Tag Archives: Սոնա Ադամյան

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

9 Մյս

ՍԱ ԵՐԿԻՐ ՉԻ ՈՒ ՉԻ ԷԼ ԴԱՌՆԱ ՄՈՏԱԿԱ 50 ՏԱՐՈՒՄ

Ընտրություններն արդեն ավարտված են, ընտրակեղծիքներով թե ընտրակաշառքներով, դրանք արդեն իրողություն են: Թե որքանով էր կանխատեսելի ընտրությունների նման ընթացքը, որքանով էր այն մոտ ազատ, արդար կոչվելուն, կարծիքները տարբեր են: Գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանի համար ամենացավալին ոչ այնքան նախօրեին ընտրությունների արդյունքներն էին, որքան այն փաստը, որ «մենք վերջնականապես կորցրել ենք զարմանալու ընդունակությունը: Մեզ այլեւս ոչինչ անակնկալ չի թվում: Եվ սիրտս չի ցավում նրանց համար, ովքեր լվանում են իրենց ձեռքերն ու սպասում ջրհեղեղի: Եվ դառնություն չկա այն բանից, որ վաղը կլինի երեկվա պես: Եվ ափսոսանք չի հարուցում, որ դու ներկա ես այնքան, որքան բացակա ես: Եվ հավատը սոսկ 5 տառի համադրություն է: Եվ էջը ջնջելու ու ամեն բան նորից սկսելու հեռանկարից ոչ ոք չի փշաքաղվի: Ու հենց այս համատարած սառնության մեջ է մխրճվել-մնացել այն վերջին լուսավոր կետը, որից կառչելով, դեռ կարելի էր ինչ-որ բան փրկել: Ես հուսահատված չեմ: Միայն չեմ հասկանում, որ եթե հուսահատված չեմ, այդ դեպքում ի՞նչ պատահեց հույսին»:

Հեղինակ՝ Սոնա Ադամյան

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

10 Նյմ

ՏԱՐԱԾՔԸ՝ «FACEBOOK», ՌԵԺԻՄԸ` ONLINE

Հարցազրույց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

-Պարոն Չարխչյան, վիրտուալ տարածքում բավական ակտիվ եք, հատկապես ֆեյսբուքյան Ձեր էջում ակտիվորեն ներկայացնում եք համաշխարհային մշակույթի հետաքրքիր նմուշներ: Որքանո՞վ է Ձեզ հարազատ այս դաշտը:
— Երբ մեկ տարի առաջ գրանցվեցի «Ֆեյսբուքում», առաջին հայացքից ինձ սարսափեցրեց այն վիճակը, որ կար այնտեղ` էժանագին դրսեւորումներ, վուլգար երեւույթների առատություն, անգրագիտություն, ու երեւի հենց դա էլ ստիպեց մնալ, որովհետեւ երբ այդ ամենը տեսնում ես, ուզում ես անպայման դրան հակադարձող ինչ-որ քայլ անել, ասում ես՝ արի ես մի ուրիշ բան տեղադրեմ, թող իրենք տեսնեն, որ սրանից բացի սա էլ կա: Այսօր «Ֆեյսբուքն» ավելի մեծ լսարան ունի, քան հեռուստաընկերություններից շատերը: Ես մի ընկեր ունեի, հեռուստատեսությունում էր աշխատում, ասում էր՝ ես ավելի մեծ լսարան ունեմ, քան Քրիստոսը, զուտ մաթեմատիկական իմաստով ճիշտ էր: Հիմա էլ «Ֆեյսբուքը» նման մի հնարավորություն է դարձել, բայց շատ կարեւոր է, թե լսարանից բացի ասելիք ունե՞ս, եթե դրա անհրաժեշտությունը չկա, կարելի է ամիսներով, օրերով բան չտեղադրել՝ երկրագունդը փուլ չի գա: Բայց ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց պարտքն են համարում ամեն օր անպայման ինչ-որ գրառում թողնել: Բայց ինչի՞ համար, հո մրցավազք չէ՞, ո՞վ է ձեր հետեւից ընկել, հաջորդ օրը 10 հատ ասելիք կունենաս, 10-ն էլ կասես: Լույսը բացվում է, մեկ էլ տեսնում ես գռեհիկ մեկը հայհոյախառն իր հոգու ճիչն է արտահայտել ու դեռ մի բան էլ իր պարտքն է համարել կիսվել քո հետ:
— Այսօր գրողը, գրականությունը, անգամ ընթերցողն «օնլայն» են, ո՞նց եք նայում դրան:
— Պոեզիան, արձակը քիչ- քիչ տեղափոխվում են ինտերնետ տիրույթ, ես նույնիսկ գրողներ գիտեմ, որոնց մենակ այնտեղ եմ տեսնում: Մարդիկ կան, որոնք գրքեր չունեն եւ իրենց գործերը բացառապես այդ դաշտում են տպում: Ցանկացած բան, որը կարելի է օգտագործել մարդկանց ընթերցել տալու, գրագետ դարձնելու համար, արդեն լավ է: Բայց ես երբեք օնլայն գիրք չեմ կարդում, դա ինձ համար արարողություն է, ծիսակարգ: Ես երիտասարդ գրողներին միշտ ասում եմ՝ գրեք, դա լավագույն բանն է, որ կարող եք անել:
— Այսօր չե՞ք տեսնում այն վտանգը, որ յուրաքանչյուր մարդ «Ֆեյսբուքում» հավակնում է գրող լինել, հատկապես եթե մի 3 հազար ընկեր ունի, որոնցից 300-ը լայք կտան, մի 30-ն էլ քոմենթ կթողնեն:
— Ես մի պահ փորձեցի պատկերացնել, թե Գրիգոր Նարեկացուն իր ժամանակ ոնց էին լայք անում, ու ոչ մի կերպ չպատկերացրեցի: Եթե դու գրող ես, խելացի մարդ, ապա քո արժեքը լայքերի թվաքանակի մեջ չի, դրանք վայրկենական խնդության պահեր են, որին անմիջապես հաջորդելու է խորը հիասթափությունը, երբ կհանդիպես խելացի մեկին, որը կասի` այ անգրագետ, ախր գրականությունը քո ի՞նչ խելքի բանն է: Ես, օրինակ, չեմ պատկերացնում՝ Վիկտոր Համբարձումյանը կհանդուրժե՞ր, որ մեկը «Ֆեյսբուքում» դատողություններ աներ գալակտիկաների կամ միգամածությունների մասին, կդնեին-կսատկացնեին՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով:
— Սկզբում Ձեր էջում տեղադրում էիք փոքրիկ բանաստեղծություններ, պատմություններ, վերջին շրջանում՝ նաեւ արձանների ֆոտոներ, ինչ-որ տրամաբանություն կա՞, թե՞ այն, ինչ Ձեզ հետաքրքրում է, մյուսներին էլ կհետաքրքրի:
— Սովորաբար եթե ինչ-որ բան տեսնում եմ, կարդում, որն ինձ դուր է գալիս, մտածում եմ, որ գուցե գտնվի մեկը, որին էլ դուր կգա, ու այդ ամենը տեղադրում եմ իմ էջում, նույնն էլ արձանների դեպքում: Այս տարիների ընթացքում մոտ 400 հետաքրքիր արձանների ֆոտոներ եմ հավաքել: Նույնիսկ ինձ մի քանիսը գրել էին, թե՝ ի՞նչ կլինի ասեք, ո՞ր կայք-էջում են այդ արձանները դրված, բայց դրանք լրիվ պատահական ձեւով են հավաքվել: «Գուգլով» ինչ-որ բան եմ փնտրում, դա ինձ հետաքրքրում է, հանում-թղթապանակի մեջ եմ գցում: Հիմա դնում եմ նաեւ «Ֆեյսբուքում», որ մարդիկ տեսնեն՝ կա քանդակագործության նաեւ այս տեսակը: Մի մասին դուր է գալիս, մի մասին՝ չէ, օրինակ այս օրվա նապաստակի արձանը մարդկանց մի մասին դուր չէր եկել, ու զարմանալին այն է, որ երբ դուր չի գալիս, իրենք ինձ հետ զրուցում են այնպես, որ կարծես ես եմ դա քանդակել: Ստիպված՝ չեմ արձագանքում: Այն, ինչ որ տեղադրում եմ, արվեստի իմաստով բոլորովին էլ լավ արձաններ չեն, պարզապես սարսափելի անմիջական են. դա է գրավում:
— Իսկ այդ անմիջականությամբ արձաններ չկա՞ն մեզ մոտ` Երեւանում, որ Ձեր էջում տեղադրելով, կգրավեն էլի շատերի ուշադրությունը:
— Նախ այդ արձանները բոլորին ծանոթ են, ու որեւէ նոր բան չես բացահայտի դրանք տեղադրելով, հետո էլ ուզում եմ ասել, որ՝ այ քանդակագործներ, մի քիչ էլ ուրիշ կերպ մտածեք, տեսեք ինչ հետաքրքիր լուծումներ են գտնում մարդիկ, չի կարելի անընդհատ նույն ստանդարտ ձեւով՝ Անդրանիկ Զորավար, Գեւորգ Չաուշ, բոլորը դեմքի նույն արտահայտությամբ, նույն դիրքով, ինչի՞ եք տանջամահ անում, իսկ դա երեւակայության պակասից է գալիս: Օրինակ բիզոնների որսի քանդակում մարդիկ հատուկ ձոր են ստեղծել, լանդշաֆտն են փոփոխել, որպեսզի արձանը դիտվի, իսկ մենք արձանը համապատասխանեցնում ենք այն տեղին, որտեղ մեզ հարմար է: Հետո մերոնք մի ուրիշ հակում էլ ունեն. իրենց թվում է, թե քաղաքի արձաններն օտարների համար են, բա մե՞նք…
— Մեզ մոտ կարծես մահարձաններն էլ ավելի շատ են:
— Ոչ միայն, մեզ մոտ նաեւ մահացածներին էլ են ավելի շատ սիրում, քան կենդանիներին: Մահարձաններն էլ դրա օրգանական շարունակությունն են դառնում:
— «Ֆեյսբուքն» այսօր նաեւ թիմային խմբավորումների է բաժանվել` «ով իմ խմբից չէ, ինձ դեմ է» տրամաբանությամբ:
— Ինչ-որ չափով այսօր «Ֆեյսբուքը» նաեւ հասարակության հայելին է, այնտեղ շատ լավ արտացոլվում են այդ բաժանարար գծերը, «հակա»-ներն ու «ընդդեմ»-ները: Դա սարսափելի բան է, առավել եւս, երբ դու մարդկանց ճանաչում ես ու գիտես, որ այսինչ այսինչյանն ու այնինչ այնինչյանն ընդամենը մի քանի տարի առաջ ջերմ հարաբերությունների մեջ էին, բայց հանկարծ ինչ-որ կասկածելի գաղափարներ եկան ու նրանց իրարից հեռացրին, այսինքն՝ մարդկային հարաբերություններն իրենց տեղը զիջեցին աննյութեղեն, մածուցիկ բաների, որոնք կոչվում են քաղաքական հոսանքներ, ընդդիմություն, դիմություն: Դա սպանիչ բան է, բայց երբ թափանցում է մշակույթ, վերածվում է աղետի, գոնե մի դաշտ պիտի լինի՞, որտեղ ձեռք չի կարելի տալ: «Ֆեյսբուքը» մարդկանց կարծիքներ արտահայտելու հարթակ է տալիս, բայց մյուս կողմից էլ ով ասես ինչ ասես ասում է ու հետո շեշտում, որ դա իր իրավունքն է Սահմանադրությամբ ամրագրված, բայց ո՞ր Սահմանադրությունն է ամրագրում սուտ, կեղծ, հայհոյախառն խոսքի իրավունքը, այսինքն՝ այդ ազատ խոսքը բոլորովին էլ այդ ազատ խոսքը չի:
— Ֆեյսբուքյան քննարկումների չեք մասնակցում, ինչո՞ւ:
— Որովհետեւ չեմ կարծում, որ դա այն դաշտն է, որտեղ պետք է քննարկումներ ծավալել: Զրուցելիս մարդու աչքերին պիտի նայես, հայացքը տեսնես, իսկ այդ վիրտուալ տարածքն ինձ խորթ է քննարկումների իմաստով: Թեմաներ կան, որ պետք չի «Ֆեյսբուք» տեղափոխել, որովհետեւ այնպիսի մարդիկ կարող են իրենց քիթը խոթել ու կարծիքներ հայտնել, որոնք դիլետանտ են, էլ չասեմ, որ շատերը հանդես են գալիս ոչ իրենց անվամբ եւ ոչ իրենց նկարով: «Ֆեյսբուքը» պետք է օգտագործել այնքան, ինչքան որ ինքն արժե:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

%d bloggers like this: