Tag Archives: սոնետ

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

4 Հնվ

Ուրեմն՝ ատի՛ր, թե պիտի ատես, ատի՛ր հենց հիմա,
Հիմա, երբ աշխարհն հակառակվել է իմ արարքներին,
Ձեռք-ձեռքի տված հոռի բախտի հետ՝ ծնկի՛ր ինձ հիմա
Եվ մի՛ այցելիր՝ մխիթարելու իմ սիրտը կրկին:
Ա՜խ, պետք չէ՛, չգա՛ս, երբ անցած լինեն օրերս ցավոտ,
Ու չհայտնվես անցած-գնացած վշտի ետևից,
Իմ փոթորկաշունչ գիշերվան չտաս տամուկ առավոտ՝
Հետաձգելու իմ հոժարակամ վախճանը նորից:
Թե պիտի լքես, թո՛ղ որ չլինեմ երբեք վերջինը
Եվ չտառապեմ չնչին ցավերից ես գիշեր ու զօր.
Հենց հիմա՛ լքիր, որ չզգամ նրա ցավաբեր գինը,
Այլ միանգամի՛ց ճաշակեմ բախտի հարվածը հզոր,
Եվ այն վիշտը խոր, որ հիմա միայն ինձ թվում է վիշտ,
Քո կորստի հետ համեմատվելիս՝ կչքվի՜ ընդմիշտ:69063292_6

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

21 Մրտ

ՍՈՆԵՏ 121

Նախընտրելի է անպատիվ լինել, քան ենթադրվել,
Երբ չլինելով մարդ անպատվության ամոթն է կրում,
Երբ հաճույքն արդար ոչ թե սեփական հույսերն են մարել,
Այլ աչք ուրիշի, որ ուր էլ լինես, քեզ են հետևում:
Եվ ինչո՞ւ նրանց կեղծ ու վավաշոտ աչքերը տեսնեն
Զգացմունքներիս ուրախ ու կայտառ խաղերն անդադար.
Իմ թուլություններն ինչու ունենան մեղսոտ լրտեսներ,
Որոնց կարծիքով նվաստ է այն, ինչ վեհ է ինձ համար:
Ես այն եմ, ինչ կամ, իսկ նրանք, ովքեր փորձում են եղծել
Ամեն քայլը իմ, հաշվում են անթիվ մեղքերը իրենց:
Ես ուղիղ եմ միշտ, իսկ նրանց աստված ծուռ է ստեղծել-
Օ, նրանց պագշոտ մեղքերի կողքին չլինել անկեղծ.
Չարը քանի դեռ ապրում է ազատ, և չկա բարին,
Չարագործ մարդիկ սոսկ կտիրանան այս խեղճ աշխարհին:

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

27 Հկտ

ՍՈՆԵՏ 94
Նա, ով ուժ ունի չարիք գործելու, սակայն չի գործում,
Ով չի անում այն, ինչ մարդկանց համար զվարճալիք է,
Ով հուզում մարդկանց, բայց ինքը բնավ չի ալեկոծվում,
Այլ քարի նման անշարժ, սառնարյուն և անառիկ է,
Նա է իրավամբ ժառանգում երկնի շնորհներն հզոր,
Անպտղությունից ջատագովելով գանձը բնության,
Նա է իր դեմքի և իր էության տերն ամենազոր,
Մնացածները ծառաներն են իր գերազանցության:
Ամռան ծաղիկը անուշ բուրմունք է ամառվա համար,
Թեև իր համար` նա գիտի ապրել ու մեռնել անտես,
Սակայն երբ թոշնում և դառնում է նա մեղկ ու դալկահար,
Ամենազազիր մոլախոտն անգամ պերճ է թվում մեզ:
Զի չարաշահված քաղցրությունն այնպես դառն է ու անհաճ,
Թոշնած շուշանը զազրահոտ է, քան արոսը կանաչ:

Թարգմ. Ս. Մկրտչյան

ՊԵՏՐԱՐԿԱ

22 Հկտ

Սոնետ 47
Թող օրհնվի օրը, ամիսը, տարին,
Ժամը, վայրկյանը, պահը անմոռաց,
Եվ այն երկիրը, ուր մի օր հանկարծ
Մի զույգ հուր աչքեր ինձ թախիծ բերին:
Օրհնանք թող լինի քաղցր հույզերին,
Երբ ես սիրեցի այնպես կախարդված,
Եվ թող օրհնվի նիզակը նետված,
Ու մինչ սիրտ հասնող իմ վերքը խորին:
Թող ձայնն օրհնվի, որով ամեն օր,
Դոննա, ես ձեզ եմ կանչում ու լսում,
Թող օրհնվի իմ հառաչանքը խոր.
Իմ արցունքավոր երգերն այս բազում,
Ձեր փառքը, Դոննա, խոհերս բոլոր,
Սիրտս ուրիշին զիջել չի ուզում:

%d bloggers like this: