Tag Archives: Սիրիա

Շղթայական ռեակցիա

30 Դկտ

Եթե փորձենք մի բառակապակցությամբ բնորոշել այն, ինչ կատարվեց Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետ, ապա պիտի դա անվանենք ոչ այլ կերպ, քան շղթայական ռեակցիա: Այս դեպքում խոսքը միայն իրադարձությանը հաջորդած արձագանքների մասին չէ և ոչ էլ նույնիսկ նրա, որ Իսրայելն իր հերթին խորհրդարանի հանձնաժողովներից մեկում քննության դրեց 1915 թվականի ողբերգությանը առնչվող փաստաթղթի նախագիծը: Շատ ավելի անսպասելի և, կարելի է ասել, չնախատեսված արձագանքներ հաջորդեցին ֆրանսիացիների քայլին, որոնք հետաքրքիր խորհրդածությունների տեղիք են տալիս: Սրանց շարքում առանձնապես զարմանալի էր բոսնիացի սերբերի քաղաքական առաջնորդ Միլորառ Դոդիկի հայտարարությունը, համաձայն որի իրենք մտադիր են օրենքով արգելել Բոսնիայում Հայոց ցեղասպանության ժխտումը: Բոսնիայի և Հերցոգովինայի սերբերով բնակեցված տարածքները ղեկավարող անձը խոստացավ, որ իր կուսակցությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Այս դեպքում խիստ հատկանշական էր Դոդիկի հիմնավորումը, ինչը թույլ է տալիս գոնե մասամբ հասկանալ նրա մտադրությունների ուղղվածությունը: Վերջինս ասել էր. «Մենք ցանկանում ենք մտնել քաղաքակիրթ երկրների շարքը, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մոտ օրերս մենք օրինագիծ կներկայացնենք կենտրոնական խորհրդարանի քննարկմանը»:
Ներկայացնելով Ցեղասպանության ճանաչումն իբրև քաղաքակրթվածության դրսևորում, սերբերի առաջնորդը կամա թե ակամա էական որակական առանձնահատկություն է հաղորդում խնդրին, որը մինչ այժմ մշտապես դիտարկվել էր քաղաքական, իրավական կամ բարոյական հարթությունների վրա: Սրա հետ մեկտեղ պետք չէ նաև մոռանալ, որ ժամանակին ՄԱԿ-ի միջազդային դատարանի որոշմամբ Սրեբրենիցա քաղաքում 1995-ի հուլիսի 11-ին տեղի ունեցած դեպքերը որակվել են որպես ցեղասպանություն, այդ իսկ պատճառով Դոդիկի նախաձեռնությունը պետք է գնահատել նաև այս տեսանկյունից՝ թե որպես հակադարձման քայլ, թե որպես նույնականացումը ժխտող մարտահրավեր:
Հաջորդ անակնկալը եկավ շատ ավելի հեռվից: Հայաստան այցելած Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ Ուոլթ Սեքորդը, ով նաև Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահն է, իր ուղևորության գլխավոր նպատակներից մեկն էր համարել տեղում ծանոթանալ պատմական իրողությունների փաստարկումներին: Հանդիպումների ժամանակ նա կրկնում էր, թե շատ է լսել ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի պատմության, նրա մշակույթի ու ժողովրդավարական երկիր կառուցելուն միտված ներկա գործընթացների մասին, բայց որոշել է ամեն ինչ իր աչքերով տեսնել: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացներին` պատգամավորը նշում էր, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: Սեքորդը նաև այցելեց ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր` իր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Թերևս սխալված չենք լինի, եթե նրա առաքելությունը որակենք իբրև «հետախուզական», ինչին կարող են հաջորդել նաև գործնական քայլերն ու որոշումները: Ամեն պարագայում, առաջին հայացքից մասնավոր վերաբերմունքի այս արտահայտությունը իր խորքում ընդգրկում է այն էական տեղաշարժի նախանշանները, որոնք կարող են վարակիչ լինել:
Շաբաթվա երրորդ արձագանքը ստացվեց Սիրիայից: Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մամուն Հարիրին բոլորովին անսպասելի ու խիստ կտրուկ մի հայտարարություն արեց, որի բուն ասելիքն այս էր. «Թուրքիան ետ կանգնեց իր սկզբունքներից և տրվեց Արևմուտքի շանտաժին, սակայն Սիրիան չի ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը սոսկ միայն ի հակառակ Անկարայի, այլ Սիրիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը իր համոզմունքների հիման վրա և այն ժամանակ, երբ հիմնավորապես կուսումնասիրի այդ իրադարձության բոլոր մանրամասները»: Առաջին միտքը, որ կարող է հաջորդել այս կարգի բուռն ելույթին, այն է, որ Սիրիան նույնպես պատրաստվում է անցնել Իսրայելի ճանապարհով: Այդ երկիրը հրեական պետության պես մինչև վերջին ժամանակներս բարձր մակարդակի հարաբերություններ էր պահպանում Թուրքիայի հետ: Բայց բավական էր, որ ջերմության փոխարեն վրա հասներ «սառցային ժամանակաշրջանը», և սիրիացիներն անմիջապես հիշեցին հայկական ողբերգության, այդ փաստը թուրքերի դեմ պատժիչ գործիքի վերածելու անհրաժեշտության մասին: «Մենք խնդիրներ ունեինք Օսմանյան կայսրության, այլ ոչ թե Էրդողանի կառավարության հետ, ահա թե ինչու Թուրքիայի նման անարդար վարքագիծը մեզ անակնկալի բերեց: Մենք հուսով էինք, որ Թուրքիայի դիրքորոշումն արդար կլիներ, բայց նա ապաստարան տվեց նույնիսկ ահաբեկիչներին: Չեմ կարծում, որ մեր հարաբերությունները կարող են հեշտությամբ նախկին մակարդակին վերադառնալ»,- խոստովանեց Հարիրին՝ նույնիսկ փորձ չանելով թաքցնել, թե ինչու են մտադիր անդրադառնալ Հայոց ցեղասպանության հարցին:
Հայաստանում այս բոլոր միտումներին նայում են ընդգծված ըմբռնումով: Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր, կազմակերպություն կամ անհատ այսպես թե այնպես իր դրդապատճառներն ու համոզմունքներն է ունենալու: Մենք էլ, իհարկե, կարող ենք առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով և հայտարարել, թե մեզ համար միևնույն է՝ ով ինչ պատճառով կճանաչի, միայն թե դա տեղի ունենա: Սակայն այսպիսի մոտեցումը հազիվ թե որևէ լավ բան խոստանա, քանի որ ինչ-որ ժամանակ, երբ այս փոփոխական աշխարհում ժամանակի անիվը կսկսի գլորվել ոչ այնքան ցանկալի ուղղությամբ, այդ «արդարացված միջոցները» կդառնան ոչ միայն կասկածելի ու խոցելի, այլև հարվածի տակ կդնեն հենց մեր իսկ արդար պահանջներն ու պատմության ճշմարտացիությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Սիրիա. եռման կետ

18 Նյմ

Ութ ամիս շարունակ Սիրիայում շիկացող իրավիճակը հետզհետե մոտենում է իր եռման կետին: Վերջին մեկ շաբաթվա զարգացումները հուշում են շրջադարձերի մասին, սակայն դեռևս ոչ ոք չի կարող կանխատեսել, թե հատկապես ինչ ճյուղավորումներ կստանան դրանք: Այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան դադարեցրեց Սիրիայի անդամակցությունն այդ կազմակերպությանը, սա կարծես ազդանշան դարձավ երկու հակամարտ ճամբարների համար՝ ձգել գոտիները և նախապատրաստվել վճռական քայլերի: Եվրամիությունը սառեցրեց Սիրիայի վարկավորումը և ընդլայնեց սիրիացի պաշտոնյաներից կազմված «սև ցուցակը»՝ դա պատճառաբանելով երկրում շարունակվող բռնություններով: Նոյեմբերի 16-ին ԱՊԼ-ն Դամասկոսին եռօրյա վերջնագիր ներկայացրեց`նույնպես սպառնալով տնտեսական պատժամիջոցներով: Համաձայն այդ վերջանագրի, լիգան Սիրիայի ղեկավարությանը հորդորում էր ստորագրել արձանագրությունը, որի համաձայն այդ երկիր կուղարկվեն մի քանի տասնյակ միջազգային դիտորդներ, պահանջում էր դադարեցնել իշխանական ուժերի հարձակումները ցուցարարների վրա, քաղաքներից դուրս բերել զրահատեխնիկան, ազատ արձակել քաղբանտարկյալներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին թույլատրել աշխատելու երկրի տարածքում: Պատասխանը եղավ այն, որ նույն օրը նախագահ Ասադի կողմնակիցները դուրս եկան հրապարակներ` արտահայտելու իրենց հավատարմությունը ազգային միասնությանը: Նրանք դատապարտեցին ԱՄՆ-ի ու Արևմուտքի հրահրած սադրիչ գործողությունները, դեմ արտահայտվեցին ԱՊԼ-ի որոշմանը, ինչից հետո հարձակվեցին Դամասկոսում ԱՄԷ դեսպանատան վրա: Ճիշտ նույն պատճառով երեք օր առաջ ամբոխը գրոհել էր Սիրիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա, որից հետո դիվանագետների ընտանիքները տարհանվել էին, իսկ ժամեր անց Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել էր Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներին։ Ասադի կողմակիցները նույն կերպ ներխուժեցին նաև Սաուդյան Արաբիայի դեսպանատուն և այնտեղ ավերածություններ գործեցին, հարձակվեցին Քաթարի դեսպանատան ու Լաթաքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա: Սակայն ամենաանսպասելին, ինչը կատարվեց նույն նոյեմբերի 16-ին, դա այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» հարձակումն էր Դամասկոսի ծայրամասում գտնվող ռազմաօդային ուժերի հետախուզական ծառայության համալիրի վրա: Այդ խմբավորումը, որ ձևավորվել է սիրիական բանակի դասալիքներից, մարտի բռնվեց՝ գործադրելով գնդացիրներ ու նռնականետեր: Իսկ հետո Դամասկոսի երկնքում հայտնվեցին ռազմական ուղղաթիռները…
Սիրիացիներին այս օրերին արյունահեղությամբ չես զարմացնի: Զոհերն այստեղ հազարներով են հաշվում: Սիրիացիներին նաև հարկ չկա բացատրելու, թե ինչպիսին են ներքին ու արտաքին դավադրության մասշտաբները, և ինչով նրանք կարող է հատուցել՝ հանուն սկզբունքայնության կամ հայրենասիրության: Ու եթե իշխանություններն ահազանգում են, որ խռովություններ հրահրող արտաքին ուժերի իրական նպատակները այլ են և ընդհանուր ոչինչ չունեն մարդու իրավունքների պաշտպանության մասին կարգախոսների հետ, ապա քիչ չեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ Սիրիայում այս օրերին ընթանում են քաղաքացիական կռիվներ:
Այսպես են մտածում նաև Ռուսաստանում, որն առայժմ այն երկրների շարքում է, ովքեր կտրականապես դեմ են օտար ուժերի միջամտությանը, սխալ են համարում ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցության դադարեցումը և համոզված են, որ նրանք, ովքեր ընդունել են այդ որոշումը, իրադրությունն ավելի թափանցիկ հունի մեջ դնելու շատ կարևոր հնարավորություն են կորցրել: Մոսկվան նաև այն տեսակետի կողմնակիցն է, որ Սիրիայում բռնության դադարեցման պահանջը պետք է վերաբերվի ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը, քանի որ զինված բախումները սադրում են ոչ միայն կառավարական զորքերը, այլև ապստամբները, որոնք զենք են ստանում հարևան երկրներից: Այս իմաստով Կրեմլը խորը հիասթափություն պատճառեց սիրիական ընդդիմությունը, ովքեր ակնկալում էին, թե Ռուսաստանը կճանաչի և կհամագործակցի Սիրիական ազգային խորհրդի հետ ու հապշտապ կարգով Մոսկվա մեկնեցին: Բայց ընդունելությունն այնքան էլ ջերմ չէր, և դա իր պատճառներն ուներ: Նախ, այս օրերին սիրիացի ընդդիմադիրները հայտարարում են, թե պատրաստ չեն բանակցություններ սկսել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, իսկ այդ անպատրաստվածությունը հազիվ թե միջնորդների սրտով լինի: Ավելի ճիշտ կլինի պնդել, որ նրանք այս պահին ուղղակի չեն ցանկանում լինել պատրաստ, քանի որ դա չի բխում իրենց և հովանավորների շահերից: Ու երբ Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը պարզաբանում է, թե նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Դամասկոսը հրաժարվել է իրականացնել ԱՊԼ-ի պահանջները, իսկ այնուհետև ասում, որ իրենք հրաժարվում են բանակցել Ասադի ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, քանի որ նրանք մասնակցել են սիրիական ժողովրդի դեմ կիրառված բռնաճնշումներին, ապա հասկանալի է դառնում, որ բոլոր կամուրջներն այրված են և նույնիսկ ԱՊԼ պահանջները կատարելու դեպքում որևէ հաշտություն չի գծագրվելու:
Սիրիամետ երկրների նախազգուշացումից հետո նրանք, ովքեր պատրաստվում էին այստեղ կրկնել լիբիական սցենարը, այժմ փոքր-ինչ զսպել են իրենց նկրտումների սանձերը: Այդ առթիվ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը հայտարարեց, որ այս պահին Սիրիա ներխուժելու ոչ մի ծրագիր, մտադրություն ու քննարկում չկա և այդ մոտեցումը կիսում են Դաշինքի բոլոր անդամները: Բայց նա չմոռացավ ասել, որ իրավիճակը կարող է ամեն պահի փոխվել, իսկ սա նշանակում է, որ Արևմուտքն այնուամենայնիվ կջանա իր համար նախադրյալներ ստեղծել՝ արշավի մեկնարկը տալու համար, ինչը այնքան էլ բարդ չէ, եթե դրա համար սոսկ անհրաժեշտ է Սիրիայի ընդդիմության հստակ ձևակերպված պահանջը, տարածաշրջանային աջակցությունն ու օրենսդրական հիմքը: Իսկ նման նախադրյալներ միշտ էլ կարելի է լույս աշխարհ բերել, ինչպես արդեն արվել են այլ երկրների պարագայում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է, որ Արևմուտքի միջամտությունը իր երկրի ներքին գործերին կարող է երկրաշարժ առաջ բերել Մերձավոր Արևելքում, սակայն այդ ցնցումների հեռանկարն այժմ առանձնապես անհանգստություն չի պատճառում: Փոխարենը խիստ ոգևորված են մի շարք հարևան երկրներ, և առաջին հերթին Թուրքիան: Այս երկրի վարչապետ Էրդողանն արդեն հասցրել է իրեն լիովին դրսևորել՝ դիմելով Սիրիայի նախագահին այսպիսի խոսքերով. «Պատմությունն այդպիսի լիդերներին հիշում է որպես ժողովրդի արյունով սնվող լիդերների։ Ասադ, դու այդ ճանապարհով ես գնում։ Սիրիայի ժողովրդին մենք չենք թողնի բախտի քմահաճույքին։ Ասադը պետք է տեսնի, թե իր ժողովրդին բռնության ենթարկողներն ինչ վիճակի կհասնեն»: Եվ սա ասում էր Թուրքիայի սահմանների ներսում քրդերի արյունը լիուլի ըմպող Էրդողանը՝ դրա հետ մեկտեղ դառնություն ապրելով այն փաստից, որ Սիրիայի հարցում դեռ չի տեսնում արևմտյան այն նույն խանդավառությունը, ինչ որ եղավ Լիբիայում:
Էրդողանից ետ չի մնացել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը, ով կոչ է արել նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալ «հանուն իր երկրի շահերի»: «Կարծում եմ` եթե ես լինեի նրա փոխարեն, հրաժարական կտայի»,- ասել է թագավորը՝ դրսևորելով չափազանց կասկածելի անկեղծություն և հիշեցնելով, թե արդեն քանիսն են նրա պես սկզբում կրկնել այդ հավաստիացումը, իսկ հետո մինչև վերջ կառչած մնացել իրենց իշխանությունից:
Իսկ Ասադին ու նրա համակիրներին, որոնք պարտվել են քարոզչական պատերազմում, հազիվ թե երբևէ հաջողվի ապացուցել, որ 22 միլիոնանոց երկիր շուրջ 3 հազար մահերի մեծ մասը բանակի զինվորներն են, իսկ նրանց դեմ ոտքի ելածներն այնքան էլ ժողովրդավարության մարտիկներ չեն, այլ ավելի շուտ իսլամական ծայրահեղականներ, որոնք երկրի ներսում առանձնապես դերակատարություն չունեն, ինչպես որ չունեն իշխանության գալու շանսեր, բայց փոխարենը դարձել են այն վարակի բացիլը, որ մի օր կարող է գետին տապալել առողջ և ուժեղ մարմինը, քանի որ վարակի տարածման համար բարենպաստ պայմաններ ստեղծողների թիվն այս պահին առավել քան շատ է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կրիտիկական օրերի հաշվեկշիռը

11 Օգս

Սիրիայում ծավալվող իրադարձությունների համատեսքում հասունանում են լարվածության նոր ու պայթյունավտանգ օջախներ, և դրանցից առավել ընդգծվածը Թուրքիա-Իրան մրցակցությունն է: Ու երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դամասկոսից վերադառնալուց անմիջապես հետո հայտարարեց, թե մոտակա մի քանի օրերը «կրիտիկական» կլինեն և կկանխորոշեն Թուրքիայի հետագա գործողությունները, ապա նրա խոսքերը միայն Սիրիա- Թուրքիա հարաբերություններին չէին վերաբերում: Իրավիճակի ծայրահեղությունը, ըստ Անկարայի, առաջին հերթին պիտի առնչվի Իրանի պահվածքին, որը ներկա պահին պատրաստ է գնալ մինչև վերջ, սակայն ոչ մի գնով իր դաշնակից Սիրիային մերկ ձեռքերով չի հանձնի հարևանների ու Արևմուտքի «տնօրինությանը»: Եվ խնդիրն այստեղ սոսկ տարածաշրջանում եղանակ ձևավորող երկու երկրների հավակնությունների մասին չէ, այլ այն հավասարակշռության խախտման, ինչի հաշվին երկար տարիներ պահպանվում էր ենթադրյալ կայունությունը:
Այս իմաստով վերջին զարգացումները միանգամայն համապատասխանում էին ասվածի տրամաբանությանը: Այն պահից ի վեր, երբ Թուրքիան որոշեց գնալ կտրուկ գործողությունների և Դավիթօղլուի միջոցով իր կոշտ վերջնագիրը փոխանցեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` նախազգուշացնելով, թե վերջինիս Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը կրկնելու վտանգն է սպառնում, Սիրիան իր հերթին թուրքերին հասկացրեց, որ Անկարան «վճռական պատասխան» կստանա, եթե Դավութօղլուն Դամասկոս ժամանի խիստ ուղերձով: Ի վերջո հանդիպումը կայացավ, և 6 ժամ տևած զրույցից հետո Դավութօղլուն Սիրիայից ձեռնունայն վերադարձավ։ Ավելին, Թուրքիայի ԱԳ նախարարին Դամասկոսի օդանավակայանում դիմավորել էին փոխնախարարի մակարդակով, ինչը թուրքական կողմը որակեց որպես դիվանագիտական խայտառակություն։ Սակայն նվաստացումները թուրքերի համար ավելին չեն, քան արդյունքները: Իսկ դրանց հասնելու համար նրանք պատրաստ են հնարավորինս խտացնել գույները, ինչն էլ այս օրերին հաջողությամբ անում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը` հայտարարելով, թե` «Մեր համբերությունը հատվում է»: Էրդողանի խոսքով` Սիրիայում կատարվածը Թուրքիայի համար «ներքին խնդիր է», քանի որ երկու երկրներն ունեն 850 կիլոմետրանոց սահման, հարազատներ, պատմական ու մշակութային կապեր: Մինչդեռ Սիրիայի համար մեծագույն վիրավորանք է հարևանի համար «ներքին խնդիր» համարվելը, իսկ նա դեռևս իրեն այնքան անպաշտպան չի զգում, որ գնա զիջումների: Այս առումով թուրքերն իսկապես ծիծաղելի վիճակում հայտնվեցին, երբ Դավիթօղլուի վերադարձից հետո լուր տարածվեց, թե իբր Ասադը սահմանամերձ Համա քաղաքից հանել է տանկերը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անմիջապես շտապեց ավետել, որ դա տեղի է ունեցել Անկարայի իրականացրած ջանքերի արդյունքում։ Սակայն հաշված ժամեր անց հայտնի դարձավ, որ սիրիական տանկերը ներխուժել են Թուրքիայի սահմանից 30 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Տաֆնատազ և դրան հարակից Սերմին քաղաքները: Իսկ սա այլ բան չէր, քան բացահայտ մարտահրավեր:
Հիմա արդեն շատ ավելի հավանական է թվում, որ մոտակա ժամանակներս Սիրիայում գտնվող թուրքական ընկերությունները դուրս գան այդ երկրից։ Թուրքիան կարող է նաև ետ կանչել իր դեսպանին և աջակցել ՄԱԿ-ում Սիրիայի դեմ ավելի կոշտ միջոցների կիրառմանը:
Իհարկե, միանգամայն հնարավոր էր նաև, որ թուրքերը կյանքի կոչեին ամերիկացիների վաղեմի երազանքը` ուղղակի առճակատման մեջ մտնեին սիրիացիների հետ, առավել ևս, որ սահմանին տեղակայված թուրքական զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության էին բերվել, իսկ այդ ընթացքում էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն կանխատեսել էր, թե իրադարձությունները կարող են հանգեցնել թուրքական և սիրական զորքերի միջև բախումների: Ճիշտ էր նկատել անգլիական «The Telegraph»-ի վերլուծականը, երբ գրել էր, որ «ռազմական ունակությամբ, ազգային անվտանգության հնարավորություններով և շահավետ աշխարհագրական դիրքով Թուրքիան Սիրիայի վրա հարձակվելու համար միակ ամենահարմար երկիրն է»: Բայց արի ու տես, որ ծրագրերն այդպես էլ կարող են ծրագրեր մնալ, քանի որ առկա է մի լուրջ հակազդեցություն և դրա անունն է Իրան:
Սիրիայի վաղեմի դաշնակից Իրանը հրաշալի հասկանում է, որ Դամասկոսի պարտության դեպքում հաջորդը լինելու է ինքը, իսկ վտանգը հեռացնելու միակ տարբերակը ամեն գնով Սիրիային աջակցելն է: Օրերս Իրանի հեղափոխության պահապանների բանակի կայքէջում հայտնվեց մի հաղորդում, որտեղ ասվում էր, թե ԱՄՆ-ի ու Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական միջամտության պարագայում Իրաքի Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի։ «Եթե թուրքական բանակը մտնի Սիրիա, մենք պատերազմ կհայտարարենք Թուրքիային և մեր ամբողջ ռազմական ուժով կաջակցենք Սիրիային»,- գրված էր այնտեղ: Նշենք, որ համանման սպառնալիքներն առաջին անգամը չէ, որ հնչում են: Ավելի վաղ լիբանանյան մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Իրանը կհարվածի Թուրքիային, եթե վերջինս ներխուժի Սիրիա, իսկ այս տարվա հունիսին, երբ Բաշար ալ–Ասադը հանդիպեց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, Սիրիայի առաջնորդը բողոքել էր, թե Թուրքիան փորձում է «հաճոյանալ Արևմուտքին» և Անկարային մեղադրել էր «պատեհապաշտության» մեջ։ Ասադի բողոքը լսելուց հետո Թեհրանն Անկարային ուղղակիորեն զգուշացրել էր, որ եթե ՆԱՏՕ–ն հարձակվի Սիրիայի վրա, ապա Թուրքիան իր տարածքում չպետք է հյուրընկալի Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորներին, հակառակ դեպքում Իրանը սպառնացել էր հարվածել Թուրքիայի տարածքում տեղակայված ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի կառույցներին:
Սրանք հենց այնպես ասված սպառնալիքներ չեն: Իրանը թույլ չի տա, որ Սիրիան ԱՄՆ քաղաքականության հերթական զոհը դառնա, և կմոբիլիզացնի բոլոր ջանքերը, որ Սիրիային դուրս բերի դժվարին կացությունից: Այս իմաստով միանգամայն անկեղծ է ԻԻՀ Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալահեթդին Բորուջերդին, երբ ասում է, որ Իրանի կառավարության առջև Սիրիայի առնչությամբ այլընտրանք չկա: «Մեր առջև ընտրություն է` կամ Սիրիան հանձնել Ամերիկայի հայեցողությանը և ՆԱՏՕ-ին հնարավորություն ընձեռել հնարած պատրվակով հարձակվելու Սիրիայի վրա` դրանով իսկ ավելացնելով իսլամական աշխարհի ողբերգությունը, կամ օգնություն ցուցաբերել Սիրիային, որպեսզի այդ երկրում հակամարտություններին վերջ տրվի»,- նշել է նա:
Ահա այսպիսին է պաշտոնական Թեհրանի կեցվածքը, որին չվստահել ներկա պահին չի կարելի: Եվ երբ Դավութօղլուն ասում է, որ սիրիական խնդրում վրա է հասել կրիտիկական պահը, վերջինս անկասկած այդ բառերն արտասանելիս մի պահ հայացք է ձգում դեպի արևելք: Երկու ճակատում հակամարտելուն Անկարան անկասկած պատրատ չէ, որքան էլ մեծ լինի նրա ախորժակը և որքան էլ ուժգին լինեն արտաքին ճնշումները: Եվ այս պարագայում կրիտաիկական պահը բացառապես վերաբերում է հենց Թուրքիային:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թե ինչպես ՄԱԿ-ում լեռը մուկ ծնեց

5 Օգս

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի երեք ամիս շարունակվող տվայտանքների ու որոնումների արդյունքում ի վերջո հրապարակ նետվեց անատամ մի հայտարարություն, որը չունի իրավական ուժ և անընդունակ է որևէ կերպ անդրադառնալ իրադարձությունների զարգացման վրա: Ահա այսպիսին էր Խորհրդի բոլոր 15 անդամ պետությունների համաձայնությունն ի վերջո կորզած ջանքերի իրական արգասիքը: Շարունակական քննարկումներից և վիճաբանություններից հետո ծնունդ առած հայտարարությունը քննադատության է ենթարկվում Սիրիայի ղեկավարությանը` բողոքի ցույցերի կոշտ ճնշման համար: Փաստաթղթում, մասնավորապես, դատապարտվում են «մարդու իրավունքների լայնածավալ խախտումներն ու բռնությունը քաղաքացիական անձանց դեմ»: Միևնույն ժամանակ սա մի վկայությունն էր այն մասին, թե բազմաբևեռ աշխարհն ինչպես է ընկալում ստեղծված կացությունը` առաջնորդվելով հայեցողությամբ, այլ ոչ թե կոնկրետ գնահատումներով:
Այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից ընդունված հայտարարությունը չի համարվում այնքան ազդեցիկ, որքան Անվտանգության խորհրդի ամբողջական կազմով ընդունած բանաձևը, դեռևս խնդրի մի կողմն է: Որոշումը կայացնելիս առանձնակի նշանակություն ունեցավ անցյալի դառը փորձը, մասնավորապես Լիբիայի դեպքերը, երբ նույն Անվտանգության խորհուրդը փաստացի խաբեց Ռուսաստանին` որոշելով մի բան, սակայն իրականացնելով միանգամայն այլ գործողություններ: Եվ այժմ, հին սխաները չկրկնելու համոզմամբ, ընդդիմախոսների դաշտում առավել կարծր կեցվածք դրսևորենցին ինչպես ռուսները, այնպես էլ չինացիները: Պատահական չէր, որ հատկապես Ռուսաստանի միջամտությամբ հայտարարության մեջ քննադատվում էին ոչ միայն սիրիական իշխանությունները, այլև ընդդիմությունը: «Նախագահ Բաշար ալ Ասադը, սիրիական կառավարությունը, ինչպես նաև ընդդիմությունը պետք է անհապաղ դադարեցնեն բռնությունները և հնարավորինս զերծ մնան վրեժի դրսևորումներից ու պետական հիմնարկների վրա հարձակումներ իրականացնելուց»,- ասված էր այնտեղ:
Բայց սա ընդամենը կատարվածի մի դրվագն էր: Իրականում Ռուսաստանը սպառնում էր կիրառել վետոյի իր իրավունքը, եթե Արևմուտքը շարունակեր հին խաղը խաղալ ու խիստ պատժամիջոցներ պահանջեր Դամասկոսի համար: ՄԱԿ–ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինի պնդմամբ, Արևմուտքը համոզված է, որ «ամեն ինչում մեղավոր է Դամասկոսն ու լավագույն լուծումը Սիրիայի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելն է», իսկ ԱԽ–ի մի քանի այլ երկրներ գտնում են, որ անհրաժեշտ է սիրիական ուժերին խթանել` գնալու երկխոսության։ Հիշեցնենք, որ անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Օբաման ասել էր, թե նախագահ Ասադը իր ժողովրդի աչքում կորցրել է լեգիտիմությունը և վատնել իրական բարեփոխումներ իրականացնելու բազմաթիվ հնարավորություններ: Սրանք համարյա այն նույն ձևակերպումներն էին, որոնք Վաշինգտոնը կիրառում էր «արաբական հեղափոխությունների» ճարակ դարձած մյուս երկրների պարագայում: Իսկ հիմա չափազանց մեղմ բառերի ուղեկցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն սոսկ նշում էր, թե իրենք ողջունում են Դամասկոսի բարեփոխումներ կատարելու պատրաստամակությունը, սակայն արձանագրում են առաջընթացի բացակայությունը այդ խոստման կատարման գործում և պահանջում են կյանքի կոչել խոստացվածը:
Հատկանշական էր նաև Սիրիայի հարևան և դաշնակից Լիբանանի պահվածքը, որը թեև չխոչընդոտեց Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության ընդունումը, սակայն հայտնեց հայտարարության տեքստի հետ առնչություն չունենալու մասին:
Ստացված արդյունքի համատեքստում չափազանցված պիտի ներկայանա ՄԱԿ-ի ԱԽ գործող նախագահ Հարդիպ Սինգխ Պուրիի այն կարծիքը, որ ինքը գոհ է ընդունված հայտարարության տեքստից: «Դա լավ տեքստ է: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք միաձայն լինել և հստակ ազդանշան ենք հղել Դամասկոսին»,-ասել է նա: Մինչդեռ պատկերը բոլորովին այլ է: Ընդհակառակը, հայտարարությունը հատկապես շեշտեց միաձայնության բացակայությունը, և դժվարին կոմպրոմիսների արդյունքում լեռը մուկ ծնեց: Եվ մինչ ՄԱԿ-ում կողմերը բանավիճում էին, Սիրիայի կառավարական զորքերը լայնածավալ գրոհ էին իրականացնում ապստամբած Համա քաղաքի վրա` կիրառելով ծանր զրահատեխնիկա: Նույն պահին նախագահ Բաշար ալ Ասադը հանդես էր գալիս ժողովրդին հասցեագրված ուղերձով` շեշտելով, թե տեղի ունեցող իրադարձությունները Սիրիայի դեմ ուղղված միջազգային դավադրության արդյունք են: Նա այն համոզմունք էր հայտնում, որ դավադրության նպատակը տարածաշրջանի քարտեզը վերաձևելն է, սակայն իրենք ուժեղ են ու միասնական և կկարողանան հաղթահարել իրավիճակը:
Ասել, թե Ավտանգության Խորհրդի նիստից հետո կողմերից որևէ մեկը պիտի վերանայի իր տեսակետը, ոչ միայն սխալ, այլև միամիտ կարծիք է: Նախկինի պես Վաշինգտոնը գտնում է, որ Սիրիայի անկայունության պատճառը Ասադն է: Այդ մասին նույնիսկ վերջին պահին փաստեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քառնին` ասելով. «Հանուն կայունության մենք չենք ցանկանում, որ Ասադը մնա Սիրիայում, ընդհակառակը, մենք նրան դիտում ենք որպես այդ երկրում տիրող անկայունության պատճառ: Եվ, անկեղծ ասած, մենք կարծում ենք, թե սխալ չէր լինի ասել, որ Սիրիան ավելի լավը կդառնար առանց նախագահ Ասադի»:
Մտադրությունն այնքան ամուր է ու վերջնական, որ Ասադի կողմից երկրում բազմակուսակցականություն սահմանելու մասին դեկրետի ստորագրումը Ֆրանսիան անմիջապես անվանեց սադրանք: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն վերջնագիր ներկայացրեց` հիշեցնելով, որ ընդունված հայտարարությունը ենթադրում է ընթացիկ իրավիճակի քննարկում յոթ օր հետո: «Եթե մինչև այդ ոչինչ չփոխվի, Անվտանգության խորհուրդը կարող է ավելի հեռուն գնալ»,- ասաց նախարարը` չբացառելով, որ այդ տեքստը կլինի ստիպողական բնույթի:
Լուրջ փոփոխությունների համար սահմանելով այնպիտի մի ժամկետ, որի ընթացքում վճռական քայլեր իրականացնելն ուղղակի անհնար է, Արևմուտքը փաստացի վկայում է իր հեռակա մտադրությունների մասին և հազիվ թե Ասադի վարչակարգին հանգիստ թողնի, եթե նույնիսկ սրանք երկնքից աստղեր իջեցնեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Սպիտակ վրաններ` կարմիր կիսալուսնի ներքո

1 Հլս

Այն, ինչ մարտից ի վեր կատարվում է Սիրիայում, գրեթե ոչնչով չի տարբերվում արաբական այլ երկրներում տեղի ունեցած իրադարձություններից: Հակակառավարական ելույթներ, ընդդիմություն (որի գոյության մասին մինչ այդ ոչ ոք չէր լսել), ներքաղաքական կյանքի լարվածություն, հարյուրավոր զոհեր, միջազգային պատժամիջոցներ` իբրև թե պայմանավորված ցուցարարների դեմ կիրառվող ուժային գործողություններով և, իհարկե, լարվածություն հարևաննների հետ: Սիրիայի պարագայում դրանք հիմնականում երկուսն են` Թուրքիան և Իսրայելը, ինչն իր հերթին հարուցում է Մերձավոր Արևելքի մյուս պետությունների արձագանքը` առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանում ստեղծելով դեպի քաոսայնություն ընթացող բազմաթիվ վտանգներ:
Այս համատեքստում Սիրիա-Թուրքիա լարվածությունն առանձնակի դիտարկման առարկա է: Իշխանություն-ընդդիմություն բախումների հետևանքով բազմաթիվ սիրիացիների այլ բան չէր մնում, քան ապաստան գտնում Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգում: Այդ գոտում տեղակայված վրանային ավանում փախստականների թիվն արդեն անցնում է 10 հազարից: Անկարայի համար այնքան էլ դժվար չէր անմիջապես հայտարարել, թե այդ ավանի տեղակայումը բխում է իր մարդասիրական նկատառումներից, մինչդեռ Դամասկոսի համար կատարվածը մեկ բացատրություն ունի. այն է` Թուրքիան աջակցում է խռովարարներին ու այդ կերպ խրախուսում իր երկրում ծայր առած անկարգությունները` հետևելով Արևմուտքի օրինակին:
Պետք է ասել, որ թուրքական կողմի հետևողականությունն իսկապես աչքի է զարնում: Թուրք սահմանապահները սիրիացիներին հեշտությամբ թույլ են տալիս հատել երկրի սահմանը, նրանց տեղակայում են նախօրորք պատրաստված վրաններում, իսկ դրա հետ մեկտեղ Դամասկոսին կոչ են անում խռովության շրջաններից հեռացնել զորքերը` մտահոգվելով, թե դա կավելացնի փախստականների հոսքը դեպի Թուրքիա: Սիրիան, իհարկե, անպատասխան է թողնում այդ կոչը և կարծես թե կռահում է իր հարևանի հեռուն գնացող մտադրությունների մասին: Ուրիշի կրակի վրա ձեռքերը տաքացնելուն սովոր թուրքերն ամենայն հավանականությամբ այս անգամ է պատրաստվում են կյանքի կոչել այն, ինչը ժամանակին կիրառեցին հյուսիսային Իրաքում: Դամասկոսի օրինակով իր զորքերը ևս սահմանին մոտեցրած Անկարան համարում է, որ գտնվում է շատ կարևոր որոշում կայացնելու խնդրի առաջ: Այն ծրագիրը, որն այժմ նրանք դիտարկում են, ենթադրում է այսպես կոչված «բուֆերային գոտու» ստեղծում Սիրիայում: Իսկ սա նշանակում է, որ հնարավորության ու անհրաժեշտության դեպքում թուրքական զորամիավորումները մի քանի կիլոմետր կմտնեն Սիրիայի տարածք և դեպի Թուրքիա փախստականների հոսքը կարգավորելու անվան տակ կձևավորեն ցանկալի բուֆերային գոտին: Դրա համար Անկարան շատ հարմար պատճառաբանություն ունի: Բանն այն է, որ փախստականների մեծ մասը ոչ թե արաբներ են, այլ քրդեր: Այս հանգամանքը շեշտելով, թուրքերը նաև պնդում են, թե մեծ թիվ են կազմում հատկապես Քրդական բանվորակական կուսակցության անդամները, ինչն արդեն լրջորեն հարվածի տակ պիտի դնի նրանց անվտանգությունը:
Թուրք-սիրիական հարաբերությունների այսպիսի կտրուկ վատթարացումը ենթադրելի չէր և մեծ հաշվով չի բխում կողմերի շահերից: Եթե մի կողմ թողնենք անցյալում կատարված դեպքերն ու հակասությունները, ապա գոնե վերջին մի քանի տարիներին այդ կապերը շատ էին ջերմացել: Թուրքիան Սիրիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Ասենք ավելին`թուրք-սիրիական հարաբերություններն այնքան էին սերտացել, որ Սիրիա-Իսրայել հարաբերություններում Թուրքիան նույնիսկ փորձ կատարեց միջնորդի դեր ստանձնել: Իսկ հիմա երեկվա բարեկամներն իրենք են զգում հաշտեցնողի ու միջնորդի անհրաժեշտություն:
Ներկայումս իրողությունն այն է, որ սահմանին մոտ տարածքում անվտանգության գոտի ստեղծելու մասին Անկարայի արած հայտարարությունը խիստ նյարդայնացրել է Սիրիայի ղեկավար Ասադին, և վերջինս նույնիսկ չխուսափեց իր բանակային միավորումները առաջ շարշել, կրակ բացել մի քանի բնակավայրերի վրա և այնտեղ ցած բերել թուրքական դրոշները: Սա, իհարկե, դեռ պատերազմի մարտահրավեր որակել չէր կարելի, սակայն հարևանին վախեցնելու մտադրություն իսկապես կար: Սիրիայում այս պահին այնքան էլ վստահ չեն, որ եթե Արևմուտքն այնուամենայնիվ որոշի «խաչակրաց արշավանք» ձեռնարկել իրենց դեմ, Անկարան կկարողանա հանդես բերել հաստատուն կեցվածք: Ու թերևս հենց այդ վտանգի հեռանկարով էր, որ, ինչպես տեղեկացրել էր լիբանանյան «Ալ Աքբար» թերթը, Բաշար Ասադը Թուրքիայից գանգատվեց Իրանի հոգևոր առաջնորդ Խամանեին, որն էլ իր հերթին հայտարարեց, որ եթե ՆԱՏՕ-ն Թուրքիայի վրայով հարձակում գործի Սիրիայի վրա, ապա Թեհրանը հարվածներ կհասցնի Թուրքիայում ՆԱՏՕ-ի օբյեկտներին:
Ասենք, որ զարգացումների այս սցենարը քիչ հավանական է: Շատ ավելի իրատեսական է, որ թուրքերը փորձ անեն հաշտության եզրեր գտնել սիրիացիների հետ և կամ իրենց հետագա գործողությունները պայմանավորեն իրադարձությունների փոփոխական ընթացքով: Այս իմաստով սխալ չեն այն փորձագետները, որոնք կարծում են, որ Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունները ուղիղ համեմատական են լինելու Սիրիայում ներքաղաքական իրավիճակին: Այսինքն, որքան թուլանա Դամասկոսի իշխանությունը, այնքան Թուրքիան ավելի շատ կփորձի ճնշում գործադրել իր դիրքերից: Գալով արտաքին ճնշումներին, Անկարայում թերևս արդեն գիտակցել են, որ Սիրիայի պարագայում ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը չեն կարողանա վարվել այնպես, ինչպես սա արեցին, ասենք, Լիբիայի դեպքում: Արդեն հայտնի է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կտրականապես դեմ են արտահայտվելու, իսկ հարևան Իրանն ընդհանրապես ոչ մի վայրկյան չի սասանվի: Իսկ սա արդեն արդյունքի հասնելու շանսերը հավասարեցնում է նվազագույնի:
Իբրև ասվածի լրացում հավելենք նաև, որ այն կարծիքը, թե Հայաստանը կարող է օգտվի թուրք-սիրիական հարաբերությունների ներկա լարված վիճակից՝ Սիրիայի հետ հարաբերույթունները վերականգնելու համար, այնքան էլ տեղին չեն: Ճիշտ է, հայ-սիրիական երբեմնի լավ հարաբերությունների վրա ինչ-որ առումով գուցե թե բացասական ազդեցություն է ունեցել Սիրիա-Թուրքիա հարաբերությունների խորացումը, սակայն ոչ այդ հանգամանքը և ոչ էլ ներկա լարվածությունը չեն կարող որոշիչ դերակատարություն ունենալ: Ելքը հարկավոր է որոնել այլ հարթություններում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: