Tag Archives: սուլթան Մահմուդ

ԽԱՉԸ ՏԱՊԱԼՎԱԾ Է

10 Սպտ

Պատմությունը երբեմն խաղեր է անում տարեթվերի հետ, որ ուղիղ հազար տարի այն բանից հետո, երբ Հռոմն այնպես հիմնավորապես կողոպտեցին բարբարոսները՝ Բյուզանդիոնի կողոպուտն սկսվեց: Հավատարիմ իմ երդմանը՝ արրյունարբու հաղթող Մահմուդն իր խոսքի տերը եղավ: Առաջին կոտորածից հետո նա իր զինվորների ձեռքը տվեց ռազմավարը՝ տներն ու պալատները, վանքերն ու եկեղեցիները, տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Եվ ասես դժոխային չարքեր, թուրքերը հազարներով սուրում էին Կոստանդնուպոլսի փողոցներով՝ ջանալով միմյանցից առաջ ընկնել:
Ամենից առաջ խուժում էին եկեղեցիները, ուր ոսկե սափորներ են փայլփլում և թանկագին քարեր են շողշողում, իսկ երբ որևէ տուն են ներխուժում, զինվորները իրենց տան վրա կախում են դրոշները, որպեսզի իրենցից հետո եկողներն իմանան՝ այստեղի ավարն արդեն առգրավված է: Եվ այդ ավարի մեջ մտնում են ոչ միայն թանկագին քարեր, գործվածքներ, դրամ ու շարժական կայք, այլև մարդիկ, որ նույնպես ապրանք են. կանայք պետք են հարեմներին, իսկ տղամարդիկ ու երեխաները՝ գերիների շուկային: Հաղթողները մտրակներով դուրս էին քշում բազմություններն այն տարաբախտների, որ ապաստան էին որոնում եկեղեցիներում, ծերերին վերջ են տալիս տեղնուտեղը, քանի որ նրանք պիտանի չեն վաճառքի համար, ձրիակերներ են և ավելորդ բեռ, իսկ երիտասարդներին կապկպում են միասին, ինչպես անասունների ու մի կողմ քշում:
Ալան- թալանի հետ միասին մոլեգնում է անիմաստ ավերածությունը: Այն ամենը, ինչ խաչակիրները կողոպտել էին գուցեև ոչ պակաս դաժանորեն՝ թանկագին մասունքներ և արվեստի գործեր, հաղթողները հիմա ջարդուփշուր են անում, պատառոտում՝ առ ոչինչ են դարձնում մեծարժեք պատկերները, փշուր- փշուր են անում հոյակապ քանդակները, ոչնչացնում են դարերի իմաստությունը խտացնող գրքերը: Հունական մտքի ու պոեզիայի այն անմահ գանձարանները, որ պետք է պահպանվեին գալիք դարերի համար՝ կրակի ճարակ են դառնում և քամահրանքով դեն նետվում:
Մարդկությունը երբեք մինչև վերջ չի իմանա, թե այդ ճակատագրական ժամին ինչ աղետ ներխուժեց բաց մնացած դռնով, և թե աշխարհիս որպիսի մեծաքանակ հոգևոր արժեքներ կորստյան մատնվեցին Հռոմի , Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի կողոպուտի ժամանակ:
Մեծ հաղթանակը նշանավորող օրվա երկրորդ կեսին միայն, երբ ջարդն ու կոտորածն արդեն ավարտվել էր, սուլթան Մահմուդը մուտք է գործում նվաճված քաղաքը: Հպարտ ու լրջախոհ՝ նա իր հոյակապ նժույգով անցնում է թալանի վայրենի տեսարանների մոտով՝ առանց որևէ կողմ նայելու, քանի որ հավատարիմ է տված խոստումին՝ չխանգարել զինվորներին, որ իր համար հաղթանակ էին նվաճել իրենց ահավոր արհեստով: Եվ նա հպարտորեն ընթանում է ուղիղ դեպի տաճարը՝ դեպի Բյուզանդիոնի այդ ոսկեշող գագաթը: Ավելի քան հիսուն օր նա իր վրանից ագահորեն նայել է Սուրբ Սոֆիայի շողշողուն ու անմատչելի գմբեթին: Եվ հիմա նա՝ հաղթողը, իրավունք ունի մտնել տաճարի բրոնզաձույլ դռներով: Բայց Մահմուդը նորից է սանձում իր անհամբերությունը. նա ուզում է նախ երախտագիտություն հայտնել ալլահին՝ տաճարն առմիշտ նրան նվիրաբերելուց առաջ: Սուլթանը հնազանդորեն իջնում է ձիուց և աղոթում՝ մինչև գետին խոնարհվելով: Հետո մի բուռ հող է առնում գետնից և լցնում գլխին՝ հիշեցնելով իրեն, որ ինքն էլ մահկանացու է և չպետք է չափազանց գոռոզանա իր հաղթանակով: Հետո միայն աստծուն իր հնազանդությունը ցույց տալուց հետո, սուլթանն ընդոստ շտկվում է, և իբրև առաջինն ալլահի ծառաներից, մուտք գործում Հուստինիանոսի տաճարը, սրբազան իմաստնության տաճարը, Սուրբ Սոֆիայի տաճարը:
Հիացումով ու հուզմունքով սուլթանը զննում է հոյակապ շինությունը, նրա բարձրաբերձ կամարները, որ շողշողում են մարմարակերտ ու խճանակար՝ կիսամութից դեպի լույսը հառնելով: Եվ նա միտք է անում, որ ոչ թե իրեն, այլ աստծուն պետք է պատկանի աղոթքի այս ազնվաշուք պալատը: Իսկույն կանչել է տալիս իմամին: Սա տաճարի ամբիոնն է բարձրանում և այնտեղից ազդարարում մահմեդական հավատի խորհրդանիշը, իսկ փսդիշահը, դեմքը դեպի Մեքքա դարձրած, աղոթում է ալլահին՝ աշխարհի տիրակալին, և դա առաջին մահմեդական աղոթքն է , որ հնչում է այս քրիստոնեական տաճարում:
Հաջորդ օրն իսկ արհեստավորները հրաման են ստանում տաճարը մաքրել նախկին կրոնի նշաններից: Զոհասեղանները դուրս են բերվում, ծեփվում- ծածկվում են խճանկար բարեպաշտական պատկերները, և Սուրբ Սոֆիայի գմբեթի բարձրաբերձ խաչը, որ հազարամյակներ շարունակ թևերը կարկառել էր այս աշխարհին՝ բովանդակ տառապանքն ընդգրկելու համար, խլաձայն գետին է տապալվում:
Այդ ձայն ուժգին արձագանք է տալիս տաճարում և նրա պատերից շատ հեռու: Քանի որ խաչի անկումից ամբողջ Արևմուտքն է ցնցվում: Դառնագին բոթը, երկյուղ հարուցելով, հնչում է Հռոմում, Ջենովայում, Վենետիկում, իբրև նախազգուշացնող որոտ՝ թավալգլոր հասնում է Ֆրանսիա, Գերմանիա, ու Եվրոպան արդեն սարսուռով է գիտակցում, որ իր բութ անտարբերության հետևանքով մոռացության մատնված դռնով ներխուժեց, ասես իբրև ճակատագիր, մի ավերիչ զորություն, որ դարեր շարունակ պետք է կապի ու կաշկանդի Եվրոպայի ուժերը:
Սակայն ժողովուրդների պատմության մեջ, ինչպես առանձին մարդու կյանքում, անդարձ կորսված րոպեն ափսոսանքներով ետ չես դարձնի, և հազարամյակն անզոր է ետ բերելու մի ժամում կորցրածը:

ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ

%d bloggers like this: