Tag Archives: Սարկոզի

Սարկոզին ասաց, Էրդողանն ասաց…

13 Հկտ

Արդեն մի քանի օր շարունակ բավականին հոծ մի հանրություն սպորտային հետաքրքրասիրությամբ հետևում է Սարկոզի- Էրդողան բանավեճին՝ սպասելով ոչ այնքան դրա եզրափակիչ ակորդներին, որքան փորձելով կռահել, թե միչև որ սահմանը կարող է ձգվել կողմերի համառությունը և ում բաժին կհասնի վերջին խոսքն ասելու իրավունքը: Եթե իսկապես Ֆրանսիայի նախագահը «սառը պատերազմ» է սկսել Թուրքիայի դեմ, ապա թուրքերն էլ իրենց հերթին ընդունել են այդ մարտահրավերը՝ որոշակի պատկերացումներ չունենալով այն մասին, թե հանուն ինչի են այդ բանն անում և ինչպես կարելի է չոր դուրս գալ այդ ջրափոսից: Սա է պատճառը, որ վիճաբանությունը մինչ այս պահը չունի որևէ լուրջ մարտավարություն և ընթանում է «դու ասացիր՝ ես ասացի» պինգպոնգային սկզբունքին հավատարիմ, քանի դեռ գնդակը չի դիպչել ցանցին կամ չի հայտնվել խաղադաշտից դուրս: Նիկոլա Սարկոզիի երևանյան ասույթներից յուրաքանչյուրը Անկարան ընկալել է իբրև իր ուղղությամբ արձակած կրակոց և այժմ հակադարձում է դրանց պատասխան կրակով:
«Թուրքիան պարտավոր է առերեսվել սեփական պատմությանը» կոչ-հորդորը վերածվեց ոչ թե թուրքերի, այլ Ֆրանսիայի պատմության հետ առերեսման, և վարչապետ Էրդողանը շտապեց Սարկոզիին հիշեցնել Ռուանդան ու Ալժիրը. «Այն, թե ինչ է տեղի ունեցել Ռուանդայում, աֆրիկացիները շատ լավ գիտեն։ Հայտնի է, թե արևմտյան որ երկրներն են միասին այն վերածել զուլումի»,- պատմական էքսկուրս կատարեց թուրք վարչապետը՝ մի կողմ թողած սեփական պատմությունը։
Իսկ ընդհանրապես, եթե հետևելու լինենք թուրքերի արձագանքին, ապա անմիջապես կնկատենք, որ Սարկոզիի առաջարկություններին նրանք չեն տալիս ոչ մի հիմնավորված պատասխան կամ բացատրություն: Խորապես համոզված, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, թուրքական կողմը մեղադրանքներ է շաղ տալիս աջուձախ և ամեն ինչի համար: «Ֆրանսիայի նախագահը գնում է Հայաստան ու այնտեղից խորհուրդներ տալիս Թուրքիային։ Նախ քեզ խուրհուրդներ տուր։ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարող ես հեշտությամբ կուլ տալ»,– կռվազան տղեկի բորբոքվածությամբ իր կուսակիցների առաջ աքլոր է կտրում Էրդողանը՝ նշելով, որ Ֆրանսիայում բացի հայերից, որոնց թիվը 600 հազարի է հասնում, ապրում են նաև 500 հազար թուրքեր։ «Նա Ֆրանսիայում մի բան է ասում, Հայաստանում՝ մեկ այլ բան, իսկ երբ գալիս է Թուրքիա, բոլորովին այլ։ Նման քաղաքական առաջնորդ չի լինում։ Քաղաքականությունը անկեղծություն է պահանջում: Պետական գործիչը պետք է մտածի նախևառաջ գալիք սերունդների, այլ ոչ միայն գալիք ընտրությունների մասին»,- իր երգն է երգում Էրդողանը, սակայն հոգու խորքում անկասկած մեծ ցավ է ապրում՝ վերհիշելով, թե Սարկոզին ինչ պատասխանեց թուրք լրագրողին, երբ սա հարց ուղղեց 2012-ի նախագահական ընտրությունների և հայ համայնքի կշռի մասին: «Հայաստանի հետ մեր հարաբերությունները ժամանակից դուրս են: Մենք այդ տարեթվի կամ մեկ այլ տարեթվի համար չենք աշխատում»,- այն ժամանակ ասել էր Ֆրանսիայի նախագահը:
Ի դեպ, բանավեճում որոշակի առաջնություն շահելու հարցում Էրդողանին մեծապես խանգարում է նաև իր երկրի դերի գերագնահատումը և այն ինքնավստահ տոնը, որով նա դասեր է տալիս Սարկոզիին: Լինելով վարչապետ, Էրդողանը սկսում է այն կետից, որ բացատրում է, թե ինչպիսին պիտի լինի նախագահը. «Նախագահը պետք է խոսի և գործի` մտածելով նաև իր երկրի ապագայի մասին: Հայերի առնչությամբ դուք ծրագրեր և հեռանկարներ չունեք, իսկ Թուրքիայի հետ` ունեք: Մտածեք այդ մասին», – զգուշացնում է նա: Բայց արի ու տես, որ Թուրքիայի հետ կապված Ֆրանսիայի ու Եվրոպայի ծրագրերն էապես տարբերվում են Էրդողանի երազած հեռանկարներից: Իսկ դրա մասին Սարկոզին արդեն տեղեկացրել էր ամենաբաց տեքստով. «Գտնվելով Փոքր Ասիայում, Թուրքիան մեծ դեր ունի աշխարհի, Ֆրանսիայի համար: Այն կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի միջև: Բայց այդ դերը Եվրոպական Միությունում չէ»,- հայտարարել էր Ֆրանսիայի նախագահն իր երկրի ու ողջ Եվրոպայի անունից: Եվ հիմա, քթի տակ ԵՄ-ի դռան շրխկոցից ցայտնոտի մեջ հայտնված Էրդողանին մնում է փայփայել այն վերջին հույսը, որ եվրոպացիները կզղջան իրենց դիրքորոշման համար: Միայն թե դա էլ իրական չէ, և գոնե Սարկոզին ափսոսանքի որևէ զգացում չի ապրում: Նա իր խորհրդականների հետ քննարկման ժամանակ ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել օրեր առաջ Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարություններից։ Իսկ երբ Սարկոզիի խորհրդականները զգուշացրել են Անկարայի կողմից սպասվելիք լուրջ հակազդեցության մասին, դրան ի պատասխան Ֆրանսիայի նախագահն ասել է. «Ըստ էության, թուրքերն ինձ ատում են, այնպես որ, խնդիր չէ»։
Սա, ինչ խոսք, հիմնավորում է՝ լիովին համապատասխան Սարկոզիի ոճին, ով ամիսներ առաջ նույն կերպ խոստովանել էր, թե զզվում է թուրքական դրոշից: Այդ իսկ պատճառով էլ միանգամայն հասկանալի է նրա բացարձակ անտարբերությունն այն բոլոր աղմկոտ խոսքերի նկատմամբ, որոնք լսվում են Անկարայից: Իսկ այստեղ իր վաչապետի ոճով կենդանության նշաններ է ցույց տալիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ մերթ Սարկոզիին խորհուրդ տալով սեփական անցյալի հետ առերեսման համար նայել հայելու մեջ, մերթ նրա հայտարարությունները որակելով իբրև «քաղաքական պոպուլիզմ»:
Փարիզում էլ իր համար սահմանված դերն է խաղում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն, ով օրերս այցելել է Ելիսեյան Պալատ ու խնդրել «Թուրքիան որպես նախընտրական քարոզչության գործիք չօգտագործել»: Սակայն այսքանը քիչ համարելով, դեսպանն ասել է, թե իրենց ուղերձը միայն Սարկոզիի համար չէ, այլ այն նախատեսված է ֆրանսիական ողջ քաղաքական դասի համար՝ զգուշացնելով, որ նման հռետորաբանության կիրառումը երկկողմ հարաբերությունների կատարյալ ձախողումից բացի որևէ այլ արդյունքի չի հանգեցնի: «Մենք գիտենք, որ բոլոր ֆրանսիացի քաղաքական գործիչները նմանատիպ հայտարարություններ են անում, բայց Սարկոզին անզգուշություն է ցուցաբերել՝ սպառնալով Թուրքիային, գտնվելով թուրքական հողից մի քանի քայլի վրա»,- ասել է թուրք դեսպանը:
Բուրջուօղլուն չարաչար է սխալվում: Իրականում ոչ մի անզգուշություն էլ չկա, Թուրքիայի ցայտնոտային վիճակը ակնհայտորեն զվարճացնում է Սարկոզիին ու նրա համախոհներին, իսկ այդ անլուրջ վերաբերմունքը էլ ավելի է գրգռում թուրքերի վիրավորված ինքնասիրությունը: Եվ մինչ խոլերիկ Էրդողանը պատեպատ է զարկվում՝ հրապարակային խայտառակումից ու ամոթից ազատվելու համար, խարիզմատիկ պահվածքով և հաճախ չափազանց անսպասելի արարքներով հայտնի Սարկոզին մտմտում է իր հաջորդ քայլերը ճիշտ այնպես, ինչպես երևանյան մտքերն էր ծանրութեթև արել Հայաստան մեկնելուց առաջ: Պատմում են, որ այդ օրերին Սարկոզին յուրայիններին նախազգուշացրել էր, որ պատրաստվում է «ռումբ պայթեցնել»: Պայթյունը որոտաց արժանի հնչեղությամբ: Իսկ թե նա այս ամենն ինչ դիմակի տակ էր քողարկել և ինչպես մատուցեց, այլ խնդիր է: Սակայն հետզհետե առավել ակնհայտ է դառնում, որ ֆրանսիացիները հրաշալի գիտեն, թե ինչ են անում և վաղօրոք կռահել էին դրա բոլոր արձագանքներն ու հետևանքները: Եթե այսօր ոմանք ցանկանում են ներշնչել այն վերաբերմունքը, թե նախագահ Նիկոլա Սարկոզին և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն մեդալի երկու կողմերն են և նրանց խոսքը գործի հետ չի համապատասխանում, ապա այսպիսի շրջադարձը վերստին քիչ բան կարող է փոխել առկա իրավիճակի մեջ: Ի՞նչ փույթ, եթե Սարկոզին և Էրդողանը միմյանց դեմ պայքար են սկսել այն բանի համար, թե իրենցից ով է կարողանալու շահել ժողովուրդների «ազատության հույսը» լինելու կոչումը։ Այդ պատիվները մեզ չեն կերակրի ու չեն դառնա շահեկան մանրադրամ: Փոխարենը առկա կացությունը հնարավորություն է ստեղծել ևս մի քայլ առաջ ընթանալ, ու մեր հոգսը կարող է լինել միայն դա:
Իբրև հավելում այս ամենին ասենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենը հոկտեմբերի 26-ին ժամանելու է Անկարա։ Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպումների ընթացքում պաշտոնական Անկարան ամենաբարձր մակարդակով իր դժգոհությունն է հայտնելու Ժյուպենին՝ Սարկոզիի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարության համար։ Ժյուպենն էլ թերևս կգտնի դրանց տրվող արժանի պատասխանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչու՞ է եկել Սարկոզին

8 Հկտ

Հենց այն օրերին, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եվրագոտու ճակատագրի մասին թեժ քննարկումներ էր վարում, փորձում էր հարթել արտաքին ու ներքին խնդիրների կուտակումները, իսկ Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրությունները հավելյալ լարվածություն էին հաղորդել ընդհանուր վիճակին, հանկարծ նա որոշում է պետական այցով ժամանել Հարավային Կովկաս։ Իհարկե, այցը նախապես ծրագրված էր, այլ ոչ թե ֆորսմաժորային: Իհարկե, կովկասյան երեք երկրներում էլ կգտնվեին հրատապ թեմաներ, որոնց շուրջ արժեր վերաբերմունք դրսևորել: Սակայն առաջին իսկ ժամերից հստակ դարձավ, որ նրա այցի առացքային պետությունը Հայաստանն է լինելու, և ոչ միայն այն պատճառով, որ ժամանակային առումով նա ավելի երևար պիտի գտնվեր Երևանում, քան Թբիլիսիում ու Բաքվում, այլ որովհետև կարևորության սանդղակը ի սկզբանե ձևավորված էր՝ ելնելով այն հանգամանքից, թե դա որքանով նշանակություն կունենար հենց անձամբ Սարկոզիի համար: Այժմ յուրաքանչյուրին տարբեր կերպ է ներկայանում այս այցելությունը: Սակայն կան մտադրություններ և պատկերացումներ, որոնց հարցում շատերն են համակարծիք, իսկ ֆրանսիական կողմը դրանք նույնիսկ չի էլ թաքցնում: Ի դեպ, այդ ենթադրությունները հաստատվում են Սարկոզիի՝ հայաստանյան յուրաքանչյուր ելույթից հետո, որոնք շարունակում են հաճելիորեն զարմացնել և միևնույն ժամանակ որոշ հարցերի շուրջ մտորելու տեղիք են տալիս:
Թեև նախապես նշվում էր, որ Սարկոզիի այցի ընթացքում նաև տնտեսական բնույթի խնդիրներ կարծարծվեն, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք անթաքույց կերպով մղվել են երկրորդ պլան և համարյա թե չկան իրենցից որոշակի լրջություն ներկայացնող գործարքներ ու պայմանագրեր: Փոխարենը աշխարհի համարյա բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները միաձայն արձանագրում են, որ Ֆրանսիայի նախագահը Հարավային Կովկաս այցելել է խաղաղությանը նպաստելու և դրանով իսկ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Իբրև առաջնաքայլ, Սարկոզին այժմ փորձում է արտաքին քաղաքական հարցերում հաջողակ գործչի տպավորություն ստեղծել, որը նրան հնարավորություն կտա դրականորեն տարբերվել նախագահի մյուս և առաջին հերթին՝ սոցիալիստ թեկնածուից: Հիշենք, որ անցած ամիս Լիբիա կատարած Սարկոզիի այցը ևս պատահական չէր և վկայում էր այն մասին, որ Սարկոզիի համար որոշակի նշանակություն ունի՝ իր միջազգային լուրջ դերակատար լինելը ցուցադրելու առումով: Իսկ այս ձգտումներն իրենցից մի տեսակ կոմպեսացիոն գործընթացներ են հիշեցնում: Գաղտնիք չէ, որ Սարկոզին սեփական երկրի ներսում այդքան էլ մեծ աջակցություն չունի և ուրեմն ստիպված է իր իմիջը բարձրացնել գոնե արտաքին քաղաքական դաշտում: Ավելորդ չէ նաև հիշել, որ ընդամենը երկու շաբաթ առաջ, Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, Սենատի ընտրությունների ժամանակ հաղթանակ տարան սոցիալիստները, ինչը համարվեց հարված անձամբ Նիկոլա Սարկոզիի հեղինակությանը:
Այս պարտության հանգամանքներում 500 հազար ֆրանսահայերը կարծես թե որոշակի դերակատարում էին ունեցել: Դա են վկայում անցած և ներկա իրադարձությունները: Երբ ամիսներ առաջ Սարկոզիի ջանքերով Ֆրանսիայում չընդունվեց Ցեղասպանությունը ժխտելը քրեորեն պատժելի համարող օրինագիծը, հայերը նրան ուղղակի սպառնացին, որ չեն արժանացնի ոչ մի քվեի: Այս հանգամանքից անիջապես օգտվեց Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Հոլանդը, ով իսկույն հայտարարեց, թե հանդես է գալիս ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգ բերելու նախաձեռնությամբ: Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ներսում դա մի իսկական իրարանցում հարուցեց: Եվ ահա ընդամենը 3 օր առաջ իշխանական կուսակցության պատգամավորները նախ հայերին հիշեցրեցին, որ նախորդ քվեարկության ժամանակ Սենատում սոցիալիստները դեմ էին հանդես եկել նշված օրինագծին՝ դրա հետ մեկտեղ ցանկանալով Թուրքիային դարձնել Եվրամիության անդամ, իսկ այնուհետև ասացին, թե սոցիալիստների կողմից այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ դեմագոգիա և պոպուլիզմ։ Եվ որպեսզի ֆրանսահայերը, նրանց բառերով ասած, չընկնեն սոցիալիստների լարած թակարդը, ապա լավ կլինի, եթե ընկնեն Սարկոզիի թակարդը, ինչն էլ վերջինս գերազանց կատարեց՝ Երևանում հայտարարելով, որ Թուրքիային երեք ամսվա վերջնաժամկետ է տալիս՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:
Թուրքական լրատվամիջոցներն այժմ բավական ակտիվորեն և հիվանդագին որակումներով են լուսաբանում Սարկոզիի հայաստանյան այցը՝ մատնանշելով այն նույն փաստարկներն, ինչի մասին ասացինք: Իսկ փորձագետների գնահատամամբ, և Հայաստանում ասածը, և Վրաստանում ու Ադրբեջանում ասվելիքը որևէ կերպ չեն վնասի Սարկոզիին, մինչդեռ ապրիլի 22-ին նախատեսված ընտրություններից առաջ կարող են բարձրացնել նրա վարկանիշը: Ճիշտ է, այս պահին, ըստ սոցհարցումների, նրա մրցակից Հոլանդի ժողովրդականությունն ավելի բարձր է, բայց, ինչպես գրում է թուրքական «Ihlas»-ը, Սարկոզիի` Հայաստան կատարած այցը պետք է դիտել որպես պատասխան գրոհ իր հիմնական մրցակցին:
Այստեղ ավելորդ չէ նկատել, որ եթե ցեղասպանության և թուրքական թեմատիկայի առումով Սարկոզին առավել քան առատախոս է, ապա Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նա սահմափակվեց սոսկ ընդհանուր կարգի ձևակերպումներով, ինչը վկայում է, որ նման գերխնդրի հանգուցալուծում Ֆրանսիան առայժմ չի պատրաստվում ստանձնել: Նույնիսկ այցի նախօրեին միջազգային լրատվամիջոցները թերահավատությամբ նշեցին, որ հարցական է, թե արդյոք Սարկոզին ընդհանրապես կխոսի՞ Ղարաբաղի խնդրի շուրջ սեփական դերակատարության մասին, քանզի ԵՄ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կողմնակից են Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծմանը. «Դժվար թե ինչ-որ էական կամ նոր բան ասի Սարկոզին»,- նկատել էր պարբերականներից մեկը և չէր սխալվել: Այս նույն՝ սակավախոսության ոգին նա ամենայն հավանականությամբ կպահպանի նաև Բաքվում՝ առավել ուշադրություն հատկացնելով էներգակիրներին ու տնտեսական համագործակցությանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա արժե արձանագրել այն տարածված տեսակետը, թե Վրաստանի իշխանությունները դիտավորյալ «մեծ սպասումներ» են ստեղծում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի հետ կապված: Բան այն է, որ հաջորդ տարի այդ երկրում ևս խորհրդարանական ընտրություններ են լինելու, նախընտրական արշավն արդեն սկսվել է ու Վրաստանի ղեկավարությունը հենց սեփական նախընտրական նպատակներով էլ գովազդում է Սարկոզիի այցը: Վրացիները նույնիսկ սրտի ցավով խոստովանեցին, որ Սարկոզին առավել կարևորում է Հայաստան այցելությունը: Այժմ մնում է սպասել ու տեսնել, թե դրանից ինչ կշահի Հայաստանը և ինչ կշահի Սարկոզին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ռուսաստանը թայմ-աու՞թ է վերցնում

6 Հկտ

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին Փառքի շքանշանով պարգևատրելու մասին: Ասվում էր, որ Մեդվեդևն այդ գնահատանքին արժանանում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Այս ամենը և հասկանալի էր և միևնույն ժամանակ անսպասելի՝ պահի ընտրության իմաստով: Նման պարգևատրումն ավելի շատ հիշեցրեց մի իրավիճակ, երբ որևէ մեկին վաստակած հանգստի ուղարկելուց առաջ մեծարում են նրան և իբրև ջանքերի փոխհատուցում կրծքանշան փակցնում պիջակի ձախ գրպանին: Իսկ գուցե ամեն ինչ հենց այդպես էլ կա՞: Ըստ էության այն պահից ի վեր, երբ հայտարարվեց Ռուսաստանի հաջորդ նախագահի թեկնածուի անունը, Մոսկվայի հայաստանյան քաղաքականության մեջ վրա հասավ մեդվեդևյան փուլի ավարտը՝ իր տեղը զիջելով հարկադիր մի դադարի, որից խուսափելն անհնար է: Այդ վերջնագիծն ու թայմ-աութը երկու բացատրություն ունեն: Առաջինը պայմանավորված է Ռուսաստանում նախընտրական շրջանի մեկնարկով, իսկ երկրորդն այն հանգամանքով, որ թեպետ Մեդվեդևն իսկապես ցանկանում էր ամեն գնով մոտեցնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը, սակայն արդյունքը ստացվեց սպասվածի ճիշտ հակառակը: Արհեստական արագացումը ոչ միայն շփման գծում իրավիճակի լարվածություն բերեց, այլև կողմերը կոշտացրին իրենց դիրքորոշումները: Իսկ այստեղ միայն համառությամբ կամ ազնիվ մղումներով առաջ շարժվել չէր ստացվի:
Ասվածի տրամաբանական ելքը օրերս հաստատվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությամբ: Համաձայն այդ աղբյուրի, մինչ տարեվերջ ՌԴ-ի միջնորդությամբ ԼՂ հարցով ոչ նախագահների, ոչ ԱԳ նախարարների մակարդակով որևէ հանդիպում նախատեսված չէ: Որպես մխիթարանք, Լուկաշևիչը նաև հավելեց, թե ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խնդրի կարգավորման ուղղությամբ ակտիվ բանակցություններ են վարում, սակայն վերջին միտքը կարելի է ընկալել իբրև գործընթացի ցանկալի ծրագիր և ոչ ավելին:
Անուղղակի կերպով ռուսական անհաջողության մասին այսօր թափանցիկ ակնարկներ են հնչում նաև ԵԱՀԿ-ից՝ կանխորոշելով առաջիկա դադարը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը թեև կարևորել է հակամարտող կողմերի միջև փոխզիջման հասնելուն ուղղված ռուսաստանյան նախաձեռնությունը, սակայն ընդգծել է, որ գործնականում ամեն ինչ կախված է Բաքվի ու Երևանի դիրքորոշումներից: «Ձիուն կարելի է ջրելատեղ տանել, սակայն չի կարելի նրան ստիպել խմել»,- պատկերավոր համեմատությամբ իր միտքն ամփոփել է Զանիերը:
Մինչդեռ ծարավը հագեցնելու ցանկությունը սոսկ ջրին մոտ լինելով չի սահմանափակվում: Քաղաքական աշխարհի ազդեցիկ դեմքերը հրաշալի հասկանում են, որ բացի ռուսական դադարից մոտ ժամանակներս սպասվում են նաև ընտրական գործընթացներ Հայաստանում և Ադրբեջանում: Այս պայմաններում ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն դիմի կտրուկ քայլերի: Այդ պատճառով էլ հավանաբար իրավացի են նրանք, ովքեր կանխատեսում են, որ ԼՂ խնդրում մինչև 2012 թ. կեսերը որևէ տեղաշարժ չի արձանագրվի: Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ ներկայումս համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների վրա, և դարձյալ միայն Ռուսաստանն էր, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում քիչ թե շատ ակտիվություն էր դրսևորում:
Գալով այն հարցին, թե Ռուսաստանում ընթացող փոփոխությունները ինչ չափով կարող են ազդել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վրա, առայժմ չեն գտել իրենց համերաշխ ու միանշանակ պատասխանը: Ոմանք հակված են կարծելու, որ Պուտինի հնարավոր ընտրությունը նախագահի պաշտոնում էական խմբագրումներ չի բերի ղարաբաղյան հարցում ռուսական քաղաքականության մեջ, և նա կշարունակի Հարավային Կովկասի նկատմամբ Մոսկվայի որդեգրած նախկին գիծը: Պուտինին գնահատելով իբրև առավել պրագմատիկ գործիչ, վերլուծաբանները միևնույն ժամանակ կարծում են, որ Մոսկվան տվյալ փուլում շահագրգռված չէ խախտել կովկասյան երկու պետություններում հաստատված ստատուս-քվոն: Դրա հետ մեկտեղ քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, թե հաճախ գերագնահատվում է ռուսական ազդեցության չափը: Ինչպես նկատում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, «Կրեմլը բազմաթիվ լծակներ ունի Երևանի ու Բաքվի վրա ազդելու համար, սակայն ցանկացած լծակ երկկողմանի սուր գործիք է, որն օգտագործելիս պատասխան արդյունք ես ստանալու»:
Ահա հենց այդ դադարային իրավիճակի պայմաններում էլ հրապարակ նետվեց այն վարկածը, համաձայն որի ժամանակավորապես նահանջող Ռուսաստանին կարող է փոխարինելու գալ Ֆրանսիան: Դրանում իր դերը խաղաց նաև Սարկոզիի տարածաշրջանային այցը, որը մեկնարկեց այն պահին, երբ Մոսկվան որոշեց լվանալ ձեռքերը և զբաղվել ներքին խնդիրներով:
Միանգամից ասենք, որ հիշյալ տարբերակն ունի ինչպես հավանական, այնպես էլ անհավանական շերտեր: Նախ չպետք է մոռանալ, որ որքան էլ ռուսական մասնակցությունը հակամարտության կարգավորմանը առանձնահատուկ է, սակայն փաստ է նաև, որ նման արտոնություն նրան կարող էին տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Այս իմաստով հազիվ թե Ֆրանսիայի ակտիվացումը տարածաշրջանում խանդի զգացումներ առաջացնի Ռուսաստանի մոտ, առավել ևս, որ Փարիզը չի կարող ոչ արագ և ոչ էլ նշանակալի հաջողության հասնել այս տարածաշրջանում:
Լավագույն դեպքում ֆրանսիական կողմը կարող է ժամանակավորապես ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպողի գործառույթները։ Բայց այստեղ էլ առաջընթացի սպասելիքները մեծ լինել չեն կարող հենց թեկուզ այն պատճառով, որ Սարկոզին չունի այնպիսի մի թարմ ու ինքնատիպ ծրագիր, ինչը հնարավոր կլիներ դնել բանակցությունների սեղանին: Եվ այսպիսով, մենք դարձյալ հանգում ենք միևնույն մտքին, որ տարածված լուրերը, թե հնարավոր է՝ Ֆրանսիան Ռուսաստանից վերցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական միջնորդի դերը, կրում են համատեքստային բնույթ Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացի ֆոնին: Եթե նույնիսկ ռուսները հեռանում են, ապա ընդամենը կարճ ժամանակով: Այլ բան է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչպես կօգտագործեն կարճատև «միայնությունը»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ի՞նչ է ուզում մեզնից Ֆրանսիան

1 Հկտ

Ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: Պատվո պահակազոր, նվագախումբ, բարձր կարգի ընդունելություն, ջերմ խոսքեր: Ֆրանսիացիները ոչինչ չխնայեցին Հայաստանի նախագահին հավուր պատշաճի հյուրընկալելու և բարեկամ երկրի տպավորությունը վերահաստատելու համար: Միայն թե այս հանդիսավորության ու շքեղության արտաքին փայլերն այլևս ոչ մեկին չեն զարմացնում, երբ էականն այն է, թե ի՞նչ կարելի է ակնկալել նման շփումներից և ո՞րն էր այցի հիմնական արդյունքը, ինչը այդպես էլ տեղ չզաղեցրեց պաշտոնական հաղորդագրությունների էջերում:
Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում: Այդ երկիրն էական դերակատարություն ունի մեզ համար կենսական նշանակություն ներկայացնող հիմնախնդիրներում, իսկ այս պարագայում պարզապես կայուն հարաբերությունների պահպանումը քիչ է: Պահանջվում է մի փոքր ավելին՝ խոսքը գործի վերածելու, ներդրված ջանքերի պտուղները ճաշակելու համար: Ու երբ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեն ասում է, թե այնպիսի միջխորհրդարանական հարաբերություններ, ինչպիսիք առկա են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև, ֆրանսիական խորհրդարանը քիչ երկրների հետ ունի, երբ նույն շեշտադրումով հավաստիացումներ են շռայլում այդ երկրի վարչապետն ու Փարիզի քաղաքապետը, դրանք լսելը հաճելի է և շոյում է մեր ինքնասիրությունը: Սակայն մեծ քաղաքականությունը հաճոյախոսությունների փոխանակման թատերաբեմ չէ, իսկ Հայաստանի կարգի երկրներն իրենք քաղցը չեն կարող հագեցնել միայն գեղեցիկ բառեր ճաշակելով:
Ա. Սարգսյանի այցի օրերին շատերը հիշեցին, որ ամիսներ հետո Ֆրանսիայում կայանալու են նախագահական ընտրություններ, իսկ հոծ ու բավականին ակտիվ հայկական համայնքի ձայները պակաս նշանակություն չունեն թեկնածուների համար: Այս տեսանկյունից ամենևին պատահական չէր, որ հատկապես այդ օրերին Փարիզի հայաշատ թաղամասերից մեկում` Ալֆորվիլում նախագահական ընտրություններում թեկնածու Ֆրանսուա Հոլանդը որոշեց հանդիպել տեղի հայերի հետ ու հայտարարել, թե Ֆրանսիայի Սենատի նոր ձախական մեծամասնությանը պատրաստվում է առաջարկել «ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման» օրինագիծը: Հոլանդը հիշեցրեց, որ նմանօրինակ խոստում դեռևս 2007-ին տվել էր ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզին, որն այդպես էլ չի կատարել իր խոստումը:
Նմանօրինակ հիշեցումները նույն հաջողությամբ կարող են վերագրվել նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, որտեղ Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, այնուհանդերձ բավական զուսպ կեցվածքի կրողն է, ինչը տվյալ պարագայում մեզ համար այնքան էլ նպաստավոր չէ, թեև լուրջ դժգոհությունների պատճառներ ևս չունենք: Ու երբ այսօր որոշ վերլուծաբաններ հակված են պնդելու, թե առաջիկայում Ֆրանսիան կարծես թե հավակնում է առաջապահ դիրքեր ստանձնել ինչպես Հարավային Կովկասում ընդհանրապես, այնպես էլ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մասնավորապես, ապա այդպիսի հեռանկարը բուռն ոգևորությունից առաջ պահանջ ունի լուրջ քննության:
Երկու երկրների փոխկապակցվածության հաջորդ հարթությունը տնտեսության ոլորտն է: Այս դեպքում մենք սովորաբար սիրում ենք արձանագրել, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, որ այդ ներդրումները միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել են գրեթե 700 միլիոն, որ Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով 155 ընկերություններ և այլն: Այո, փաստ է, որ այսօր ֆրանսիական ներդրումներ ունենք բազմաթիվ ոլորտներում` հեռահաղորդակցություն, խմիչքների արտադրություն, բանկային գործ, դեղագործություն, բժշկություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն: Փաստ է նաև այն, որ Փարիզում նախագահ Սարգսյանը քննարկեց երկու երկրների հնարավոր համագործակցությունը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ, ինչը թերևս այնքան էլ դուր չգա Ռուսաստանին, որը մեր հանրապետությունում իր սեփական էներգետիկ շահերն ու ծրագիրը ունի և հազիվ թե հաճույքով համակերպվի երրորդ դերակատարի ներկայությանը: Ամեն դեպքում, պետք է ենթադրել, որ փոփոխությունների հավանականությունը խիստ մեծ է, իսկ դա կարող է առավել ընդգծված ներկայանալ ոչ հեռու ապագայում:
Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի սկզբին տարածաշրջանային այցով Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Վերջինս արդեն հայտարարել է, թե ինքն անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, և այցի ձևաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը: Սակայն կարծում ենք, որ նշված ձևաչափը նաև այլ բնույթի միտումներ և հակումներ է դրսևորելու, որոնցից մեկի ականատեսը դարձանք բոլորովին վերջերս: Խոսքն այն մասին է, որ համաշխարհային քաղաքական դաշտում շատերի համար աննախադեպ ակտիվության նշաններ ցուցադրող Փարիզն ամենայն հավանականությամբ պատրաստվում է առանձնահատուկ դեր հատկացնել նաև Հայաստանին՝ նկատի ունենալով Ֆրանսիայի վերաբերմունքի կոշտացումը Իրանի հարցում: Երբ ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն Իրանին սպառնաց պատերազմ սկսել, եթե այդ երկիրը չդադարեցնի միջուկային ծրագրի իրագործումը, սա չնախատեսված դեմարշ էր բոլոր առումներով: Միջազգային փորձագետները շտապեցին հասկանալ այդ հանկարծական բռնկումի դրդապատճառները, նույնիսկ մտքեր հնչեցին այն մասին, թե Ֆրանսիայի ակտիվությունը կարելի է բացատրել Վաշինգտոնի վարչակազմի կողմից հռչակված ավելի «պասիվ» արտաքին քաղաքական կուրսով, ինչն էլ դրդել է ֆրանսիացիներին «դատարկ չթողնել սուրբ տեղը»: Հիշեցին Լիբիայում Ֆրանսիայի գրանցած հաջողությունը, որը կարող էր ոգևորել նրանց: Հիշեցին նաև, որ հիմա Փարիզում սկսել են ավելի հաճախ խոսել Սիրիայի և Իրանի մասին: Մի խոսքով, ամեն բան փոխկապակցված է, իսկ ղարաբաղյան գործընթացում Մոսկվայի հաշտարար առաքելության ձախողումից հետո ի՞նչն է խանգարում Սարկոզիին ստանձնել «առաջին ջութակի» դերը, առավել ևս, որ նա արդեն նման մի փորձ ունի՝ վրաց-ռուսական պատերազմի ժամանակ: Այս իմաստով Իրանի հետ սահմանակից ու բարեկամ Հայաստանը ֆրանսիական նոր նկրտումների համատեքստում կարող է օժտվել որոշակի առաքելություններով: Մնում է միայն հասկանալ, թե Հայաստանին ինչ կարող է տալ այդ արտոնությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Наверно завтра или послезавтра…»

13 Սպտ

Հայաստանում Սարկոզի անունով մարզ չկա, ինչպես Ժակ Շիրակի դեպքում էր, բայց այս հանգամանքը չի խանգարի, որպեսզի Ֆրանսիայի նախագահին մեր երկրում ընդունեն նույնքան գրկաբաց, որքան նրա նախորդին: Մնում է միայն համոզվել, թե արդյո՞ք նա պատրաստվում է ժամանել Հայաստան և երբ: Բանն այն է, որ հավատարիմ մնալով տարօրինակ ու անհասկանալի օրինաչափությանը, մենք կրկին այս մասին իմանում ենք վերջինը, այն էլ՝ օտար աղբյուրներից: Մինչ արտգործնախարարությունը՝ բերանը ջուր առած, չհիմնավորված լռություն է պահպանում, այդ ընթացքում լրատվամիջոցներում մեկը մյուսին են հաջորդում տեղեկություններն այն մասին, թե հոկտեմբերի 7-9-ը Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այս ամսաթիվն, ինչ խոսք, խիստ պայմանական է, քանի որ որևէ ծանրակշիռ ապացույց չունի: Իսկ եթե նաև հիշենք, որ Սարկոզիի այցելությունը մեր երկիր արդեն մի քանի անգամ հետաձգվել է, ապա յուրաքանչյուր շրջադարձ միանգամայն հնարավոր է դառնում: Ամեն դեպքում ստիպված ենք ականջ դնել նաև վրացական աղբյուրներին, որոնք գրեցին, թե բարձրաստիճան հյուրը այցելելու է Վրաստան, ապա գալու է Հայաստան և կարճատև այց է ունենալու նաև Ադրբեջանում: Դրա մասին հայտնեց Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան։ Վրացի դեսպանի խոսքերով, Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կլինի «շատ կարևոր», սակայն վրացական տարբերակում նույնպես ասվում էր, որ հստակեցված չեն այցի ժամկետները։ Պակաս անորոշ չէր նաև Բաքվի տեղեկությունը: Ադրբեջանցիները գրեցին, որ Սարկոզին իրենց մոտ կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակին, ծրագիրն ու կոնկրետ ժամկետը դեռ գտնվում են մշակման փուլում և հայտնի կդառնան ավելի ուշ։ Նույնիսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, որին վկայակոչել էր «Nouvelles d’Armenie» հանդեսը, նոր լույս չսփռեց այս խորհրդավոր ուղևորության մանրամասների վրա: Իսկ այն ամենը, ինչ մնաց ենթադրությունների դաշտում, դարձավ շատ ավելի տարողունակ ու բազմաշերտ: Օրինակ, Թբիլիսին պատրաստվում է բանակցությունների ժամանակ պնդել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման Մեդվեդև-Սարկոզի ձախողված պլանի կատարման խնդիրներին վերադառնալու անհրաժեշտությունը: Գալով Հայաստանին ու Ադրբեջանին, այստեղ կռահելն առանձնապես դժվար չէ: Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած միջնորդական դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, կարելի է միանշանակ ասել, որ ի թիվս այլ հարցերի՝ Ֆրանսիայի նախագահը հիմնավորապես քննարկելու է այս թեման: Նման համոզվածության են մղում նաև վերջին շրջանում լայն տարածում գտած այն տեղեկությունները, թե իբր պաշտոնական Փարիզը պատրաստվում է վերանայել իր մասնակցության որակն ու կարգավիճակը: Նմանատիպ լուրերի շարքում առանձնակի արձագանքի արժանացավ անանուն դիվանագիտական աղբյուրից քաղված այն «արտահոսքը», թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որոշմամբ յուրահատուկ փոփոխություն կարող է տեղի ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված «ռոտացիայի» շրջանակը, այսուհետ առաջատար միջնորդի գործառույթները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևից կարող են անցնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին։ Այս տեղեկությանը գումարված էր նաև լրացուցիչ ենթադրություն առ այն, որ Մադրիդյան սկզբունքների իրագործման փոխարեն կարող են գործի դրվել «խաղաղության հարկադրման» միջազգային նոր մեխանիզմներ։ Դրանց թվում նշվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում «ՄԱԿ-ի ենթամանդատային տարածքի» ձևավորումը, որին հաջորդելու է միջազգային խաղաղապահների տեղակայումը։
Կարծես եղածը քիչ էր, հաջորդ քայլը դարձավ այն, որ լուրեր տարածվեցին, թե կարող է փոփոխության ենթարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը: Սակայն վերջին «նորամուծությունը» շատ արագ հերքվեց, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, ուր նշված էր, որ «համանախագահող երկրների կառավարությունները կշարունակեն բարձր մակարդակով իրենց ներգրավածությունը հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ կավելացվեն ջանքերը` հրադադարը պահպանելու և Հիմնարար սկզբունքների շրջանակում համապարփակ խաղաղության հասնելու համար»։ Այնսինքն՝ կազմն առաջվանն է, ծրագրերն՝ անփոփոխ:
Ինչ վերաբերում է Սարկոզիի դերակատարությանը, ապա դժվար է նրան համարել ԼՂՀ-ի ճակատագրով մտահոգված կամ ամենաակտիվ միջնորդներից մեկը: Մինչ այժմ նա հետևողականորեն իր ստորագրությունն է թողել բոլոր համատեղ հայտարարությունների ներքո և ընդամենը այդքանը: Բացառություն կազմեց այս տարվա հունիսին նրա ուղերձը՝ հասցեագրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դա Կազանի եռակողմ հադիպումի նախօրեին էր: Այն ժամանակ Սարկոզին գրում էր, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետև ծավալվել կարգավորման բուն բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի խոսքով, պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Եվ ահա Սարկոզին կարծում էր, թե վրա է հասել հենց այդ պահը: «Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ և ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,- հուզախառ հնչերանգներով իր ուղերձն էր եզրափակել Ֆրանսիայի նախագահը: Թե ինչ եղավ այնուհետև, արդեն հայտնի է: Եվ այժմ նա թերևս պատրաստվում է տեղում հստակեցնել պատմական պահի հնարավորությունները:
Այն, որ Սարկոզին կժամանի տարածաշրջան, կասկածից վեր է: Այդ մասին են վկայում նաև վերջերս Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարների կայացած բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձ է եղել Ղարաբաղի խնդրին: Միևնույն ժամանակ օրերս Սերժ Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մարիանիին: Հանդիպմանը զրուցակիցները ընդգծեցին, որ առաջիկայում նախատեսվող Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցելությունները կարևոր նշանակություն կունենան երկկողմ հարաբերությունների խորացման և առավել ամրապնդման համար: Սովորաբար նման ժլատ խոսքերի թիկունքում է քողարկվում այն ողջ ծանրությունը, որն անբաժան է բարդ հարցերի շուրջ ուժեղների ու թույլերի երկխոսությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մերժումը մղում է հաշվեհարդարի՞

5 Մյս

Ֆրանսիայի Սենատում երեկ ծավալված իրադարձությունները հերթական անգամ այն բանի վկայությունը դարձան, որ քաղաքականությունն առաջնորդվում է ոչ թե ճշմարտությամբ կամ բարոյական արժեքներով, այլ իրավիճակային կողմնորոշիչներով, որոնք իրենց հերթին սնուցվում են գերակա շահը կողնակի միջամտություններից հեռու պահելու զգուշավորությամբ: Ու թեև այդ պատերի ներսում շատ անգամներ էին կայացվել նաև հայանպաստ որոշումներ, սակայն դժվար կլինի պնդել, որ դրանք ևս աշխարհ չէին եկել նույն տրամաբանության ու գիտակցումի թելադրանքով: Իսկ ինչ վերաբերում է երեկվա դեպքերին, ապա մի քանի ժամ շարունակված բուռն քննարկումներից հետո Ֆրանսիայի օրենսդիրները ի վերջո ոչ մերժեցին, ոչ էլ հաստատեցին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։ Արդեն հինգ տարի շարունակ չարչարկվում է 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը, որով 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն: Փաստաթուղթը սահմանում է, որ հայերի զանգվածային սպանդի մերժումը պատժվում է 1 տարվա ազատազրկմամբ և 45 հազար եվրո տուգանքով: Եվ այդ հինգ տարիների ընթացքում օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը սպասում էր Սենատի կողմից վավերացմանը:
Նիստից օրեր առաջ Փարիզը ողողվել էր իրար հաջորդող թուրքական պատվիրակություններով, որոնք մեկ հյուրընկալվում էին Ֆրանսիայի կառավարությունում, մեկ արտգործնախարարությունում, սակայն բոլորի նպատակը նույնն էր` ամեն գնով արգելակել օրինագծի ընդունումը: Թերևս նրանց ջանքերն անպտուղ չանցան: Ու եթե վերհիշելու լինենք այն ելույթները, որոնք հնչում էին Սենատում քննարկման ժամանակ, ապա դժվար չի լինի այնտեղ արտահայտված մտքերի մեջ նկատել այն նույն հնչերանգը, որ հետևողականորեն մշակվել ու շրջանառության է դրվել Անկարայի կողմից:
Քվեարկությունից առաջ Սենատի Օրենսդրական հանձնաժողովը բացասական դիրքորոշում հայտնեց օրինագծի վերաբերյալ և առաջարկեց այն հանել քվեարկությունից։ «Երբեմն օրենսդիրները զգացմունքների ազդեցության տակ գնում են այնտեղ, որտեղ պատմաբանների տեղն է»,- կարելի էր լսել շատերի ելույթներում: «Սխալ է օրենք ունենալ, որը կարգավորում է պատմությունը և առավել ևս բանտարկություն է նախատեսում: Օրենսդիր և դատական իշխանությունների տարբերությունն այն է, որ օրենսդիր իշխանության առջև խոչընդոտ կա` դատելու այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը: Ցեղասպանության ժխտման դեմ պետք է պայքարել այլ միջոցներով»,- պնդում էին նրանք: Հատկանշական էր հատկապես այն, որ այս կարգի դատողությունները նաև իրենց ճյուղավորումներն էին ունենում` ցեղասպանության խնդիրը զուգորդելով ներկայումս Հարավային Կովկասում Ֆրանսիայի դերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքի, տարածաշրջանում առկա բարդ տնտեսական վիճակի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման, փակ սահմանի առկայությունը հաշվի առնելու անհրաժեշտության հետ:
Նրանք, ովքեր փորձում էին ինչ-որ կերպ հակադարձել այս պնդումներին, հիշեցնում էին, որ, օրինակ, հրեական Հոլոքոստի վերաբերյալ նման գործող օրենք կա, որը սակայն չի խանգարել Հոլոքոստի պատմական հետազոտություններին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ բարեկամությանը կամ վերջինիս` Եվրամիությաննն անդամակցելու խնդիրներին, ապա դրանք չեն կարող խանգարել պատմական դեպքերն իրենց անունով կոչելուն։
Այնուհանդերձ երկարատև քննարկումներից հետո օրինագիծն օրակարգից հանելու առաջարկն ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝ 196 կողմ, 74 դեմ։ Նիստի ավարտից հետո Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Սենատի շենքի առջև բողոքի ցույց կազմակերպեցին: «Հստակ է, որ Ֆրանսիական Սենատը թուրքական ճնշման տակ տեղի է տվել և պարզապես պատճառաբանություններ էր փնտրում», — հայտարարում էին վրդովված ցուցարարները` խոստանալով անպայման հակադարձող գործողությունների դիմել: Եվ այս պատասխան քայլերն առաջին հերթին ուղղված են լինելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ: Բանն այն է, որ Սարկոզին օրերս ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե չի խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման պատժումը սահմանող օրինագծի քվեարկությանը, և որ ինքը ոչ մի հանձնարարություն չի տա իր քաղաքական մեծամասնությանը այդ քվեարկության վերաբերյալ: Այսինքն, Սարկոզին երաշխավորել էր, թե չի ընդդիմանա այդ օրենքի ընդունմանը: Սակայն շուրջ կեսմիլիոնանոց ֆրանսահայ համայնքն այժմ իրեն խաբված է զգում: Բայց դրա հետ մեկտեղ համայնքը գիտի, որ իր ձայնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ 2012 թվականին Ֆրանսիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում։ «Ֆրասնահայերը զայրույթի մեջ են, քանի որ նախագահ Սարկոզին իր խոսքի տերը չեղավ։ Նրանք, ովքեր դեմ են քվեարկելու այս նախագծին, Հայոց ցեղասպանության մերժողների շարքում են հայտնվելու։ Նախագահական ընտրություններից առաջ հայ համայնքը իր հաշվեհարդարը կտեսնի»,- արդեն իսկ սպառնացել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Զայրացած Ազնավուրը և ուրացող Սարկոզին

26 Հնվ

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն այնուամենայնիվ որոշեց իր ուժերը փորձել քաղաքականության ասպարեզում և վերջին օրերին մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց: Դրանք բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվում էին հայ-թուրքական հարաբերություններին, միայն թե հատկանշական էի նրանով, որ այս անգամ խիստ կտրական էին և նույնիսկ ինչ-որ չափով ագրեսիվ: Թե ինչով է պետք բացատրել Ազնավուրի նման հանկարծակի ելույթը, և արդյո՞ք սա կարելի է դիտարկել նոր ամպլուայում հայտ ներկայացնելու տեսանկյունից, դժվար է ասել: Բայց որ դրանք անարձագանք ու անհետևանք չեն մնա, նույնիսկ երգիչն ինքը կասկած չունի:
Ելույթ ունենալով Երուսաղեմի համալսարանի սահմանած միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ, Ազնավուրը դառը խոսքեր արտասանեց թուրքերի հասցեին, հայտարարեց, թե միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը», այդ երկիրը ակնհայտ հակահրեական դիրք է զբաղեցրել բոլոր մերձավորարևելյան խնդիրներում, որից անմիջապես հետո Իսրայելին կոչ արեց պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս ելույթից չէր անցել երկու օր, երբ շանսոնյեն հարկ համարեց երկրորդ անգամ նույն հարցի առնչությամբ հրապարակային ելույթ ունենալ, բայց արդեն իր դժգոհության նետերն ուղղելով Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ: Le Dauphiné Libéré պարբերականին տված հարցազրույցում Ազնավուրն առանց հավելյալ նրբանկատության նախագահին մեղադրեց այն բանի համար, որ վերջինս ուրացել է ընտրություններին ժամանակ տված իր խոստումները: Երգչի խոսքը վերաբերում էր նրան, որ Սարկոզին 2007թ. ապրիլի 24-ին խոստացավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին աջակցել ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի ընդունման հարցում, սակայն արդյունքում ոչինչ չարեց: Եվ այժմ Ազնավուրը կարծում է, որ ուրացողի հետ հաշվեհարդարի իր մեթոդն ունի: «Նա ճիշտ չէ, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը թուրքական համայնքի համեմատ ներկայացնում է մարդկանց զգալի քանակ: Հայ ժողովուրդը պատասխանատու է և համարձակ: Այն արյուն է տվել իր երկրի համար: Առաջին անգամ եմ ես խոսում այս մասին, բայց եթե նախագահը չփոխվի` ես կօգտվեմ նրա ձայներից, երբ գա ժամանակը»,- սպառնաց Ազնավուրը: Երգչի հաշվարկն այս դեպքում պարզ է. «Հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր ֆրանսիացի կաջակցի ինձ: Եթե այսպես շարունակվի, ես ամբողջովին կնվիրվեմ այս գործին: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես ունեմ զգալի քաղաքական ուժ: Ես գիտեմ, որ վտանգում եմ իմ կյանքը` ասելով սա: Բայց իմ տարիքում, վերջիվերջո, ինչ է նշանակում կյանքը ռիսկի տակ դնել»,- իր միտքն այս խոսքերով ամփոփել է 86-ամյա դիվանագետ-արվեստագետը:
Հավանաբար Ֆրանսիայում ևս նախագահի հետ առճակատման մեջ մտնելը լի է բազում վտանգներով: Սակայն Ազնավուրը կարծում է, որ ռիսկն արդարացված է և այդ քայլը պիտի դառնա իր պատասխանը WikiLeaks կայքէջի հերթական բացահայտմանը, ինչի շնորհիվ հասարակությանը հայտնի դարձավ, որ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է հայերի ցեղասպանության հերքման համար պատասխանատվություն սահմանող օրինագիծը «թաղել Սենատում»: Մնում է տեսնել, թե երկուսից ո՞ր մեկն առաջինը ձեռնամուխ կլինի «հուղարկավորման» արարողությանը:
Եթե Սարկոզիին ինքնավստահություն կարող է ներշնչել իր զբաղեցրած դիրքը, ապա Ազնավուրը հրաշալի գիտի, որ Ֆրանսիայի հերթական նախագահական ընտրությունները 2012-ին են, ու Սարկոզիի մասնակցության հավանականությունը չափազանց մեծ է: Եվ ահա երգիչը նախագահին մեկ անգամ ևս հիշեցնում է այդ երկրում 500 հազար հայերի գոյության հանգամանը, ինչը թափանցիկ ակնարկ է այն մասին, որ Սարկոզին ընտրությունների ժամանակ կարող է կորցնել հայ էլեկտորատի աջակցությունը:
Թուրքական մամուլի, մասնավորապես Milliyet և Hurriyet թերթերի կողմից Շառլ Ազնավուրի մարտահրավերը բնութագրվեց որպես շանտաժ: Մի պահ թուրքերը հավանաբար մոռացել էին, որ իրենց երկրի ողջ արտաքին քաղաքականությունն է կառուցված այդ մեկ հատիկ բառի վրա, և նրանք Ազնավուրից շատ ու շատ առաջ պաշտոնական Փարիզի հետ բազում առիթներով երկխոսել են հենց այդ «հզոր» զենքի լեզվով: Սակայն փոխարենը գոնե կարող էին վերհիշել այն մասին, որ Ազնավուրն անձամբ մասնակցում էր թուրք-հայկական արձանագրությունների ստորագրման արարողությանը, ինչի առթիվ 2009-ի աշնանը ասում էր. «Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը: Ինչպես ասում է առածը` պետք չէ վաճառել արջի մորթին նրան սպանելուց առաջ: Ես շատ ուրախ կլինեմ, որ սահմանը բացվի, սակայն պետք չէ սխալվել, նման բաները հեշտ չեն արվում, երկու կողմերում էլ մարդիկ կան, որոնք դա չէին ցանկանա»: Նույն տարվա նոյեմբերին նա արդեն հայտարարում էր, որ Արևմտյան Հայաստանի հողերը պետք է վերադարձվեն հայերին: Այժմ նա այդ մասին դարձյալ հիշեցնում է Անկարային, ինչպես որ փորձում է Սարկոզիին բացատրել այն հանրահատ ճշմարտությունը, որ Ֆրանսիայի համար հայերը մշտապես համարվել են «օրինակելի սփյուռք» և այդ հողում ապրող ժողովուրդը ավելի մոտ է հայերին, քան թուրքերին:
Ի դեպ, Ազնավուրի այս ելույթները առիթ տվեցին հիշելու մեկ այլ բան ևս: Դեռ բոլորովին վերջերս նրա հասցեին թերահավատ կարծիքներ էին հնչում և տխուր կանխատեսումներ էին արվում, որ Ազնավուրը որևէ դեր չի խաղա ու չի կարող խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: «Ընդհակառակը, պաշտոնական ստատուսն ավելի կկրճատի նրա գործողությունների և հեղինակության շառավիղը, քան կար, երբ ազատ արվեստագետ էր… Մինչ օրս Շառլը որևէ հայտարարություն կամ դեմարշ այդ ուղղությամբ չի արել: Համենայնդեպս, դրանք հայտնի չեն: Սա խոսում է նրա ապաքաղաքական դիրքորոշման մասին»,- գրում էր դիվանագիտական կոչումով օժտված մեկը: Այս անբարեհույս գուշակության նվազագույնը կեսը ներկա պահին արժեզրկվեց: Մնում է լինել համբերատար և սպասել մյուս կեսի ճակատագրին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: