Tag Archives: Ռոսվերտոլ

Բարեկամի ուղղաթիռները` թշնամու համար

25 Փտր

Ադրբեջանական բանակը նոր սպառազինությամբ համալրելու մասին ցանկացած տեղեկություն մենք ընկալում ենք ընդգծված անհանգստությամբ, քանի որ գիտենք` մեծ է դրանց առաջին թիրախը դառնալու հավանականությունը: Միևնույն ժամանակ, ասվածից ոչ պակաս կարևորում ենք այն հանգամանքը, թե հատկապես ո՞ր երկիրն է այդ հարցում աջակցել մեր ագրեսիվ հարևանին: Եվ այս իմաստով պիտի հասկանալի լինի մեր մտահոգությունը, երբ օրերս «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդումից տեղեկացանք, որ ադրբեջանցիների հերթական գործընկերը դարձել է Ռուսաստանը: Համաձայն այդ աղբյուրի, դեռ անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի ու «Ռոսվերտոլ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվել է մի պայմանագիր, ըստ որի Դոնի Ռոստովում գործող ընկերությունը ադրբեջանցիներին վաճառելու է 24 միավոր «Մի-35Մ» մակնիշի մարտական ուղղաթիռներ։ Տեղեկատվության հավաստիությունն ընդգծելու համար հավելենք, որ գործարքի մասին հաղորդումը ստացվել է «առաջին ձեռքից»` «Ռոսվերտոլ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Բորիս Սլյուսարից։
Մեզ համար հազիվ թե մխիթարական լինի այն փաստը, որ համանման պայմանագրեր ռուսական կողմը ստորագրել է նաև մի շարք այլ երկրների հետ, ինչի արդյունքում ընկերության մաքուր շահույթը հասել է 1,3 միլիարդ ռուբլու: Ինդոնեզիա կամ Վենեսուելա առաքվող ուղղաթիռները դժվար թե երբևէ չար մտադրություն ունենան սավառնելու հայկական երկնակամարով: Իսկ ահա Բաքվի հետ համաձայնության եկած ռուսները մինչ փաստաթղթերի ստորագրումը պիտի հրաշալի հասկանային, թե առանց այդ էլ պայթյունավտանգ մեր տարածաշրջանում հավելյալ զինտեխնիկայի առկայությունը ինչպիսի նոր ռիսկեր է հարուցելու և որքանով է ի զորու անդրադառնալու ամեն գնով պահպանվող ուժային հավասարակշռության վրա: Սակայն գործարքն այնուամենայնիվ կայացել է, և սա ոչ առաջին և ոչ էլ վերջին համանման դեպքն է: Զուտ ռուսական թեզ է այն տեսակետը, թե սպառազինությունների բազմապատկումը մեծացնում է անվտանգության երաշխիքները: Կովկասում նման պնդումների հետ ոչ բոլորն են համաձայն: Ինչ վերաբերում է վերջին դեպքին, ապա արժե հիշեցնել, որ այդ թռչող զինանոցի տպավորիչ բնութագիրը վաղուց է հայտնի: «Մի-35Մ» մակնիշի ուղղաթիռը բազմանպատակային է, օգտագործվում է հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, հետևակին աջակցելու, դեսանտային գործողությունների, վիրավորներին տարհանելու ու բեռներ փոխադրելու համար։ Ուղղաթիռը կարողանում է թռիչքներ կատարել եղանակային ամենաբարդ պայմաններում և հատկապես լեռնային ռելիեֆ ունեցող գոտիներում իրեն դրսևորել է գերազանց հատկանիշներով: Ուղղաթիռը զարգացնում է 310 կմ/ժ առավելագույն արագություն։
Ցավոք, ադրբեջանական նոր «ձեռքբերումների» մասին դեռևս հավելյալ տեղեկություններ ստանալ հնարավոր չէ: Վերստին ականատեսն ենք այն նույն պահվածքի, որի ծուղակում հայտնվել են շատ շատերը: Ինչ-որ մեկը տեղեկացնում է զենքի գնման մասին, մեկ ուրիշը դա անմիջապես հերքում է, հետո գալիս է երրորդն ու ասում այնպիսի մի բան, որը ոչ հերքում է, ոչ հաստատում: Իսկ արդյունքում ամեն կարգի կռահումները հյուսում են իրենց այլընտրանքային ցանցերը` էլ ավելի խճճելով առանց այդ էլ անորոշ կացությունը:
«Ռոստվերտոլ»-ն էլ հարկ համարեց վարվել այդ ձևով: Այն բանից հետո, երբ լուրը հայտնվեց մամուլի էջերում, պարզաբանումների համար ընկերությանը դիմած լրագրողներին տեղի ներկայացուցիչները ասացին, թե նախորդ հաղորդագրությունում հիշատակված Բորիս Սլյուսարը մեկ շաբաթով արձակուրդի է մեկնել, ուստի նա չէր կարող նման ինֆորմացիա հրապարակել։ Սրա հետ մեկտեղ նրանք հրաժարվեցին հերքել կամ հաստատել ուղղաթիռների վաճառքի մասին լուրը` պարզաբանելով, որ «Ռոսվերտոլ»-ը «Ռուտսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգի մաս է կազմում, իսկ գործարքների մասին տեղեկատվություն տարածելու իրավունքը վերապահված է միայն հոլդինգի կենտրոնական մոսկովյան գրասենյակին։ Մի խոքով` գնացեք ու տապակվեք ձեր ենթադրությունների մեջ:
Ակամա վերհիշում ենք ամիսներ առաջ Ս-300 հրթիռային կայանքների շուրջ բարձրացված աղմուկը, երբ շաբաթներ շարունակ որևէ մեկին այդպես էլ չէր հաջողվում վերջնական պատասխան ստանալ այն միակ հարցի մասին, թե ի վերջո Ռուսաստանը Ադրբեջանին տրամադրելու՞ է այդ հզոր զինատեսակից, թե՞ ոչ:
Համաձայն պաշտոնական աղբյուրների, Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ներկայումս շահագործվում են ավելի քան 60 ուղղաթիռներ: Անցյալ տարվա օգոստոսին հաղորդվեց այն մասին, որ Բաքուն մտադրվել էր Ռուսաստանից գնել Ka-32 տեսակի չորս մարտական ուղղաթիռ։ Այնուհետև թուրքական աղբյուրները տեղեկացրեցին, թե Ադրբեջանը այն երկրների ցանկում է, որոնց Թուրքիան կվաճառի Т-129 ռազմական ուղղաթիռներ։ Համարյա միաժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց, որ Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական օդային միջոցների կառուցմամբ զբաղվող ձեռնարկությունների արտադրանքի ձեռքբերմամբ և հավելեց, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է մարտական ուղղաթիռների գնմանը: Մի խոսքով, հնարավորությունների ու աղբյուրների պակաս չի զգացվում, և ռուսների հետ այս վերջին գործարքը իր տեսակի մեջ ոչ բացառիկ է և ոչ էլ անհավանական: Մնում է միայն ափսոսանքն այն մասին, որ թշնամին իր զենքերը մեր դաշնակից ու բարեկամ երկրից է ներմուծում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: