Tag Archives: ՍԵՐ

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

22 Հնվ

— Ես այնքան երջանիկ եմ,- ասաց նա:

Ես կանգ առա ու նայեցի նրան: Նա ընդամենը երեք բառ էր ասել: Սակայն երբեք ես չէի լսել, որ դրանք այդպես արտաբերվեին: Ես ճանաչում էի կանանց, բայց նրանց հետ հանդիպումները մշտապես եղել էին թռուցիկ` ինչ-որ արկածներ, երբեմն` պայծառ ժամեր, միայնակ երեկո, փախուստ ինքդ քեզնից, հուսահատությունից, դատարկությունից: Ասենք` ես ինքս էլ այլ բան չէի փնտրել. Չէ՞ որ գիտեի, որ չի կարելի հույս դնել այլ բանի, քան ինքդ քո կամ, լավագույն դեպքում` ընկերոջ վրա: Ու հանկարծ ես տեսա, որ ինչ-որ բան եմ նշանակում մեկ ուրիշի համար և որ նա երջանիկ է միայն այն պատճառով, որ ես իր կողքին եմ: Նման խոսքերն ինքնըստինքյան շատ հասարակ են հնչում, բայց երբ խորհում ես այդ մասին, սկսում ես հասկանալ, թե որքան անսահմանորեն կարևոր է այդ ամենը: Այն կարող է փոթորկել մարդու հոգին և տիրել նրան: Դա սեր է, բայց և մի տեսակ ուրիշ բան: Այնպիսի մի բան, հանուն որի արժե ապրել:

1

ԼԵԳԵՆԴ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

30 Սպտ

Շատ ժամանակներ առաջ կար մի կղզի, որի վրա ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները. Ուրախություն, Տխրություն, Իմացություն և այլն: Նրանց հետ միասին ապրում էր նաև Սերը: Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց ծածկվում է ջրով և շուտով կանցնի ջրի տակ: Բոլորը նստեցին իրենց նավերն ու լքեցին կղզին: Սերը չէր շտապում և սպասում էր մինչև վերջին րոպեները: Երբ կղզին գրեթե ամբողջությամբ սուզվել էր ջրի տակ, և Սերը հասկացավ, որ այլևս հույս չկա, թե կղզին կփրկվի, սկսեց օգնության կանչել: Մոտակայքով անցնում էր Հարստության շքեղ նավը:
Սերը խնդրեց նրան վերցնել իրեն, սակայն Հարստությունն ասաց, որ իր նավի վրա այնքան թանկարժեք իրեր, ոսկի ու արծաթ կա, որ Սիրո համար տեղ չկա:
Այդժամ Սերը դիմեց Գոռոզությանը, ով նույնպես անցնում էր կղզու մոտով, բայց ի պատասխան լսեց, որ իր ներկայությունը կխախտի Գոռոզության նավի վրա տիրող կանոնակարգվածությունն ու կատարելությունը:
Այնուհետև, նկատելով Տխրության նավը, Սերն աղերսանքով դիմեց նրան:
— Օ՜, Սեր, — պատասխանեց Տխրությունը.- ես այնքան տխուր եմ, որ պետք է մենակ մնամ:
Կղզու մոտով իր նավով անցավ նաև Ուրախությունը, սակայն նա այնքան ուրախ էր, որ անգամ չլսեց Սիրո աղերսանքը:
Հանակարծ Սիրո ականջին մի ձայն հասավ. «Արի, Սեր, ես քեզ կվերցնեմ ինձ հետ»: Սերը շրջվեց և տեսավ մի ալևոր ծերունու ու այնքան ուրախացավ, որ անգամ մոռացավ հարցնել նրա անունը: Երբ նրանք հասան ցամաքին, Սերը իջավ նավից, իսկ ծերունին շարունակեց իր ճանապարհը:
Եվ երբ ծերունու նավակը անհայտացավ տեսադաշտից, Սերը հանկարծ սթափվեց. նա նույնիսկ շնորհակալություն չէր հայտնել ծերունուն: Սերը դիմեց Իմացությանը.
— Իմացություն, ասա ինձ, ո՞վ էր իմ փրկիչը:
— Դա Ժամանակն էր,- պատասխանեց Իմացությունը:
— Ժամանա՞կը,- զարմացավ Սերը,- հանուն ինչի՞ նա ինձ օգնեց:
Իմացությունը նայեց Սիրո շփոթված դեմքին և պատասխանեց.
— Միայն Ժամանակը գիտի, և միայն նա է հասկանում` որքան կարևոր է կյանքում Սերը:

ՋՈՆ ՕՍԲՈՐՆ

26 Օգս

Բոլորը փախչում են կյանքի տանջալից ծանրությունից: Եվ մանավանդ սիրուց: Իմաստ չունի սիրո մեջ ինքն իրեն խաբել: Չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու, սերը ծանր աշխատանք է: Սերը ջղեր ու հոգու արիություն է պահանջում: Եվ եթե ուժ չունես դիմանալու, որ չքնաղ, անբիծ հոգիդ տակնուվրա լինի, ուրեմն ավելի լավ է ընդհանրապես հրաժարվես մարդկանց նման ապրելուց և սուրբ ձեռնադրվես… Անարդարությունն էլ ինչպե՞ս է լինում. քաղցում են նրանք, ովքեր չպետք է քաղցեն, սիրում են նրանց, ովքեր սիրո արժանի չեն, մեռնում են նրանք, ովքեր չպետք է մեռնեն: Մի՞թե ես սխալվել եմ` կարծելով, թե գոյություն ունի մտքի և ոգու մի տեսակ հրավառ խիզախություն, որ փնտրում է իր կորովի նմանակին: Ամենազորեղ, հուժկու արարածները կարծես թե ամենից ավելի միայնակ են այս աշխարհում…

ՀԱՄԱՍՏԵՂ

18 Հնս

ՍԵՐԸ
Սերը գոյության տենչ է, ըլլալու կիրք ու խորհուրդ մարմնի: Մենք կը փայփայենք մեր վիշտը և հաճախ արցունքները մարգարիտի հատիկներու նման կըլլան և արցունքով մեր մտածումները ավելի կը տարածվին, ավելի կը խորանան մեր մարմնի մեջ, երբ կը սիրենք:
Սիրո համար թափված արցունքի մեկ կաթիլին մեջ երկնքին կապտությունը կա: Մտածումը ինքն իր մեջ թախծություն մը ունի, թախծոտ, ինչպես ծառի մը հանդարտ ցոլացումն է լճակի ափին:
Երբ մարմինը կը մտածե, կդառնա երևակայություն, թռիչք, կը մոտենա Աստծո և անոր կերպարանքը կը տեսնենք մեր մարմնի մեջ: Եվ իրերը կը ճաճանչվին մեր մեջ, երբ մեր մարմինը կը մտածե:
Մեր մարմինը կը դառնա հազար ու լարերով հսկա նվագարան մը, երբ կինը կը մոտենա լարերուն, որպես վարպետ տավղահար: Առանց այդ մատներուն, մարմինը պիտի մնար նվագարան մը միայն առանց երաժշտության: Երբ կինը կը մոտենա այս լարերուն, ամեն բան կը ստանա ցոլք, կը ստանա ջերմություն, իսկ լռությունը կը ստանա խորք և իմաստություն, և մենք այդ իմաստության ճանապարհով է , որ կը հասնինք մեր մեջ Աստված մը զգալու անսահման երանության:
Սերը Աստծո շունչն է, և մենք կը դառնանք անանձնական, ինչպես Աստված ինքն է տարածված, ինչպես Հիսուս ինքն է նկանակի ու գինիի նման բաշխված:
Ինչպես խաղողին ողկույզը արևի տակ խլրտանքը կը զգա հասուննալու և ծանրանալու համար, այնպես ալ սերը մարմնին կուտա բարկ հեշտանքը հասուննալու և դարձնելու մեր հոգին կատարյալ:
Կնոջ մը սիրո ջերմությունը արևի նման կըրնա պարտեզ մը ծաղկեցնել մեր հոգիին, մեր մարմնին մեջ մշտական գարունով ու տալ մեզի երանությունն անանձնական: Այն ատեն բոլոր իրերը գեղեցիկ են, մարդիկ չար չեն, կիները օրհնաբեր են ու բարի, ինչպես մայրն է…

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

12 Հնս

ՆՐԱՆ, ՈՎ ԱՌԱՋԻՆՆ ԻՄԱՑԱՎ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՁՐԵՎԸ

Անձրև` նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով հոծ ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև` դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Անձրև` երբ մենք միասին ենք: Մեզ պետք չէ հյուր գնալ, որովհետեւ Անձրև է:
Անձրև է, և ոչ ոք չի խանգարում մեզ համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհրաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև Անձրև է: Անձրև` դա միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներում` սև, երկրային, նարնջագույն երկնքում` միևնույն Արևն է: Իսկ անձրևը լինում է միայն մեզ մոտ, Երկրի երեսին: Տաք անձրև, քեզ լա՞վ է այստեղ, դու չե՞ս թռչի: Ճի՞շտ է:
Հարմարավետ և թեթև է Երկրի երեսին ապրելը:
Ճի՞շտ է:
Դու տխրում ես: Քեզ պատմել են… որ անձրևները երկրի երեսին տարբեր են լինում` լինում են կապարե, լինում են սնկանման ամպից… Այո, դա ճիշտ է: Այդպես պատահում է:
Իսկ դու մի հավատա, մի հավատա, սիրելիս, մի հիշիր, մի պատմիր այդ մասին քո տանը: Իսկ երբ դու դարձյալ կթռչես ինձ մոտ ընդմիշտ, խոստանում եմ` ամեն ինչ այլ կերպ կլինի: Ես երդվում եմ քեզ` մեզ մոտ դա չի կրկնվի, և ես քեզ համար ընդմեջ լուսավոր ամպերի կպատրաստեմ արևի երկար ժապավեններ, և դրանց մեջ կկոտորակեմ բյուրեղապակյա միլիոնավոր կաթիլներ:
Թռչիր:

***
Ես դարձյալ միայնակ եմ: Դա տանջալից է: Դա սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի:
Դա դառը ճշմարտություն է:
Իսկ վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի, փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երեւի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, եւ ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Դե նաեւ քաղց է զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանում ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան` դա միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ: Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

18 Մյս

ԲԱՑ ԵՂԻՐ ՍԻՐՈ ԱՌԱՋ

Լինում են պահեր, երբ դու մեծ ցանկություն ես ունենում օգնելու նրան, ում սիրում ես, բայց ինչ-որ բան անել անկարող ես լինում. կամ իրադրությունն այնպիսին է, որ քեզ հնարավորություն չի ընձեռում մոտենալ նրան, կամ էլ այդ մարդն ինքն իր մեջ ամփոփվել ու մերժում է քո կարեկցանքն ու աջակցությունը:
Նման դեպքերում մնում է ուղղակի սիրելը: Երբ ամեն ինչ թվում է անիմաստ, մենք դեռևս կարող ենք սիրել` չհուսալով փոխադարձ սեր, մեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, չակնկալելով երախտագիտություն: Եթե դա ստացվում է, ապա սիրո էներգիան մեր շուրջն ամեն ինչ փոխում է: Սկիզբ առնելով` նա անպայման ինչ-որ բանի է վերափոխվում: «Ժամանակը չի փոխում մարդկանց: Կամքի ուժը չի փոխում մարդկանց: Մարդկանց վերափոխում է սերը»,-ասում է Էնրի Դյումոնդը…
«Վարդը զօր ու գիշեր երազում էր ընկերանալ մեղուների հետ, բայց նրանք ոչ մի անգամ չէին իջում նրա ծաղկաթերթերի վրա: Սակայն, միևնույն է, վարդը շարունակում էր երազել: Երկար գիշերները նա անրջում էր երկնքի մասին, որտեղից մեղուները մեկը մյուսի հետևից շտապում էին քնքշորեն հպվել վարդի թերթիկներին: Նրա ծաղկաթերթերը վերստին կբացվեին արևի շողերի հետ, սակայն նա չկարողացավ ապրել մինչև առավոտ:
Գիշերը, լուսինը նկատելով միայնակ վարդին, հարցրեց.
— Չե՞ս ձանձրացել սպասելուց:
— Թերևս ձանձացել եմ: Բայց, չի կարելի, չէ,՞ հանձնվել:
— Ինչո՞ւ:
— Որովհետև եթե չբացվեմ, ապա կթոշնեմ»:
Երբ գեղեցկությանը միայնություն է սպառնում, դա պահպանելու միակ միջոցը սիրո առջև բաց մնալն է:

Թարգմ. Ն. Մովսիսյան

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

16 Մյս

Ինձ դուր է գալիս, որ իմ գոյությամբ չեք հիվանդացել,
Ինձ դուր է գալիս, որ ձեր գոյությամբ հիվանդ չեմ ես էլ,
Որ երկրագունդը մեզ հետ դարձել է ծանր բախտակից-
Հողը չի փախչի մեր ոտքի տակից:
Ինձ դուր է գալիս, որ ծիծաղելի կարող ենք լինել,
Լինել անկաշկանդ ու բառերի հետ չխաղալ բնավ,
Մեր մեջ արթնացող տոթից չշիկնել,
Երբ մեր թևքերը հպվում են իրար:

Ինձ դուր է գալիս նաև, որ հանգիստ նստել իմ կողքին,
Բայց ուրիշին եք քնքշությամբ փարվում,
Չեք էլ գուշակում, թե պիտի բաժին դառնամ դժոխքին,
Երբ ես ուրիշի հետ եմ համբուրվում,-
Որ իմ նրբենի անունը երբեք չեք տալու իզուր,
Զուր տեղը երբեք գոյությունս չեք հիշատակելու,
Որ եկեղեցու խորանի տակ լուռ
Մեր գլխի վրա ալելուաներ չեն թափթփվելու:

Սրտով ու ձեռքով շնորհակալ եմ ձեզնից կրկնակի,
Որ դուք ինքներդ էլ չիմանալով՝ ինձ սիրում եք այդպես,
Որ գիշերները քնում եմ հանգիստ,
Որ վերջալույսի ժամերին մեկ-մեկ հանդիպում եմ ձեզ.-
Մեր չզբոսնելու համար լուսնյակի շնչի տակ խաղաղ.
Արևի՝ որ էր, բայց ոչ մեր գլխի վրա ճաճանչեց,
Եվ նրա համար, որ իմ գոյությամբ հիվանդ չեք, ավաղ,
Եվ նրա համար, որ ձեր գոյությամբ ես էլ հիվանդ չեմ:

Թարգմ. Հ. Բեյլերյան

ԴԵՐԵՔ ՈՒՈԼՔՈՏ

3 Մյս

ՍԵՐԸ ՍԻՐՈՒՑ ՀԵՏՈ

Գալու է ժամն այն,
երբ հիացումով
պիտ հանդիպես քեզ
քո դռների մեջ և հայելում քո
ու ամեն մեկը տակտի տակ պիտի ժպտա մյուսին,

ասի` մոտ նստիր: Երգելու ես:
Դու կրկին կսիրես
ուրիշին, ով մի ժամանակ հենց դու ես եղել:
Մի կտոր հաց տուր: Գինի տուր: Ողջ սիրտդ տուր –
քե՛զ, ուրիշին, ով քեզ սիրել է

իր ամբողջ կյանքում, ում դու լքել ես հանուն ուրիշի,
նրան, ով որ քեզ բերանացի գիտի:
Հանիր դարակից տրցակը հրդեհող նամակների,

տվայտող նոթերի, լուսանկարների,
քո պատկերների թաղանթը պոկիր հայելուց:
Ու նստիր – հանգիստ առ: Ցնծացրու կյանքը:

Թարգմ. Շ. Մկրտչյան

ԴՀԱՐՄՎԻՐ ԲՀԱՐԱՏԻ

2 Ապր

ԻՆՉՔԱՆ ՈՐ ԴՈՒ ԻՄՆ ԵՍ, ՈՉ ՈՔԻՆԸ ՉԵՍ

Սակայն այն ժամանակ ես այս ամենը չէի էլ գիտակցում, երբ ինչ-որ մեկը ականջիս շատ մոտ, այնքան մոտ, որ զգում էի խոնավ ու դողդոջուն շուրթերի քնքշությունն ու ջերմությունը, այնքան ճնշված ձայնով ասաց. «Ինչքան որ դու իմն ես, ոչ ոքինը չես»: Այն ժամանակ ինձ ընդամենը թվաց, թե հուզիչ ջերմ երջանկության մի շատ թեթև ալիք, ականջներիցս սահելով, կոկորդս ու սիրտս ծակելով, մինչև ոտքերս սահեց-իջավ. ամբողջ մարմինս թզենու տերևի պես դողաց. այդքանը կատարվեց, միայն այդքանը: Եվ մի տարօրինակ անզգայություն:
Սակայն այն ժամանակ էլ սիրուց արբեցած իմ հոգում նույն զգացողությունն էր, ինչ այժմ, որն իմ կյանքում այլևս չկրկնվեց: Ոչ միայն այս, այլև մյուս ծնունդներում էլ դա առաջին ու վերջին անգամ է պատահում: Այդքան կյանքեր ապրելուց հետո էլ չբացված մի հանգույց կար, այսօր, գերմարդկային ուժ գործադրելով, ինչ-որ մեկն այդ հանգույցը թուլացրեց-բացեց: Մինչ այժմ չքանդված մի անտեսանելի պատնեշ կար, այժմ ինչ-որ մեկն այն վերացրեց: Մինչ այժմ դարերով չբացված մի դուռ կար, ինչ-որ մեկը թեթև հարվածով այն բացեց, և ես տեսա մի հրաշալի պատկերասրահ՝ դռան հետևից դուռ, դռան հետևից… Դուռը բացելով` ինչ-որ մեկը քայլում է ներս, ներս ու ներս: Այդպիսի բան ես երբեք չէի զգացել, երբեք:
Չի կարելի ասել, թե առաջ երբևէ չեմ սիրել: Անսահման եմ սիրել: Քնքուշ խոսքեր եմ ասել` անթիվ-անհամար, հաշիվը կորցրել եմ: Սակայն նա, ում սիրում եմ` իմ ամենասիրելին ինձնից բաժանվել է, հեռու է, ինչպե՞ս ձեռքս երկարելով հպվեմ նրան: Ավա՜ղ: Չէի էլ պատկերացնում, թե երբևիցե կկորցնեմ այդ հնարավորությունը: Նրա ձեռքերում, սրտում, մարմնի յուրաքանչյուր մասնիկում հիմա ո՞վ կա: Հիմա ո՞վ է ասում, որ նրա երակներում ոսկե արյուն է հոսում: Ռիլկեն ընդամենն ասել է. «Եթե իմ տեսողությունը, լսողությունը, ձեռքերն ու սիրտը, ամենը, ամենը խլես, ապա ես իմ արյան հոսքով քեզ կվստահեմ, իսկ այժմ ես հո գիտեմ, որ իմ արյան ամեն մի կաթիլը ոչ այլ ոք է, քան նա, ով ասում էր, թե՝ ինչքան, որ դու իմն ես…»
***
Ի՞նչ անեմ: Չգիտեմ: Հիշում եմ նրան, ով հեռու է, բայց այս անգամ ի՞նչ է կատարվում: Հեռո՞ւ: Կոպերիս վրա կոպեր են իջնում, շուրթերիս` շուրթեր հպվում, ձեռքերիս մեջ` ձեռքեր հայտնվում, ճակատիս` մազեր թափվում, ու մարմինս դողում է թզենու տերևի պես: Մարմինս նույնն է: Ի՞նչ է, այլ հոգի՞ է այնտեղ բույն դրել: Ի՞նչ է կատարվում:
Հաստատ ինչ-որ բան է կատարվում: Այնպիսի բան, որ ժամանակից ու տարածությունից անդին է: Երևի ըմբռնումից էլ վեր է: Ժամանակն ասես չի էլ անցնում, ինչ-որ տեղ կանգ է առել: Այսպես երբեք չէր եղել: Երբեք: Ո՞ւմ հետ խոսեմ. ոչ ոք չկա: Լինի էլ, ո՞վ կխոսի հետը. ե՛ս այժմ չկամ: Գոյություն չունեմ: Այս ո՞վ խմեց ինձ գինու կումի պես: Լսել էի մեկի շուրթերից, թե «մի անգամ… մի անգամ թեկուզ մի կում անպայման կհամտեսեմ», սակայն ինչո՞ւ ինձ չասաց, որ այդ մի կումը ոչ այլ ոք է, քան ես:
***
Իրոք, որքան տարօրինակ է, սիրելի՛ս: Գլուխ չես հանի: Չէ՞ որ ասացի, թե այնպիսի բան է կատարվում, որ վեր է ամեն ինչից` ձևից, գույնից, բառից. ամեն ինչ ինձ համար չգիտեմ ինչու անիմաստ է դարձել: Անցած գիշեր այնտեղով անցա: Մի սուր հոտից գլուխս պտտվեց: Հետս մեկը կար, ով ասաց` գիշերվա թագուհին է օծվում: Ինձ միայն թվաց, որ ինչ-որ մեկը հենց նոր լոգանք է ընդունել և հենց նոր սրբած թարմ մարմնի թեթև գալարումներով հմայում է ինձ: Իսկ առավոտյան արթնանալով` ոտաբոբիկ, ցողով թրջված կանաչ խոտին ոտք դրեցի, իսկ եթե ճիշտն ասեմ` ոչ խոտ կար, ոչ ցող: Թվաց, թե ինչ-որ մեկը, ոտքերս ծածկոցով դանդաղ ծածկելով, գրկել, սեղմել է կրծքին: Իսկ երբ այսօր թախծի պես երեկոն իջավ, թվաց, թե հենց նոր մի գնացք է շարժվել, իսկ սա ոչ թե երեկոյան լվացված բակ է, այլ ամայի կառամատույց, և գնացքը շարժվում է հեռու` դեպի լուսին:
Ձևը, գույնը, բառը, զգայական առաջին աշխարհն ո՞ւր կորան, սիրելի՛ս:
Սրանից առաջ աշխարհը կար: Այն աշխարհում մեկը կար: Նրան ես անմահ սեր էի տվել: Բայց այսպես երբեք չէր պատահել, որ արարածը հանկարծակի ինչ-որ մեկի շնչառության մեջ ամբողջովին լուծվի, և մնացած ամեն ինչը մի այլ աշխարհ լինի: Ուրիշ աշխարհ չկա, որտեղ լինի մեկը, ում սիրեմ: Ո՛չ, միայն նա է, միայն նա, և չկա այլ աշխարհ: Նա ինքն է իմ ողջ էությունը դարձել… երկինք ու երկիր, ծառ ու ծաղիկ, գիշեր ու ցերեկ, առավոտ ու երեկո… միայն նա… միայն նա… միայն: Եթե ես նույնիսկ ապրեմ, ապա կումի պես ըմպված, կուլ գնալով ու միախառնվելով նրա արյան ամեն մի կաթիլին, նրա մարմնի ամեն մի մասնիկում բույն դրած, թիթեռնաձև աչքերում սիրո խումհարի պես, զարթոնքի ծուլության պես, հասմիկի բույլից հառնող կապույտ շուշանի թերթիկների քաղցր ու քնքուշ ցավի պես, հոգնության պես, քնի պես, անզգայության պես, լռության պես:

Թարգմ. Գ. Աղամալյանի

ԻՆՉ ՏԽՈՒՐ Է ՎԵՆԵՏԻԿԸ

18 Փտր

Ինչ տխուր է տեսնել
Քեզ, Վենետիկ, անսեր,
Ու դառնորեն ասել
Թե մեռել ես դու, Սեր,
Զուր կառչել ձանձրացած
Գալարվող բառերից,
Ե՜վ արցունք թախանձել
Կապարե աչքերից:

Ինչ տխուր է տեսնել
Ակոսները դատարկ,
Լուռ ջրերդ ճեղքող
Համր նավակների,
Գոնդոլներդ տեսնել
Տխրությամբ ու ցավով,
Ուր լքում են Սերը
Զույգերը հեռացող:

Ինչ տխուր է տեսնել
Քե՜զ, Վենետիկ, անսեր,
Ու դառնորեն ասել,
Թե մեռել ես դու, Սեր:
Զուր են ճամփա պահում
Մասունքներդ անտիկ,
Սրտերում հուսախաբ
Էլ չունեն նրանք գին:

Ինչ տխուր է տեսնել
Գիշերով լճափին,
Տենդագին կարոտից
Դողահար, թույլ ձեռքեր:
Երբ հոգնած տանջանքից
Հեգնանքին դիմելով,
Փորձում են մոռանալ
Այն, ինչը ծնված չէ:

Բարով մնաք, բարով,
Աղավնիներ ճերմակ,
Բարով մնաս, բարով,
Հառաչանքի կամուրջ,
Շատ է տխուր տեսնել
Քեզ, Վենետիկ, անսեր,
Ու դառնորեն ասել,
Թե մեռել ես դու, Սեր:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

ԴՈՆ-ԱՄԻՆԱԴՈ

4 Դկտ

Դեկոլտեն՝ դա ճշմարտության միայն մի մասն է:
Կնոջ սովորական կենսագրության մեջ մինչև երեսուն տարեկանը կոչվում է ժամանակագրություն, երեսունից հետո՝ առասպելաբանություն: Եվ ոչինչ այնպես չի ծերացնում կնոջը, որքան նրա տարիքը: Կնոջ այն տարիքը, որն անընդհատ քննադատվում է, կոչվում է կրիտիկական տարիք: Սակայն անժամանակ ծերացումն այնքան սարսափելի չէ, որքան ուշացած երիտասարդությունը:
Գրագետ մարդիկ կարող են ամուսնանալ հայտարարությամբ, անգրագետները՝ միայն սիրելով: Ձեր կնոջը վերաբերվեք այնպես, որ կարծես նա ոչ թե ձեր կինն է, այլ ուրիշինը: Սիրո կանոնն է՝ որքան երկար է նախաբանը, այնքան կարճ է սիրավեպը: Հավերժ սիրո մասին մի երդվեք գրավոր: Երդվեք բանավոր: Իսկ որպեսզի սերը հավերժական լինի, անտարբերությունը պիտի լինի փոխադարձ, որպեսզի վստահությունը ամուր լինի, խաբեությունը պետք է լինի երկար: Տղամարդիկ ստում են պարզապես, կանայք՝ արցունքն աչքերին: Երբ կինն ուշաթափվում է, նա գիտի, թե ինչ է անում: Փոխընմռնումը պահանջում է փոխադարձ սուտ: Ինչու՞ բարձրաձայն ապաշխարել, եթե կարելի լուռ մեղանչել:

ԻՐԺԻ ՎՈԼԿԵՐ

28 Նյմ

… Զմայլանքի մեջ նա մոռացավ ամեն ինչ և միայն անսահման ու անծայրածիր տարածությունն էր տեսնում: Իսկ տիեզերքը լուսավորված էր ինչ- որ աստվածային լույսով. աղջկա հանդերձանքի ծայրը կպչում էր Վլադյայի շրթունքերին, իսկ հայացքը թափանցում էր սրտի խորքը: Այդ հայացքից հանգստություն ու ներդաշնակություն էր գալիս: Համբույրները նոր աշխարհներ ու նոր անսահմանություններ էին ծնում: Վլադյայի հոգում բացվում էին իրեն իսկ անհայտ գաղտնարաններ, որտեղ նրա միտքը, ասես ամպրոպից հետո, խաղաղ ապաստարան էր փնտրում: Նա երջանիկ էր:
Այսպես է ցավը վրեժ լուծում: Որովհետև նա պարտքի տակ չի մնում: Իսկ իսկական սերը ցավ է: Եվ միայն նա ունի ոգեշունչ, միայն իրեն հատուկ քնքուշ հաճույքներ, որոնք նա պարգևում է արյունաշաղախ սրտերին: Այդպես է իր պարտքը մարում ցավը՝ շռայլ, հարյուրապատիկ….

«Մշուշոտ երեկո» պատմվածքից

ՄԱՐՍԵԼ ԱՇԱՐ

15 Նյմ

Որքան հաճելի կլինեին կանայք, եթե նրանք այդպես համառորեն չձգտեին լինել երջանիկ: Կնոջ ուժը ոչ թե նրա մեջ է, ինչ ասում է, այլ նրա մեջ, թե քանի անգամ է դա ասում: Սիրո պարագայում ամեն ինչ այնպես է, ինչպես կարագի դեպքում: Մի փոքր սառնություն, և այն թարմ կմնա երկար ժամանակ: Բացի այս, սիրո հարցում երջանիկ լինելու համար պարտադիր չէ կույր լինել: Բավական է ժամանակ առ ժամանակ փակել աչքերը: Տղամարդիկ խանդում են իրենց նախորդներին, կանայք՝ նրանց, ովքեր գալու են իրենից հետո: Լինում են կեղծ, մտացածին սերեր, ինչպես որ լինում է կեղծ հղիությունը: Միայն թե ավելի լավ է սխալվել բոլորի հետ, քան խելացի լինել միայնակ…

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

13 Նյմ

Անձամբ ինձ համար կյանքում դժվար է, քանի որ ես չունեմ ոչ հենարան (ազատության փոխարեն), ոչ ազատություն (հենարանի փոխարեն): Աշխարհում սահմանափակ թվով հոգիներ կան և անսահմանափակ թվով մարմիններ: Սակայն սովորաբար վեցերորդ զգայարանը փնտրում են այն մարդիկ, ովքեր չեն ենթադրում մյուս հինգի գոյության մասին…
Կյանքի հետ երկխոսելիս կարևոր են ոչ թե նրա հարցերը, այլ մեր պատասխանները: «Ճանաչիր ինքդ քեզ»: Ճանաչեցի: Եվ դա ամենևին չի թեթևացնում մեկ այլ բանի ճանաչումը: Ընդհակառակը, հենց որ ես դատում եմ մարդու մասին ըստ ինձ, սկսվում է թյուրիմացություն թյուրիմացության ետևից: Կան հանդիպումներ, կան զգացմունքներ, երբ միանգամից տրվում է ամեն ինչ և շարունակությունն այլևս պետք չէ: Շարունակել՝ կնշանակի ստուգել: Իսկ երջանիկ մարդուն կյանքը պիտի ուրախություն պարգևի, խրախուսի նրան այդ եզակի ընծայի համար, քանի որ երջանիկից երջանկություն է բխում: Սիրել՝ նշանակում է տեսնել մարդուն այնպիսին, ինչպիսին նրան մտահղացել է Աստված, սակայն չեն իրականացրել ծնողները: Երբ սիրում ենք մեկին, անընդհատ ցանկանում ենք, որ նա գնա, որպեսզի երազենք նրա մասին: Ամեն անգամ, երբ իմանում եմ, որ ինչ-որ մեկն ինձ սիրում է, զարմանում եմ: Չի սիրում՝ նույնպես զարմանում եմ: Բայց ամենաշատը զարմանում եմ, երբ իմ հանդեպ անտարբեր են:

ԷԴԻԹ ՊԻԱՖ

12 Նյմ

Ես կմեռնեմ, և իմ մասին այնքան շատ բան կասվի, որ ոչ ոք չի իմանա՝ ինչպիսին էի ես իրականում: Այդ պատճառով էլ, քանի դեռ ժամանակ ունեմ, ես ցանկանում եմ ինքս ասել իմ մասին: Իմ կյանքը զզվելի էր, դա ճիշտ է: Սակայն իմ կյանքը նաև հիանալի էր, քանի որ ես առաջին հերթին նրան էի սիրում՝ կյանքը: Ես կուզեի, որ նա, ով կկարդա իմ այս՝ գուցե թե վերջին «խոստովանությունը», իմ մասին ասի նույնը, ինչ Մագթաղենացու մասին. «Նրան շատ բան կարելի է ներել, քանի որ նա շատ է սիրել…»: Սիրո հրդեհից չես կարող ապահովագրվել: Ես ամեն երեկո հինգ հարյուր անգամ մեռնում եմ սիրուց: Երբ ես սիրուց չեմ մեռնում, երբ ես մեռնելու որևէ պատճառ չունեմ, ահա այդ ժամանակ ես պատրաստ եմ սատկել: Իսկ երբ սերը պաղում է, այն կամ պետք է ջերմացնել, կամ մի կողմ նետել: Դա այն պտուղը չէ, որին կարելի է պահել սառը տեղում…
Նույնիսկ հեռախոսային տեղակատուն կարելի է երգել այնպես, որ ողջ դահլիճը հեկեկա: Ես բոլորի համար չեմ երգում: Ես երգում եմ յուրաքանչյուրի համար: Արտիստն ու հանդիսատեսը չպետք է հանդիպեն: Այն բանից հետո, երբ վարագույրը իջնում է, արտիստը պետք է անհետանա, ինչպես կախարդական փայտիկի շարժումից… Ինչ հրաշալի է կյանքն այն օրերին, երբ հանդիսատեսը տաղանդավոր է:

ՋԻՆԱ ԼՈԼՈԲՐԻՋԻԴԱ

11 Նյմ

Կինը յոթ տարով ավելի երիտասարդ է, քան պնդում են նրա ընկերուհիները և հինգ տարով ավելի մեծ է, քան նրան վերագրում են տղամարդիկ: 20 տարեկանում կինը սառն է, 30-ում՝ տաք, 40-ում՝ այրող: Հասունությունը ամենալավ ժամանակն է կնոջ համար:
Այն բազմաթիվ նշանավոր տղամարդկանցից, ովքեր ինձ սիրել են, ոչ մեկը, ես ընդգծում եմ՝ ոչ մեկն ինձ չի առաջարկել ամուսնանալ իր հետ, քանի որ տղամարդիկ կանանց մոտ գնահատում են ոչ թե գեղեցկությունը, այլ հնազանդությունն ու հարմարվողականությունը: Իսկ ես նրանց դա առաջարկել չէի կարող: Կանայք ավելի հեշտ են խոստովանում իրենց սխալները: Այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, թե իբր նրանք տղամարդկանցից ավելի հաճախ են սխալվում: Սակայն ամեն կարգի բարեմասնություններով օժտված լինելը դեռ բոլորը չէ: Հաճույք ստանալ դրանք ունենալուց՝ ահա թե ինչն է իրական երջանկությունը: Եթե դուք չեք կարող հասկանալ, թե ինչու են երիտասարդ տղամարդիկ ցանկանում լինել իմ կողքին, ուրեմն դուք ոչինչ չեք հասկանում սիրուց:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՊՐԻՆ

7 Սպտ

Իսկ որտե՞ղ է սերը: Անկաշառ, ինքնազոհ, պարգևների չսպասող սերը: Այն, որի համար ասվում է. «Հզոր, ինչպես մահը»: Հասկանու՞մ ես, այնպիսի մի սեր, որի համար ցանկացած սխրանք գործելը, կյանք զոհաբերելը, տառապանքներին տրվելն ամենևին էլ հոգս չէ, այլ միայն խնդություն: Սերը պիտի ողբերգություն լինի, աշխարհի մեծագույն գաղտնիքը…
Սերը խելքի, մտքերի, հոգիների, հետաքրքրությունների ամբողջական միաձուլումն է, այլ ոչ թե միայն մարմինների: Սերը հսկայական, մեծ զգացում է, ամենակարող, ինչպես աշխարհը, և ոչ երբեք անկողնում թավալ տալը: Եթե դու սիրում ես, ապա նրա ամեն ինչը քեզ համար պիտի լինի հաճելի: Եթե նա բանտում է, դու էլ ես նրա հետ բանտում, նա գող է դարձել, իսկ դու նրան օգնիր, նա սնանկ է, իսկ դու այնուհանդեձ նրա հետ ես: Ի՞նչ անսովոր բան կա, թե որ սև հացը չոր է, երբ սիրում ես… Սիրո հարցում օգնում է միայն սերը: Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ քամին՝ կրակի համար: Այն կհանգցնի փոքրիկ սերը, իսկ մեծը կբորբոքի առավել ուժգին:

ՊՈԼ ԺԵՐԱԼԴԻ

21 Օգս

Եթե ես քեզ սիրեի ու եթե դու ինձ սիրեիր՝ ինչպես մենք կսիրեինք իրար…
Պետք է լինել մի քիչ նման՝ միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր՝ միմյանց սիրելու համար: Սիրո պատմությունը նրա պայքարի դրաման է ժամանակի հետ: Սերը հարկադրում է հավատալ հատկապես այն բանին, ինչին ամենից շատ պետք է կասկածել: Սիրո մեջ չկա հանցագործություն, չկան սխալներ, կա միայն ճաշակի վրիպում: Այդ դեպքում սիրտն ու միտքը սոսկ խորհրդակցական ձայն ունեն: Վճռորոշ խոսքը մնում է մարմնին: Սերը դա տղամարդու փորձն է բավարարվել մեն-միակ կնոջով: Իսկ կինն ինքն է ընտրում այն տղամարդուն, ով իրեն ընտրում է: Եթե կինը քեզ սիրում է, ապա ըստ էության նա, ում սիրում է, դու չես: Իսկ նա, ում նա այլևս չի սիրում՝ հենց դու ես: Երբ մենք դատողություններ ենք անում կանանց մասին, մենք երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե որքան դժվար է կին լինելը: Չկա ավելի շատախոս բան, քան կնոջ լուռ տառապանքը…

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

8 Մրտ

Սերը միակ կիրքն է, որ չի ընդունում ոչ անցյալ, ոչ էլ ապագա: Այն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները: Մենք մարդ ենք համարում միայն նրան, ում հոգին սիրո մեջ հոգեկան հաճույքի մասին երազում է նույնքան, որքան և մարմնական բավականության մասին: Սիրո մեջ բազմազանության որոնումը անզորության նշան է: Սերը զարմանալի դրամանենգ է, որը ոչ միայն մշտապես ոսկի է դարձնում պղնձադրամը, այլև հաճախ ոսկին է վերածում պղնձադրամի:
Սերն այնքան վատ է տանում առտնին ճղճիմությունները, որ հաստատուն երջանկության համար հարկավոր է միմյանց մոտ գտնել բացառիկ հատկություններ: Ամուսնական կյանքը բաղկացած է ոչ միայն բավականություններից, որոնք ընտանեկան կյանքում նույնքան անցողիկ են, որքան և կյանքում ընդհանրապես,- այն ենթադրում է ընդհանուր հակումներ, փոխադարձ կրքոտ տենչ, բնավորությունների նմանություն` ահա թե ինչն է հասարակությանն անհրաժեշտ այդ կարգը վերածում մշտնջենական պրոբլեմի:
Տարեց հասակում սերը վերածվում է արատի: Գեղեցիկ սեռի նկատմամբ անտարբերությունը ծեր հասակում պատիժ է այն բանի համար, որ երիտասարդ ժամանակ չափից դուրս կարողացել է դուր գալ:

ՖՐԱՆՍՈՒԱ ԴԸ ԼԱՐՈՇՖՈՒԿՈ

7 Մրտ

Բոլոր կրքերն ընդհանրապես մեզ ստիպում են սխալներ անել, բայց դրանցից ամենածիծաղելիները մեզ ստիպում է անել սերը: Հիրավի արժանավոր մարդը կարող է սիրահարված լինել խելագարի, բայց ոչ հիմարի պես: Սիրո դեմ կան զանազան դեղեր, բայց ոչ մեկը հուսալի չէ: Սերը մեկն է, բայց դրա նմանակությունները` հազարավոր: Սիրային արկածներում ինչ ասես կա, բացի սիրուց: Իսկ ոչ մի կեղծիք երկար չի կարող թաքցնել սերը` երբ այն կա, կամ դրսևորել, երբ այն չկա: Սերը կրակի նման հանգիստ չունի: Նա դադարում է ապրելուց, հենց որ դադարում է հուսալ կամ վախենալ:
Այն բանի պատճառը, թե սիրահարվածներն ինչու երբեք չեն ձանձրանում միմյանց հետ լինելուց, նրանում է, որ նրանք մշտապես խոսում են իրենք իրենց մասին: Սիրո մեջ մենք հաճախ ավելի շատ երջանիկ ենք լինում նրանով, ինչը չգիտենք, քան նրանով, ինչը գիտենք: Բնավորության հաստատակամությունը մարդկանց ստիպում է դիմադրել սիրուն, բայց միաժամանակ նա այդ զգացմունքին հաղորդում է հրայրք ու երկարատևություն: Թույլ մարդիկ, ընդհակառակն, հեշտությամբ տեղի են տալիս կրքերին, բայց երբեք ինչպես հարկն է լի չեն դրանցով: Հավատարմությունը սիրո մեջ` դա հավերժական անհավատարմություն է, որը մեզ դրդում է հերթով հրապուրվել սիրելի մարդու բոլոր հատկություններով` գերադասություն տալով դրանցից մերթ մեկին, մերթ մյուսին: Այսպիսով հավատարմությունը դառնում է անհավատարմություն, բայց սահմանափակ, այսինքն` կենտրոնացված մի առարկայի վրա:
Նա, ում դադարել են սիրել, սովորաբար ինքն է մեղավոր, որ ժամանակին դա չի նկատել: