Tag Archives: սոպրանո

ՍԵՎԱԿԸ ԼՈՒՍԻՆ ԱՄԱՐԱՅԻ ՄԱՍԻՆ

18 Ապր

«Չեմ կարծում, թե երգիչները բեմ են դուրս գալիս մարդկանց լացացնելու տրամադրությամբ: Բայց կարող եմ հաստատ ասել, որ ունկնդիրները համերգային դահլիճ են գնում՝ բնավ չմտածելով, թե պիտի լան: Բայց երբեմն… Այդպես եղավ դեկտեմբերի 4-ին:
Առաջինն արտասվեց մի… բոլորովին օտար մարդ՝ մոսկովյան դաշնակահարուհի Ե. Սմիրնովան: Դժվար է ասել, թե նա ինչ նկատեց ներքնատեսությամբ, ինչ պատկերացավ նրան մտովին, երբ հանկարծ լաց եղավ հսկայական դահլիճի առջև՝ Ռ. Մելիքյանի «Վարդ»-ի վրա: Հետո արտասվեցին նույն այդ դահլիճում նստած (ոչ, արդեն ոտքի կանգնած) շատերը: Ու հետո էլ ինքը՝ Լուսին Ամարան:
— Ես հիմա անանկ հուզված եմ,- մրմնջաց նա իր սքանչելի ձայնով, որ կարծես նաև իրենը չէր, որովհետև արտասվախառն էր:- Ես ասանկ բան տեսած չունիմ… Ինչ սքանչելի ժողովուրդ եք ԴՈՒՔ…
…Ի՞նչ արած, երևի բախտը բախտ է կոչվում հենց այն պատճառով, որ անկասելի է: Մեր բախտն էլ այսպիսին է. ամեն օր, աշխարհի այս կամ այն անկյունում, հնչում է մի նոր հայի անուն, փայլատակում է մի նոր աստղ: Կարծես թե բախտը վրեժ է լուծում բոլոր նրանցից, ովքեր մեզ այս բախտին են հասցրել. եթե պետք է ցրիվ լինել, ապա աստղերի պես, եթե պետք է սեփական տանը չլինել, ապա օտար տների մեջ էլ փայլել, եթե պետք է ապրել օտարի հայրենիքում, ապա այնպես ապրել, որ հեռավոր հայրենիքդ հպարտանա, ու եթե հյուր լինել սեփական տանդ (հյուր, սեփական տանը), ապա զգալ ու հասկանալ, թե «ինչ սքանչելի ժողովուրդ եք Դուք»…
…Առաջին պահին կարող է թվալ, թե պարծենալն ու հպարտությունը հարազատ եղբայրներ են, մինչդեռ, եթե խորանանք նրանց ծննդաբերության մեջ, նրանք շատ-շատ եղբայրներ են ընդոծին, բայց ոչ երբեք արյունակից: Եվ ոչ թե պարծենալով, այլ հիրավի հպարտությամբ կարող ենք ասել, որ աշխարհիս երգչախմբերի զարդն են ոչ թե երկու հայ երգչուհի (ինչպես գիտեինք ցայսօր), այլ երեք: Եվ այդ երրորդը Լուսին Ամարան է՝ Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի գլխավոր մեներգչուհին, «մեր ժամանակի լավագույն լիրիկական սոպրանոն»…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
«Գրական թերթ», 10.12.1965 թ.:

%d bloggers like this: