Tag Archives: Սահակաշվիլի

Սահակաշվիլին հայկական փողկապ կուտի

24 Հկտ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան չի մեկնում: Այն, որ դրա պատճառները ամենևին էլ «տեխնիկական» չեն, արդեն քչերն են կասկածում: Երկու հարևանների միջև սև կատվի անցնելու օգտին է խոսում նաև այն փաստը, որ մեկ շաբաթ է, ինչ նախագահականն անարձագանք է թողնում միջադեպի առթիվ որևէ մեկնաբանությամբ հանդես գալու խնդրանքները: Իսկ ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի վերջին, երբ հաղորդվեց, թե Սերժ Սարգսյանը այս աշնանն այցելելու է Վրաստան։ Այդ մասին առաջին լրատվություն տարածողը Վրաստանում Հայաստանի դեսպանատունն էր: Ու թեև նույն աղբյուրը հավելում էր, որ նախագահի այցի կոնկրետ ժամկետները դեռ համաձայնեցված չեն, բայց դրա հետ մեկտեղ նշում էր, որ սա լինելու է Հայաստանի նախագահի պլանային այցը հարևան երկիր: Իր հերթին Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նույն օրերին հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի այցը Թբիլիսի կարող է երկու երկրների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել: Նկատենք, որ այդ ժամանակ Հայաստանի պաշտոնական աղբյուրներից որևէ մեկը չհերքեց ոչ այս տեղեկությունը, ոչ էլ կասկածի տակ դրեց բացվող հեռանկարների լայնությունը:
Պլանային, այսինքն նախապես ծրագրված մեկնումի փաստը առավել հստակություն ձեռք բերեց մեկ շաբաթ առաջ, երբ Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն բրիֆինգի ժամանակ պաշտոնապես հաստատեց, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, այցը կտևի 3 օր, իսկ այցի շրջանակներում նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ: Թվում էր՝ այլևս ոչինչ չէր խարող խաթարել այդ հստակ պայմանավորվածությունը: Միայն թե լավատեսությանը այս անգամ երկար կյանք վիճակված չէր:
Մեկ օր անց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողներին ի գիտություն տեղեկացրեց, որ իրենց կառույցը չի հաստատում նախագահի՝ նոյեմբերի սկզբին Վրաստան կատարելիք այցը: «Իմ ունեցած տեղեկություններով, նոյեմբերի առաջին կեսին հանրապետության նախագահի օտարերկրյա այց նախատեսված չէ»,- ասաց Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեկցելու է Սերժ Սարգսյանին Վրաստան կատարելիք այցի ժամանակ: Պատճառների մասին՝ ոչ մի խոսք: Ոչ մի պարզաբանում, թե ինչու՞ հանկարծ պլանայինը վերածվեց չպլանավորվածի: Նախագահը Թբիլիսի չի գնա և վերջ: Բայց, ինչպես տեսնում ենք, ամենահետաքրքիրը դեռ առջևում էր:
Անկախ իրադարձություների ընթացքից, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդն անսպասելիորեն հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարելիք այցը չեղյալ հայտարարելու մասին ոչ ոք ոչ մի բան չի խոսում. այցը կայանալու է նոյեմբերի երկրորդ կեսին: Վերջինիս համոզվածությունն այնքան ամուր էր, որ Բայբուրդը այդ միտքը կրկնեց երկրորդ անգամ. «Ես գիտեմ մի բան՝ այդ ացը նախատեսվում էր նոյեմբերի երկրորդ կեսին, ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող անել: Այդ կարող եմ միայն ասել: Մենք գիտենք, որ մի քանի ամիս առաջ այդ այցը նախատեսվում էր նոյեմբերի երկրորդ կեսին»,- ասաց նա:
Փաստորեն Բայբուրդը գիտի մի բան, որի մասին չգիտեն ոչ Վրաստանի նախագահի աշխատակազմում, ոչ Հայաստանի ԱԳ նախարարությունում: Ավելին ասենք, Սահակաշվիլու նստավայրում կարծես թե նույնիսկ մեկ ուրիշ բան իմանալ չեն էլ ցանկանում: Բանն այն է, որ երբ հայ լրագրողները հերթական անգամ դիմեցին նրանց, տեղի լրատվական ծառայության աշխատակիցը բառացիորեն հետևյալը պատասխանեց. «Եթե Մանանա Մանջղալաձեն նման հայտարարություն է արել, ուրեմն դա համապատասխանում է իրականությանը»: Հիշեցումն այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակը հերքել է այդ տեղեկությունը, դարձյալ կարծիքի որևէ փոփոխության չհանգեցրեց: «Եթե Մանանա Մանջղալաձեն է ասել, ուրեմն դա համապատասխանում է իրականությանը»,- կրկնել էին Թբիլիսիիում:
Այս խճճված, անհասկանալի իրավիճակում ենթադրությունները կարող են լինել չափազանց հակասական և իրարամերժ: Ի՞նչ է ստացվում: Պետք է մտածել, որ այցն այնուամենայնիվ նախատեսվում է, բայց ոչ նոյեմբերի առաջին, այլ երկրորդ կեսին: Այսինքն խոսքը կարող է վերաբերել սոսկ այցելության ժամկետների փոփոխությանը: Բայց այդ դեպքում ինչու՞ է լռում Հայաստանի նախագահականը և, ի վերջո, ինչու՞ է Հայաստանը Վրաստանին պատասխանում ոչ թե նախագահականը նախագահականի, այլ արտգործնախարարություն-նախագահական մակարդակով: Ինչպես իրավացիորեն նկատել էր մեկնաբաններից մեկը, ստացվում է, որ պաշտոնական Երևանը ոչ միայն հերքում է հարևանների տարածած տեղեկությունը, այլ նաև ցուցադրաբար որոշակի սուբորդինացիոն արհամարհանքով է անդրադառնում դրան: Մնում է միայն հասկանալ քամահրանքի պատճառները կամ չմեկնելու շարժառիթները:
Սրա շուրջ շրջանառվող վարկածները մի քանիսն են: Հենց սկզբից շատերը փորձեցին այնտեղ «ռուսական հետք» որոնել: Ոմանք նույնիսկ հաջողությամբ գտան այդ հետքը: Այս կարծիքի կողմնակիցների գլխավոր խաղաքարտը Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցն էր: Հայաստանի նախագահը մեկնում է մի երկիր, որտեղ Սահակաշվիլու և նրա վարչակարգի անունը լսել անգամ չեն ցանկանում: Իսկ այդ այցից անմիջապես հետո ուղղություն է վերցնելու դեպի Վրաստան: Հասկանալի չէ՞, որ Կրեմլին դա բոլորովին դուր չէր գա: Եվ ուրեմն Սարգսյանին այլ բան չէր մնում, քան չեղյալ հայտարարել Վրաստան կատարելիք այցը:
Սա, ինչ խոսք, վիճելի և խիստ մակերեսային տեսակետ է: Մեկ անգամ չէ, որ Սարգսյանը այցելել է Վրաստան, և այդ հանդիպումները որևէ կերպ չեն անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ի վերջո, եթե Երևանը սկսի հարաբերություններ փչացնել բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանի սրտով չեն, ապա ստիպված ենք լինելու աշխարհի քարտեզը կես անել:
Կա մեկ ուրիշ հնարավոր վարկած, որը շատ ավելի իրական է ներկայանում: Խոսքը վերաբերում է Վրաստանի նախագահ Սահակաշվիլու օրերս արած այն հայտարարությունը, թե Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքները վերացնելու համար իրենք երկու օր կծախսեին, իսկ հայերից շաբաթներ պահանջվեց: Նման դիտողությունը կարող էր խորապես վիրավորել հայկական կողմին: Առավել ևս, որ Վրաստանի նախագահն այս բանը անում է ոչ մեկ անգամ: Հիշենք թեկուզ այն դեպքը, երբ Սահակաշվիլին հայտարարեց, որ վրացական կառավարությունն առավել արդյունավետ է գործում, քան Հայաստանինը, կամ այն ասույթը, թե Վրաստանն աղքատ կլիներ, ինչպես Հայաստանը, եթե Ռուսաստանից կախված լիներ: Իսկ այս կարգի վիրավորական զուգահեռները հեշտությամբ կուլ չեն գնում: Ստացվում է, որ մեր երկիրը սկսել է Սահակաշվիլիի համար ծառայում որպես իր ձեռքբերումների համեմատության առարկա, ընդ որում, նրա օրինակը հետզհետե դառնում է վարակիչ իր ենթակաների համար, ովքեր նույնպես սկսել են առիթը բաց չթողնել Հայաստանին խայթելու համար:
Անկախ այն բանից՝ նման համեմատություններն օբյեկտիվ են, թե ոչ, դրանք կոռեկտ չեն: Ու եթե ենթադրենք, որ վերջին հայտարարությունը դարձել է այն կաթիլը, որով լցվել է Հայաստանի համբերության բաժակը, ապա Սերժ Սարգսյանի այցի հետաձգումը լիովին տեղավորվում է դեպքերի տրամաբանության համատեքստում: Վաղուց էր եկել ժամանակը վրացական իշխանություններին առարկայորեն ցույց տալու, որ մենք չենք պատրաստվում հանդուրժել նրանց յուրաքանչյուր անտակտություն, և ամեն մի տհաճ բառի համար միշտ էլ գալու է պատասխան տալու պահը:
Մնում է սպասել ու տեսնել, թե այսքանից հետո Մ. Սահակաշվիլին կճաշակի՞ հերթական փողկապը, ինչպես նա սովորաբար անում է անելանելի իրավիճակներում հայտնվելիս: Ու նաև կարծում ենք, որ Վրաստանի նախագահը գոնե այսուհետ զուգահեռներ անցկացնելիս կհամաձայնի այն ճշմարտության հետ, որ ավելի լավ է մեկ շաբաթում սողանք մաքրել, քան մեկ շաբաթում կորցնել երկրի կեսը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Սահակաշվիլու քաղցր կենացի դառնությունը

3 Օգս

Հայ-վրացական հարաբերություններում լարվածություն հրահրող պատրվակներն ու առիթները այնքան են շատացել, որ արդեն դժվար է միանշանակորեն պնդել, թե եղածը թյուրիմացություն է և չկա որևէ օրինաչափություն: Դեռ լիովին չեն հանդարտվել կրքերը` կապված հայ եկեղեցու իրավական կարգավիճակի և Ջավախքում հայ պատգամավորների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու միջադեպերի շուրջ, երբ մատուցվեց հերթական տհաճ անակնկալը` այս անգամ ամենավերին օղակներից և ամենաուղղակի ձևով: Բրիտանական «The Business Year» ամսագրի` օրերս լույս տեսած վերջին համարը , որն ամբողջությամբ նվիրված էր Ադրբեջանի անկախության 20-ամյակին, իր էջերում տեղ էր հատկացրել նաև Վրասատանի նախագահ Մ. Սահակաշվիլու ընդարձակ հարցազրույցին: Եվ ահա այդ հարցազրույցում Վրաստանի նախագահը բառացիորեն հետևյալն էր ասել. «Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն չլուծված հակամարտությունների հարցերում, և Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած հակառակորդ մեր երկու պետությունների թշնամին է։ Մեր ուժը միասնության մեջ է, և սրանք ուղղակի խոսքեր չեն, սա իրականություն է»։ Ասվածն անհնար է այլ կերպ հասկանալ կամ մեկնաբանել, քան պարզ հասցեագրում Հայաստանին: Հայաստանն Ադրբեջանի հակառակորդն է: Եվ ուրեմն ստացվում է, որ իր փայլուն տրամաբանությամբ Սահակաշվիլին Հայաստանին դիտում է նաև իր երկրի թշնամի: Սրանից զատ նա նաև ասել էր, որ ովքեր ձգտում են խաթարել Ադրբեջանի ու Վրաստանի միասնությունը, հանդես են գալիս երկու երկրների ազգային շահերի դեմ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը պարտավոր են մեկմեկու սատարել` նկատի առնելով ընդհանուր աշխարհագրական դիրքն ու պատմությունը: «Մենք ունենք ընդհանուր տեսակետներ, հաստատել ենք սերտ կապեր: Մենք, ըստ էության, կոնֆեդերատիվ հարաբերություններ ենք հաստատել, մեր երկրների միջև ոչ մի խնդիր չկա»,- նշել էր Վրաստանի նախագահը:
Ի՞նչ կարելի է ասել վերոնշյալի առնչությամբ: Եթե Սահակաշվիլին ունեցել է անկեղծության բռնկման բացառիկ պահ և բարձրաձայնել է այն, ինչ իրոք մտածում է, դա իր խնդիրն է: Հայաստանը հազիվ թե խորը վիշտ ապրի այն բանից, որ մի վրացի իրեն թշնամի է դիտում: Մյուս կողմից` եթե մի երկրի նախագահ շարադրում է իր երկրի պաշտոնական դիրքորոշումը, ապա այս պարագայում մեր լռությունը ոչ միայն տեղին չէ, այլև դատապարտելի: Իսկ պաշտոնական Երևանին մտահոգվելու հիմք պետք է տա նաև այն բացահայտ փաստը, որ մինչ օրս Վրաստանի պաշտոնական աղբյուրները որևէ բացատրություն են տվել Սահակաշվիլու խոսքերի առնչությամբ: Փոխարենը «էշը ցեխից անելու» անհույս փորձեր են կատարում զանազան փորձագետներ և Վրաստանում, և Ադրբեջանում, և նույնիսկ Ռուսաստանում: Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ մի հարցում համակարծիք են. Սահակաշվիլին անմտություններ է արտաբերել:
«Վերջին շրջանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունում փոփոխություններ են նկատվում։ Նրա քաղաքականությունը կարելի է անվանել հոգեպես անհավասարակշիռ»,- կատարվածի մասին իր տպավորություններն այսպես է ձևակերպել Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: Ադրբեջանցին, որ կարծես թե պիտի ոգևորվեր Վրաստանի նախագահի մտքերից, դրան հակառակ համոզված պնդում է, թե չի հավատում ասվածին, ու եթե ավելի վաղ ադրբեջանա–վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, ապա այսօր կարելի է ասել, որ Վրաստանի համար թիվ մեկ դաշնակիցը Հայաստանն է: Ի դեպ, նկատենք, որ ադրբեջանցիներն այս կերպ մտածելու համար իրենց տեսակետը հիմնավորում են այնպիսի փաստերով, ինչպիսիք են, օրինակ վրաց իշխանավորների ու եկեղեցու հակասությունները` հայերի պատճառով, կամ այն, որ իբր վրացիները շուտ մոռացան Հայաստանի՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի վերաբերյալ բանաձևին «դեմ» քվեարկելու հանգամանքը, և ոչ Վրաստանի նախագահը, ոչ էլ արտգործնախարարը դժգոհություն չհայտնեցին Հայաստանին: Բաքվում եղածին գումարում են նաև Վրաստանից Իրան էլեկտրաէներգիա արտահանելու համար որպես տարանցման ուղի Հայաստանի տարածքն օգտագործելու որոշումը: Եվ ըստ այդմ էլ` նրանք ցանկանում են, որ Վրաստանի նախագահն «անցկացներ ավելի համբերատար և հոգեբանորեն հավասարակշռված քաղաքականություն, ինչը Սահակաշվիլին, ցավոք սրտի, ներկա պահին չի անում»:
Մի քանի վրացիներ նույնպես փորձեցին փրկօղակ նետել իրենց նախագահին: Վերջիններս պնդեցին, թե չի բացառվում, որ Վրաստանի նախագահն անզգուշաբար է արտահայտվել` ասելով, որ Վրաստանի կամ Ադրբեջանի ցանկացած ընդդիմախոս ընդհանուր թշնամի է: Սակայն այս դեպքում արժե հիշել, որ նախագահների հրապարակային և այն էլ գրավոր ելույթները նախապես շարադրվում, մանրակրկիտ կերպով վերանայվում և միայն հետո են հանձնվում տպագրության, այնպես որ այս ենթադրությունը հեռու է իրականությունից: Իսկ երբ Խաղաղության և ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի տնօրեն Գիա Նոդիան հավաստիացնում է, որ վրացական իշխանությունների քաղաքականությունն ընդհանուր առմամբ միտված է պահպանելու հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում, ապա վերջինս թերևս մոռանում է, որ տարիներ շարունակ նույն Վրաստանը իր թեթև ձեռքով Հայաստանին դուրս է մղել բոլոր կարգի տարածաշրջանային ծրագրերից, իսկ դա հազիվ թե հավասարակշռության առհավատչյան լինի:
Ստեղծված կացության անհեթեթությունը չի վրիպել նաև Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելիի աչքից, ով լիովին համոզված է, թե Վրաստանի նախագահի խոսքերը ոչ մի կերպ չեն կարող ուղղված լինել Հայաստանի դեմ: «Վրաստանը բացարձակապես չեզոք է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, քանզի թե Հայաստանը, թե Ադրբեջանը մեր հարևաններն են, երկուսն էլ եղբայրական ժողովուրդներ են, և Վրաստանի քաղաքականությունը երբեք ուղղված չի լինելու ի վնաս այդ հարաբերությունների»: Իսկ որպեսզի խելքին մոտ որևէ բացատրություն գտնի` արդարացնելու Սահակաշվիլու «շատախոսությունը», Ռոնդելին նրա հարցազրույցը նմանեցրել է բաժակաճառ-կենացի` կովկասյան սեղանի ավանդույթներից ելնող մի քայլ, որն անպայման պիտի համեմված լինի քաղցր-մեղցր բառերով:
Սահակաշվիլու քաղցրությունից մեր լեզվի վրա դառնության համ է մնացել: Թե նրա «անզգույշ» արտահայտություններն ի՞նչ ազդեցություն կունենա Երևանի և Թբիլիսիի հետագա դիվանագիտական հարաբերությունների վրա, առայժմ ոչ ոք ասել չի կրող: Բացառված չէ, որ հետևանքներ ընդհանրապես չլինեն: Միայն թե այլ բան է քաղաքական դաշտը, և այլ բան հասարակությունը: Իսկ հասարակություն ասվածը հազվադեպ է կույր ձևանում: Մենք այս պահին կշրջանցենք, այն վրդովված արձագանքները, որոնք հնչեցին Հայաստանում: Փոխարենն արժե մեջբերել Ռուսաստանի ջավախահայերի միության հայտարարությունը, ովքեր պահանջեցին անհապաղ բացատրություն տալ թշնամական խոսքերի համար: Հակառակ դեպքում նրանք սպառնում են, որ կսկսեն ակտիվորեն հրահրել Սամցխե-Ջավախքի շրջանի հայ ազգաբնակչությանը` վրացական իշխանություններին անհնազանդություն ցուցաբերելու և 2012 թ. խորհրդարանական ու 2013 թ. նախագահական ընտրությունները բոյկոտելու համար: «Սահակաշվիլին պետք է հասկանա, որ հայկական պետությանների դեմ Վրաստանի կողմից ցանկացած արկածախնդրություն միանգամայն կանխատեսելի հետևանքներ կունենա իր կողմից ղեկավարած պետության համար»,-ասված էր հայտարարության մեջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչպես դառնալ շան լակոտ

12 Մրտ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հասցեին մեկ անգամ չէ, որ ծաղրական կամ վիրավորական արտահայտություններ են հնչել: Սովորաբար այդպիսի որակումները կարելի է լսել կամ Ռուսաստանի քաղաքական դեմքերից կամ Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչներից: Երկու դեպքում էլ դրդապատճառները հայտնի են, հետևանքները` կանխատեսելի: Սակայն այս անգամ այդ շարքը լրացվեց մի նոր մասնակցով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշեց գերազանցել մյուսներին: Խոսելով այն մասին, որ Արևմուտքը երկակի ստանդարտներ է գործադրում այս կամ այն երկրի նկատմամբ, Լուկաշենկոն իր խոսքերի իսկությունը հաստատող ավելի հարմար օրինակ չգտավ, քավ Վրաստանի նախագահին դեպքը: «Սահակաշվիլին դաժանաբար կասեցնում է ընդդիմության հանրահավաքները, իսկ ԱՄՆ-ը շարունակում է նրա հետ հարաբերությունները: Ինչո՞ւ: Որովհետև Սահակաշվիլին նրանց շան լակոտն է»,- ասաց նա ամերիկյան Washington Post պարբերականի լրագրողին` հիշեցնելով իր երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և սպառնալով, որ Բելառուսը երբեք չի դառնա Վաշինգտոնի հինգերորդ գաղութը:
Հատկանշական է, որ Լուկաշենկոն նման խոսքեր է արտասանում այն պահին, երբ Սահակաշվիլին մեկշաբաթյա այցելության է մեկնում Միացյալ Նահանգներ։ Այստեղ նրան սպասվում է ոչ միայն գրկաբաց ընդունելություն, այլև մեծ ու հաճելի անակնկալներ: Այցելության հիմնական նպատակը Վրաստանում ներդումներ խրախուսելն է։ Ամենից զատ Սահակաշվիլին Նյու Յորքում հանդիպելու է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և անշարժ գույքի մագնատ, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինիս հետ պայմանագիր է ստորագրվելու Վրաստանում խոշոր ներդրում կատարելու վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Բաթումի տարածաշրջանը զբոսաշրջային ու հանգստյան նշանավոր կենտրոնի վերածելու հեռանկարին, ինչի մասին մշտապես խոստանում էր Վրաստանի նախագահը:
Այդ աննախադեպ աջակցությանն ու հատկացումներին նախանձով նայողների համար սա այլ բան չէ, քան ամերիկացիներին մատուցած ծառայությունների գինը: Եվ այս պարագայում Սպիտակ Տան ղեկավարներին քիչ է հետաքրքրելու դաշնակից երկրում ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների վիճակը, քանի որ գերխնդիրը միշտ էլ իր ստվերում է թողնելու վերացական գործոնները: Նույն այս օրերին International News-ը, ոչ առանց թափանցիկ ակնարկների, հարկ համարեց մեկ անգամ էլ հիշեցնել Սահակաշվիլու անցած քաղաքական ուղին` նշելով, որ վերջինս հենց ամերիկացիների դրդմամբ սկսեց քաոսային պատերազմը Ռուսաստանի դեմ, ինչը շատ շուտով վերածվեց բռնապետական ուժի: «Պատերազմից հետո Սահակաշվիլիի հրեա խորհրդատուները փախան իրենց տուն, իսկ Վրաստանի գործընկեր ԱՄՆ-ն սկսեց ծրագիր մշակել` Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար»,- գրել էր International News-ը:
Ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է արձանագրել, որ« իսկապես, այսօր աշխարհին ներկայացվող Վրաստանը ունի երկու դեմք: Մի կողմից մենք լսում ու տեսնում ենք տնտեսության առանձին ճյուղերում լուրջ հաջողություններ արձանագրող երկիր, իմանում ենք այն մասին, որ մեր հարևանը հրաշալի ցուցանիշ է գրանցել` ընդգրկված լինելով կոռուպցիան հաղթահարած երկրների առաջին տասնյակում, սակայն մյուս կողմից ոչ այնքան վարպետությամբ նա քողարկում է մեկ ուրիշ պատկեր, ինչը հազիվ թե հնարավոր լինի մխիթարական կամ սփոփիչ անվանել: Վրաստանում ներկայումս սոցիալական ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ գործազրկությունը, ինչն էլ իր հերթին խոշոր չափերի հասնող արտագաղթի հիմք է հանդիսանում: Եթե վստահելու լինենք վրացական Journalist գործակալության հրապարակած տվյալներին, ապա միայն վերջին մի քանի տարիների ընթացքում մոտ 2 միլիոն մարդ լքել Վրաստանը, ովքեր աշխատանք են փնտրում Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Թուրքիայում և այլ երկրներում:
Այլևս ոչ միայն Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները, այլ նույնիսկ նրա բարեկամներն են հասկանում, որ այդ երկիրը իր մեծ նպատակներին հասնելու համար ավելի հաճախ չափազանց թանկ գին է վճարվում «խնամակալ» տերություններին: Արևմուտքի վերլուծաբանները ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում նկատել, որ հետզհետե խորացող կախյալ վիճակը սպառնում է երկրի ինքնիշխանության վերջնական կորստի, իսկ մինչ այդ Սահակաշվիլին ստորադասության նորանոր թելեր է գտնում և «իր զորքին ստրուկի նման ուղարկում է պատերազմող երկրներ, որպեսզի կարողանա մտնել ՆԱՏՕ»: Հենց այս վիճակն է, որ Լուկաշենկոյի կոպիտ արտահայտությամբ այլ բնորոշում չունի, քան ինչ-որ մեկի շան լակոտ լինելը:
Ամենամռայլ ենթադրությունների շարքում հաճախ կարելի է լսել, որ այժմ Վրաստանում Սահակաշվիլիի իշխանությունը գոյություն ունի Ամերիկայի ու Ռուսաստանի համաձայնությամբ և եթե այդ համաձայնությունը չեղյալ համարվի, Վրաստանը 6 ամսում կվերանա: Գուցե թե նմանատիպ աղետալի վերջաբանի հեռանկար սահմանելը վաղաժամ է ու չափազանցված, բայց ինչպես իրավացիորեն նկատում է ԱՄՆ-ի միջազգային պետական ինստիտուտի (IRI) ղեկավար Լորն Քրեյները, «Երբ ժողովրդավարությունը ստեղծվում է այն երկրներում, որոնք սովոր չեն դրան ու առաջին անգամ են բախվում ժողովրդավարությանը, հետևանքները միշտ էլ անկանխատեսելի են լինում»:

Հովիկ Չարխչյան

Խաղեր ընդդեմ խաղերի

1 Մրտ

Բոլորովին վերջերս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հանդես գալով Անվտանգության խորհրդում, հայտարարեց 2014 թ. Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր ցանկացած սադրանք կանխելու համար տարբեր միջոցառումների ներդրման անհրաժեշտության մասին: Այնուհետև նա հստակեցրեց իր միտքը. «Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ այստեղ խնդիրներ կան` կապված մեր հարևանի` Վրաստանի հետ: Ուստի այն ամենը, ինչը պահանջվում է արտգործնախարարության, իրավապահ մարմինների, ուժային կառույցների ուշադրության բարձրացման համար, պետք է կատարվի»:
Ռուսների ու վրացիների անվերջանալի վեճի և փոխադարձվող կշտամբանքների շարքում այս մեկը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, և Մեդվեդևը գիտեր, թե ինչ էր ասում: Նրա ելույթից շատ չանցած պատասխան խոսքով հանդես եկավ Վրաստանի նախագահը: Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ Սոչիի օլիմպիադիայի համար սպառնալիք ստեղծելը վեր է Վրաստանի հնարավորություններից ու Վրաստանն այդպիսի ծրագրեր չունի: «Մեր երկիրը ֆիզիկական առումով որևիցե սպառնալիք չի ներկայացնում Սոչիի 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի անցկացմանը»,- շեշտեց նա:
Կամ Սահակաշվիլու հիշողությունն այդ պահին դավաճանել էր նրան, կամ պահանջվածից ավելի խաղաղասեր երևալու ցանկությունը արժեզրկել էր նրա խոսքերին նախորդած բոլոր դեպքերը: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ վրացիները ոչ միայն նման ծրագրեր ունեն, այլև բավականին ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ: Դեռ նախորդ տարվա նոյեմբերի կեսին Վրաստանի խորհրդարանում փակ լսումներ անցկացվեցին Սոչի-2014-ի կապակցությամբ: Այն ժամանակ որոշում կայացվեց աշխատանք տանել միջազգային տարաբնույթ կազմակերպությունների հետ` վերջիններիս ուշադրությունը հրավիրելու Սոչիում օլիմպիադա անցկացնելու գաղափարի աննպատակահարմարության վրա: Նախատեսվում էին բողոքի ակցիաներ կազմակերպել տարբեր երկրներում, աբխազ փախստականների անունից կոլեկտիվ նամակներ ուղարկել ՄՕԿ, միջազգային մամուլում լուսաբանել ստեղծված իրավիճակը, այսինքն ամեն ինչ անել` տարհահամոզելու միջազգային հանրությանը` օլիմպիադայի վայրը տեղափոխելու համար: Նոյեմբերի 21-22-ին Ստամբուլում կայացավ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նստաշրջանը։ Այս միջոցառմանը ներկա Վրաստանի ԱՕԿ-ի նախագահ Գիա Նացվլիշվիլին հիշյալ հարցը ներկայացրեց մասնակիցների ուշադրությանը։
Սրանից բացի Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, թե պատրաստում են էկոլոգիական արշավ՝ ուղղված Սոչիում օլիմպիադայի խափանմանը։ Թբիլիսին վստահեցնում էր, որ օլիմպիական շինարարության պատճառով Ռուսաստանն Աբխազիային 15 մլրդ. դոլարի անդառնալի բնապահպանական վնաս է հասցրել։ Նրանք փոխհատուցում էին պահանջում և ասում, որ եթե Ռուսաստանը դա չկատարի, կարելի կլինի խոսել օլիմպիադան այդ երկրի սահմաններից տեղափոխելու մասին։ «Մենք հատկապես հույս ենք դնում ՄՕԿ- այն անդամների վրա, որոնք բոյկոտել են 1980թ. օլիմպիական խաղերը Մոսկվայում` Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու պատճառով։ Նրանց համար զուգահեռները մեր իրադրության հետ պետք է ակնհայտ լինեն»,- հայտարարում էին նախաձեռնողները: Իսկ Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի ձախողի Մոսկվայի ծրագրերը։ «Ռուսական ագրեսիայից հետո մեզ համար առաջնային հրատապության խնդիր է դարձել Սոչիում «Օլիմպիադա-2014»-ի անցկացումը ձախողելու հարցը»,- ասաց նա։
Այս ընթացքում վրացական մամուլը նախանձախնդիր հետևողականությամբ անդրադառնում էր այդ նյութին: Մի դեպքում նրանք մեջբերում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նուգզար Ցիկլաուրիի խոսքերը, որի կարծիքով «Սոչիում օլիմպիական խաղերի անցկացումը ցինիզմ կլինի: Այնտեղ բնակվում էին ժողովուրդներ, օրինակ՝ չերքեզների մի մասը, որոնց ռուսները լիովին ոչնչացրեցին», իսկ մեկ այլ դեպքում գրում, թե «այդ օլիմպիադան տեղի է ունենալու մարդկանց ոսկորների վրա: Երկիրը, որն այսպիսի պատմական անցյալ ունի ու այսօր էլ շարունակում է մարդու իրավունքների զանգվածային խախտումները, արժանի չէ այնպիսի միջոցառման, ինչպիսին օլիմպիադան է»:
Շարքն ամբողջացնելու համար չմոռանանք հիշել նաև, որ էլ ավելի վաղ` 2009 թ. ապրիլին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց Սոչիում վրացական հատուկ ծառայությունների գործակալ Մամուկա Մայսուրաձեի հայտնաբերման մասին: Ըստ ռուս իրավապահների՝ Մայսուրաձեն տեղեկատվություն էր հաղորդում Սոչիում օլիմպիական խաղերի նախապատրաստության մասին, ինչպես նաեւ գործակալական ցանց էր ստեղծում: Այս ամենից հետո պնդել, թե Վրաստանը բոյկոտելու ծրագրեր չունի, միամիտ հնարք է:
Ի դեպ, հատկանշական է նաև այն, որ ամենասկզբից Վրաստանը ողջունել էր ՄՕԿ-ի` օլիմպիադան Սոչիում անցկացնելու որոշումը: Այն ժամանակ նախագահ Սահակաշվիլին հայտարարում էր, թե մրցումները կխթանեն տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը: Բայց 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո Թբիլիսիի դիրքորոշումը կտրուկ շրջադարձ ունեցավ: Եվ այսօր որոշ վերլուծաբանների գնահատմամբ, վրացական կողմը ձգտելու է եթե ոչ բոյկոտ կազմակերպել, ապա գոնե կարգին նյարդայնացնել Ռուսաստանին:
Մեդվեդևի նախազգուշական հայտարարությունից հետո Թբիլիսիում սկսել են տարածել լուրեր այն մասին, թե իբր նրա սպառնալիքներն անպայման շարունակություն կունենան: Օրինակ, այս հարցում կասկած չունի Վրաստանի անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին, ով ասում է. «Մեդվեդևն իզուր չի արել այդ հայտարարությունը: Հավանաբար, Ռուսաստանը որոշակի տեղեկություններ ունի, որ մինչև օլիմպիադան կարող են ահաբեկչություններ լինել, ու նախապես ֆոն է ապահովում ինչ-որ մեկին մեղադրելու համար: Այդ դեպքում մենք պետք է սպասենք, որ եթե ինչ-որ ահաբեկչություն լինի, դրանում կմեղադրեն Վրաստանին»: Սակայն ինչի՞ց են բողոքում վրացիները: Գուցե պետք էր նախապես մտածել, որ կարիք չկար խաղալ կրակի հետ և հետո բողոքել, թե մատներն այրվում են:
Իսկ ինչ վերաբերում է հնարավոր ահաբեկչությանը, ապա մի քանի օր առաջ Սոչիի գազատար մայրուղու վրա պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Ռումբը տեղադրված է եղել «Մայկոպ-Սամուրսկայա-Սոչի» մայրուղու 197 կմ-ում: Սակրավորները ռումբը վնասազերծել են: Մինչ այս պահը դեռ ոչ ոք չի ասել, թե դրա մեղավորը վրացիներն են:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Սահակաշվիլիի, խաչապուրիի և այլ խնդիրների շուրջ

18 Հնվ

Հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հունվարի 22-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Նրա ժամանման լուրը ցնծության աղաղակներով չընդունվեց: Վրացական կողմն էլ իր հերթին չկարողացավ այցն արժևորելու համար ավելի խելամիտ փաստարկ գտնել, քան միտքն այն մասին, թե դա կարևոր է, որովհետև 2011-ի իր առաջին այցը նախագահը կատարում է Հայաստան, ուրեմն դրանով ընդգծվում են երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նկատենք, որ բառացիորեն նույն միտքը օրերս գործածվեց վրացի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի` Բաքու կատարած այցելության ժամանակ: Թե այդ պատրաստի դեղատոմսն ու ժամանակի ընտրության առանձնահատկությունները որքանով են նպաստելու մեր կապերի բերելավմանը, սա թողնենք վրացական պատվիրակության խղճին, որի կազմում լինելու է նույն Վաշաձեն, այլ պաշտոնական անձիք: Ոչինչ չասելու պես ասվում է նաև, որ Երևանում Սահակաշվիլիի հանդիպումների ընթացքում քննարկվելու են կողմերի միջև հարաբերությունների խորացման հարցերը, այդ թվում՝ տնտեսական ու քաղաքական ոլորտներում: Բայց ամեն կարգի բառային կուտակումներից այն կողմ գոյություն ունեն իրական մտադրությունները, ինչի շուրջ էլ հարկ է, որ Հայաստանը մտահոգվի: Այդօրինակ նպատակների թվում կարելի է դասել վրացիների համարյա բոլոր տարածաշրջանային ծրագրերը, որոնք սովորաբար կյանքի են կոչվում առանց Հայաստանի մասնակցության, թեև Թբիլիսիիում սիրում են անընդհատ խոսել հարավկովկասյան երեք պետությունների համատեղ հնարավորություններն ի մի բերելու մասին: Ճիշտ նույն կերպ Վրաստանի ԱԳ նախարարը Բաքվում հեռակա դասեր էր տալիս առ այն, թե իբր մենք շատ ժամանակ ենք կորցրել, և այժմ պետք է ըմբռնենք, որ ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է լուծել միջազգային նորմերի հիման վրա: Իսկ հետո պարզվեց, որ, ըստ նրա, Վրաստանը միշտ կարևոր դեր է խաղացել հայ-ադրբեջանական երկխոսության մեջ: «Հարավային Կովկասի երեք պետությունները պետք է միասնականորեն հանդես գան, տնտեսական ակտիվություն ցուցաբերեն, որպեսզի կարողանան ինտեգրվել եվրոպական կառույցներին: Ես նույնիսկ կարող եմ խոսել վրաց ժողովրդի անունից, որ մենք հույս ունենք, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության միջնորդությամբ հակամարտությունը կստանա իր լուծումը», — ասել էր Վաշաձեն` հավելելով, թե Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար:
Ու հենց այս կետից էլ սկսվեց ամենահետաքրքիրը: Մինչ շատերը ջանում էին ընկալել վրացական նորարարության գաղտնիքները, այդ երկրի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն շտապեց արագ
սրբագրել իր շեֆի ճակատագրական վրիպումը` հայտարարելով, որ Վաշաձեն հայտարարություններ չի արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Վրաստանի՝ որպես միջնորդի, հանդես գալու մասին, թեև Թբիլիսիի համար շատ կարևոր է այդ հիմնախնդրի լուծումը: Իսկույն հասկանալի դարձավ, որ Թբիլիսին ոչ միայն չի պատրաստվում գեղեցիկ խոսքերից այն կողմ անցնել, այլև, մեծ հաշվով, նրա շահերից չի բխում մեր և ադրբեջանցիների հաշտությունը, քանի որ այս պարագայում հարևանների գժտության պտուղները ճաշակելու հնարավորությունը կհավասարվի զրոյի, իսկ Վրաստանի համար նման հեռանկարը ոչ մի լավ բան խոստանալ չի կարող:
Այստեղ խիստ տեղին կլինի վերհիշել, որ երբ չարաբաստիկ WikiLeaks-ի կողմից հրապարակվեցին 2008 թ. վրաց-օսական պատերազմի մանրամասների հետ կապված դիվանագիտական փաստաթղթերը, ինչպիսի մանրամասներ հայտնի դարձան մեր դրացի բարեկամի մասին: Այն օրերին նույնիսկ ԱՄՆ դեսպանատունը չէր թաքցրել իր զարմանքը, երբ Վաշինգտոն առաքած հեռագրում գրում էր. «Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի վերաբերմունքը որակել է որպես «թշնամական»: Համաձայն նույն հեռագրի` ԱԳ ղեկավարը ամերիկացի դիվանագետին հայտնել էր, որ Երևանը փորձում էր օգնել Վրաստանին և մտադիր էր 4000 փախստական ընդունել, միջանցք ստեղծել միջազգային մարդասիրական օգնության համար: «Էլ ի՞նչ են ուզում մեզանից»,- Հայաստանի ԱԳ ղեկավարի խոսքերն էր մեջբերում WikiLeaks-ի հրապարակած փաստաթուղթը:
Իսկ վրացիները միշտ էլ առավելագույնն են ուզում: Ահա այժմ էլ, Սահակաշվիլու ժամանումից օրեր առաջ վրացական մամուլը հեղեղվեց նյութերվ այն մասին, թե Երևանում քննարկվելիք հարցերի թվում Վրաստանի ղեկավարը մտադիր է բարձրացնել հայկական արտադրողների կողմից «սեփականացված» վրացական բրենդների արտասահմանում իրացման խնդիրը: Վկայակոչելով Ֆրանսիայում ապրող վրացիներին, նրանց թերթերը գրում էին, որ Ֆրանսիայի մանրածախ ցանցերում վրացական բրենդները վաճառվում են հայկական արտադրանքի անվան տակ: Մասնավորապես, «Սապերավի» գինին իրացվում է որպես հայկական ըմպելիք: Ւբրև «հայկական հրաշք» են վաճառվում վրացական չուրչխելին, վրացական ազգային վառարանի «տոնե» հացը, ավանդական վրացական խաչապուրին ու այսպես շարունակ: Նշվում էր նաև, որ նմանօրինակ վիճակ է ԱՄՆ-ում ևս, որտեղ, օրինակ, վրացական հանքային «Բորժոմի» ջուրը վաճառվում է որպես Հայաստանի արտադրանք: Ճիշտ է, հայկական կողմն անմիջապես հերքեց այդ մեղադրանքները` հայտարարելով, որ հայերն այլոց բրենդների կարիքը չունեն, իսկ Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը վիրավորված վրա բերեց, թե «մեզ մերն էլ հերիք է, դրանք բավական ճանաչված են միջազգային շուկաներում ու չեն զիջում վրացականներին», սակայն Թբիլիսիի համար այս հերքումները որևէ արժեք չունեն, քանի որ գլխավոր նպատակն ամեն անգամ միշտ նույնն է. Հայաստանի համար ստեղծել արհեստածին խնդիրներ և դրանց կարգավորման անվան տակ հավելյալ միավորներ հավաքել:
Ինչ խոսք, Սահակաշվիլին նաև գիտի, որ Երևանում իրեն սպասվում է ոչ այնքան հաճելի զրույց Ջավախքին ու Վրաստանում ապրող հայերին առնչվող թեմաների շուրջ: Նկատենք, որ մեր ԱԳՆ 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ կար հավաստիացում այն մասին, թե հայ-վրացական բանակցությունների ընթացքում մշտապես քննարկվել են վիրահայությանը հուզող խնդիրները: Կնշանակի` սպասվող հանդիպման օրակարգը նույնպես բովանդակային իմաստով փոփոխությունների չի ենթարկվի` վրացական պատվիրակությանը ստիպելով պատասխան գտնել մի շարք ցավոտ հարցերի առթիվ: Եվ հավանաբար նման լարված զրույցի հեռանկարն էր պատճառը, որ Հայաստան գալուց առաջ Սահակաշվիլին փորձ արեց պարպել ավելորդ լիցքերը, այցելեց հայկական եկեղեցի ու այնտեղ` դիմելով հավաքվածներին ասաց, թե «վիրահայերը Վրաստանի ազգային ամբողջության անբաժան մասն են ու մեծ դեր ունեն Վրաստանի պետականության զարգացման գործում»: Իր նախագահի օրինակով էլ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հանկարծ որոշեց ընդունել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները և հույս հայտնել, որ բազում անգամներ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը ձախողելուց հետո նա այս տարի պատրաստ է ջերմորեն ընդունել Գարեգին Երկրորդին:
Ահա այսպես եղբայրաբար, անկաշառ ու ազնիվ պահվածքով են հարևան երկրում ընդունում մեզ և կամ հյուր գալիս:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: