Tag Archives: Սիլիկյան

ՄԻ ԿՈՃՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

20 Հկտ

1918 թվականի մայիսի 26: Սարդարապատի մատույցներում հայ ժողովրդի կենաց ու մահու կռիվն էր մղվում: Գեներալ Սիլիկյանը շտապ հեռագրում է Արամ Մանուկյանին, որ անհապաղ նոր ուժեր, ինչպես նաև պարեն և ջուր հասցվի ռազմաճակատ: Օգնության հայթայթման գործը հանձնարարվում է Երևանի պարետ, դերասան ու էսթետ Արշավիր Շահխաթունուն: Ասում են, որ վերջինս կարողացել է մեկ գիշերվա ընթացքում երեք վագոն սնունդ ժողովել և ուղարկել զինվորներին: Պատմում են նաև, որ մինչ որոշ մեծահարուստներ այդ օրերին պատրաստվում էին փախչել Երևանից, մի քանի քաղցած գաղթականներ Շահխաթունուն են հանձնել մի-մի կտոր հաց՝ իրենց վերջին պատառը, ինպես նաև կես հատ ձուկ՝ խնդրելով դրանք ևս հասցնել մեր կռվող մարտիկներն:
Բայց կա մի պատմություն էլ՝ ջրի մասին: Նույն օրը Շահխաթունին ուղևորվում է երկաթգծի կայարան՝ այնտեղից Սարդարապատ ցիստեռներով ջուր ուղարկելու համար: Ջուրը պիտի վերցնեին կայարանի մերձակա ջրանցքից: Սակայն տեղ հասնելուն պես տեսնում են, որ ինչ-որ մեկը միտումնաբար հսկայական մի կոճղով խցանել-փակել էր ջրանցքի ակունքը…
Ջուրն ու սնունդն ի վերջո տեղ հասան: Մեր բանակը հաղթեց: Եվ ինչպես որ հաղթանակն է ունենում իր խորհրդանիշը, այնպես էլ տմարդությունը կարող է դա ունենալ: Պատմում են, որ ջրանցքից դուրս բերված կոճղը երկար ժամանակ պահվում ու ցուցադրվում էր՝ իբրև հիշեցում այն մասին, որ եղել է նաև այդպես: Իսկ հետո փայտն անհետացավ…

Հովիկ Չարխչյան795073

ԶՈՐԱՎԱՐ ՍԻԼԻԿՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

27 Մյս

37-7-1-1«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:

 Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար:
Մենք չէինք ուզում կռվել.հանուն խաղաղության ու հաշտության, պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրված ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը:Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ:Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:
 Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի  առաջ:
   Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթհայթել իրենց օրվա ապրուստը:
Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:
Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց:Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընդացգում կկազմակերպվի մի այնպիսի քաչարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:
 Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության,
 Հանուն ոտնակոխ եղած ճշմարտության՝
 Ոտքի կանգնեցեք: Դեպի՛  սրբազան պատերազմ»:

24. 5. 1918 թ16262_b

%d bloggers like this: