքնաբերականության մասին խոսելուն իսկ, քանի դեռ հասու չէ այդ հակասությանը: Օրինակ, ինքնաբերականությունը, որի մասին այդքան շատ են խոսում Արեւմուտքում, եւ ամենից առաջ որոշ հոգեբույժներ` սոսկ մանկական կամ կենդանական ինքնաբերականություն է, բայց ոչ երբեք` հասուն անհատի:
8. Մեքենան, բիհերիորիզմը, պայմանական ռեֆլեքսը, կոմունիզմը, արհեստական բեղմնավորումը, ավտոմատիզացիան, կենդանահերձությունը, ջրածնային ռումբը, դրանք բոլորն ամենասերտ կերպով փոխկապակցված են եւ մեկ փակ տրամաբանական շղթայի օղակներն են:
9. Արևմուտքը տենչում է շրջանի քառակուսու մակերեսին: Արևելքը փորձում է շրջանը հավասարեցնել քառակուսուն: Ձեն-ի համար շրջանը շրջան է, քառակուսին` քառակուսի, բայց միաժամանակ քառակուսին` շրջան է, շրջանը` քառակուսի:
10. Ազատությունը սուբյեկտիվ հասկացություն է և չի կարող օբյեկտիվորեն մեկնաբանվել: Երբ մենք փորձում ենք այդ անել, ապա անխուսափելիորեն անլուծելի հակասությունների մեջ ենք ընկնում: Այդ պատճառով էլ խոսակցությունն ազատության մասին այս սահմանափակումներով լի օբյեկտիվ աշխարհում անիմաստ է:
11. Արեւմուտքում այո-ն` այո է, ոչ-ը`ոչ. այո-ն երբեք չի դառնա ոչ եւ ընդհակառակը: Արևելքը ստիպում է «այո»-ին սահել դեպի «ոչ»-ը: Եվ դա հենց կյանքի բնույթն է: Միայն տրամաբանության մեջ է այդպիսի տարբերությունն անհաղթահարելի, եւ տրամաբանությունը մարդ ստեղծել է օգտապաշտական գործունեության համար:
12. Արևմուտքը անբացատրելի երեւույթների համար այնպիսի հասկացություններ է հորինում, ինչպես ֆիզիկայում հայտնի անորոշության կամ հավելյալության սկզբունքները: Սակայն, բազմապատկելով հասկացությունները, նա ունակ չէ որսալու դրանցով գոյության փաստերը:
13. Կրոնն այստեղ մեզ չի վերաբերում, բայց հետաքրքրական է նշել հետեւյալը` քրիստոնեությունը, Արեւմուտքի կրոնը խոսում է Լոգոսի, Բառի, մարմնի, մարմնավորման եւ մրրկածուփ ժամանակավորության մասին: Արևելքի կրոնները տենչում են առ հետմարմնավորում, լռություն, ներկլանում, հավերժական կյանք: Ձեն-ի համար մարմնավորումը հետմարմնավորում է, լռությունը ամպրոպանման է, երկիրը երկիր չէ, մարմինը մարմին չէ, այստեղ-ը եւ հիմա-ն հավասարազոր են դատարկությանը (շունյատա) եւ անվերջությանը:

Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի

%d bloggers like this: