Tag Archives: ՍԵՐ

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

27 Փտր

Մարդ ու կին են լինում: Ապրում են հաշտ ու խաղաղ: Մի օր էլ այդ մարդը վերցնում ու սպանում է կնոջը: Վիշտ, արտասուք, ողբ… Բայց դե` էլ ի՞նչ, կինը մեռել է: Շատ չանցած սա մի նոր կին է բերում: Ամեն բան կրկին իր հունն է ընկնում, ապրում են երջանիկ: Ու մի օր էլ այս մարդը վերցնում ու սպանում է իր նոր կնոջը: Անհատակ ցավից մղկտում է սիրտը, կտոր-կտոր լինում: Բայց դե` էլ ի՞նչ, կինը չկա… Ամիսներ անց մարդը նորից է ամուսնանում: Երրորդ կինը դատարկված տունը լցնում է խինդով ու երջանկությամբ: Հաշտ ու խաղաղ օրերը հաջորդում են մեկը մյուսին: Եվ մի օր էլ այս մարդը վերցնում ու սպանում է իր կնոջը: Խորունկ սուգը պատում է նրան, թվում է` աշխարհը մեկեն դատարկվեց: Բայց դե` էլ ի՞նչ…
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ անքննելին են սիրո գաղտնիքները…

Հ. Չարխչյան

ՌՈԲԵՐՏ ԲԸՐՆՍ

22 Փտր

ԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՄ, ՍԻՐԵԼԻՍ

Դու մեղմ սուլիր, ես դուրս կգամ, սիրելիս,
Դու մեղմ սուլիր, ես դուրս կգամ, սիրելիս,
Հայրս, մայրս ու աշխարհն էլ սաստեն ինձ,
Դու մեղմ սուլիր, ես դուրս կգամ, սիրելիս:

Բայց երբ կգաս, կամաց արի, գաղտնաբար,
Որ չլսեն`զգույշ`դուռը բացելիս,
Որ չտեսնեն`ստվեր գտիր քեզ համար,
Այնպես արի, որ իբրև թե չես գալիս,
Այնպես արի, որ իբրև թե չես գալիս:

Երբ հանդիպես եկեղեցում, շուկայում,
Կանգնիր ինձ մոտ`անծանոթի մոտ իբրև,
Քո աչքերից մի շող փռիր իմ վերև,
Այնպես նայիր, որ իբրև թե չես նայում,
Այնպես նայիր, որ իբրև թե չես նայում:

Հավատացրու, որ անսեր ես, անզգա,
Հավատացրու, որ չեմ տեսքով լուսեղեն,
Բայց ուրիշի կատակով իսկ մի ժպտա,
Չլինի թե սիրտդ սրտիցս խլեն:

Դու մեղմ սուլիր, ես դուրս կգամ, սիրելիս,
Դու մեղմ սուլիր, ես դուրս կգամ, սիրելիս,
Հայրս, մայրս ու աշխարհն էլ սաստեն ինձ,
Դու մեղմ սուլիր, ես դուրս կգամ սիրելիս:

ՍԵՎԱԿ- ՍՈՒԼԱՄԻԹԱ

14 Փտր

ՍԻՐՈ ՆԱՄԱԿՆԵՐ

«26.7.1958թ.
Մոսկվա.
Բալիկ Սուլա,
Եվ ահա դու չկաս։ Եվ Մոսկվան դատարկվել է…
Իսկ իմ մարմի՞նը։ Պարզապես արտասվում է (հենց այդ խոսքը)։ Արտասվում է քո կարոտից, քո հարազատ մարմնի կարոտից։
Ես շատ-շատ տխուր եմ, այնքան տխուր, որ ոչինչ չեմ կարողանում անել (այսօր ամբողջ օրը թափառել եմ), այնքան տխուր է, որ չեմ կարողանում նույնիսկ գրել։ Իսկ ի՞նչ գրել։ Մի՞թե տառերը կարող են անել այն, ինչ ուզում են մատները, ձեռքերը, մարդկային շուրթերը։
Գրկում եմ քեզ, իմ Սուլային և փակում աչքերս։
Քո տանջահար (արդեն տանջահար )Պ.»

«5 դեկտեմբերի 1958 թ.
Քեզ եմ, իմ ուրախություն, ես գրում…
Հիմա այնպիսի վիճակում եմ, որ կարելի է ընդգծել՝ կոչելով հոմանիշների շարքի ցանկացած բառով, «ոչ երկնքում, ոչ երկրի վրա», բայց որը հնարավոր չէ ճշգրիտ բնութագրել: Ես քեզ սիրում եմ տանջալից կերպով: Կարծեմ ինչ-որ նոր շրջան է հայտնվել գրականության մեջ, այն կոչվում է «կուսական անուրջներ»: Այո, ես անրջում եմ արթմնի, դու իմ առաջ մերթ նշմարվում ես ինչ-որ աղոտ, անդեմ տեսքով, մերթ իմ երևակայության մեջ այնպիսի որոշակիություն ես ձեռք բերում,- ցավեցնելու աստիճան ծանոթ, հազվագյուտ դիմագծեր,- որ ես տեղս չեմ գտնում, այն աստիճան է քո սևությունը: Ճերմակից էլ ճերմակ ճերմակում է դեղնած, ունայն աշխարհը…
Այստեղ մեզ մոտ ձյուն է , շատ ձյուն: Ու ես քայլում եմ, քայլում, քայլում…
Այսօր բոլորովին չեմ քնել, քեզ եմ սպասել մինչև ինն անց կես, իսկ դու այդպես էլ չկարողացար…
Իսկ հետո դու գնացիր, և ես արդեն ընդհանրապես անուժ էի, որպեսզի պառկեի քնելու: Եվ ահա ամբողջ օրն ինչ-որ բան եմ անում այնպիսի վիճակում, ասես թույլ են տվել օճառել ձեռքերս, իսկ փրփուրը ջրով լվանալ չեն թողնում:
Բայց չէ՞ որ դու ինչ- որ տեղ կաս, դե ասա…
Ախր այդպես չի կարելի:
Ցտեսություն, իմ սատանի ճուտ…
Քո խավոտ Սուլկա»:

«19.1.1959Թ.
Իմ մխիթարանք:
Բոլոր բառերն անհետացել են, առավել ևս ինձ օտար լեզվում: Մի բան է միայն պարզ. ես սիրում եմ քեզ, ընդ որում, այդ ծեծված բառերն ինձ համար ունեն ավելի մեծ կշիռ ու նշանակություն, քան քեզ համար` այն պարզ պատճառով, որ ես, քո խոսքերով ասած, գիտեմ, թե ինչի հետ համեմատեմ այն…
Ես էլ քեզ նման, անընդհատ ու ամենուր քեզ հետ եմ, իմ Ուրախություն: Եթե դու կասկածում ես դրան, կնշանակի իրականում քո կանացի էությունը (այս դեպքում ՝ կանխազգացողությունը, հոտառությունը) թույլ է, ինչում չէի ցանկանա համոզվել: Ներիր այս թոթովախոսության համար: Ինձ համար հիմա կրկնակի ծանր է: Մխիթարիր ու օգնիր հեռվից: Ես նրանցից եմ, ովքեր պարտքի տակ չեն մնում:
Սիրում եմ քեզ, և այս բառերն ամենաճիշտը, միակն են ռուսերեն բառարանում:
Գրկիր ինձ՝ անհանգստացածին, հոգնածին, կիսահիվանդին, որն այնուհանդերձ քոնն է և զգում է քո բույրը: Պ.»:

«23.6.1959թ.
Իմ լուսավոր, լուսավոր-լուսավոր հեքիաթ, իմ սիրտ, բարի գիշեր,- լավ երազներ, իմ հարազատ կրակ, հանգստացիր իմ անկշտությունից։
…Շատ բան կարելի է անել ուրիշի փոխարեն, ուրիշը շատ բան կանի քեզ համար, իսկ ապրել պետք է… Ստիպված ես ապրել միայն ինքնուրույն, քեզ համար քո կյանքը ոչ ոք չի անցնի…
Եվ կսովորես անցնել… Իսկ դու չե՞ս նկատել, թե որ ոտքից ես սկսում քայլել, աջի՞ց։ Բայց ախր նա առանց այդ էլ ուժեղ ճկվում է։ Ճանապարհը սկսիր ձախից, սիրտն ավելի ճիշտ կուղեկցի…
Ախ, ուր չի տանի սիրտը…
Սուլամիթա»։

ՍՏԵՆԴԱԼ

13 Փտր

Հիրավի, կյանքի կեսը, և ընդ որում` գեղեցկագույն կեսը, գաղտնիք է մնում այն մարդու համար, ով չի սիրել կրքոտությամբ: Սերը միակ կիրքն է, որին վճարում են այն նույն դրամով, ինչպիսին ինքն է կտրում: Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար: Մի փոքր հույսն էլ բավական է սերը կյանքի կոչելու համար: Երկու-երեք օր հետո հույսը կարող է անհետանալ, և չնայած դրան` սերն արդեն ծնվել է: Սիրել` նշանակում է հաճույք ճաշակել, երբ դու զգացմունքների բոլոր օրգաններով տեսնում, շոշափում, զգում ես, և որքան հնարավոր է` ավելի մոտ տարածության վրա լինի այն էակը, որին դու սիրում ես և որը սիրում է քեզ: Սիրելով, ամենախելացի մարդը այլևս ոչ մի առարկա չի տեսնում այնպիսին, ինչպիսին նա իրականում է: Կինը` մեծ մասամբ սովորական, դառնում է անճանաչելի և վերածվում է բացառիկ էակի:
Բնական է կոչվում այն, ինչը չի շեղվում սովորական գործելակերպից: Ինքնին հասկանալի է, որ ոչ միայն երբեք չպետք է խաբել սիրած էակին, այլև նույնիսկ թեկուզ փոքր-ինչ գունազարդել կամ խեղաթյուրել ճշմարտության անաղարտությունը: Որքան ուժեղ է մարդու բնավորությունը, այնքան նա քիչ է հակված անհավատարմության` սիրո մեջ:

ՋԱԼԱԼ ԱԴ ԴԻՆ ՌՈՒՄԻ

9 Փտր

ՍԵՐԸ

Մի մարդ գնաց իր սիրելիի տունը ու թակեց դուռը:
-Ո՞վ է,- հարցրեց Նեն:
-Ես եմ, քեզ սիրողը:
-Հեռացիր,- ասաց Սիրելին,- իրականում դու սիրահարված չես:
Տարիներ անցան, սիրահարվածը նորից եկավ իր սիրելիի տուն և թակեց դուռը:
-Ո՞վ է,- հարցրեց Նեն:
Այս անգամ մարդը պատասխանեց.
-Այդ դու ես:
-Հիմա, երբ դու` այդ ես եմ,- պատասխանեց Սիրելին,- կարող ես ներս մտնել:

ԼՅՈՒՔ ԲԵՐԻՄՈՆ

2 Փտր

ԱՅԴ ՏԱՐԻ

Այդ տարի ես գրում էի պոեմներ սիրո մասին,
Դու գեղեցիկ էիր,
Աշունն այնքան գեղեցիկ էր,
Մարդիկ էին մեռնում քաղաքում, լինչված`իրենց մաշկի գույնի պատճառով,
Բայց դու այնքան էիր գեղեցիկ,
Եվ դու այնքան լավ էիր սարսռում սիրուց:
Օգնականները փայտ էին կուտակում
քավիչ ու անհրաժեշտ խարույկների համար,
Ամենուր, Պուշկա-Ռեկայից մինչև Զենագա շնչող էակին
սիրում էին քարից էլ քիչ:
Արևի կանաչ հորձանքները ապակիացնում էին ավազները,
Դու գեղեցիկ էիր,
Ես գրում էի պոեմներ:
Ես ապրում էի կեսգիշերներ կրկին վառելու քո աչքերը,
Քո երկարավուն աչքերը, ավելի դողդողացող,
քան իմ մանկության երկրի բարդիների սաղարթները,
Ավելի ուժեղ, քան լույսը,
Ավելի մեղմ, քան Արաբիայի ջրերը,
երբ հրաշքով առվահոսում են թարմության մեջ:
Քո կանաչ աչքերը դատարկված սիրո մեջ,
Մերթ կենդանի, մերթ հանգած,
Ինչպես հուշարձանների սարսափած աչքերը,
երբ մի լուսարձակ հասնում է նրանց:
Մարդիկ էին մեռնում արյան մեջ, կամաց-կամաց,
Ես գրում էի պոեմներ:
Անձրևներն այդ տարի այնքան մեղմ են եղել,
Ծառերի կեղևը` այնքան նուրբ,
Ինձ հերիքում էր քո ձեռքը վերջապես հասկանալու գաղտնիքը:
Մահը հեծկլտանքներով տպվում էր
աշխարհի նշանավոր թերթերի հեռագրամեքենաների վրա:
Երեկոն իջնում էր,
Մարդկանց արյունը հոխորտում էր, ինչպես հեղեղն է որոտում,
Ես լսում էի ամեն ինչ, ես գիտեի ամեն ինչ,
ես ուտում էի քո ճիչը ինձ լռեցնելու համար,
Ես արյունոտվում էի և փայլում` միայնակ, համր, համակերպված,
Ես սիրո մասին պոեմներ էի գրում
հրդեհների չբավականացնող, աղոտ լույսի ներքո,
Անձրևի ներքո, որ հոսում էր մեղմորեն,
Աշնանը, որ այնքան գեղեցիկ էր,
Սիրո քո սարսռոցի արձագանքներում,
Միշտ ավելի խռպոտ,
Միշտ ավելի խորքում,
Սիրո, ատելության և վրա հասնող ձմեռվա սարսափելի մենակության մեջ,
Մահվան առջև կավով լեցուն ձեռքերով,
Մահն առանց անտառների,
Առանց դանակի,
Ուժեղ ու մերկ, ինչպես քո մեջքը,
Ինչպես և քո ճիչը
Աշնան մեջ, որ գեղեցիկ է այնքան,
Անձրևի մեջ, որ հոսում է,
Ամեն ինչի վերջի և ուրիշ բանի սկզբի մեջ,
Հազար ու հազար տարվա մեջ, իմ սեր,
Երբ մեզանից հետո թողած կլինենք արշալույսի այս հրաշագործությունը,
Թրջված վայրի աղավնիների այս թռիչքը ամռան վրայով,
որը մոտ է վերջանալուն:

Թարգմ. Աննա Հակոբյան

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

2 Փտր

ԼԻԼԻԹ
… Խենթացած թափառում էր Ադամ, առանց դադարի, դրախտի մեկուսի վայրերը։
Ամայի էր դարձել դրախտը, և թռչունների երգերը ձանձրացնում էին նրան։
«Լիլի՛թ, Լիլի՛թ, ա՛խ, Լիլի՛թ»,- հառաչով ու լալով կոչում էր նա, և հառաչելով անցնում էր նրա լացը ծառերի տերևների միջով, կիզելով ծառերի տերևները։
Գիշերները խռովահույզ երազների մեջ տեսնում էր շարունակ դավաճան Լիլիթին՝ միշտ սատանայի գրկում։
Անհույս էր Ադամի հոգին և, նզովելով աստված ու անմահություն՝ մահ էր տենչում։Եվ աստծուն լսելի եղան Ադամի հառաչանքները. կարեկցեց նրան, և ինքն իր մեջ սուզված խորհեց, որ անկարելի էր վերև սլացող հուրը ընկերացնել երկրին կառչող հողին։
Եվ թմրություն բերեց Ադամի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Ադամին, կարողանա սիրել միայն նրան և մխիթարել մանավանդ։
Ադամ, երբ աչքերը բացեց, տեսավ իր մոտ նստած մի նոր ընկեր, ո՛չ Լիլիթի պես կատարյալ և հրեղեն գեղեցիկ, սակայն դարձյալ գեղեցիկ, բայց հողաբույր, բայց մարդկորեն։
Եվան մոտեցավ Ադամին, գլուխը դրեց նրա ուսին և մեղմիկ ժպտաց՝ նվիրված աչքերով նայելով Ադամի տխուր, երազուն աչքերին։
Սակայն Ադամ՝ նստած Եվայի կողքին, երբ լսում էր վարդենիների շրշյունը՝ նրա մեջ Լիլիթի շունչն էր առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն էր զգում և սոխակների երգերի մեջ՝ Լիլիթի ձայնը։
Երբ բարի Եվան գգվում էր Ադամին և իր սև մազերով ծածկում էր Ադամի դեմքը, Ադամ տեսնում էր սակայն Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն, որ ծածկում էին բոլոր հորիզոնները։
Երբ փոթորիկ էր լինում և մրրիկ, նա տեսնում էր Լիլիթին իր մո տով շեշտակի անցնելիս, և երբ կայծակն էր ճեղքում երկինքը- Լիլիթի հրեղեն սերն էր այդ, որ ճեղքում էր Ադամի հոգին։
Երբ գոցում էր բիբերը՝ իր սրտի մեջ տեսնում էր Լիլիթի անհուն գեղեցիկ պատկերը, երբ նայում էր աստղերին — աստղերի մեջ տեսնում էր Լիլիթի աչքերը և անհուն արևի մեջ- ամբողջ Լիլիթին… «Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։
Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում- նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…
Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին…

ԽՈՒԱՆՆԱ ԴԵ ԻԲԱՐԲՈՒՐՈՒ

29 Հնվ

Սպասում

Օ, վուշ, հասունացիր, որ ես սավան գործեմ,
Իմ սիրածը հեռվից ինձ մոտ պիտի դառնա,
Այդ սավանի վրա հանգիստ առնի թող նա,
Եվ կոպերը հոգնած թող քնքշորեն գոցվեն:

Օ, վարդ, վերև պարզիր քո բոցերը թաքուն,
Թող թերթիկները քո արևի տակ ժպտան,
Շնչառությունն իրենց, իրենց բույրը թող տան
Սիրեցյալիս, երբ նա հեռուներից գա տուն:

Սիրո դարբնոցներում թող շղթաներ կռեն,
Սիրո ոսկե շղթա և անկշիռ կապանք,
Թող չգնա ինձնից իմ սիրեցյալը թանկ,
Թող ես գրկեմ նրան ու քնքշորեն լռեմ:

Կակաչներով պիտի ես զարդարեմ այգիս,
Որ ճամփաները հին էլ չկանչեն նրան…
Կիրք իմ, նրան կապիր` ամուր, պարան- պարան,
Քնքշություն իմ, շան պես դռան առաջ պառկիր…

Թարգմ. Վ. Դավթյան

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

26 Հնվ

ՊԱՐԶ Է, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
Եթե ամբողջ գիշեր խենթանում եմ անքուն,
Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
Կտրվում է շունչս, և արյունս սառում,
Եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
Եթե սիրո խոսքերը տառապում են անձայն,
Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է սե՛րս խորունկ:

ԿԱՐԼ ԲՅՈՌՆԵ

22 Հնվ

Մարդ որքան քիչ է մտածում իր մասին, այնքան քիչ է նա դժբախտ: Հեշտ է թաքցնել ատելությունը, ավելի դժվար` սերը, իսկ ամենից ավելի դժվար` անտարբերությունը: Ով չի սիրում` չի կարող նաև ատել, ով ոչ մի բանով չի հիանում `չի կարող նաև արհամարհել, ով ոչ մի բան չի աստվածացնում` չի կարող նաև անիծել: Բարձր հոգու մոլորությունն ավելի ուսանելի է, քան միջակության անսխալականությունը: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լինել հիմար, դրա դեմ ոչինչ անել չի կարելի: Բայց այդ իրավունքից ևս հարկավոր է օգտվել որոշ չափավորությամբ: Չկա մարդ, որն ազատությունը չսիրի, բայց արդարամիտը այն պահանջում է բոլորի համար, անարդարամիտը միայն իր համար: Արդարությունը կյանքի համար նույնքան անհրաժեշտ նյութ է, որքան հացը:

ՋՈՆ ԴՐԱՅԴՆ

14 Դկտ

Երբ անցնում են սիրո ցավերը խորին,
Երբ մարում են ամեն տրտունջ ու հառաչ,
Ախ, ինչ լավ է նայել նրա աչքերին,
Աչքեր, որոնք տանջում էին քիչ առաջ:

Երբ կորչում են կասկածները մեր դեմքին,
Երբ ցավերը նվազել են ու մեղմել,
Ախ, ինչ լավ է նրա հպումն իմ ձեռքին,
Ախ, ինչ լավ է նրա ձեռքը պինդ սեղմել:

Երբ սիրելիս ինձ այլևս չի մերժում,
Եվ աչքերով քնքուշ սեր է տալիս ինձ,
Ինչեր ասես չեն կատարվում իմ ներսում,
Եվ ինչպես է սիրտս դողում հաճույքից:

Երբ աչքերը սիրո վայելքն է գերել`
Հաճույքներից ու ցավերից անընդմեջ,
Անհնար է այդ բերկրանքը պատկերել`
Գիտնալով, որ մեր սերը չունի վերջ:

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

10 Դկտ

Գթասրտություն կա սիրո մեջ, սիրած էակին պաշտպանելու ցանկություն, բարիք գործելու, հաճույք պատճառելու ձգտում, և եթե սերը անձնազոհություն չէ, ապա բոլոր դեպքերում հիանալիորեն քողարկված եսասիրություն է: Սակայն որոշակի երկչոտություն էլ կա սիրո մեջ: Սերը ամենակուլ զգացմունք է, որ զրկում է մարդուն ինքնուրույնությունից, և նույնիսկ ամենախորաթափանց մարդը, չնայած գիտե, որ այդպես էլ կլինի, իրականում չի կարող պատկերացնել, որ կանցնի իր սերը: Սերը պատրանքով է պարուրում մարմինը, և մարդը հասկանալով, որ դա պատրանք է, այնուամենայնիվ այն ավելի է սիրում, քան իրականությունը: Սերը մարդուն դարձնում է ավելին, քան նա կա, և միաժամանակ փոքր-ինչ պակաս: Մարդը դադարում է իրեն հավատարիմ լինելուց, այլևս անհատ չէ, այլ առարկա, իր «ես»-ին օտար նպատակի հասնելու գործիք…
… Հենց այստեղից էլ սկսվում է գրական կեղծիքը: Սերը, որպես կանոն, մարդու կյանքի դրվագներից մեկն է, իսկ վեպերում մեծ տեղ են տալիս դրան, որը չի համապատասխանում իրական կյանքին: Քիչ տղամարդ կգտնվի, որոնց համար ամենակարևոր բանը աշխարհում սերն է, և դրանք մեծ մասամբ անհետաքրքիր տղամարդիկ են: Նրանց արհամարհում են նույնիսկ կանայք, որոնց համար սերը վեր է ամեն ինչից: Երկրպագելը շոյում է կանանց, հուզում, բայց նրանք ներքնապես զգում են, որ այդ տիպի տղամարդիկ խղճուկ արարածներ են: Նույնիսկ այն կարճատև պահերին, երբ տղամարդը սիրում է, նա զբաղված է նաև այլ գործերով, որոնք շեղում են նրա միտքը սիրո առարկայից: Մեկի ուշադրությունը գրավում է աշխատանքը, որ նրան ապրուստի միջոցներ է տալիս, մյուսը տարված է սպորտով, մի ուրիշը` արվեստով: Տղամարդկանց մեծամասնությունը իրենց գործունեությունը ծավալում են տարբեր բնագավառներում. նրանք ընդունակ են ամբողջովին կենտրոնանալու միայն այն բանի վրա, որ տվյալ դեպքում հետաքրքրում է նրանց, և սրտնեղում են, երբ մեկը խանգարում է մյուսին: Սիրո մեջ տղամարդու և կնոջ տարբերությունը կայանում է նրանում, որ կինը ամբողջ օրն է սիրում, իսկ տղամարդը` երբեմն:

ԺԱԿ ԲՐԵԼ

3 Դկտ

… Իհարկե, մարդկային կյանքում նպատակները հորինվում են, իսկ ճանապարհները` պատկերացվում: Ձախորդությունները առկա են մարդկային կյանքում և անխուսափելի: Մարդը որպես հասարակական էակ, գնում է դեպի նշված նպատակը:
Համակերպվել եմ կյանքին, չեմ ցանկանում համաձայնել, սակայն ընդունում եմ կյանքն այնպես, ինչպես կա. կարող եմ ասել, որ նույնիսկ գոհ եմ, երբ այս ու այն երգս որպես սիրերգ է ընկալվում: Եվ եթե մարդիկ հաճույք են ստանում այդպես մտածելով, էլ ավելի լավ:
Սիրում եմ քնքշանքը, սիրում եմ տալ ու ստանալ: Բայց մենք հաճախ քնքշության պակաս զգալով չենք համարձակվում ոչ տալ, ոչ էլ ստանալ: Քնքշությունը մարդու մեջ սերմանում են ծնողները: Կանայք` նույնպես, բայց նրանք նախկին քնքշանքը չունեն: Սերը կրքի արտահայտություն է, քնքշությունը բոլորովին այլ բան է: Կիրքը կարող է չեզոքանալ, մեռնել, իսկ քնքշանքը` երբեք. այն հնարավորություն ունի հավերժ ապրելու: Ծնվել եմ նուրբ ապրելու համար, և այն, ինչ սեր եմ անվանում, իրականում նրբություն է…

ՍԻՐՈ ՕՐՀՆԵՐԳ

30 Նյմ

Պողոս Առաքյալի աոաջին թուղթը կորնթացիներին

… Եթե սիրեք նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ հեթանոսներն էլ նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում, չէ՞ որ հեթանոսներն ու մեղավորները նույնն են անում։ Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես և ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ… Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ՝ կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ՝ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ՝ ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ՝ ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում…Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը՝ սերն է…

ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ

29 Նյմ

ՎԵՐՋԻՆ ԿԵՆԱՑԸ
Ես խմում եմ քանդված իմ տան
Ու ձախողակ բախտի համար,
Մեր համատեղ այս մենության
Եվ, իհարկե, հենց քեզ համար:
Ինձ դավաճան շրթունքների
Ու աչքերի համար մռայլ,
Նրա համար , որ ցավերիս
Տերը հարմար ճար չգտավ:

Կմոռանա՞ն ինձ- այ թե զարմացրին,
Ինձ մոռացել են մի հարյուր անգամ,
Հարյուր անգամ ես իջել եմ շիրիմ,
Եվ գուցե նաև հիմա էլ չկամ:
Իսկ մուսան իմ՝ խուլ, կուրացած, անձայն,
Ինչպես հատիկը, փտել է հողում,
Որ ելնի մոխրից փյունիկի նման
Ու հանց աղավնի հառնի եթերում:

ՍԵՐԸ
Մերթ օձի պես կծկվելով
Կախարդում է սիրտդ կարծես,
Մերթ պատուհանից օրերով
Ղուղունում է աղավնու պես:
Մերթ շողում է եղյամի մեջ-
Չքնաղ պսակ մի ծաղկավառ…
Բայց և թաքուն ու մշտարթուն՝
Խլում քեզնից քուն ու դադար:
Քաղցր է լսել լացը նրա
Ջութակի մեղմ աղոթքի մեջ…
Օ, փորձանք է գտնել նրան
Դեռ անծանոթ ժպիտի մեջ:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

17 Նյմ

Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…

ԱՆՐԻ ԲԱՐԲՅՈՒՍ

17 Նյմ

ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 25, 1893 թ.
Թանկագինս, իմ փոքրիկ Լուի: Այսպես, ամեն ինչ վերջացած է: Այլևս երբեք չենք հանդիպի: Դա նույնքան հաստատ հիշիր, որքան ես: Դու բաժանում չէիր ուզում, կհամաձայնեիր ամեն ինչի, միայն թե միասին լինեինք: Բայց մենք պետք է բաժանվենք, որպեսզի կարողանաս նոր կյանք սկսել: Հեշտ չէր դիմադրելը և՛ քեզ, և՛ ինքս ինձ, և՛ երկուսիս միասին… Բայց չեմ ափսոսում, որ արեցի դա, չնայած դու այնպես արտասվում էիր` գլուխդ մեր անկողնու բարձի մեջ թաղած: Երկու անգամ բարձրացրիր գլուխդ, նայեցիր ինձ խղճալի, աղերսող հայացքով… Ինչպիսի´ մոխրացած և դժբախտ հայացք ունեիր… Երեկոյան, մթության մեջ, երբ արդեն չէի կարողանում տեսնել քո արցունքները, զգում էի դրանք, նրանք այրում էին ձեռքերս:
Այժմ երկուսս էլ դաժանորեն տանջվում ենք: Այս ամենն ինձ ծանր երազ է թվում: Առաջին օրերին պարզապես անհնար կլինի հավատալը. և դեռ մի քանի ամիս մենք ցավ կզգանք, իսկ հետո կսկսենք առողջանալ: Եվ միայն այդ ժամանակ ես քեզ կրկին կգրեմ, չէ՞ որ որոշել էինք, որ ժամանակ առ ժամանակ գրելու եմ քեզ: Բայց նույնքան հաստատ որոշել էինք, որ իմ հասցեն դու երբեք չես իմանա, և նամակներս կլինեն մեզ կապող միակ թելը, և նա թույլ չի տա, որ մեր բաժանումը վերջնական խզում լինի:
Քեզ մի վերջին անգամ համբուրում եմ, քնքուշ, քնքուշ, բացարձակ անմեղ ու լռիկ մի համբույրով եմ համբուրում. չէ՞ որ մեր միջև այնքան մեծ հեռավորություն կա…

Սեպտեմբերի 25, 1894 թ.
Թանկագի՛նս, իմ փոքրի՛կ Լուի: Ինչպես և խոստացել էի, նորից եմ խոսում քեզ հետ: Արդեն մեկ տարի է, ինչ բաժանվել ենք: Գիտեմ` չես մոռացել ինձ, մենք դեռևս կապված ենք միմյանց հետ, և ամեն անգամ, երբ մտածում եմ քո մասին, չեմ կարողանում չզգալ քո ցավը:
Եվ այնուամենայնիվ անցած տասներկու ամիսներն արել են իրենց գործը՝ անցյալը սգալի մշուշով են պատել: Բա ոնց, մշուշ է լցվել: Ինչ-ինչ մանրուքներ աղոտացել են, իսկ որոշ մանրամասներ էլ պարզապես չքվել են: Ճիշտ է, դրանք երբեմն դուրս են լողում հիշողության խորքերից, երբ ինչ-որ բան պատահաբար դրանց մասին հիշեցնում է:
Մի անգամ փորձում էի հիշել դեմքիդ արտահայտությունը, երբ առաջին անգամ էի տեսել քեզ, բայց այդպես էլ չկարողացա:
Դու էլ փորձիր հիշել իմ հայացքը, երբ առաջին անգամ էիր տեսնում ինձ, և կհասկանաս, որ աշխարհում ամեն ինչ ջնջվում է:
Վերջերս ես ժպտացի: Ո՞ւմ… Ինչի՞ն… Ոչ մեկին և ոչնչի: Արևի շողն ուրախ ճառագեց ծառուղում, ու ես ակամա ժպտացի:
Առաջ էլ փորձում էի ժպտալ: Սկզբում ինձ թվում էր` դրան նորից վարժվելն անհնար է: Եվ, այնուամենայնիվ, քեզ եմ ասում, մի օր, իմ կամքին հակառակ, ժպտացի: Ուզում եմ, որ դու էլ ավելի ու ավելի հաճախ ժպտաս, հենց այնպես` ուրախացած լավ եղանակից կամ մտքից, որ ապագադ դեռ առջևում է: Հա, հա, գլուխդ բարձրացրու և ժպտա:

Դեկտեմբերի 17, 1899 թ.
Ահա, նորից քեզ հետ եմ, իմ թանկագին Լուի: Կարծես երազ լինեմ, չէ՞: Հայտնվում եմ՝ երբ խելքիս փչում է, բայց եթե շուրջդ դատարկ ու մութ է, միշտ ճիշտ պահին: Գալիս ու գնում եմ, շատ մոտ եմ լինում, բայց ինձ դիպչել չի լինում:
Դժբախտ չեմ զգում: Առույգությունս վերադարձել է, որովհետև ամեն օր լույսը բացվում է և, ինչպես միշտ, տարվա եղանակները փոխարինում են իրար: Արևն այնքան փաղաքուշ է շողում, որ ակամա ուզում ես վստահել նրան, ու նույնիսկ սովորական ցերեկային լույսը լի է բարյացակամությամբ:
Պատկերացրու, որ վերջերս պարել եմ: Հաճախ ծիծաղում եմ: Սկզբում նկատում էի, որ ծիծաղս գալիս է, իսկ այժմ արդեն անհնար է հաշվել, թե քանի անգամ եմ ծիծաղել:
Երեկ տոն էր: Արևամուտին ամենուր տոնական հագնված մարդիկ էին երևում: Գունեղ էր, գեղեցիկ, ծաղկանոցի նման: Եվ բազմաթիվ գոհ մարդկանց բազմության մեջ ես ինձ երջանիկ զգացի:
Գրում եմ, որ քեզ պատմեմ այդ ամենը, նաև այն մասին, որ այժմ նոր հավատի եմ դարձել՝ անձնազոհ սեր եմ տածում քո հանդեպ: Մի անգամ քեզ հետ դատողություններ էինք անում անձնազոհության և սիրո մասին՝ դա այնքան էլ լավ չհասկանալով… Արի միասին աղոթենք, որ ամբողջ սրտով հավատանք դրան:

Հուլիսի 6, 1904 թ.
Տարիներն անցնում են: Տասնմե՛կ տարի: Մեկնել էի հեռու, վերադարձել եմ և հիմա նորից պատրաստվում եմ գնալ:
Դու, իհարկե, քո տունն ունես, իմ թանկագին Լուի, չէ՞ որ դու հիմա լրիվ մեծ ես և, իհարկե, ընտանիք ունես, որի համար շատ կարևոր ես:
Իսկ դու ի՞նքդ, ինչպիսի՞ն ես դարձել: Պատկերացնում եմ, որ դեմքդ լցվել է, թիկունքդ՝ ավելի լայնացել, իսկ սպիտակ մազեր պետք է որ դեռ քիչ ունենաս, ու հավանաբար առաջվա նման դեմքդ լուսավորվում է, հենց որ ժպիտը խտղտում է շուրթերդ:
Իսկ ե՞ս… Հո չեմ նկարագրի, թե ինչպես եմ փոխվել` վերածվելով ծեր կնոջ: Ծե՛ր: Կանայք տղամարդկանցից շուտ են ծերանում, և եթե քո կողքին մնայի, քո մայրը կթվայի՝ և՛ արտաքինով, և՛ աչքերի այն արտահայտությամբ, որով քեզ կնայեի:
Տեսնո՞ւմ ես` ինչ ճիշտ արեցինք՝ ժամանակին բաժանվելով: Հիմա արդեն տառապել վերջացրել ենք, հանգստացել, և իմ նամակը, որը դու, իհարկե, ճանաչել ես ծրարի վրայի ձեռագրից, քեզ համար համարյա զվարճալի է:

Սեպտեմբերի 25, 1893թ.
Իմ թանկագին Լուի:
Ահա արդեն քսան տարի է, ինչ բաժանվել ենք… Եվ արդեն քսան տարի է, թանկագինս, որ ես ողջերի մեջ չեմ: Եթե դու ողջ ես ու կկարդաս այս նամակը, որը հավատարիմ և վստահելի ձեռքեր քեզ կուղարկեն, նրանք, որ այս երկար տարիների ընթացքում ուղարկել են քեզ իմ նախորդ նամակները, կներես ինձ, եթե դեռ չես մոռացել, կներես, որ մեր բաժանման հաջորդ իսկ օրը ինքնասպան եմ եղել: Ես չէի կարող, ընդունակ չէի ապրելու առանց քեզ:
Մենք երեկ ենք բաժանվել: Նայիր նամակի վրայի տարեթվին: Իհարկե, դրան ուշադրություն չէիր դարձրել: Չէ՞ որ երեկ էր, որ վերջին անգամ միասին էինք մեր սենյակում, և դու, գլուխդ բարձերի մեջ թաղած, անօգնական երեխայի նման լաց էիր լինում քո սարսափելի դժբախտությունից: Երեկ էր, որ երբ կիսաբաց պատուհանից ներս մտավ գիշերը, ձեռքերիս էին թափվում քո արցունքները, որոնք այլևս չէի կարողանում տեսնել: Երեկ էր, որ դու ցավից գոռում էիր ու բողոքում, իսկ ես, վերջին ուժերս հավաքելով, զսպում էի ինձ ու լռում:
Իսկ այսօր, մեր սեղանի մոտ նստած, մեր իրերով շրջապատված, մեր գողտրիկ անկյունում, գրում եմ քեզ այն չորս նամակները, որ պետք է ստանաս ժամանակային մեծ բաժանումներով: Ավարտում եմ վերջին նամակս, իսկ հետո կգա վերջը:
Այս երեկո ամենաճշգրիտ ցուցումները կտամ, որ նամակներս քեզ ուղարկվեն այն օրերին, որ նրանց վրա նշված են, ինչպես նաև կհոգամ, որ ինձ անհնար լինի գտնելը:
Այնուհետև կհեռանամ կյանքից: Կարիք չկա պատմելու քեզ, թե ինչպես. այս նողկալի գործողության բոլոր մանրամասները ավելորդ են: Դրանք կարող էին քեզ ցավ պատճառել նույնիսկ այդքան տարի հետո:
Կարևորն այն է, որ ինձ հաջողվեց քեզ պոկել ինձնից և դա անել զգույշ ու քնքուշ, առանց քեզ վիրավորելու: Ուզում եմ հետո էլ հոգ տանել քո մասին, իսկ դրա համար պետք է իմ մահից հետո էլ ապրեմ: Խզում չի լինի. հնարավոր է` չկարողանայիր էլ դա տանել. ախր բոլոր տխրությունները քեզ այնքան սուր ցավ են պատճառում: Ես կվերադառնամ քեզ մոտ` ոչ շատ հաճախ, որպեսզի իմ կերպարը կամաց-կամաց ջնջվի հիշողությունիցդ, ոչ էլ շատ հազվադեպ, որպեսզի ազատեմ քեզ անիմաստ տառապանքից: Իսկ երբ դու հենց ինձնից իմանաս ողջ ճշմարտությունը, այնքան տարիներ կանցնեն (իսկ ժամանակն Ինձ օգնում է), որ արդեն համարյա չես կարողանա հասկանալ, թե իմ մահն իրականում կնշանակեր քեզ համար:
Լուի, հարազատս, այսօրվա մեր վերջին զրույցն ինձ չարագուշակ հրաշք է թվում:
Այսօր մենք խոսում ենք շատ ցածր, համարյա անլսելի, ախր շատ հեռու ենք իրարից. չէ՞ որ ես միայն քո մեջ գոյություն ունեմ, իսկ դու ինձ արդեն մոռացել ես: Այսօր «հիմա» բառն այլ իմաստ ունի նրա համար, ով դա գրում և շշնջում է, և բոլորովին այլ իմաստ` նրա համար, ով կկարդա ու հազիվ լսելի կարտաբերի «հիմա»:
Հիմա`հաղթահարելով ժամանակային այս հսկայական տարածությունը, հաղթահարելով հավերժությունը, որքան էլ դա անհեթեթ թվա,համբուրում եմ քեզ այնպես, ինչպես առաջ: Ահա և վերջ… Այլևս ոչինչ չեմ ավելացնի, քանի որ վախենում եմ տխուր դառնալուց, այսինքն՝ չար, և քանի որ չեմ համարձակվում քեզ խոստովանել ցնորական երազանքներիս մասին, որոնք անխուսափելի են, երբ սիրում ես, և երբ սերն անծայրածիր է, իսկ քնքշությունը` անսահման:

ՋՈՐՋ ԳՈՐԴՈՆ ԲԱՅՐՈՆ

14 Նյմ

ՆԱՄԱԿ ՕՐԻՈՐԴ ՄԻԼԲԵՆԿԻՆ

<…Վերջին բառ. դու ստիպված ես լսելու ինձ: Պատասխան չեմ սպասում, պետք էլ չի, բայց ինձ լսել պարտավոր ես: Հենց նոր հրաժեշտ տվեցի Ավգուստային` միակ անձը, որին դու դեռ թողել ես ինձ և որին դեռ կարող եմ հրաժեշտ տալ: Ուր էլ գնամ (իսկ ես հեռու եմ գնում), մեզ չի կարելի հանդիպել ոչ այս, ոչ էլ այն աշխարհում: Նայիր դրան որպես քավության: Ինչ էլ պատահի ինձ, եղիր բարի Ավգուստայի նկատմամբ, եթե նա էլ չլինի` նրա երեխաների: Դու գիտես, որ ես կտակ եմ արել Ավգուստայի երեխաների օգտին, քանի որ մեր երեխաների օգտին ավելի վաղ ու ավելի լավ դա արվեց: Դա չպիտի քեզ վիրավորի, այն ժամանակ մենք դեռ չէինք կռվում, մեր որոշման համաձայն դա չի ազդի քո կյանքի վրա: Ուրեմն եղիր Ավգուստայի նկատմամբ գթասիրտ, քանզի նա երբեք վատ չի վերաբերվել քեզ: Հասկացիր, եթե քեզ համար շահավետ է զրկվել ամուսնուց, նրա համար ծանր է նույնիսկ գիտակցել, որ մեր միջև ծովեր կան ու բաժանում են մեզ օտար ափեր: Գուցե և հիշես, թե ժամանակին ինչ ես խոստացել ինձ: Ստիպված եմ կրկնել, քանզի խոր ատելությունը թուլացնում է հիշողությունը: Քո խոստումը մի համարիր անկարևոր, քանի որ դա ուխտ էր:
…Մատանու քարն այնքան թանկարժեք չէ, բայց նրանում թաքցրել են թագավորի մազերը, որն իմ նախահայրն էր, ես կուզեի, որ մատանին պահվեր տիկին Բայրոնի համար:Քեզ նվիրված ԲԱՅՐՈՆ>:

ՋՈՒԶԵՊՊԵ ՄԱՁԻՆԻ

13 Նյմ

Նամակ Ջուդիտա Սիդոլիին

Սիրելիս, քանի նամակ ստացա այս կարճ ժամանակում: Երախտապարտ եմ քեզ հազար անգամ, մխիթարության իմ հրեշտակ, շնորհակալ եմ դիպվածին, որ բոլոր նամակները հասան: Աստված իմ, ես դրանց կարիքը միշտ և այժմ էլ զգում եմ, քանզի դու իմ կյանքին ես, մնացածը տխրություն ու ցավ է: Դու այնքան սիրառատ ես զրուցում ինձ հետ; 15-ին գրածդ նամակում այնքան քնքուշ բառեր կան, որ ուրախությունից դողում էի… Երբեք մի կասկածիր իմ սիրուն, ինձ` ինչքան ուզում ես, բայց ոչ սերը, մեղք է, մեղք է իմ դեմ, քանի որ վերջին օրերին ես զգացի իմ սիրո ուժը, որ կապում է մեզ; Համարյա մեռած, լրիվ անգիտակից վիճակում տեսա քեզ: Սպասում էի քեզ, որովհետև զգում էի, որ մեռնում եմ: Համբույրներով եմ պատել քո խոպոպը ու մշտապես պահում էի կրծքիս: Բայց կորցրել էի: Եթե իմանայիր ինչ պայմաններում: Քո խոպոպի հետ մի քիչ էլ թույն ունեի` ինձնից անբաժան… Երեկ գտնվեց: Նայում եմ մազերիդ որպես թալիսմանի, որն ինձ կօգնի հաղթել…
Ո՞վ է, որ Ձեզ երբևէ տեսել է ու չի սիրել:
Հիմա ինձ կրծում է վախը, և տեսնում եմ, որ Ձեր առարկություները դատարկ ու անհիմն են… Ես դողում եմ այն մտքից, որ այդ բոլորը շինծու են, Դուք թաքցնում եք իրականը, որ կարեկցանքից դրդված չասեք ինձ ճշմարտությունը: Ավաղ, պարզորեն տեսնում եմ, որ ոչ մի անգամ, ոչ մի դեպքում Դուք թույլ չտվեցիք ասել, որ սիրում եք ինձ: Գիտեք ինչ, ես հիմք ունեմ ամեն կերպ համառել իմ սիրո համար: Եթե ես աղքատ չլինեի , ու իմ վերջին սխալներն ու շռայլությունները չլինեին, որ շատերն են այպանում, հարուստ լինեի ու կարողանայի մատուցել աշխարհիկ վայելքները, այնժամ դատ կբացեի Ձեր դեմ` Ձեր սիրո համար: Օ, սիրելիս: Հոգիս: Ինչեր եմ գրում: Ինչ խենթության եմ ձեզ մղում: Ի՞նչ եմ ես Ձեր համար: Ես, որ գուցե ոչինչ եմ: Դուք ունեք և մայր, և քույր ու լուսավորում եք նրանց սիրով, կյանքով: Բայց, օ, սիրելիս, եթե թվում եմ եսասեր, հավատացեք, սիրում եմ, սիրում եմ Ձեզ, իրավ, ու դա ամենաոգեղեն սերն է:
Մտածեք մի քիչ իմ մասին…
Ես կգգվեմ, կհանգստացնեմ Ձեզ: Դուք հոգսեր չեք ունենա, կկտրվեք աշխարհիկ տագնապներից: Դուք ի վերջո կառողջանաք: Իսկ եթե ոչ, սիրելիս, եթե Դուք մահանաք, այնժամ կառնեմ ձեռքերդ ափերիս մեջ և հաճույքով, լսու՞մ եք, հաճույքով կիջնեմ Ձեզ հետ մութ շիրիմ:
Շուտ, շտապ պատասխանեք ինձ, բայց շատ մի գրեք, մի հոգնեք, մի հուզվեք ինձ համար: Ասեք ինձ այն ցանկալի բառերը, որ Երկիրը Երկինք են դարձնում…

էԴԳԱՐ ՊՈ

13 Նյմ

ՆԱՄԱԿ ԵԼԵՆԱ ՈՒԻԹՄԱՆԻՆ
Գեղանի Ելենա, ես հպվեցի շուրթերով Ձեր նամակին` թրջելով այն ուրախության արցունքներով կամ «աստվածային վհատությամբ»։Եթե իսկապես հավատայի, կաղոթեի Աստծոն, անմիջապես ծունր կիջնեի ու կաղաչեի (իմ կյանքի այս նշանակալից պահին), որ ինձ բառեր ներշնչի, որ կարողանամ Ձեր առաջ ամբողջովին բացել սիրտս։ Իմ բոլոր մտքերը, կրքերը դարձել են միացյալ մի ցանկություն, մի ցանկություն, որ հնար տա Ձեզ տեսնել, հասկանալ այն, ինչի համար բավական չի մարդկային ձայնը, իմ սիրո աներևակայելի հուրը, քանզի այնքան լավ գիտեմ Ձեր բանաստեղծական էությունը, որ եթե Ձեր հոգու աչքերով թափանցեիք իմ հոգին, Դուք կսիրեիք ինձ, գոնե կմեծարեիք իմ ՍԵՐԸ…Իսկ հիմա ամենահասարակ բառերով ուզում եմ նկարագրել այն տպավորությունը, որ Ձեր արտաքինով թողեցիք ինձ վրա։ Երբ դուք տատանվելով, շատ գունատ և սրտնեղած առաջացաք դեպի ինձ, հառեցիք Ձեր աչքերը ուղիղ իմ աչքերին, ես հավատացի, որ գոյություն ունի հոգեկան ազդեցություն ու հասկացա, որ իմ Ելենան եք, հազար երազներիս Ելենան…Երբ խոսում էիք, ես չէի ընկալում բառերը, միայն լսում է թավիշ ձայնը, որի մեղեդին ինձ ավելի հարազատ էր, քան իմ սեփականը…Երբ քայլում էիք սենյակում և աթոռիս թիկնակին դնում ձեր ձեռքը, անկենդան փայտից անբնական դողը անցնում էր իմ էությանը, ցնցում սիրտս, գլուխս սկսում էր պտտվել, Ձեր արբեցնող գոյությամբ, այլ ոչ թե իրական զգացմունքներով էի տեսնում ու լսում Ձեզ. հոգիս էր Ձեզ նշմարում։Թույլ տվեք մեջբերել ձեր նամակից մի հատված. «Թեպետ Ձեր ներկայությամբ ես ինձ երեխա եմ զգում ու խոնարհվում եմ Ձեր իմաստության առաջ, բայց չգիտեք, որ մի քանի տարով մեծ եմ…»։ Ասենք թե դա ճիշտ է։ Չե՞ք զգում, սիրելիս, հարցնում եմ Ձեր բանականությանը, Ձեր սրտին, որ իմ աստվածային էությունը, իմ հոգին շնչահեղձվելով ձգտում է խառնվել Ձեր հոգուն։ԵԼԵՆԱ, ՄԻ՞ԹԵ ՀՈԳԻՆ ՏԱՐԻՔ ՈՒՆԻ…Մի՞թե չի մարել սիրտս Ձեր հրաշք ժպիտից, չե՞մ պահել Ձեր ձեռքը ափումս, չե՞մ սուզվել Ձեր հոգում՝ Ձեր բյուրեղյա աչքերի միջով։ Եղե՞լ է այդ բոլորը։ Թե ես երազում եմ, կամ էլ խենթ եմ։

%d bloggers like this: