Tag Archives: Ռոբեսպիեռ

ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ ՌՈԲԵՍՊԻԵՌ

1 Նյմ

Եկել է ժամանակը պարզելու հեղափոխության նպատակը և սահմանը, որին ուզում ենք հասնել, եկել է ժամանակը ինքներս մեզ հաշիվ տալու նաև խոչընդոտների մասին, որոնք հեռացնում են մեզ նրանից, որոնք մենք պետք է ընդունենք` դրան հասնելու համար: Սա հասարակ և կարևոր միտք է, որը, ինչպես երևում է, երբեք չի նշվել: Եվ ինչպե՞ս կհամարձակվեր ստոր և անբարո կառավարությունն իրականացնել այն: Մի ինչ-որ թագավոր, ինչ-որ մեծամիտ սենատ, Կեսար, Կրոմվել նախ և առաջ կրոնական շղարշի տակ թաքցնում էին իրենց ծրագրերը, գործարքի մեջ մտնում բոլոր արատների հետ, շողոքորթում էին բոլոր կուսակցություններին, ոչնչացնում էին ազնիվ մարդկանց կուսակցությունը, ճնշում կամ խաբում էին ժողովրդին այն բանի համար, որ հասնեն իրենց նենգ փառասիրության նպատակին: Եթե մենք մեծագույն խնդիր իրականացնելու չլինեինք, եթե խոսքն այստեղ վերաբերեր միայն ինչ-որ հանցախմբի կամ նոր արիստոկրատիայի, մենք կհավատայինք, այնպես, ինչպես դրան հավատում են ավելի շուտ տգետ, քան թե փչացած գրողները, որ ֆրանսիական հեղափոխության պլանը տառացիորեն գծվել է Տակիտոսի և Մաքիավելու գրքերում, և կկարողանայինք ժողովրդի պարտականությունների նկարագրությունը գտնել Օգոստոսի, Տիբերիոսի, Վեսպասիանոսի պատմության կամ նույնիսկ որոշ ֆրանսիացի օրենսդիրների պատմության մեջ, քանի որ նենգության և դաժանության որոշ նրբություններում բոլոր տիրանները նման են միմյանց:
… Հարկավոր է վաղօրոք նախազգուշական միջոցներ ձեռնարկել և ազատության ճակատագիրը հանձնել ճշմարտության ձեռքը, որը հավերժ է, և ոչ թե ձեռքն այն մարդկանց, ովքեր մահկանացու են. այսպիսով, եթե կառավարությունը մոռանում է ժողովրդի շահերը կամ եթե դրանք հայտնվում են անբարո մարդկանց ձեռքում, իրերի բնական ընթացքին համապատասխան, ընդունված սկզբունքների լույսը լուսավորում է նրանց դավաճանությունը, և թող նոր հանցախումբն ընկնի հանցագործության մտքից անգամ: Երջանիկ է այն ժողովուրդը, որ հասել է այս վիճակին: Քանզի ինչ նոր հարվածներ էլ սպառնան նրան, իրերի դրությունը, որի պարագայում հանրային բանականությունը ազատության երաշխիքն է հանդիսանում, նրան բազում միջոցներ կտրամադրի այդ հարվածները կանխելու համար: Ո՞րն է այն նպատակը, որին ձգտում ենք: Ազատության խաղաղ գործադրումն ու հավասարությունը, հավերժ արդարության տիրապետությունը, որի օրենքները փորագրված են ոչ թե մարմարի ու քարի, այլ բոլոր մարդկանց սրտերում, անգամ ստրուկի սրտում, ով մոռացել է դրանց մասին, և տիրանի սրտում, ով ժխտում է դրանք:
Մենք ուզում ենք ունենալ այնպիսի իրադրություն, որտեղ բոլոր նսեմ և դաժան կրքերը սանձված կլինեն, և բոլոր բարերար ու մեծահոգի կրքերը կարթնանան օրենքներով, որտեղ սնափառությունը կարտահայտվեր հայրենիքին ծառայելու ձգտմամբ, որտեղ տարբերությունները միայն հավասարություն կծնեին, որտեղ քաղաքացին կենթարկվեր քաղաքապետությանը, քաղաքապետությունը` ժողովրդին, ժողովուրդը` արդարությանը, որտեղ հայրենիքը կապահովեր յուրաքանչյուր անհատի բարօրությունը, իսկ յուրաքանչյուր անհատ հպարտ կօգտվեր հայրենիքի բարգավաճումից և փառքից, որտեղ բոլոր հոգիները կփառավորվեին հանրապետական զգացումների հետ մշտական հաղորդակցությամբ և մեծ ժողովրդի հարգանքը վայելելու անհրաժեշտությամբ, որտեղ արվեստները ազատության զարդարանքն են, որ վսեմացնում է նրանց, իսկ առևտուրը կլինի ժողովրդի հարստացման աղբյուր, այլ ոչ թե միայն մի քանի ընտանիքների հրեշավոր շքեղություն:
Մենք ուզում ենք մեր երկրում եսասիրությունը փոխարինել առաքինությամբ, պատիվը` ազնվությամբ, սովորույթները` սկզբունքներով, պարկեշտությունը` պարտավորություններով, մոդայի բռնակալությունը` բանականության տիրապետությամբ, դժբախտության նկատմամբ արհամարհանքը` արհամարհանքով արատի նկատմամբ, անպատկառությունը` հպարտությամբ, սնափառությունը` հոգու վեհությամբ, փողի նկատմամբ սերը` սիրով փառքի նկատմամբ, լավ ընկերախումբը` լավ մարդկանցով, դավադրությունը` արժանիքով, սրամտությունը` տաղանդով, սիրալիր, թեթևամիտ և դժբախտ ժողովրդին` մեծահոգի, ուժեղ, երջանիկ ժողովրդով, այսինքն` միապետության արատներն ու բոլոր անհեթեթությունները փոխարինել հանրապետության բոլոր առաքինություններով և հրաշքներով:

%d bloggers like this: