Tag Archives: Սմերչ

Զորահանդեսի «մեսիջները»

22 Սպտ

Անկախության օրվա զորահանդեսի ավարտից անմիջապես հետո որոշ ռազմական մասնագետներ կոչ արեցին վերլուծաբաններին ու լրագրողներին՝ ձեռնպահ մնալ հայկական ու ադրբեջանական բանակների համեմատությունից, քանի որ մեր զորահանդեսի նպատակն ինչ-որ բաներ ապացուցելը չէր, և ոչ էլ այդ շքերթը հակառակորդի քայլերին համարժեք պատասխանելու միջոցառում էր: Սակայն որքան էլ փորձենք անսալ այս հորդորին, զուգահեռներ անցկացնելու պահանջը թելադրվում է ինքնաբերաբար: Սրա հետ մեկտեղ պետք է նաև նկատել, որ եթե տեսածի արտաքին ներգործությունը շատերի համար բավարար էր, ապա սպառազինության ու ռազմական տեխնիկայի որակական հատկանիշները գնահատելու կարողությամբ օժտված մարդկանց նեղ շրջանակում ամեն բան ներկայանում էր միանգամայն այլ չափանիշներով: Եվ հենց այդ կրիտերիաներով առաջնորդվելու և դրանցից բխող տարբերակումների մեջ էլ թաքնված էին այն հիմնական հարցերի պատասխանները, որոնք վաղ թե ուշ պիտի տրվեին:
Մի կողմ թողնելով գեղագիտական տպավորությունները, ինչը հանրությունը լիուլի ստացավ այս՝ թվով հինգերորդ զորահանդեսից, որին մասնակցում էին 4 000 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա, նախ անհրաժեշտ է փաստել հետևյալը. զորահանդեսը բացառիկ էր նրանով, որ Հայաստանն առաջին անգամ հարձակողական զինատեսակներ ցուցադրեց: Իսկ այդպիսի միջոցների առկայությունն ինքնին հուշում է զինուժի առջև դրված մարտավարական խնդիրների ուղղվածությունը՝ դրա հետ մեկտեղ ցրելով այն մտայնությունը, թե Հայաստանը որդեգրել է սոսկ պաշտպանողական ռազմավարություն: Զորահանդեսի ժամանակ այնտեղ գտնվողներն անշուշտ նկատեցին, որ երբ հրապարակ մտան այնպիսի զինատեսակներ, որոնք իրենց հեռահարությամբ հասանելի են հակառակորդի բոլոր նշանակետերին, հրավիրված հյուրերի և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների օթյակում կտրուկ ավելացան տեսանկարահանում կատարող բջջային հեռախոսները: Իսկ տեսնելու և ֆիքսելու առիթներն իսկապես քիչ չէին:
Բարձրախոսերը մեկը մյուսի ետևից հաղորդում էին դրանց անունները՝ «Շումից» և 2ԿԱ-Ա-02 համակարգեր, հայրենական ռազմարդյունաբերական համալիրի արտադրության անօդաչու թռչող սարքեր, 122 ու 152 մմ տրամաչափի շարժական հրետանային կայանքներ, «Կոնկուրս» համալիրներ, ՏԵ-12 թնդանոթներ, համազարկային հրանոթներ, Դ-30, Դ-20 և 2Ա36 թնդանոթներ, ՄՄ-21 համալիրներ, WM -80 համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ, ՕՍԱ-ԱԿԱ համալիրներ, С-125 համալիրներ, «Կրուգ»» զենիթա-հրթիռային կայանքներ, և վերջապես հանրահայտ C-300 զենիթահրթիռային համալիրները: Սա ընդամենը մի մասն է այն ամբողջի, որ հաջորդաբար ցուցադրվեց երեկ: Բայց մենք այդ ընդարձակ ցանկից կառանձնացնենք երկու զինատեսակներ, որոնց կարելի է ընդգրկել մատուցված անակնկալների շարքում:
Նախ և առաջ խոսքը «9 K 72» կամ «Սքաթ» տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրների մասին է: Հենց միայն դրանք արդեն իսկ ընդունակ են լուրջ ազդեցություն թողնել տարածաշրջանային անվտանգության և ուժային հարաբերակցության վրա: Բայց դա դեռ բոլորը չէ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նույնպես իր զինանոցում ունի այդ հրթիռներից: Միայն թե հակառակորդի մարտագլխիկներն ընդունակ են հաղթահարելու առավելագույնը 120 կիլոմետր տարածություն, մինչդեռ հայ մասնագետների շնորհիվ «Սքաթ»-ը արդիականացվել է մեր հանրապետությունում՝ էականորեն ավելացնելով իր մարտական հնարավորությունները: Բավական է միայն ասել, որ այժմ դրանք կարող են ճշգրտորեն ոչնչացնել մինչև 300 կմ հեռավորության վրա տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտներ, եթե նույնիսկ դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում: Սա բացառիկ դեպք է միջազգային պրակտիկայում: Բացառիկ նաև այն իմաստով, որ այդպիսի բարդ խնդիր կարողացել է իրականություն դարձնել Հայաստանի նման փոքր երկիրը:
Հաջորդ անակնկալները դարձան զորահանդեսին առաջին անգամ ցուցադրված «Տոչկա-ՈՒ» հրթիռները: Վերջիններս նույնպես ունեն բավական բարձր հնարավորություններ՝ խոցելու թշնամու նշանակետերը: Հրապարակ չբերվեցին, սակայն հայտարարվեց, որ մեր զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված են նոր ծանր համազարկային այնպիսի համալիրներ, ինչպիսիք են «Սմերչն» ու «Ուրագանը»: Իսկ եթե ասվածը համադրենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանում արդյունավետ հիմքերի վրա է դրված անօդաչու ինքնաթիռների արտադրությունը, ապա սա արդեն լուրջ ազդակ է այն բանի, որ թշնամու հենակետերը նրա տարածքի խորքում խոցելը ձեռք է բերում մեծ հավանականություն:
Զորահանդեսի իրական ներգործության մասին դատելու համար լիովին բավարար է վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի պահվածն ու հակազդեցությունը: Դա ոչ թե լռություն է կամ զգույշ արձագանք, այլ ակնհայտ շփոթմունք, որից ձերբազատվելու համար միայն հոխորտանքներն այլևս բավարար չեն: Երկար ժամանակ մեր մարտատենչ հարևաննների գլխավոր փաստարկն այն էր, որ Հայաստանի դեմ իրենք վարելու են դիստանցիոն պատերազմ և ունեն այդ նպատակին ծառայեցվող սպառազինությունը: Իսկ այսօր միայն «Տոչկա» և «Սքաթ» համալիրները ընդունակ են ցրելու նրանց խաբուսիկ պատկերացումները և ստեղծել ուժերի հարաբերակցությունը վերանայելու անհրաժեշտություն: Թերևս սա էր երեկվա զորահանդեսի գլխավոր «մեսիջներից» մեկը:
Իբրև վերջին սփոփանք, ադրբեջանական լրատվամիջոցները՝ խեղաթյուրելով «Ռեգնիում» գործակալության նյութերը, սկսեցին կրկնել այն միտքը, որ իրենք գերազանցում են օդուժի հնարավորություններով, ինչին հայկական կողմն արձագանքեց, որ մենք դեռևս նրանց հետ այդ ոլորտում մրցակցելու խնդիր չենք դրել, բայց եթե նման խնդիր լինի, չի բացառվում, որ Հայաստանը ամենամոտ ապագայում ձեռք բերի մեծ թվով կործանիչներ:
Մի դրվագ ևս, որը շրջանցելն անհնար է: Խոսքը շքերթին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտիկների մասնակցության փաստի մասին է: Այս առթիվ բոլորից լավ արձագանքեց Segodnia.ru կայքէջը՝ իր վերլուծականում գրելով. «Ամեն ինչ դեռ նոր է սկսում, սակայն վստահաբար կարելի է սպասել Բաքվի ուժգին հիստերիային: Այդպես, Երևանի Հանրապետության հրապարակում հնչած ռուսական եռակի «ուռա»-ն արդեն իսկ մեծ հակազդեցություն է հարուցել փորձագետների, քաղաքագետների և ադրբեջանցի զանազան այլ սրտացավ քաղաքացիների շրջանում: Առայժմ՝ դեռ Հայաստանի ուղղությամբ: Սակայն բացառված չէ, որ…»:
Կախման կետերով ավարտված այս մտքի ավարտն այնքան էլ դժվար չէ կռահել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: