Tag Archives: Սեյրան Օհանյան

Բարի գիշեր, երեխաներ

9 Փտր

Քունը բնական ֆիզիկական պահանջ է: Մեղադրել այն մարդուն, ով քնում է, մեղմ ասած, տեղին չի լինի: Բայց եթե, ասենք սահմանին կանգնած զինվորն իր պահակակետում քնի, նրանք խստագույնս պատիժ է սպասվում: Կամ եթե, ասենք, ղեկի մոտ նստած վարորդի աչքը կպչի, ապա այստեղ արդեն խոսքը ոչ միայն պատժի, այլև ծանր հետևանքների մասին կարող է լինել: Եվ ստացվում է, որ քնելն իրականում այնքան էլ մեղմ ու անվնաս գործողություն չէ:
Երեկ Ազգային ժողովում ընթանում էր խորհրդարան- կառավարություն հարց ու պատասխանը: Ելույթները շատ էին: Նրանցից մեկն էլ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի խոսքն էր՝ բնապահպանական խնդիրների մասին: Եվ ահա հենց այդ «նշանավոր պահին ամեն անկյունում «կեղտ» փնտրող լրագրողների տեսախցիկները գտան այն, ինչի համար արժեր ողջ օրն անցկացնել խորհրդարանի պատերի ներսում: Նիստին մասնակցելու եկած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անուշ-անուշ քուն էր մտել:
Իհարկե, նախարարի անպատեհ հանգստի հարցում կարող էին իրենց դերը խաղալ մի քանի գործոններ՝ հոգնածությունը, Ստեփան Սաֆարյանի լիալար ձայնը, խորհրդարանի քնաբեր մթնոլորտը: Բայց ցավն այն է, որ թվարկվածներից ոչ մեկն արդարացում դիտվել չի կարող ՊՆ ղեկավարի համար, ինչպես որ արդարացում չունի դիրքերում կանգնած զինվորի քունը:
Երևույթը ոչ արտառոց է, ոչ էլ եզակի: Բազմաթիվ անգամ մամուլի մշակները ականատես են եղել ու ֆիքսել զանազան նիստերում, ժողովներում, խորհրդակցություններում ննջող մեր իշխանավորներին: Հայրենիքի բազմաչարչար այրերի համար հանգիստ առնելու ավելի նպաստավոր վայր չկա, քան այդ դահլիճները: Իսկ այն ժամերին, երբ ողջ երկիրն իսկապես անկողին է մտնում, այս պարոնների համար սկսվում է երկրորդ կյանքը՝ կազինոներ, ռեստորաններ, գիշերային ակումբներ…
Հիմա Սեյրան Օհանյանի կարճատև քունը դարձել է մատի փաթաթան: Գուցե կասեք՝ շյուղից գերան ենք սարքում: Բայց չէ՞ որ մեծ հաշվով, սա էլ նրանց հերթապահության վայրն է, և ուրիշներից մշտարթուն վիճակ պահանջողները պիտի հասկանան, որ աշխատանքի վայրում քնելը խստիվ արգելված է:

Աբիևի չհաջողված սուտը

10 Հկտ

Նախ պետք է արձանագրել, որ վերջին շրջանում Ադրբեջանի արտաքին քաղաքական կյանքում անհաջողությունները հաջոդու են մեկը մյուսին: Դա ակնհայտորեն ափերից հանում է նրանց, ինչն էլ իր հերթին մեծացնում է հերթական սխալը թույլ տալու հավանականությունը: Օրերս մի այդպիսի աններելի վրիպում էլ բաժին հասավ այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին: Դեպքը տեղի ունեցավ Բրյուսելում, որտեղ ընթանում էր Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստը: Բնական է, որ հավաքին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Եվ մինչ ներկաները կքննարկում էին Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունն ու իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր, ստացվեց այնպես, որ հակամարտող երկրների ուժային կառույցների ղեկավարները կարճատև հանդիպում ունեցան: Հազիվ թե հարկ կա կարծելու, թե նրանք փափագում էին այդպիսի հանդիպման մասին: Պարզապես երբեմն անհրաժեշտությունը պարտադրում է զոհաբերել անձնական զգացողությունները ավելի լուրջ խնդիրներին: Եվ Օհանյան- Աբիև շփումը կայացավ: Նույն օրը կատարվածի մասին հակիրճ հաղորդագրություններ տարածեցին ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա լրատվամիջոցները: Դրանցում մասնավորապես ասվում էր, թե երկու նախարարների զրույցի նյութը եղել էր հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակ:
Բայց այս հաղորդումից դեռ մեկ օր էլ չէր անցել, երբ հանկարծ ադրբեջանական 1news.az կայքէջը, հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքում Ադրբեջանի ներկայացուցիչ Վուգար Գուրբանովի խոսքերին, հայտնեց, թե իբր Սեյրան Օհանյանի ու Սաֆար Աբիևի հանդիպման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:
Առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը փորձում է քողարկել կամ նվազագույնը՝ խեղաթյուրել բացահայտ ճշմարտությունը: Եվ, այնուամենայնիվ, այս տեղեկատվությունը տարակուսանքի հետ մեկտեղ զարմանք հարուցեց: Բանն այն է, որ կարծես թե արտասովոր ոչինչ չէր կատարվել: Հայաստանի ու Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները հանդիպում են պարբերաբար, ամենատարբեր հանգամանքներում և առիթներով՝ նախագահներից, ԱԳ նախարարներից սկսած մինչև երկրորդ կարգի պաշտոնյանները, և այդ իրողությունը արդեն վաղուց որևէ մեկի համար սրբապղծություն, դավաճանություն կամ անկարելիություն չի ներկայացնում: Զարմացածների թվում էին նաև մեր պաշտպանության նախարարության չինովնիկները, որոնց ընդհանուր տրամադրության մասին լրատվամիջոցներին հաղորդեց ՊՆ մամլո քարտուղարը. «Զարմանալի է, թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների Բրյուսելում ունեցած կարճատև առանձնազրույցի մասին: Հավանաբար, նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը»,- նշեց նա՝ հավելելով, թե «ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելը իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է»:
Այժմ՝ զրույցի բովանդակության մասին: Ինչպես արդեն նշեցինք, մեզ հայտնի է ընդամենը այնքան, որ Աբիևի հետ Օհանյանի հանդիպման ընթացքում հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել էր ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: Իսկ այդ հարցին վերադառնալու առիթ, ցավոք, կար: Բանն այն է, որ Բրյուսել մեկնելու նախօրեին Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել: Հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վերք, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987 թվականին ծնված Յուրի Սարգսյանը: Նույն օրը հրադադարի ռեժիմի խախտում էր արձանագրվել նաև Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում: Հակառակորդի դիպուկահար կրակից վիրավորվել էին ժամկետային զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանը և Խաչատուր Սուքիասյանը: Այս ամենից հաշված ժամեր անց հայկական զորամիավորումները դիմել էին պատժիչ գործողությունների, որի արդյունքում սպանվեցին երկու ադրբեջանցի զինվորականներ:
Ի դեպ, ինչպես սահմանային դեպքերի վիճակագրությունն է վկայում, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտում է օրական միջինը 50 անգամ, իսկ հայկական կողմին այլ բանմ չի մնում, քան անհրաժեշտությունից դրդված դիմել պատասխան քայլերի: Այսօր ոչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ոչ էլ ԼՂՀ ՊԲ-ն այլևս չեն ժխտում, որ պատժիչ գործողություններ են իրականացնում՝ դրանց ողջ պատասխանատվությունը թողնելով հակառակորդի վրա: Թշնամու դիպուկահարների գործողությունների ակտիվացումը կասեցնելու համար ներկա պահին չկա մեկ այլ արդյունավետ միջոց, քան դրանց արձագանքը համարժեք ձևով: Եվ ստացվում է այնպես, որ միայն այս տարվա 9 ամսվա կտրվածքով Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ոլորտում գրանցվել է ավելի քան 75 զինծառայողի մահվան դեպք: Իսկ ընդհանրապես, ինչպես ապացուցված է «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հաշվետվություններում, 2004 թվականից ի վեր ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ ցուցանիշը համարվում է ամենաբարձրը: Այժմ արդեն դժվար չէ հասկանալ, որ նման ծանր բեռ կրող նախարարի համար ցանկալի չէր լինի, որպեսզի իր երկրի հանրությունը տեղեկանար, թե ինչպես է հայ գործընկերը նրան մեկ անգամ ևս զգուշացրել սպասվելիք հետևանքների մասին:
Կա ևս մի հանգամանք, որն, անկասկած, լուրջ անհանգստություն է պատճառել Աբիևին: Բանն այն է, որ տարիներ շարունակ ադրբեջանցիները Սեյրան Օհանյանի անունը ներառել են այն սև ցուցակում, որտեղ ընդգրկված են «մարդկության և ադրբեջանական ժողովրդի դեմ մեծագույն հանցանքներ իրագործած» անձիք: Բաքուն նույնիսկ չի զլացել և ոչ միայն նրանց դեմ գործեր է հարուցել, այլև միջազգային հեռախուզում է հայտարարել: Ու այժմ կարելի է պատկերացնել, թե իր խաբված ժողովրդին ինչպես պիտի ներկայանար այն անվեհեր Սաֆար Աբիևը, ով նստել ու խաղաղ զրույց էր վարել «հանցագործի» հետ: Այդ ամոթալի բիծը քողարկելու ամենակարճ ճանապարհը տեղի ունեցած հանդիպման փաստը կտրականապես հերքելն էր, ինչն էլ արեցին Բաքվում: Բայց թե ինչպես պիտի քողարկեն օր-օրի ավելացող դիակները, սա արդեն բոլորովին այլ խնդիր է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վեցերորդ պատվիրան. «Մի սպանիր»

31 Օգս

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շատ է սիրում խոսել: Կարելի է ասել՝ նա միայն խոսում է: Մարդիկ հոգնել են նրա ոչինչ չասող, տրիվյալ ելույթներից, որոնք շատ նման են մաշված ձայնասկավառակի պտույտներին: Խոսելուն զուգընթաց նա նաև սիրում է զանազան գրքեր գրել, հետո այդ գրքերը պարտադրում է իր անձնակազմին, իսկ երբ այլևս անելու ոչինչ չի մնում, հավաքում է լրագրողներին, մեկնում է որևէ հեռավոր զորամաս ու իր մտքերի գանձանակն այս անգամ բաց է անում այնտեղ՝ տպավորիչ բնանկարի ֆոնի վրա: Ահա այդպես, երեկ նա հայտնվեց սահմանային գոտում և սկսեց այնտեղ արտասանել այսօրինակ մտքեր. «Մենք բարձրացնում ենք անձնակազմի որակն ու պատրաստությունը», կամ՝ «Ամենակարևորը սպաների ու զինվորների անձնական հարաբերություններն են», ապա՝ «Սպաների անձնական օրինակը հայրենասիրության և ռազմական ոգու երաշխիքն է»: Պետք է օժտված լինել որոշակի հատկանիշներով և միևնույն ժամանակ զուրկ լինել մի քանի այլ հատկանիշներից, որպեսզի արտաբերես նմանատիպ դատողություններ այն ողբերգության ֆոնի վրա, որ տեղի է ունեցել այս օրերին՝ Ղարաբաղի տխրահռչակ «Եղնիկներ» կոչվող զորամասում: Հիշեցնենք, որ 1992 թվականին ծնված զինծառայող Աղասի Աբրահամյանը մահացել էր անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց: Դեպքից անմիջապես հետո զորամասի հրամանատարները հայտարարել էին, թե իբր էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց էր եղել, ինչի հետևանքով վայր էր ընկել անկողնուց ու ստացել վնասվածքներ: Եվ միայն այն բանից հետո, երբ հարազատները աղմուկ բարձրացրին, իսկ նրանց բողոքին միացան նաև Facebook սոցիալական ցանցի հարյուրավոր անդամներ, իրավիճակը նոր զարգացումներ ձեռք բերեց: Facebook-ում բացված խումբը «Գտնել և պատժել» անունն է կրում: Վրդովված մարդիկ այնտեղ գրում էին աղաղակող կեղծիքի մասին, իսկ այնուհետև նշում, որ շարունակաբար տեսնելով այսպիսի ցավալի դեպքեր, հայ երիտասարդը երկմտանքով է վերաբերվում ազգային բանակում ծառայելու փաստին:
Հասարակության արձագանքն ու ճնշումը այս անգամ էլ քանդեց լռության ու ստի պատը: Երկու օր անց ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն անձամբ մեկնեց «Եղնիկներ» զորամաս, իսկ հետո տեղեկացրեց, թե՝ «ամեն ինչ արվում է դեպքը բացահայտելու համար, գործում ներգրավված են քննչական, ոստիկանական, դատախազական մասով բոլոր ուժերը, կա համապատասխան անձանց շրջանակ, որոնց հետ հիմա աշխատում են»։ Զինդատախազը նաև հավաստիացրեց, որ տվյալ դեպքի բացահայտման հարցում իրենք լինելու են հետևողական: Այս հավաստիացումներին, իհարկե, հարկ չկա լիովին հավատ ընծայել, քանի որ արդեն իսկ հայտնի է, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել ՔՕ 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Բայց վերադառնանք նախարար Օհանյանին, ով վերստին առիթը բաց չթողեց կացությունը գլխիվայր ներկայացնելու և ընդգծելու իր անուրանալի ավանդը արդարությունը վերականգնելու գործում: Ի դեպ, նրա համար նախընտրելի է այդ ամենը տարածել ավելի մեծ ժամանակահատվածի վրա, ճիշտ այնքան, որքան ինքը պաշտոնավարում է ՊՆ-ում: «2007 թվականն ամենահաջող տարին էր կորուստների նվազ ցուցանիշով: 2010 թվականի երկրորդ կիսամյակում սահմանում եղան միջադեպեր՝ նաև հակառակորդի կրակի, դիվերսիոն գործողությունների պատճառով: Իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կիսով չափ քիչ պատահարներ են գրանցվել»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե Աղասի Աբրահամյանի մահվան հանգամանքների առնչությամբ ոչ միայն քրեական գործ է հարուցվում, այլ նաև ծառայողական քննություն է անցկացվում, և «ոչ մի հանցագործություն ու արտակարգ պատահար անպատիժ չի մնա»:
Պետք է անուղղելի միամիտ կամ դյուրահավատ լինել, որպեսզի Օհանյանի խոսքերն ընկալվեն իրենց նախաստեղծ իմաստով: Բոլոր մեղավորներին պատժելու մասով ավելորդ չէր լինի նախարարին հիշեցնել, որ այսօր կան դեռևս 2001թ. բանակում կատարված սպանություններ, որոնք չեն բացահայտվել: Իսկ ինչ վերաբերում է ներկա կացությանը, ապա նա պարզապես ի պաշտոնե պարտավոր է իմանալ, որ միայն անցյալ տարի զինված ուժերում մահվան 54 դեպք է արձանագրվել, և սա ընդամենը հայտնի փաստերը, քանի որ ՊՆ-ն տվյալներ չի տրամադրում մահվան դեպքերի վերաբերյալ՝ հայտարարելով, թե իբր դրանք ռազմական գաղտնիք են, և այժմ այդ հարցը իրավապաշտպանները վիճարկում են դատարանում: Բայց այս անմխիթար ու ցավալի վիճակը Սեյրան Օհանյանին չի կաշկանդում, որպեսզի լրագրողների առաջ կանգնած հպարտորեն ասի. «2011-ի առաջին կիսամյակը ՀՀ զինված ուժերում հայտարարվել է կարգապահության ամրապնդման կիսամյակ»:
Որպես օհանյանական կարգապահության ակնառու արգասիք, բանակում այս տարի արդեն 20 դեպք է գրանցվել, երբ զինվորը կամ ինքնասպանություն է գործել, կամ սպանվել մեկ ուրիշի ձեռքով: Իրավապաշտպան կազմակերպությունները հավաստիացնում են, որ այդ 20 դեպքերից միայն 5-ի դեպքում է քրեական գործ հարուցվել: Խիստ հատկանշական էր, որ հատկապես այս օրերին շրջանառու դարձավ Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված հերթական փաստաթուղթը, որտեղ ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար էնթոնի Գոդֆրին պատմում էր մեր բանակում տիրող անպատժելիության մթնոլորտի մասին ու իր զարմանքն արտահայտում, թե ինչպես են մեղավորները կամ մեղմ պատիժների արժանանում, կամ ընդհանրապես խուսափում արդարադատությունից:
Այո, կարիք չկա խաբել հանրությանը: Մարդիկ ոչ կույր են, ոչ խուլ: Նրանք տեսնում ու հասկանում են, որ մահվան դեպքերը բանակում չեն նվազում, իսկ իրավիճակը շարունակում է մնալ աղետալի: Դա կարող է միայն մի բացատրություն ունենալ. պաշտպանության նախարարությունը չի տիրապետում իրավիճակին, և կամք չի դրսևորում՝ փոխելու ստեղծված կացությունը: Իսկ հետևանքն այն է, որ զինված ուժերը վերածվում են մի միջավայրի, որտեղ բռնի բարքեր են, ագրեսիայի բարձր մակարդակ: Չկա վերահսկողություն, չկա կարգապահություն, ներքին հարաբերությունները չեն կանոնակարգվում և չեն վերահսկվում: Խիստ տեղին կլինի նկատել նաև, որ ՊՆ քննչական ծառայությունը, ով կոչված է զբաղվելու այդ ցավալի գործերի քննությամբ, գտնվում է նույն նախարարության համակարգում, այսինքն այն անկախ մարմին չէ և, բնականաբար, կախվածությունը բանակային վերանախավից դառնում է անխուսափելի: Սա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ զինվորական դատախազությունը, զինվորական ոստիկանությունը, դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինը աշխատում են մեկ ուղղությամբ` սպանությունը որակել կամ որպես հակառակորդի մարտական գործողությունների հետևանք, կամ ինքնասպանություն, կամ հիվանդության պատճառով վրա հասած մահ։ Եվ ստացվում է, որ զինակիցների կողմից դաժանաբար սպանված տղային կարելի է վերագրել էպիլեպսիա, մի հիվանդություն, ինչի ախտանիշները ճիշտ կլիներ որոնել մեր մի շարք բարձրաստիճան զինվորականների մոտ…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: