Tag Archives: սատանա

ՏԱՐՏԻՆԻԻ ԵՐԱԶԸ

3 Ապր

Իտալացի հայտնի երգահան և ջութակահար Ջուզեպպե Տարտինին իր լավագույն ստեղծագործությունը համարում էր «Սատանայի գեղգեղանքները» սոնատը, որի ստեղծման շատ յուրահատուկ պատմությունը նա արել է ֆրանսիացի աստղագետ Ժոզեֆ Լալանդին: Լալանդն իր հուշերում այսպես է ներկայացնում այդ պատմությունը. «Մի գիշեր, 1713 թվականին, նա երազ է տեսնում, թե ինչպես պայման է կապում սատանայի հետ, որ նրա ծառան է դառնում: Այն ամենը, ինչ Տարտինին ցանկանում էր, հաջողվում էր նրան, նրա բոլոր ցանկությունները սատանան կռահում ու կատարում էր: Եվ ահա նրա մտքով անցնում է սատանային տալ իր ջութակն ու տեսնել, թե կարո՞ղ է արդյոք որևէ հաճելի բան նվագել: Մեծ է լինում Տարտինիի զարմանքը, երբ նա լսում է այնքան ինքնատիպ ու գեղեցիկ և այնքան վարպետորեն և իմաստալից կատարմամբ մի սոնատ, որի նմանը երբեք պատկերացնել էր կարող: Զարմանքից, հիացմունքից ու հաճույքից նրա շունչը կտրվում է: Նա արթնանում ու անմիջապես վերցնում է ջութակը` հուսալով գոնե վերարտադրել լսածի մի մասը, բայց իզուր: Սոնատը, որը այդ նույն օրը ստեղծեց, նրա երբևէ գրած լավագուն գործն է, որը նա «Սատանայի սոնատ» անվանեց: Բայց այն, որը նրա երզում զարմանք էր պատճառել, այնքան բարձր էր, որ նա գուցե կոտրեր իր ջութակն ու դադարեր երաժշտությամբ զբաղվել, եթե կարողանար»:Le_Songe_de_Tartini_par_Louis-Léopold_Boilly_1824

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

12 Սպտ

Մենք բոլորս ձգտում ենք անջատվել քաղցր ու անիմաստ նյութեղենությունից` մեզանից` սատանայից… Սատանան տառապում է, այրվում է կրակի վրա ու փրկվել է ուզում, պոկվել է ուզում իրենից… Ես ողբում եմ սատանային, ես խղճում եմ սաանային` ձեզ, ինձ: Մարդը սատանայի անցումային փուլն է… Գիտե՞ք, թե ինչ ճանապարհ եք անցել, մինչև հասել եք այս վիճակին: Մի կործանեք ձեր երկար ու մեծ աշխատանքը… Մարդը օդանավակայանն է, որտեղից պիտի գնաք բանականության, օգտի, երջանկության աշխարհը… Մի փորձեք մարմինը տանել ձեզ հետ, ինչպես սավառնորդներն են անում: Նրանց արածը ճանճի թռիչքն է: Կույր թռիչք, մեխանիկական թռիչք` հոգու թռիչքի հետ համեմատած: Ողորմելիները ուզում են նյութեղենը բարձրացնել վեր: Անհնար մի բան: Առանց նյութից պոկվելու վեր բարձրանալ: Պահպանելով նյութեղենի կիրքը… Խղճուկ մի բան` տանել մարմինը դրախտ: Այդ սատանայի` նյութի ցանկությունն է: Պատրաստվեք իսկական թռիչքի: Ու թեպատրաստ չեք` թռիչքը չի կայանա: Ու կմնաք այստեղ, կմնաք սատանա, այս տխուր աշխարհում` հողի ձգողականությանը գերի: Եվ կմնաք այնքան ժամանակ, մինչև դժոխային աշխատանքով չնախապատրաստեք ձեր նոր թռիչքը: Կապրեք քրտնած, արյունոտած, ուրիշի ստամոքսում, ուրիշը ձեր ստամոքսում, կապրեք որպես նյութեղեն` ձի կամ մուկ, կոկորդիլոս կամ ագռավ: Ու կրկին ձեզ մարդ պիտի դարձնեք` թռչելու համար…

 

«Ժամագործների համքարությունը»axasi

ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՐՅՈՒՆՈՍԿԵ

26 Մյս

ԻՆՉՈ՞Ւ ՖԱՈՒՍՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱՏԱՆԱՅԻՆ

Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի և բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու և Ադամի ու Եվայի մասին:
Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին և հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը:
Ենթարկվելով ինչ-որ բարեպաշտական զգացողության, Ֆաուստը կյանքում գեթ մեկ անգամ խնձոր չէր համտեսել: Բայց մի գիշեր, երբ դրսում մոլեգնում էր փոթորիկը, նա հանկարծ սովածացավ, խնձոր խորովեց և կերավ այն: Այդ պահից ի վեր խնձորը նրա գիտակցության մեջ միաձուլվեց նաև սնունդ հասկացությանը: Այժմ խնձոր տեսնելիս նա հիշում էր Մովսեսի տասը պատվիրանները, խորհրդածում էր գույների ներդաշնակության մասին և միաժամանակ փորի մեջ ղռղռոց էր զգում:
Վերջապես, մի ցրտաշունչ առավոտ, նայելով խնձորին, Ֆաուստը հանկարծ մտածեց, որ առևտրականի համար խնձորը ոչ այլ ինչ է, քան սովորական ապրանք: Որոշ քանակություն վաճառելով` վաճառականը արծաթադրամ է ստանում: Այդ ժամանակվանից ի վեր խնձոր հասկացությունը Ֆաուստի համար միաձուլվեց փող հասկացությանը:
Մի ամպամած օր Ֆաուստը միայնակ նստած էր իր առանձնասենյակում, չգիտես ինչպես, մի վտիտ շուն հայտնվեց: Ողջ մարմնով դողալով, շունն ակնթարթորեն կերպափոխվեց ասպետի և Ֆաուստին հարգալից գլուխ տվեց:
Ուրեմն ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային: Դա հարկ է, որ հասկանալի լինի վերն ասվածից: Սակայն հանդիպումը սատանայի հետ դեռեւս չի նշանակում Ֆաուստի ողբերգության վերջին` հինգերորդ գործողությունը:
Մի անգամ երեկոյան, ուժեղ սառնամանիքին, Ֆաուստը և սատանան, որ ասպետի կերպարանք էր առել, զբոսնում էին մարդաշատ փողոցով, զրուցելով խնձորի մասին: Հանկարծ նրանք տեսան մի նիհար արտասվաթոր մանչուկի: Նա քաշում էր իր չքավոր մոր ձեռքն ու մուրում. «Ինձ խնձոր առ»:
Սատանան կանգ առավ ու մանչուկին մատնացույց անելով՝ ասաց.
— Նայեք այս խնձորին: Մի՞թե այն տանջանքի գործիք չէ:
Ահա թե երբ է բարձրանում վարագույրը, և սկսվում է Ֆաուստի ողբերգության հինգերորդ գործողությունը:

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

15 Փտր

Ավելի հեշտ է մտնել Աստծո աշխարհը, քան սատանայի, բայց եթե չես մտել սատանայի աշխարհը, չես մտնի Աստծո աշխարհը: Աշխարհում սահմանված կարգերի ու ավանդույթների ազդեցությամբ մարդը կորցնում է բարին չարից զանազանելու կարողությունը: Երբեմն մենք շատ ենք տառապում, բայց անցնում է ժամանակը, և անցյալն իր ամենայն տառապանքներով հանդերձ մեզ համար դառնում է թանկ: Ոգին հաղթում է տարիներին:
Մի ծաղիկն ավելի լավ է հաղորդում ծաղկի պերճությունը, քան հարյուրը: Երբ երանություն ես ապրում գեղեցիկի հետ հանդիպելիս, այն ժամանակ հատկապես մտածում ես ընկերների մասին: Գեղեցիկի դիտումը ծնում է կարեկցանքի ու սիրո ուժգին զգացմունք դեպի մարդը:

ՊՈԼ ՎԵՌԼԵՆ

23 Հնվ

ԿԻՆ ԵՎ ԿԱՏՈՒ

Խաղում էր նա իր կատվի հետ.
Ինչ տեսարան տարօրինակ.
Խավարի մեջ ցոլում էր մերթ
Ճերմակ մի ձեռք, մի թաթ ճերմակ:

Նենգ կենդանին քաշում էր ետ,
Թաքցնում սև թաթմանի տակ
Իր ագաթև ու նրբակերտ
Ճանկերը սուր, հատու դանակ:

Կինն էլ սիրով սուտ ու պատիր
Թաքցընում էր ճանկերը իր.
Բայց անթաքուստ էր Սատանան:

Եվ սենյակի խոր խավարում,
Ուր նա խնդում էր բարձրաձայն,
Ֆոսֆորե չորս կետ էր վառվում:

Թարգմ. Հ. Բախչինյան

ՌՈԲԵՐՏ ՍԹԻՎԵՆՍՈՆ

12 Դկտ

ՍԱՏԱՆԱՆ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՏԵՐԸ

Մի անգամ Սատանան կանգ առավ հյուրանոցում, որտեղ նրան ոչ ոք չէր ճանաչում, քանի որ այնտեղ ապրում էին մարդիկ, որոնք կարգին կրթություն չէին ստացել: Նրան բացահայտեցին չար գործեր կատարելիս և որոշ ժամանակ բոլորը նրանից զգուշանում էին: Վերջպես հերթափոխը ստանձնեց հյուրանոցի տերը և լրջորեն գործի անցավ:
Հյուրանոցի տերը բռնեց պարանի ծայրից.
— Հիմա ես պատրաստվում եմ ոչնչացնել քեզ,- ասաց նա:
— Դու ինձանից վիրավորվելու իրավունք չունես,- ասաց Սատանան:- Ես ընդամենը Սատանա եմ, և իմ բնույթն այդ է` չար գործեր կատարելը:
— Այդպե՞ս է արդյոք,- հարցրեց հյուրանոցի տերը:
— Այդպես է, հավաստիացնում եմ քեզ,- ասաց Սատանան:
— Դու իսկսպե՞ս չես կարող վերջ տալ չարիք արարելուն,- հարցրեց հյուրանոցի տերը:
— Ոչինչ չեմ կարող անել,- ասաց Սատանան:- Ինձ նման էակին ոչնչացնելն ուղղակի անօգուտ դաժանություն է:
— Այդպես էլ կա,- ասաց հյուրանոցի տերը:
Եվ նա պարանով կախեց Սատանային:
— Ահա այսպես,- ասաց հյուրանոցի տերը:

%d bloggers like this: