Tag Archives: սիրտ

ԴՈՒ ԿՈՏՐՈՒՄ ԵՍ ՍԻՐՏՍ

23 Օգս

Երբ որևէ մեկը հարազատի է կորցնում կամ խորը հիասթափություն է ապրում, նրա մասին ասում են` «սիրտը կոտրված է»: Թվում է` սա ընդամենը պատկերավոր արտահայտություն է: Սակայն բժշկությունը հակառակն է պնդում: Պարզվում է, որ սիրտն իրոք կարող է կոտրվել բառացի իմաստով: Ուժգին հուզական ապրումները կարող են հարուցել սթրեսային կարդիոմիոպատիա կամ «կոտրված սրտի սինդրոմ», ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել սրտի սուր անբավարարվածության ու սրտախորշի պատի պատռվածքի: Այնպես որ, սրտեր փշրելիս մտածեք հետևանքների մասին:

Broken-Heart-3

ՍՐՏԻ ՈՒ ՄՏՔԻ ՁԱՅՆԵՐԸ

17 Դկտ

Մի աղջիկ գնաց իմաստունի մոտ խորհուրդ հարցնելու:
— Իմ ձեռքը խնդրում են երկու երիտասարդ,- ասաց նա:- Ես չգիտեմ, թե ինչպես վարվել: Սրտիս ձայնը հուշում է մեկին, իսկ միտքս մյուսին է ընտրում:
— Լսիր սրտիդ ձայնին,- ասաց իմաստունը:- Այդ դեպքում եթե նույնիսկ բաժանվես նրանից, միշտ էլ հիացմունքով կարող ես ասել՝ «Ես սիրել եմ նրան», և ոչ թե խորը հիասթափությամբ կխոստովանես. «Ինչ հիմարն եմ եղել…»:70131284_4715354_4bbc23f

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԻՐՏԸ

19 Փտր

1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ?????

ԼՈՐԵՆՍ ԴԱՐԵԼ

4 Հնվ

Ո՞վ է, գրողը տանի, հորինել մարդկային սիրտը: Ասացեք ինձ, իսկ հետո ցույց տվեք այն տեղը, որտեղ նրան` հորինողին կախաղան բարձրացրին: Դժվար է հակառակել սրտի ցանկությանը: Եթե նա ինչ-որ բան շատ է ուզում, ապա, միևնույն է, ձեռք կբերի և դրա դիմաց կվճարի հոգով:85203278_serdce

ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ

22 Ապր

Ամենաճիշտ նախադրյալներից մարդիկ հաճախ անում են ամենասխալ եզրակացությունները: Սիրտը նույնպես խաբում է, ինչպես և բանականությունը, նրա մոլորությունները ոչ պակաս կորստաբեր են, բայց նրանցից ազատվելն ավելի դժվար է` նրանց հետ կապված ցավի պատճառով: Չկան երևակայական դժբախտություններ: Բոլոր դժբախտություններն իրական են, եթե տառապում ես նրանցով: Երևակայական վիշտը ճշմարիտ վիշտ է: Երևակայությունը զգայուն մարդուն դարձնում է արվեստագետ, իսկ խիզախին` հերոս: Կարողացեք տառապել: Ով տառապում է գիտենալով, նա ավելի քիչ է տառապում: Միայն սիրտն է ընդունակ իր երազներն արգասավորելու: Սիրտը կարող է միտք ավելացնել, բայց միտքը չի կարող սիրտ ավելացնել: Առողջ միտքը հազվադեպ է զուգորդվում միջակ բնավորության և ավելի հազվադեպ` բարձր խելքի հետ: Կարելի է կասկածել ամեն բանում, սակայն կյանքի պայմանները դրանից չեն փոխվի: Ոչ թե բանականությունն է կործանարար մարդու համար, այլ բանականության սխալները: Մարդը եկել է երկիր վերջինը, նա միայն երեկ է ծնվել: Դրա համար չի կարելի պահանջել, որ նա լինի չափազանց խելամիտ: Ժամանակը միշտ պիտի հարգի ու պաշտպանի այն, ինչ ամուր է, բայց և պիտի փոշի դարձնի այն, ինչ անկայուն դուրս կգա:

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

30 Մրտ

ՍԻՐՏԸ

Նա նամակ ստացավ ամուսնուց, որ չէր սիրում նրան և լքել էր: Նամակը եկավ հեռվից, նրա հեռանալուց երկու տարի անց: Նա գրում էր. «Երեխային թույլ մի տուր գնդակ խաղալ, նրա հարվածները հասնում են ինձ և խփում իմ սրտին»:
Կինն իր իննամյա աղջկա ձեռքից վերցրեց գնդակը:
Ամուսնուց նորից նամակ եկավ: Էլ ավելի հեռու տեղից: «Թող աղջիկը,- գրում է նա,- կաշվե կոշիկներով դպրոց գնա: Նրա ոտքերի դոփյունը հասնում է ինձ և ինձ այնպես է թվում, կարծես տրորում են իմ սիրտը»: Կինն աղջկան կաշվե կոշիկների փոխարեն տվեց փափուկ նրբաթաղիքե կոշիկներ: Աղջիկը լաց էր լինում, և ամեն ինչ վերջացավ նրանով, որ նա այլևս դպրոց չգնաց:
Երկրորդ նամակից մի ամիս անց ամուսինն ուղարկեց ևս մեկը: Ձեռագիրն անհարթ էր, անվստահ ու ծերունական:
Նա գրում էր. «Աղջկան ճենապակե խոր ամանով ճաշ մի տուր: Այդ սպասքի զնգոցը հասնում է ինձ և կտրատում իմ սիրտը»:
Եվ կինն սկսեց աղջկան կերակրել ինչպես երեք տարեկան երեխայի` փայտե կերակրաձողիկներով: Նա հիշեց այն ժամանակները, երբ աղջիկը երեք տարեկան էր, իսկ ամուսինը` ուրախ ու գոհ, դեռ ապրում էր իրենց հետ:
Նրան չհարցնելով, աղջիկը մի անգամ մոտեցավ պահարանիկին ու վերցրեց իր խոր ճաշամանը: Մայրն աղջկա ձեռքից արագ խլեց ճենապակե խոր ճաշամանը ու նետեց այգի: Վերջինս զարկվեց սալարկված քարերով ճանապարհին ու փշուր-փշուր եղավ: Հոնքերը կիտելով` նա դուրս նետեց նաև իր ամանը. լսվեց նույնպիսի մի ձայն: Իսկ գուցե ամուսնու սիրտը հիմա փշուր-փշուր եղավ:
Նա դեն նետեց նաև ճաշի սեղանիկը, որը նույնպես դուրս թռավ այգի: Օ, այդ ձայնը: Խենթի պես նա նետվեց դեպի թղթե շարժական միջնորմը, սկսեց թակել այն բռունցքներով և պատռելով այն իր մարմնի ծանրությամբ` ընկավ հատակին:
— Մայ-րիկ,- լալով մոտ վազեց աղջիկը,- մայ-րիկ…
Նա մի փոքր բարձրացավ և ապտակեց աղջկան:
— Դու լսու՞մ ես, լսու՞մ ես այդ ձայնը, անպետք աղջիկ:
Ամուսինը նորից նամակ ուղարկեց:
Այն ուղարկված էր նոր ու էլ ավելի հեռու տեղից:
Ամուսինը գրում էր. «Դուք այլևս չպետք է ծպտուն հանեք: Դուք չպետք է բացեք և փակեք դռներն ու սյոձիները: Դուք չպետք է լարեք ժամացույցը, որպեսզի չլսվի նրա տկտկոցը: Դուք չպետք է շնչեք…»:
— Դուք չպետք է… դուք չպետք է…,- շշնջում էր կինը, և արցունքներն առվակի պես հոսում էին նրա այտերով:
Եվ տանն սկսեց այլևս ոչ մի ձայն չլսվել: Մի խոսքով, մայր ու աղջիկ մահացան: Բայց որքան էլ տարօրինակ է, բարձի վրա մահացած կնոջ դեմքի կողքին նաև նրա մահացած ամուսնու դեմքն էր:

ՎԻՍԼԱՎԱ ՇԻՄԲՈՐՍԿԱՅԱ

6 Փտր

ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ

Կարող էր կատարվել:
Պիտի որ կատարվեր:
Կատարվեր շուտ: Ուշ:
Մոտակայքում: Հեռվում:

Կատարվել է, բայց ոչ քեզ հետ:
Ազատվեց, քանզի առաջինն էր:
Ազատվեց, քանզի վերջինն էր:
Քանզի ինքն էր: Քանզի ժողովուրդն էր:
Քանզի անձրևն էր եկել: Քանզի ստվեր էր ընկել:
Քանզի եղանակն արևային էր:

Բարեբախտաբար, շուրջը անտառ էր:
Բարեբախտաբար, չկար ոչ մի ծառ:
Բարեբախտաբար` երկաթգիծ, հեծան, արգելակ,
խոռոչ, շրջադարձ, միլիմետր, ակնթարթ…
Բարեբախտաբար, ձողիկը լողում էր ջրի երեսին:

Արդյունքում քանի որ, չնայած, և, սակայն:
Դժվար է ասել, եթե ձեռքը, ոտքը,
մի քայլի վրա, մի մազից կախված,
հանգամանքների բերումով:
Եվ այսպես` գոյություն ունե՞ս:
Խնայված մի ակնթարթո՞վ:
Ուռկանը միակն էր, և դու` նրա մեջ էի՞ր:
Չեմ կարող հիանալ, լռել այդ մասին:
Լսիր,
թե ինձ համար
ինչպես է տրոփում քո սիրտը:

ԹԱՍՈՍ ԼԻՎԱԴԻՏԻՍ

21 Դկտ

ՍՐՏԻՍ ՆՇԱՆ ՉԲՌՆԵՍ
Իմ եղբայր ժամապահ,
Իմ եղբայր ժամապահ,
Ձյան վրա ճռռացող քո քայլերն եմ լսում,
Քո ցուրտ հազն եմ լսում ես դրսից:
Իմ եղբայր, քեզ գիտեմ, ճանաչում եմ ես քեզ,
Եվ դու ինձ ճանաչում ես նույնպես:
Ես գրազ եմ գալիս, քո կրծքի գրպանում
Աղջկա մի նկար կա պահած,
Քո կրծքի աջ կողմում, ես գրազ եմ գալիս,
Սիրտ կա դեռ…

Լավ հիշիր,
Մանկական տետրիդ մեջ
Նկարում էիր դու սլացող ծիծառներ,
Եվ տենչում էի ես միշտ քայլել քո կողքով:
Ճակատիդ ճերմակին է տալիս այն սպին,
Որ, ավաղ, պարսատիկս է թողել,
Եվ արցունքդ է պահում թաշկինակն իմ փոքրիկ:
Մեր բակի անկյունում տոնօրյա կոշիկներդ են ընկած,
Իսկ պատին չեն խամրել
Երազներն իմ ու քո` նկարված կավիճով:

Մայրը քո վարչատան սանդուղքներն է ավլում
Եվ ամեն երեկո փայտածուխ է գնում իմ հորից:
Մեկմեկու աչքերի մեջ նայում
Ու ժպտում են նրանք:
Իսկ դու քո հրացանն ես լցնում,
Որ սրտիս կրակես:
Մանկական այն հայացքդ հիմա սաղավարտն է փակում,
Մանկական այն ձեռքերդ հիմա
Մետաղի պաղ ոստեր են դարձել:
Եվ հյուծված ենք այնպես ես ու դու ժպտալու ծարավից
Եվ քաղցից` մի պատառ անվրդով քնելու…

Ձյան վրա քո պայտած կոշիկներն են ճռռում:
Դու շուտով կգնաս քնելու:
Բարի քուն, տարաբախտ իմ եղբայր:
Բայց եթե երկնքում մի աստղ նշմարես,
Իմացիր, այդ ես քեզ եմ հիշում:
Եվ գիտեմ, երբ դնես հրացանդ մի կողմ,
Դու նորից ճնճղուկ կդառնաս:

Իսկ երբ տան հրաման, որ դու ինձ սպանես,
Կատարիր,
Բայց սրտիս չբռնես դու նշան…
Սրտիս մեջ,
Խորքերում
Մանկական քո այն դեմքն է պահված:
Վախենում եմ, եղբայր, որ այդ դեմքն արնոտես:

Թարգմ. Վահագն Դավթյան

ԷԴԳԱՐ ՊՈ

2 Նյմ

Եթե որևէ փառասեր մարդ ցանկություն ունի մեկ հարվածով հեղափոխել մարդկային մտքի, կարծիքի և զգացմունքի ողջ աշխարհը, ապա հնարավորությունն իր ձեռքում է. ճանապարհը դեպի անմահ փառք ուղիղ է, բայց ոչ անխոչընդոտ: Հարկավոր է ընդամենը գրել ու հրատարակել շատ փոքրիկ մի գրքույկ: Վերնագիրը շատ պարզ է, մի քանի հասարակ բառ. : Բայց գրքույկը պիտի հավատարիմ լինի իր վերնագրին:
Սակայն` խիստ արտառոց վիճակ. հանրահայտության մոլի ծարավի առկայությամբ, որ բնորոշ է մարդկանց մեծ մասին, նաև շատ-շատերին, ում փույթն էլ չէ, թե իրենց մասին ինչ կմտածեն մահվանից հետո, չի գտնվում մեկը, որ բավականաչափ քաջություն ունենա գրելու այս պստլիկ գրքույկը: Գրելու, ասում եմ: Բյուր մարդկանց, գիրքը գրվելուց հետո, ծիծաղելի կթվար այն միտքը, թե կյանքի օրոք դրա հրատարակումն անհանգստություն կպատճառի իրենց, և նրանք ոչ մի առարկություն չէին ունենա մահվանից հետո դրա տպագրվելու դեմ: Բայց դժվարը գրելն է: Ոչ ոք չի համարձակվում գրել: Ոչ ոք երբեք չի համարձակվի գրել: Ոչ ոք չէր էլ կարողանա գրել, եթե անգամ համարձակվեր: Կրակոտ գրչի յուրաքանչյուր հպումից թուղթը կկնճռոտվեր ու կբոցավառվեր:

* * *
Օրական երեք-չորս անգամ սրիկային ասեք, թե ինքը ազնվության տիպար է, և միանգամայն լրջորեն, նրան կդարձնեք առնվազն մարդ: Իսկ, ընդհակառակը, ազնիվ մարդուն համառորեն ու հետևողականորեն մեղադրեք չարագործ լինելու մեջ, և նրան կլցնեք կամակոր մի տենչով` ապացուցել, որ այնքան էլ չեք սխալվում:

Թարգմ. Շուշանիկ Ավագյան

%d bloggers like this: