Tag Archives: ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ

ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ

24 Նյմ

Մենք ասացինք` ժամն այս առավել պերճ է, քան այն մեկը, երբ մեր մայրերը հղիացան գեղեցկագույն աղջիկներով: Մարդն այս երեկո կատարյալ է, ընտիր: Եվ երկնային լվացումը լվացնում է մեզ, ասես մաքրում քսուկից… Սեր, այդ դու ես, չկա դույզն-ինչ խաբկանք:

Ով չի սիրել ցերեկը, կսիրի այս երեկո: Եվ ով ծնվի այս երեկո, կդարձնենք մեզ հար համախոհ: Կանայք կանչում են իրիկնապահին: Դռներն են բացվում ծովի վրա: Եվ հսկա դահլիճները միայնակ տենդոտում են ջահերի մեջ մայրամուտի…SJP

ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ

26 Օգս

Լվացեք, օ, Անձրևներ, քարաշեն տեղ բացեք ուժեղների համար: Մեծ սեղանների շուրջ, իրենց ուժի հովանու ներքո կնստեն նրանք, ովքեր չեն արբել գինուց մարդկային, ովքեր չեն պղծվել ոչ արցունքների, ոչ էլ անուրջի գաղջ դառնահամից, ովքեր մտահոգ չեն, թե անուններն իրենց աղավաղվում են ոսկրե շեփորականչերում… մեծ սեղանների շուրջ կնստեն նրանք, իրենց ուժի հովանու ներքո, քարաշեն տեղում՝ ուժեղների համար:

Լվացեք կասկածն ու խոհեմությունը գործի ընթացքում, լվացեք կասկածն ու պարկեշտությունը ձեր տեսադաշտում: Լվացեք, օ, Անձրևներ, ակնափառը բարեգործ մարդու, ակնափառը բարեխոհ մարդու, լվացեք ակնափառը նրբաճաշակ մարդու, ակնափառը նրբակիրթ մարդու, ակնափառը արժանավոր մարդու, ակնափառը տաղանդավոր մարդու, լվացեք աչքի եղջերաթաղանթը Վարպետի ու Մեկենասի, ակնահատը Արդարադատի ու Տիտղոսավորի… ակնահատը մարդկանց՝ խոհեմ ու պարկեշտ հորջորջված:

Լվացեք, լվացեք բարեսիրությունը մեծ Հովանավորների սրտում, լվացեք բարեձևությունը մեծ Դաստիարակների դեմքին և լեզվի ախտը՝ հասարակաց շուրթերին: Լվացեք, օ, Անձրևներ, ձեռքը Դատավորի ու Վերակացուի, ձեռքը տատմերի ու պատանքողի, անկյալի ու կույրի լիզված ձեռքերը, լվացեք նաև այն ստոր ձեռքը՝ մարդու ճակատին, որը երազում է նորից մտրակ, երասան… մեծ Հովանավորների ու մեծ Դաստիարակների բարեհաճությամբ:

Լվացեք, լվացեք ժողովուրդների պատմությունը հիշողության ամենաբարձր հարթակներին, հսկա տարեգրքերը պաշտոնական, մեծ ժամանակագրությունները Կղերականների և տեղեկագրերը ակադեմիական: Լվացեք կոնդակներն ու հրովարտակները, նաև Տետրականները Երրորդ դասի, Դաշինքները, Ուխտագրերը միաբանական և մեծ պայմանագրերը դաշնակցային: Լվացեք, լվացեք, օ, Անձրևներ, բոլոր մագաղաթներն ու մորթագրերը՝ անկելարանների ու բորոտանոցների պատերի գույնի, փղոսկրե բրածոյի և ջորիների հին ատամների գույնի… Լվացեք, լվացեք, օ, Անձրևներ, ամենաբարձր հարթակները հիշողության…

ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ

10 Դկտ

«… Ես քեզ ասում եմ, որ ժամանակներ կգան բարեբեր, և աղբյուրների երանությունը մենք կզգանք այդժամ մեր երազներում:
Բաց իմ բերանը պայծառ լույսի տակ, ինչպես ժայռերի մեղրախորշերը, և եթե գտնես իմ մեջ պղծություն, ետ ճամփիր, թե ոչ` թող մտնեմ վրան, մտնեմ մերկանդամ, սափորը ձեռքիս, թող մտնեմ վրան,
և երկար-երկար ինձ կտեսնես լուռ, իմ երակների կապույտ ծառի տակ, ով շիրմաքարի մերձավոր ընկեր…
Եվ թախանձանքի լուռ մահճի վրա, վրանի ներքո, սափորի ջրում գերված աստղի հետ առ ինձ, թող լինեմ քո զորության տակ: Սպասուհի պետք չէ վրանի ներքո, միայն թարմ ջրով սափորը լեցուն:
(Դուրս կգամ կամաց, լույսը չբացված ու չեմ արթնացնի աստղը առաջին, քո շեմին կապույտ ճռիկին ու ողջ աշխարհի հաչող շներին):
Ես քեզ ասում եմ, որ ժամանակներ կգան բարեբեր, և երեկոյի երանությունը մենք կզգանք այդժամ մեր մահկանացու թարթիչների տակ…
Բայց առայժմ դեռ ձգվում է օրը»:

ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ

25 Հկտ

Մի երկնչիր,- ասում է Պատմությունը` հանելով մի օր իր բռնության դիմակը,- և իր բարձրացրած ձեռքով նա ասիական Աստվածության հաշտարար շարժումն է անում ամենաուժեղ պարի մեջ կործանարար: <Մի երկնչիր և մի կասկածիր, քանզի ամուլ է կասկածը, և երկյուղը` ստրկական: Ավելի շուտ ունկնդրիր այս համաչափ բաբախյունին, որ դաջում է իմ ամբառնած ձեռքը նորարար` մարդկային այն մեծ դարձվածին, որը շարունակ արարման մեջ է: Ճշմարիտ չէ, որ կյանքը կարող է ժխտել ինքն իրեն: Չկա ոչ մի կենդանի բան, որ նախորդի անէությանը և կամ հրապուրվի անէությամբ: Բայց և ոչ մի բան չի կարող պահել ձևն ու չափը Արարածի մակընթացության առջև: Ողբերգությունը ինքնին փոխակերպման երևույթի մեջ չէ: Դարի իսկական դրաման այն ճեղքվածի մեջ է, որ թույլ ենք տալիս մեծանալու ժամանակավոր մարդու և ժամանակից դուրս գտնվող մարդու միջև: Մի զառիվայրի վրա լուսավորված մարդը մի՞թե կգնա խավարապատվելու մեկ ուրիշ զառիվայրի վրա, և իր հարկադրված հասունությունը մի անհաղորդ համայնքում մի՞թե չի լինի կեղծ հասունություն…

%d bloggers like this: