Tag Archives: Ռոբերտ Վալզեր

ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ

13 Մյս

Քիչ բան կա արդյո՞ք, որ ես սիրում եմ: Բայց արդյո՞ք միշտ եմ ես հակված սիրո: Կարծում եմ, ես իրավունք ունեմ ժամանակ առ ժամանակ վատ տրամադրություն ունենալ, ինչպես և ուզածդ այլ մի մարդ: Այդպիսի բաներ ում հետ ասես պատահում են: Երբեք ատելություն չապրելով, կկարողանայի՞ ես արդյոք ինչ-որ բան սիրել: Բերկրանքները չեն սպառվում, սակայն դառնությունները նույնպես, ես կգտնեի, թե ինչ պատասխանել այդ առթիվ… Քեզ հետ պատահե՞լ է, որ հիասթափեցնելով ինչ-որ մեկին, դու դրանից ուրախացել ես: Մարդն ունա՞կ է դրան: Օ՜, մարդը շատ բանի է ընդունակ: Այո, նրա հետ շատ տարօրինակ բաներ կարող են պատահել: Իսկ այն մասին, թե ինչքան բան կա տարօրինակի և պարզունակի միջև, նույնիսկ չեմ էլ հիշատակի: Այստեղ ես դիտավորյալ խոսում եմ պարապ բաներից: Լավ մնա: Բարությունն անգետ է, բայց դու, համենայն դեպս, հնարավորինս պահպանիր քո մեջ ձգտումն առ այն:

ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ

26 Հկտ

Կար-չկար մի բանաստեղծ, ով այնքան էր սիրահարված իր սենյակին, որ ամբողջ օրը նստում էր բազկաթոռին ու նայում պատերին, որոնք իր աչքի առջեւ էին: Նա այդ պատերից հավաքեց նկարները, որպեսզի որեւէ ուշադրություն շեղող առարկա չխանգարեր իրեն եւ չգայթակղեր ինչ-որ բան զննելու, այդ փոքրիկ, անբարեհամբույր, կեղտաբծերով պատից բացի: Չասենք, թե իբր նա դիտավորյալ էր բնակատեղին ուսումնասիրում, հարկ է խոստովանել` անառիթ երազայնության կապանքների մեջ նա կենում էր առանց որեւէ հետին մտքի, եւ հենց այն ժամանակ, երբ նրա տրամադրությունը ոչ ուրախ, ոչ առույգ, ոչ էլ մելամաղձոտ էր, այլ այնքան պաղ ու անտարբեր, ինչպիսին որ լինում է ցնորվածի մեջ: Այդ վիճակում նա երեք ամիս անցկացրեց, եւ այն օրը, երբ պիտի սկսվեր չորրորդը, այլեւս չէր կարողանում տեղից վեր ելնել: Նա պինդ կպել էր: Դա անսովոր է, եւ պատմողի խոստումը, որ վստահեցնում էր, թե իսկույն կհետեւի ավելի անսովոր մի բան, առավել անհավանական է թվում: Հենց այդ ժամանակ իր սենյակում մեր բանաստեղծին այցելեց նրա մի ընկերը եւ, հենց մտավ այնտեղ, ընկավ նույն վհատ կամ թե ծիծաղելի երազկոտության գիրկը, որով տարված էր առաջինը: Որոշ ժամանակ անց նույն դժբախտությունը պատահեց երրորդ բանաստեղծա- կամ վիպա-գրի հետ, ով եկել էր իր ընկերոջ հետեւից. դժբախտություն, որի մեջ իրար ետեւից ընկան վեց բանաստեղծներ, ովքեր բոլորը եկել էին, որ իմանան իրենց ընկերների մասին: Եվ հիմա յոթն էլ նստած են փոքրիկ, մթին, մռայլ, անբարեհամբույր, պաղ, տկլոր շինության մեջ, իսկ փողոցում ձյուն է տեղում: Նրանք սոսնձվել են իրենց աթոռներին, եւ թվում է, այլեւս երբեք դուրս չեն գա զբոսնելու: Նրանք նստել ու նայում են, եւ ուրախ ծիծաղը` պարգեւն այս պատմության համար, ի վիճակի չէ ազատելու նրանց տրտում գերությունից:

%d bloggers like this: