Tag Archives: սար

ՈՎ Է ԳՆՈՒՄ ՍԱՐԻ ՄՈՏ

9 Փտր

«Եթե սարը չի գնում Մուհամմեդի մոտ, Մուհամմեդն է գալիս սարի մոտ» ասույթն իրականում ոչ մի առնչություն չունի Մուհամմեդ մարգարեի հետ: Հայտնի է, որ առաջին անգամ այս խոսքերը վերագրվել են զվարճախոս Խոջա Նասրեդինին: Ըստ այդ պատմության, Նասրեդինն իրեն սուրբ է հռչակում և հայտարարում է, թե բավական է, որ ինքը պահանջի, և քարը կամ ծառը կմոտենան իրեն: Իբրև ապացույց նա կանչում է ոչ հեռվում աճած կաղնուն: Երեք անգամ կանչում է, բայց ծառն անշարժ է: Եվ այդ ժամանակ ինքն է քայլում դեպի ծառը: «Այդ ու՞ր ես գնում»,- հարցնում են հավաքվածները: «Սրբերը հպարտ չեն: Եթե ծառը չի գալիս, ես ինքս կգնամ նրա մոտ»,- պատասխանում է Նասրեդինը:
Ահա այս պատմությունը անգլիացի գիտնական ու փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը վերաշարադրում է իր «Բարոյական և քաղաքական ակնարկներ» գրքում՝ Նասրեդինին փոխարինելով Մուհամմեդով: Եվ այստեղից էլ լայն տարածքում ստացավ հայտնի արտահայտությունը:

bc2769d44288f18a3a6c17578789271b

ԿՐԱԿԸ

4 Մրտ

Սարի գլխից օր ու գիշեր բոց էր ելնում: Մարդիկ նայում ու գլուխ չէին հանում, թե ինչ հրաշք է: Ու մի օր էլ մեկն ասում է.
— Պիտի գնամ` տեսնեմ, թե այդ ի՞նչ գաղտնիք է:
Ելնում է ու գնում: Էն գնալն է, որ գնում է: Այլևս ոչ ոք նրան չի տեսնում:
Մարդկանց նորից համակում է անորոշությունը: Նայում են սարի կատարից ելնող կրակին ու ոչինչ չեն հասկանում: Վերջապես մեկը առաջ է գալիս, թե` հերիք է, ես եմ գնալու կրակի ակունքը գտնեմ: Էն գնալն է, որ գնում է: Այդ օրվանից ոչ ոք նրան չի տեսնում:
Անորոշությանը գումարվում է տագնապը: Կրակե լեզուները հեռվից այրում են հորիզոնը, և ոչ ոք ոչինչ չի հասկանում: Համբերությունը հատած մեկն էլ է ելնում, թե` բավական է, ինչքան հանդուրժեցինք, այս անգամ նրա վերջը կգա: Ասում ու ճամփա է ընկնում: Էն գնալն է, որ գնում է: Այլևս ետ չի գալիս:
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ կրակի հետ խաղ չեն անի:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: