Tag Archives: Սարդարապատ

ԱԿԱՆԱՏԵՍԻ ԹՌՈՒՑԻԿ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28 Մյս

Սարդարապատի կայարանը վերցնելու առթիվ

Սարդարապատի կայարանի գրավումը թշնամուց էական նշանակություն ունեցավ թե հայ խաղաղ ազգաբնակչության և թե զինվորների համար: Մինչ այդ բոլորն էլ բնազդորեն զգում էին րոպեի լրջությունը և հուսահատ տրամադրությամբ Աստված էին կանչում` փնտրելով մի ելք դուրս գալու այդ ճգնաժամային դրությունից: Ոչ միայն լքված, անառագաստ ու անղեկ գաղթում էր խաղաղ հայ ազգաբնակչությունը, այլ նաև զինվորն էլ իր գլուխը կորցրած հանգրվան էր փնտրում և ոչ մի տեղ չէր գտնում:
Դրությունը փոխվեց:
Զինվորներն այնպիսի վեհ ոգևորությամբ առաջ էին շարժվում դեպի ճակատ, որ ոչ մի համեմատություն չէր կարելի անել 2 օր առաջ եղած տրամադրության հետ: Բոլորն էլ ուրախ էին մեռնելու պատվով, որովհետև զգում էին հայ բովանդակ ազգի ֆիզիկական գոյության բնաջնջման անխուսափելիությունը: Չափազանց հետաքրքիր էր այդ րոպեում լինել զինվորների մեջ: Ամենավախկոտ ու փոգրոգի մարդու ոգին անգամ բարձրացնում և ամեն մեկին առյուծներ էր դարձնում, մի խոսքով լավ տպավորություն էին թողնում: Սակայն Սարդարապատը վերցրինք, հրաման տրվեց առաջ չգնալ ու հանգստանալ…
… Երբ մի փոքր թափառելուց հետո եկանք կայարան, տեսանք Երևանից եկել են կամավորներ, որոնց ներկայությունը մեզ չափազանց ուրախացրեց և ոգևորություններս բարձրացրեց: Ավելի ևս դիմադրությունը զինվորի մեջ բարձրացավ, երբ նվեր էին ուղարկել մեզ համար: Մենք զգացինք, որ թիկունքը հոգ է տանում մեր մասին և մինչև վերջն էլ կտանի: Լիահույս ենք, որ նորից Երևանից և այլ շրջաններից նոր կամավորներ կգան, թերևս մեր ոգևորությունը բարձրացնելու: Մերոնք անհամբեր սպասում եեն առաջ շարժվելու:

Գ. Գևորգյան
31 մայիսի, 1918 թվական
«Զանգ» թերթ2.Սարդարապատի-հուշահամալիրի-զանգաշտարակը

Advertisements

Որտե՞ղ են թաղված Սարդարապատի հերոսները

28 Մյս

Հայաստանի անկախացումից հետո ամեն տարի` մայիսի 28-ին, նշվում է Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնը: Եթե մայիսյան հերոսամարտերում եւ հատկապես Սարդարապատում 1918-ին հայերը հաղթանակ չտանեին, ապա թուրքական զորքերն անարգել կմտնեին Էջմիածին եւ Երեւան: Այսօր մենք այցելում ենք Սարդարապատի հուշահամալիր, գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը իրենց արյան գնով պաշտպանած նահատակների հիշատակի առաջ: Սակայն մեզնից քչերն են տեղյակ, թե այդ հայորդիները որտեղ են թաղված. նրանց հուղարկավորման վայրերի մասին մեր պատկերացումները շատ աղոտ են: Հայաստանցիներն առ այսօր չգիտեն այն մյուս վայրերը, որտեղ կարող են այցելել, գլուխ խոնարհել հայ մարտիկների հիշատակի առաջ: Մինչդեռ արխիվային վավերագրերը տալիս են դրա պատասխանը: Պատմաբան Հարություն Թուրշյանը ուսումնասիրություն է կատարել եւ հստակեցրել այդ վայրերը: Այդ մասին տպագրվել է «Պատմա-բանասիրական հանդես» ամսագրում (1978թ., 2-րդ համար). «Մեծ էր Սարդարապատի տակ ընկածների թիվը։ Զոհված աշխարհազորայիններից շատերը թաղվեցին իրենց գյուղերում, դրսեցիներից զոհվածներին թաղեցին Գայանեի վանքի բակում (Խենթի գերեզմանի կողքին՝ եղբայրական գերեզմանի մեջ), բնիկ երեւանցիներին բերեցին Երեւան եւ թաղեցին ներկայիս Կոմիտասի անվան այգում»։ Թեմայի առնչությամբ «Ժողովուրդ»-ին բացառիկ տեղեկություններ է հայտնել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Նրա խոսքով` գրող Դերենիկ Դեմիրճյանը, ով Թիֆլիսում էր բնակվում, այդ օրերին գործի բերումով եկել էր Երեւան եւ ակամա ականատեսն ու մասնակիցն էր դարձել մեր ժողովրդի հերոսական պայքարի: «Սարդարապատում զոհված հերոսների մի մասի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսյան մի օր, քաղաքի Մլեր գերեզմանատանը (ներկայիս Կոմիտասի անվան այգու տարածքում): Նրանք թաղվեցին մի վայրում` եղբայրական գերեզմանում, եւ հանգան նույն շիրմաթմբի տակ: Հավաքվել էր մեծ բազմություն: Շատերը հրաժեշտի ու գնահատանքի խոսքեր էին հնչեցնում: Եվ, ահա, հենց այդ պահին թափորի միջից դուրս է գալիս Դեմիրճյանը, մոտենում է թարմ շիրիմներին, գրպանից դուրս է բերում մի թուղթ եւ հուզված ձայնով սկսում է ընթերցել: Դա Սարդարապատի հերոսներին նվիրված առաջին բանաստեղծությունն էր: Հաջորդ օրը նրա չափածո հուզիչ խոսքը «Հայաստանի աշխատավոր» թերթի խմբագրատանը վերածում են թռուցիկի եւ փակցնում Երեւանի բոլոր փողոցներում: Ժամանակի ընթացքում այդ թերթիկները պոկվեցին ու անհետացան: Բարեբախտաբար, փրկվել է թռուցիկներից մեկը, որն այսօր էլ պահվում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում»,-նշեց գրականագետը: Նա մեզ տրամադրեց նաեւ Դեմիրճյանի` հրաշքով փրկված բանաստեղծությունը (աղբյուրը` Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Դ. Դեմիրճյանի լրացուցիչ ֆոնդ, համար 48 ), որը ներկայացնում ենք ստորեւ:

13256363_1062868593794206_4887271793117983089_n

 
Այսօր, այս վեհ ուրախության և խոր սուգի հանդեսին,
Ո՜վ մարմարե նահատակներ, կանգնած ձեզ հետ միասին,
Ո վ խնկելի Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան,
Խոսեցնում եք իմ բերան։

Սակայն ինչպե՞ս խոսեմ ձեզ հետ` ցավի դողը իմ շուրթիս,
Ի՜մ, ապրողիս խղճի խայթով՝ մեռածներիդ հանդիման,
Ինչպե՞ս հնչեմ ձեր անունը՝ ամոթանքը ճակատիս,
Գովեմ ձեր բառն աննման։

Բայց և ինչպե՜ս լռեմ հիմա, ինչպե՜ս լռե իմ բերան՝
Վերհիշելով Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան.
Դուք գնացիք, սակայն ինչպե՞ս իմ լուռ հոգին այսուհետ
Չխոսի ձեր շուքի հետ:

Ահա տեսնում եմ ձեզ մահատեսիլ, խստադեմ,
Երր որ մահը մեռցնելու դուք գնացիք մահի դեմ,
Եվ դուք գտաք ձեր պտրածը—ձեզ համար՝ մա՛հ չարաթույն,
Հայրենիքին փրկությո՛ւն։

Եվ այլ ինչ բան պիտի սազեր հերոսական ձեր սրտին,
Բուն այդ կատակն օրհասական հանդեպ մահվան գոռ աստին.
Ո՞վ ավելի արհամարհեց, տեսավ մահը չըմեռած,
Եվ մեռնելիս չըդողաց։

Ահա այս վեհ ռազմադաշտում, որտեղ լսվեց մի մեծ օր
Ձեր ռազմական խրոխտ գոչը, վերջին գոչը փրկության՝
Մենք երկու տոն ունենք այսօր—մեկ ձեր տոնը «սգավոր,
Մեկ մեր սուգը խնդության»:

Ահա ուժգին որոտում է ժողովուրդը ամբոխված,
Ձեր խնկելի շուքերի հետ, ռազմադաշտում Հայրենի.
Ահա’ կարմիր դրոշակներ՝ ձեր արյունով կարմրած
Եվ արյունով բյուրերի։

Դուք հաղթեցիք, ով ընկածներ, մահվամբ զմահ կոխեցիք։
Դուք հաղթեցի՜ք, և չըթողիք ոչինչ էլի հաղթելու.
Մկրտվեցիք դուք մահի մեջ, մահվամբ դառաք գեղեցիկ,
Զեզ փա՜ռք հավետ, ալելո՜ւ:

Աննա Բաբաջանյան13323551_1062868380460894_8735069679331297437_o-600x257

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԸ՝ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՄԱՍԻՆ

28 Մյս

1915 թվականին, այդ սև օրերուն ամբողջ երկիր մը բնաջինջ եղավ, քարուքանդ եղան մեր եկեղեցիներն ու վանքերը և ամբողջ ժողովուրդ մը մահվան անդունդե գլորվեցավ անասելի տառապանքներու մեջ: Սակայն, սիրելի Հայեր, Աստված մեզ բոլորովին չլքեց, և ինչպես Քրիստոս երրորդ օրը մեռելներեն հարություն առավ, այնպես ալ Հայ ժողովուրդը երեք տարի հետո հարություն առավ և կոչվեցավ նոր կյանքի` գրեթե հրաշքի համազոր պայմաններու մեջ: 1915-ի Ապրիլին հաջորդեց 1918-ի Մայիսը: Եվ այնպիսի մեկ պահու, երբ երկրորդ եղեռն մը կսպառնար մեր վերապրող ժողովուրդին` Արևելահայաստանին: Մեր արյունաքամ ժողովուրդի զավակները մեկտեղեցան, բռունցքի մը վերածվեցին անխորտակելի և ստեղծեցին ու կոթողեցին Հայոց Պատմության երկրորդ Ավարայրը` Սարդարապատի ճակատամարտը: Հայ ժողովուրդը փրկվեցավ ստույգ մահե «Յուր քաջ որդոց սուրբ արյունով…»:
Գիտեք` այսպիսով հռչակվեցավ Հայաստանի Հանրապետությունը` Մայիսի 28-ին:
Հայոց պատմության անիվը վերջապես շրջվեցավ և Հայ ժողովուրդի առջև վերջապես բացվեցավ Սարդարապատի հաղթանակով` կյանքի նոր ճանապարհ:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍmaxresdefault

ԱՅԴ ԻՆՁ ԱՍԱՑ ԱՐԱՐԱՏԸ

1 Նյմ

1918 թվական: Մայիս: Գիշերվա ժամը 2-ն է: Քաղաքի մասնավոր տներից մեկում հավաքվել է գլխավոր սպայակույտը, ազդեցիկ քաղաքական դեմքեր՝ վճռելու երկրի ճակատագիրը: Գլխավոր հարցը մեկն է. հանձնե՞լ Երևանն ու Էջմիածինը և նահանջել, որ հետո հարմար դիրքից հարված հասցվի թշնամուն, թե՞ ամեն գնով պահել Սարդարապատի բնագիծը: Կարծիքները տարբեր են, թեև նույնիսկ նահանջի կողմնակիցները մտավախություն ունեն, որ մայրաքաղաքի հանձնումը կբարոյալքի ժողովրդին ու կկազմաքանդի դիմադրությունը: Վերջապես համաձայնության են գալիս կանգնել ու կռվել մինչև վերջին շունչը:
Խորհրդակցությունն ավարտվում է լուսաբացին մոտ: Զորավար Թովմաս Նազարբեկյանը նստում է իր մեքենան և ուղղություն է վերցնում դեպի Ղարաքիլիսա: Բայց Քանաքեռի բարձունքին հասնելով կարգադրում է կանգնեցնել մեքենան: Դուրս է գալիս, մի փոքր առաջ է գնում ու վերից երկար նայում է խավարի մեջ թաղված Երևանի աղոտ կրակներին: Նա դեռ երկմտանքի մեջ է: Դեռ լիովին վստահ չէ, որ ճակատագրական որոշումն անսխալ է: Ու հանկարծ նրա մռայլված դեմքին մի ժպիտ է գծագրվում: Այդ ժամանակ զորավարը դառնում է իր ուղեկցողներին ու ասում է.
— Տեսեք, թե ինչ հանգիստ է քնած Երևանը: Նայեք՝ ինչպես է կարմրել Արարատի գագաթը… Երևանը հանձնել չի կարելի: Հրամայում եմ անմիջապես գործողության պատրաստություն: Ամենաուժեղ կերպով պաշտպանեք Սարդարապատ- Ղարթուն գիծը: Միշտ ուշադրություն դարձրեք Արալըխի ճամփին. տաճկական հեծելազորը կարող է առաջանալ ու կտրել մեր թիկունքը: Պիտի հաղթենք մենք: Մենք ենք հաղթելու: Այդ ինձ ասաց Արարատը…Ararat_at_sunset

ՄԻ ԿՈՃՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

20 Հկտ

1918 թվականի մայիսի 26: Սարդարապատի մատույցներում հայ ժողովրդի կենաց ու մահու կռիվն էր մղվում: Գեներալ Սիլիկյանը շտապ հեռագրում է Արամ Մանուկյանին, որ անհապաղ նոր ուժեր, ինչպես նաև պարեն և ջուր հասցվի ռազմաճակատ: Օգնության հայթայթման գործը հանձնարարվում է Երևանի պարետ, դերասան ու էսթետ Արշավիր Շահխաթունուն: Ասում են, որ վերջինս կարողացել է մեկ գիշերվա ընթացքում երեք վագոն սնունդ ժողովել և ուղարկել զինվորներին: Պատմում են նաև, որ մինչ որոշ մեծահարուստներ այդ օրերին պատրաստվում էին փախչել Երևանից, մի քանի քաղցած գաղթականներ Շահխաթունուն են հանձնել մի-մի կտոր հաց՝ իրենց վերջին պատառը, ինպես նաև կես հատ ձուկ՝ խնդրելով դրանք ևս հասցնել մեր կռվող մարտիկներն:
Բայց կա մի պատմություն էլ՝ ջրի մասին: Նույն օրը Շահխաթունին ուղևորվում է երկաթգծի կայարան՝ այնտեղից Սարդարապատ ցիստեռներով ջուր ուղարկելու համար: Ջուրը պիտի վերցնեին կայարանի մերձակա ջրանցքից: Սակայն տեղ հասնելուն պես տեսնում են, որ ինչ-որ մեկը միտումնաբար հսկայական մի կոճղով խցանել-փակել էր ջրանցքի ակունքը…
Ջուրն ու սնունդն ի վերջո տեղ հասան: Մեր բանակը հաղթեց: Եվ ինչպես որ հաղթանակն է ունենում իր խորհրդանիշը, այնպես էլ տմարդությունը կարող է դա ունենալ: Պատմում են, որ ջրանցքից դուրս բերված կոճղը երկար ժամանակ պահվում ու ցուցադրվում էր՝ իբրև հիշեցում այն մասին, որ եղել է նաև այդպես: Իսկ հետո փայտն անհետացավ…

Հովիկ Չարխչյան795073

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ

26 Մյս

Ամբողջ օրը՝ առավոտից մինչև երեկո, որոտում էին թնդանոթները, որոնց գոռոցը հասնում էր մինչև Երևան, ուր նույնպես տիրում էր տենդոտ եռուզեռ: Թիկունքից սայլերով, էշերով, ձեռքերով ռազմամթերք էին հասցնում կռվողներին, հաց, ծխախոտ, խմելու ջուր… Բազմաթիվ կամավորներ՝ ծեր ու երիտասարդ, որոնց թվում էր և Էջմիածնի միաբան գիտնական Գարեգին եպս. Հովսեփյանցը, իբրև նոր ժամանակների Ղևոնդ Երեց, ռազմաճակատ էին շտապում: Ճակատի զինվորը չէր միայն՝ ամբողջ երկիրը մի մարդ, մի շունչ դարձած՝ կռվում էր թշնամու դեմ՝ «ազատություն կամ մահ» վճռական կամքով…

ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆ1267379601_colorpen_1018

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

28 Մյս

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

 

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար,

Այսպես ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ:

 

Զանգեր, ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար պատից:

Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատից:

 

Ավարայրից ջանք առանք,

Այստեղ մի պահ կանգ առանք,

Որ շունչ առած շունչներս տանք

Սարդարապատի պատի տակ:

 

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,

Մենք չհանգանք՝ դեռ կգանք,

Երբ տան զանգը, ահազանգը,

Որ մեր հոգու պարտքը տանք:

1968թ.dkvusewiozk

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

27 Մյս

Սա այն դաշտն է, ուր թվում էր՝ ամեն ինչ պիտի վերջանար…

Պիտի վերջանար մի ազնվագույն ժողովուրդ, մի մեծասքանչ լեզու եւ մի փառահեղ քաղաքակրթություն։ Բայց այստեղ ամեն ինչ նորից սկսվեց… Եվ սկսվեց մի այնպիսի ժամանակ, երբ մարդկային ամենահասարակ տրամաբանությունն իսկ ասում էր, թե այլևս ոչինչ չի կարող սկսվել, քանի որ բառացիորեն մեն-մենակ էինք արար աշխարհում, մենակ, անպաշտպան, ծվատված ու արյունաքամ…

Ճիշտ է, Սարդարապատի օրերին դեռ չէր հնչել Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց նրա էությունը, որպես ժողովրդի հավաքական ենթագիտակցություն ու բնազդ, կար, գործում էր և Սարդարապատի օրերին գործեց մինչեւ այդ պատմության մեջ չտեսնված ուժով ու թափով, գործեց բարձրագույն լարումով։

Քրքրելով մեր պատմության կրակն ու մոխիրը, չի կարելի չգալ այն հաստատ համոզման, որ Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստղային ամենավսեմ ժամը։ Նրա պատմական խորին խորհուրդը մինչև հիմա լիովին չի գիտակցված ու չի գնահատված։ Դա կյանքի ու մահու սահմանագիծ էր և իր նշանակությամբ շատ ու շատ ավելին, քան լեգենդացած ու սրբագործված Ավարայրը։ Հայաստանն այն ժամանակ թեև Պարսկաստանից ոչ անկախ, բայց ներքին զորությամբ ու կենսահյութով էր լի։ Կենաց ու մահու հարցը սպառնալիորեն չէր կախված Ավարայրի վրա։

Ավարայրը պատերազմ էր հանուն հավատի։

Սարդարապատը պատերազմ էր հանուն կյանքի և ընդդեմ մահի։

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆa14

ԶՈՐԱՎԱՐ ՍԻԼԻԿՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

27 Մյս

37-7-1-1«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:

 Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար:
Մենք չէինք ուզում կռվել.հանուն խաղաղության ու հաշտության, պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրված ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը:Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ:Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:
 Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի  առաջ:
   Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթհայթել իրենց օրվա ապրուստը:
Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:
Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց:Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընդացգում կկազմակերպվի մի այնպիսի քաչարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:
 Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության,
 Հանուն ոտնակոխ եղած ճշմարտության՝
 Ոտքի կանգնեցեք: Դեպի՛  սրբազան պատերազմ»:

24. 5. 1918 թ16262_b

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ

27 Մյս

ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
թուրքական արշավանքի դեմ համազգային ճակատ
ստեղծելու անհրաժեշտության մասին

25 մայիսի, 1918թ.
Հայեր,
Ծանր փորձություններ է ապրում մեր ժողովուրդը: Տաճկական բազմադարյան ստրկությունից հետո մեր ժողովուրդը հասկացավ, որ այդպես շարունակել այլևս չի կարող և վճռեց` կամ զենքը ձեռքին նվաճել իր ազատությունն ու ստեղծել իրան համար երջանիկ ապագա և կամ պատվով մեռնել…
Տաճիկները ամենաբարբարոս կերպով խախտեցին հաշտության բանակցություններն ու կնքված զինադադարը. նրանք, օգտվելով զինադադարից, առանց նախազգուշացնելու, անսպասելի կերպով հարձակվեցին ու գրավեցին Ալեքսանդրապոլը: Այս բանը վերջնականապես քայքայեց մեր զորքը, և զինվորները, ձգելով իրենց շարքերը, անկանոն կերպով փախան իրենց տները` թողնելով բախտի բերմունքին բոլոր մեր պահեստներն ու ամբողջ ռազմամթերքը: Թվում էր, թե ամեն ինչ կորած է, և նենգ թշնամուն մնում է միայն շարունակել իր հաղթական ընթացքը դեպի երկրի ներսը` ստիպելով դրանով հայ ազգաբնակչությանը գաղթել իրեն բնակավայրերից և կորցնել իր ամբողջ ունեցվածքը:
Եթե դուք ցանկանում եք ազատել ձեր ընտանիքներն ու ունեցվածքը, եթե չեք ցանկանում ապրել ավելի վատթար ստրկության մեջ, քան այն, որ դարերի ընթացքում կրել են մեր եղբայրները տաճիկ կառավարության լծի տակ, եթե չեք ուզում, որ ամբողջ հայությունը կորչի, եկեք բոլորդ, ով զենք կրելու ընդունակ է, եկեք ձեր զենքով ու փամփուշտներով, վերցրեք ձեզ հետ հինգ օրվա ուտելիքեղենի պաշար, մինչև որ կարելի լինի զորքի կանոնավոր պարենավորումը կազմակերպել:
…. Լավ գիտեցեք, որ եթե այժմ զենքով չկարողանանք պաշտպանել մեր ազատությունն ու ունեցվածքը, ապա մենք արժանի չենք գոյություն ունենալու որպես ինքնուրույն ժողովուրդ, և այն ժամանակ վայ մեզ ու մեր հետնորդներին: Մեր որդիներն ու թոռները միայն անեծքով կհիշեն մեզ: Մենք հույսը պետք է դնենք միմիայն մեր սեփական ուժերի վրա և եթե այժմ առանց ժամանակ կորցնելու չօգնենք մեր զորքին, չլրացնենք մեր շարքերը զինվորներով ու չմատակարարենք նրան անհրաժեշտ մթերքներով, մենք կորած ենք: Լավ իմացեք, որ եթե այժմ զենքով չնվաճենք մեր ազատությունն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագա, այլևս երբեք չի հաջողվի այդ բանը ոչ մեզ և ոչ մեր սերունդներին:

Հայկական կորպուսի հրամանատար
գեներալ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ

%d bloggers like this: