Tag Archives: Ռոյթեր

Բաքուն դարձյալ խռովել է

22 Ապր

«Տարածաշրջանային արձագանք»` այսպես պիտի կոչվեր Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը, որը փաստորեն դարձավ անարձագանք: Զորավարժությունները պետք է մեկնարկեին մայիսի 15-ին Բաքվի մերձակայքում գտնվող Ղարա-Հեյբաթի զորավարժարանում ու շարունակվեին 10 օր: Սակայն ադրբեջանական կողմը ռազմական խաղերը անորոշ ժամանակով և առանց բացատրության հետաձգեց: Ի դեպ, սա առաջին ձախողումը չէ: Ճիշտ մեկ տարի առաջ` 2010 թվականի գարնանը երկու երկրների համատեղ զորավարժությունները տապալվեցին այն պատրվակով, որ նախագահ Իլհամ Ալիևին չէին հրավիրել միջուկային անվտանգության խնդիրներին նվիրված վաշինգտոնյան համաժողովին: Մյուս կողմից էլ շուրջ մեկ տարի Բաքուն մնացել էր առանց ԱՄՆ դեսպանի, ինչն այստեղ ընկալվում էր որպես ծանր վիրավորանք: Եվ եթե այսօր Ադրբեջանը հերթական զորավարժությունները չեղյալ է հայտարարում առանց հիմնավորումի, ապա սա դեռ չի նշանակում, թե այդ քայլին դիմելու համար դրդապատճառներ չկան: Միայն թե կողմերից որևէ մեկը առայժմ պատրաստ չէ առաջինն այդ մասին բարձրաձայնելու: ԱՄՆ-ի դեսպանատունը մեկնաբանություններ չի անում` հիմնվելով Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնական իրազեկման բացակայության վրա: Երբ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության հանրային կապերի բաժնի տնօրեն Թերի Դևիդսոնին հարցրեցին այդ մասին, նա պարզապես պատասխանեց. «Զորավարժությունները հետաձգվել են ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, ուստի ավելի ճիշտ կլիներ պարզաբանումների համար դիմել հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը»:
Բայց արի ու տես, որ նույնիսկ Բաքվի պատասխանատուներից շատերը դեռ պատրաստ չեն կատարվածի համար խելամիտ բացատրություն գտնել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն APA գործակալությանը խոստովանեց, որ ինքն անձամբ տեղյակ չէ այդ քայլի դրդապատճառներին: «Ես գիտեմ, որ զորավարժությունները հետաձգվել են անորոշ ժամկետով, բայց թե որն է նման քայլի պատճառը` որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա` նույն պահին էլ համոզմունք հայտնելով, թե իբր զորավարժությունների չեղյալ հայտարարելը որևէ կերպ չի ազդի ադրբեջանա-ամերիկյան ռազմական գործակցության վրա: Սակայն սա, ինչ խոսք, ոչ մի գնով անկեղծ համոզմունք չես համարի:
Անորոշությունն իր տեղն ունի, միայն թե դա չի խանգարում կողմերին որոնել այս հարցի տրամաբանական պատասխանը, ինչն իրականում այնքան էլ առեղծվածային չէ, ինչպես պիտի թվա առաջին հայացքից: Ճիշտ է, ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նկատում է, որ պաշտոնական Բաքվի որոշումը` հրաժարվել նախապես ծրագրված զորավարժություններից, բավական տարօրինակ է, քանի որ մեկ տարում երկու երկրների հարաբերություններում լուրջ դրական տեղաշարժ է արձանագրվել, սակայն իր հերթին չի ցանկանում տեսնել խնդրի խորին շերտերը, որտեղ շատ բաներ բոլորովին էլ դրական չեն և ամենևին էլ չեն վկայում կարգավորման մասին: «Թուրանի» փոխարեն Արևմուտքի լրատվամիջոցները չեն զլանում գրել, որ վերջին օրերին Ադրբեջանը սուր քննադատություն է հնչեցնում Վաշինգտոնի հասցեին` նկատի ունենալով վերջինիս դերակատարությունը տարածաշրջանային կարևոր հիմնախնդիրների գործընթացում: Այսպես, ըստ այդ աղբյուրների, մի շարք օտարերկրյա դիվանագետներ ասում են, թե քննադատությունն արտացոլում է Ադրբեջանի զայրույթը` կապված այն փաստի հետ, որ ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը և կողմ է երկու երկրների միջև սահմանի բացմանը: «Ադրբեջանը, որ Արևմուտքին նավթ և գազ է մատակարարում, մտավախություն ունի, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում իր դիրքերը կթուլանան ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում»,- գրում են թերթերը:
Չմոռանանք նաև, որ զորավարժությունները չեղյալ հայտարարելուց հաշված օրեր առաջ «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Ալիևի գլխավոր խորհրդականը մեղադրեց ԱՄՆ-ին ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանին սատարելու համար և զգուշացրել, որ Բաքուն կարող է վերանայել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ: «Առաջիկայում Ադրբեջանը կվերանայի ԱՄՆ-ի հետ քաղաքականությունը, քանի որ Վաշինգտոնը Ադրբեջանի հանդեպ այնպիսի քաղաքականություն չի վարում, որը նման լինի ռազմավարական գործընկերոջ հանդեպ վարվող քաղաքականությանը»,- ասել էր նա:
Բաքվի զայրույթը հարուցելու մի լուրջ պատճառ էլ կա: Եվ այս իմաստով ամենևին պատահական չէր, որ ԱՄՆ դեսպանության հանրային կապերի բաժնի տնօրեն Դևիդսոնը, երբ խոսում էր զորավարժությունների մասին, հանկարծ թեմայից կտրուկ անցում կատարեց և լրգրողներին հետևյալն ասաց. «Մեր դեսպանատունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ արտահայտվելուն և հանրահավաքներ կազմակերպելուն առնչվող ազատությունները: Մենք կարծում ենք, որ դրանք այն արմատական իրավունքներից են, որոնք գոյություն ունեն դեմոկրատական հասարակության մեջ»: Ադրբեջանի այգին նետված այս քարը անպայման հասնելու էր իր նպատակակետին: Գաղտնիք չէ, որ արաբական աշխարհում հեղափոխական զարգացումներից ի վեր Բաքուն սկսեց կասկածանքով վերաբերվել Վաշինգտոնին՝ վերջինիս մեղադրելով իր ներսում հեղափոխություն հրահրելու մեջ: Իսկ երբ Վաշինգտոնի քննադատությունն ավելի ուժգնացավ ընդդիմության հանրահավաքը ցրելուց հետո, Ադրբեջանն իր հերթին սաստկացրեց հակաամերիկյան հիստերիան` մեղադրելով օտարերկրյա դիվանագետներին ընդդիմադիր առաջնորդների հետ շփումներ ունենալու համար: Հիմա նախկին սպառնալիքներին նորերն են գումարվել: Բաքվում ասում են, թե իրենք կարող են առաջիկայում չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ մի շարք համաձայնագրեր, ետ կանչել իրենց խաղաղարարներին Աֆղանստանից և նմանատիպ այլ վերջնագրեր:
Իսկ ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա մոտակա ժամանակաշրջանում Ադրբեջանը ստիպված կլինի դա անել միայնակ ու ինքնուրույն: Բոլորովին վերջերս այդ երկրի ռազմաօդային ուժերի ավելի քան մեկ տասնյակ ռմբակոծիչներ ու ուղղաթիռներ զորավարժություններ էին անցկացնում Ղարաբաղի հետ սահմանակից գոտում: Այժմ էլ հայտարարվել է այն մասին, որ ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի զինուժը նախատեսում է հերթական լայնածավալ զորավարժություններ անցկացնել, որի ընթացքում առաջին անգամ գործնական պայմաններում կցուցադրվեն Ադրբեջանի արտադրության զենքը և ռազմական տեխնիկան:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: