Tag Archives: Սարյան

ՍԱՐՅԱՆ-ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

11 Հնս

ՆԿԱՐԻՉ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ
25 հունվարի 1953թ.
Երևան
Հարգելի ընկ. Սողոմոնյան
Ի պատասխան ձեր 12/1 1953թ. գրության, հայտնում եմ, որ Շլեևի «Идеи дружбы народов в творчестве и общественной деятельности Г. Башинджагиана» հոդվածը իմ կարծիքով, այդ վիճակում չի կարելի տպագրել:
Հեղինակը, լավ ծանոթ չլինելով հայ ժողովրդի և նրա արվեստի պատմությանը, ուրիշների կողմից իրեն տրված, հայկական թերթերում տպագրված և անտիպ հոդվածների առանձին քաղվածքների թարգմանությունների հիման վրա, նպատակ է դրել ոչ թե վերնագրին համապատասխան հոդված գրել և արտացոլել օբյեկտիվ իրականությունը, այլ միակողմանիորեն և արհեստականորեն Բաշինջաղյանին հակադրելով «Հայ նկարիչների միության» մեջ մտնող մյուս հայ նկարիչներին (Թերլեմեզյան, Թադևոսյան, Սուրենյանց, Սարյան) և այդ ընկերության հիմնադրումը պաշտպանող գրողներին (Շիրվանզադե, Թումանյան) աղճատել պատմությունը, բացարձակ իդեալիզացիայի ենթարկելով Բաշինջաղյանին և բացարձակ կերպով սևացնելով մնացած հայ նկարիչներին, դուրս բերելով նրանց հակաժողովրդական և նացիոնալիստական գործիչներ, որը ստոր զրպարտություն է:
Որպես «հայ նկարիչների ընկերության» նախկին անդամ և նրա գործունեության ժամանակակից նկարիչ, կարող եմ Ձեզ տեղյակ պահել, որ այդ ընկերության բոլոր ցուցահանդեսներին, որոնք կազմակերպված են եղել Թիֆլիսում և գավառներում, արվեստը ժողովրդին մոտեցնելու նպատակով, մասնակցել են նաև ռուս և վրացի նկարիչներ, որի փաստական ապացույցներ են հանդիսանում կատալոգները և մյուս բոլոր իրական փաստաթղթերը:
Պատմությունը հարկավոր չէ ոչ գեղեցկացնել և ոչ էլ տգեղացնել, իսկ այդ պատմության և արվեստագետների միջև կանգնելու իրավունք ունի միայն իրականությունը օբյեկտիվ կերպով արտացոլող մարքսիստ արվեստաբանը:
Մարտիրոս Սարյան

Ֆ. 1288, ց.1, գ. 327, թ. 1: Ինքնագիր:

ԻՆՉՊԵՍ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ

27 Մյս

«Ես լսում էի Էրենբուրգին, և, չնայած նրա թվացյալ հանգստությանը, իմ առջև բացվում էր մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի խռովահույզ ու կրքոտ հոգին: Եվ որքան սրվում էր այդ հակասությունը, այնքան արտահայտիչ էին դառնում նրա աչքերը: Այդ աչքերը պետք է խոսեին կտավի վրա և ինձ ասեին այն, ինչ ես էի ասում նրանց, գուցե և ավելին…»,-իր հուշերում գրում է Մարտիրոս Սարյանը` Իլյա Էրենբուրգի հետ հանդիպման ու զրույցի տպավորությամբ: 1959թ. ստեղծած «Իլյա Էրենբուրգի դիմանկար»-ում գույնի վարպետը հենց գրողի աչքերի վրա էր ամենաշատն աշխատել` փորձելով ցույց տալ Հայաստանի հանդեպ ունեցած նրա ջերմ վերաբերմունքն ու սերը: Սակայն տասնամյակներ անց կողոպուտի զոհ դարձած այդ կտավում ճակատագրի հեգնանքով մեծապես տուժեցին հատկապես Էրենբուրգի աչքերը և վերականգնող մասնագետներից մեծ վարպետություն ու ջանք պահանջվեց գեղանկարչի աշխատանքին իր նախկին հմայքը վերադարձնելու համար…
Դա 1990թ.-ի դեկտեմբերի 9-ին էր: Երկու զինված երիտասարդներ ներխուժեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և պատահական ընտրությամբ 4 կտավ գողացան: Թանգարանի աշխատակցուհի Վարդուհի Ադամյանը մինչև այսօր էլ հիշում է, թե ինչպես սպիտակ «ժիգուլին» սլացավ Սարյան փողոցով` թափքում տանելով անխնամ փաթաթված թանկարժեք գողոնը: Այդ պահին գողերին կանգնեցնել չհաջողվեց, սակայն շուտով նրանք ստիպված եղան պատասխան տալ օրենքի առջև: Նույն տարվա մարտին Մոսկվայի օդանավակայանի պահոցներում գտնվեցին նկարներից երեքը` «Արարատը և Հռիփսիմեի վանքը» (1945), «Ծաղկող ծիրանենիների տակ» (1929) և «Աշտարակը» (1934): Շուրջ մեկ ամիս անց էլ նախկին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող աղբանոցում հայտնաբերվեց չորրորդը` «Իլյա Էրենբուրգի դիմանկարը» (1959): 1990թ. տեղի ունեցածը գողության միակ դեպքը չէր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Դեռ դրանից երկու տասնամյակ առաջ` 1970-ականներին, հսկիչի անուշադրության պատճառով անհետացել էր Սարյանի վաղ շրջանի աշխատանքներից մեկը, որն այդպես էլ չգտնվեց: Հետագայում Սարյանի արվեստանոցից նաև Այվազովսկու կտավներից մեկը գողացան: Պատմում են, որ այդ «հերոսության» հեղինակ երիտասարդը նկարն իր սիրած աղջկա համար էր գողացել:
Կար ժամանակ, երբ մեզ մոտ մարդիկ մտածում էին, թե մշակութային արժեքների կողոպուտը միայն Արևմուտքին հատուկ երևույթ է: Այդ մասին պնդում էր մամուլը, դրա վերաբերյալ ֆիլմեր էին նկարահանվում: Եվ այդ մտայնությունը դեռ երկար կարող էր գերիշխող մնալ, քանի դեռ հայտնի չէին դարձել հայաստանի պատկերասրահներից առաջին կտավների անհետացման մասին:
Այժմ, համաձայն պաշտոնական վիճակագրության, Հայաստանում ամեն տարի մշակութային արժեք ներկայացնող իրերի գողության 2-ից 3 դեպք է արձանագրվում: Սակայն խոսքը միայն հաշվառված իրերին է վերաբերում: Բանն այն է, որ անհատական հավաքածուներում գտնվող բազմաթիվ մշակութային արժեքների անհետացման դեպքում գրանցված չլինելու պատճառով դրանց սեփականատերերը ձեռնպահ են մնում հետախուզում հայտարարելու «գլխացավանքից»: Թեև ոչ հաճախ, սակայն Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի փնտրտուքները հաջող ավարտ ունենում են: Օրինակ` 1996 թվականին Մոսկվայի աճուրդում հայտնաբերվեց ազգային պատկերասրահից գողացված Այվազովսկու «Ծովը լուսնկա գիշերին» կտավը, որը վերադարձվեց Հայաստանին: Միջազգային հետախուզության միջոցով հայտնաբերվել և վերադարձվել է նաև Ապարանի մատուռներից մեկից գողացված 1690 թվականի «Մեռելհարոց» ձեռագիր Ավետարանը: 21 տարի անհայտության մեջ դեգերելուց հետո այժմ Երևան է վերադառնում Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» (1875 թ., կտավ յուղաներկ, 73×102 սմ) գողացված նկարը, որը փետրվարին պատրաստվում էին ներկայացվել Մոսկվայի հնարժեք իրերի աճուրդի «Հելոս» տանը: Նկարը 1990-ին անհայտ պայմաններում գողացվել էր Հայկական մշակութային կապերի ընկերության (ԱՕԿՍ) դահլիճից: Այն Երևան էր եկել 1957թ.-ին ֆրանսահայ հայտնի նկարահավաք Աբրահամ Ջինջյանի նվիրաբերած Այվազովսկու այլ նկարների հետ միասին, և ուղարկվել էր Ֆրանսահայ երիտասարդաց միության (ԺԱՖ) կողմից` իբրև նվեր ԱՕԿՍ-ին: Ի դեպ, Մոսկվայում կայացած աճուրդի ժամանակ նկարի մեկնարկային գինը 600 հազար դոլլար է եղել, սակայն, մասնագետների համոզմամբ, այն կարող էր հասնել անգամ մեկ միլիոնի: Նկատենք, որ միջազգային հեղինակավոր աճուրդներում և անգամ սև շուկայում հայկական մշակութային արժեքների պահանջարկն այնքան էլ մեծ չէ: Օրինակ, 2005թ. դեկտեմբերի 1-ին Լոնդոնում վաճառքի հաված Այվազովսկու նկարներից մեկի մեկնարկային գինը 480 հազար սթերլինգ է եղել, մինչևդեռ օրինակ Պիկասոյի նկարները վաճառվում են միլիոնավոր դոլլարներով:
Իր հարցազրույցներից մեկում արվեստաբան Շահեն Խաչատրյանը պատմում է, թե ինչպես է 1995 թվականին անձամբ հայտնաբերել, որ իր գլխավորած պատկերասրահից անհետացել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան» կտավը: Որոշ ժամանակ անց այդ կտավի լուսանկարը հայտնվել է ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Մուսա» ամսագրում: Իրական տիրոջը հայտնաբերել և համոզել, որ կտավը Հայաստան վերադարձվի, պարոն Խաչատրյանին կարծես թե հաջողվեց, սակայն վերջնական արդյունքում դա այդպես էլ չստացվեց, քանի որ «նկարը գողացված էր մի՛ ժամանակ, գողությունը հայտնաբերված էր մի ա՛յլ ժամանակ, հետախուզումը հայտարարված էր շա՛տ ավելի ուշ»:
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքով հանրապետության տարածքից արգելվում է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները` անկախ դրանց uտեղծման ժամանակից կամ պատկանելությունից: Այն մշակութային արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների պահպանական ցուցակում, ենթակա են արտահանման միայն այն դեպքում, երբ Հայաստանը մեկամսյա ժամկետում չի օգտվում գնման իրավունքից: Պարզեցված կարգով` առանց արտահանման իրավունքի վկայագրի կամ լիազորված պետական մարմնի կնիքով վավերացված լուսանկարի, արտահանման են ենթակա մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող կերպարվեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները, այդ թվում` մշակութային արժեքները, մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաները: Արտահանվող կամ ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները ենթակա են պարտադիր փորձաքննության, որն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից:
Մշակութային արժեքների ապoրինի արտահանումը, ներմուծումն ու դրանց նկատմամբ uեփականության իրավունքի ապoրինի փոխանցումը կանխարգելելու, ինչպեu նաև ապoրինի արտահանված կամ ներմուծված մշակութային արժեքներն իրենց uեփականատերերին վերադարձնելու նպատակով արտահանումն ու ներմուծումը կարգավորող և վերահuկող լիազորված պետական մարմինները համագործակցում են այլ պետությունների համապատաuխան մարմինների, ծառայությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ` ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Սակայն նկարիչներից շատերը համոզված են, որ գողացված նկարների մեծ մասը երկից դուրս չի գալիս: Նրանց կարծիքով` այդ նկարները Հայաստանից դուրս հանել հնարավոր չէ, ներսում վաճառել` նույնպես: Այստեղ արդեն երկու հավանական տարբերակ է առաջ գալիս. կամ դրանք մի տեղ պահվում են` հարմար պահին իրացվելու նպատակով, կամ էլ արդեն հայտնվել են մասնավոր հավաքածուների տերերի մոտ:
2009թ. հունվարի Նկարիչների միության նկարադարանից 7 նկարների գողության դրդապատճառները միության նախագահ Կարեն Աղամյանին բավական անհասկանալի էին, քանի որ անհետացել էին այնպիսի նկարիչների աշխատանքները, որոնց անունները ոչ մեկին ծանոթ չեն ու ոչինչ չեն ասում, մինչդեռ դրանց կողքին կային շատ ավելի արժեքավոր նկարներ: 2009թ. մարտի 31-ին էլ 18 կտավի գողություն էր արձանագրվել Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում: Հրազդանի պատկերասրահի տնօրեն Մանվել Վարդանյանի խոսքով` անհայտ անձինք կոտրել էին թանգարանի առաջին հարկի կողամասի ապակին, մտել թանգարան, բարձրացել 2-րդ հարկ և 18 աշխատանքները ցած իջեցրել: Պատուհանից հեշտ դուրս բերելու նպատակով աշխատանքներից 6-ի շրջանակները հանել էին: Գողացված կտավները, որոնց թվում են Փանոս Թերլեմեզյանի 3-4 կտավ, Մարտիրոս Սարյանի «Ցեմենտի գործարանի բանվորի դիմանկարը», Մարիամ Ասլամազյանի` «Բանաններ վաճառող կինը» և «Լճափին», Բաշինջաղյանի 1 կտավ, Սուրեն Սաֆարյանի «Մայրը», Հմայակ Հակոբյանի` «Բանջարեղեններով նատյուրմորտ», «Լվացք անող կինը», Խաչատուր Եսայանի «Մայրամուտ» և «Ուշ աշուն» նկարները, բնօրինակներ են, բացի Այվազովսկու «Նավաբեկություն» կտավից: Դեպքից հետո Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն այն կարծիքը հայտնեց, որ կատարվածը եղել է պատվերով գողություն:
Կողոպուտի ևս մի դեպ գրանցվել է ամռանը. հունիսի 10-ի ժամը 17.00-ից մինչև հունիսի 11-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում: Տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի վարչական շենքի 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով, չարագործները ներս են մտել և գողացել նկարիչ Ավետիք Չտչյանի վրձնին պատկանող կտավը՝ պատճառելով մեկ միլիոն դրամի նյութական վնաս:
Համանման դեպքերը եղել են ու դեռ էլի կլինեն: Մեր մշակութային օջախների, պատկերասրահների և թանգարանների պահպանության պարզունակ հնարավորությունները հրաշալի խայծ են նրանց համար, ովքեր հրապուրվում են արվեստի գլուխգործոցներով, սակայն ոչ արվեստասերի հակումներից դրդված: Իսկ մինչ այդ «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ստեղծվում է «Մշակութային արժեքների պահպանական ցուցակ», որը պետական պահոցներում գրանցված, ինչպես նաև պետական սեփականություն չհամարվող և ոչ պետական պահոցներում պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ռեգիստր է: Այնտեղ իրենց անձնական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքները կարող են գրանցել ՀՀ բոլոր քաղաքացիները: Այդ ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների գրանցումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ սեփականատիրոջ ներկայացրած հայտի համաձայն: 2007 թ. աշխատանքներ են տարվել ստեղծելու նաև այն իրավական հիմքերը, որոնց համաձայն պետության կողմից` պետական պատվերի շրջանակում, պետք է իրականացվի մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցման ենթակա պետական սեփականություն չհամարվող արժեքների փորձաքննությունը, անհրաժեշտության դեպքում` նաև ամրակայումն ու վերականգնումը: Մշակութային արժեքների պահպանման գործակալությունը 2007 թ. ընթացքում հայտնաբերել և համակարգչային շտեմարան է հաշվառել 18 պետությունների թանգարանների, պատկերասրահների, կոլեկցիոներների և այլ հավաքածուներում առկա մեր մշակութային ժառանգությանը վերաբերող 3664 պատմական, հնագիտական, գեղարվեստական, ազգագրական, գրական և այլ արժեքներ: Իսկ 2007թ. սկսվել է արտասահմանյան երկրներում գտնվող հայկական մշակութային արժեքների հաշվառումը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մշակութաբան, լրագրող
«Մեգապոլիս» ամսագիր

ՉԱՐԵՆՑ. ՆՈՐԱՀԱՅՏ ԷՋ

17 Ապր

ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Օ, մանկության պես ծանոթ
Դաշտանկար անեղծ: —
Հարազատ ես, որպես օդ,
Որ շնչել եմ ես: —

Մնացել ես բիբերում
Իմ` ցոլացած ջինջ: —
Եվ չի՛ ջնջում, չի՛ քերում
Քեզ ոչի՛նչ, ոչի՛նչ: —

Հորըս դեմքի պես հանգիստ,
Եվ գոց, որպես հանգույց, —
Ես քեզ հիշում եմ անգիր,
Սերտել եմ մանկուց: —

Հասնում ես պարզ ու պայծառ,
Որպես իրական:
Օ՜, հուշ դարձած, անցած
Գյուղ նայիրական: —
…………………………………………
Վերն` արեգակ մի դեղին,
Վարը` հերկեր տոչոր: —
Եզներն ու մարդը հողի`
Նայիրական ոճով:

Ե՛վ եզները կորավիզ,
Ե՛վ հողագործն հայրենի-
Կարծես հանված կտավից
Մարտիրոս Սարյանի:-

Եվ մաճկալի երգած
Հորովելն` իր մասին…
Կարծես եղել է ներկա
Կոմիտասի դասին…

Դաշտանկա՜ր հայրենի,
Ինձ մանկուց ծանոթ: —
Կյա՞նք ես արդյոք կենդանի,
Թե՞ — ներկ ու աղոթք: —

Ո՞վ է արդյոք ստեղծել
Այդ երկն հանճարեղ,-
Ուր թե կյանք են, թե արվեստ
Եվ մարդ, և արև:-

Եվ ո՞վ է ում կեղծել`
Ո՞րն է իրական…
Արդյոք արվե՞ստն է եղծել,
Թե՞ կյանքը- նայիրական…

Մտերմություն հանճարեղ
Կյանքի ու երգի: —

Օ, ներկ` դարձած արև,
Օ, երգ` դարձած երգիչ: —
…………………………………….

Այն արևն է — ոսկե թաս
Երգի, ներկի, արյան…
Օ, հնչացած Կոմիտաս, —
Օ, գույն դարձած Սարյան…
………………………………………..

4. VI. 1936 Երևան
%d bloggers like this: