Tag Archives: ռեալիզմ

ԱԼԵՆ ՌՈԲ-ԳՐԻՆԵ

6 Նյմ

«Ռեալիզմից առ իրականություն»

Բոլոր գրողներն իրենց ռեալիստ են համարում: Ոչ ոք եւ երբեք չի ենթադրում, որ նա ստեղծում է աբստրակցիաներ, պատրանքներ, քիմերներ, ֆանտազիաներ, հորինվածքներգ Ռեալիզմը աներկմիտ սահմանում ունեցող տեսություն չէ, որի շնորհիվ կարելի կլիներ հակադրել որոշ գրողների մյուսներին. ընդհակառակը, դա դրոշ է, որի տակ կանգնում են, եթե ոչ բոլոր այժմյան վիպագիրները, ապա նրանց ճնշող մեծամասնությունը: Եվ նրանց բոլորին, անկասկած, հարկ է դրանում վստահել: Նրանց հետաքրքրում է իրական աշխարհը, նրանցից յուրաքանչյուրն իրոք տենչում է ինչ-որ «իրական» բան ստեղծել:
Սակայն նույնիսկ հավաքվելով միեւնույն դրոշի տակ, նրանք այդ անում են ոչ թե հանուն միատեղ պայքարի, այլ հանուն այն բանի, որպեսզի միմյանց հետ կապերը խզեն: Ռեալիզմը` դա այնպիսի գաղափարախոսություն է, որը յուրաքանչյուրին հանում է իր հարեւանի դեմ, եւ որակ է, որը յուրաքանչյուրը համարում է բացառապես իր արժանիքը: Եվ միշտ էլ այդպես է եղել` հենց ռեալիզմի մասին հոգածության շնորհիվ յուրաքանչյուր նոր գրական դպրոց ձգտում էր ոչնչացնել նախորդողը. դա ռոմանտիկների լոզունգն էր դասականների դեմ, այնուհետեւ՝ նատուրալիստների լոզունգն էր ռոմանտիկների դեմ մարտում, եւ նույնիսկ սյուրռեալիստներն իրենց հերթին պնդում էին, որ իրենց գրավում է միայն իրական աշխարհը: Այնպես որ, ռեալիզմը, հավանաբար, նույնքան հավասարաչափ է բաշխված գրողների միջեւ, որքան եւ դեկարտյան «ողջախոհությունը»:
Եվ այստեղ կրկին հարկ է ընդունել, որ նրանք բոլորը ճիշտ են: Եթե նրանց միջեւ համաձայնություն չկա, ապա սոսկ այն պատճառով, որ նրանք ամենքն իրականության մասին տարբեր պատկերացումներ ունեն: Դասականներն այն դասական էին համարում, ռոմանտիկները` ռոմանտիկական, սյուրռեալիստները` սյուրռեալիստական, Կլոդելը կարծում էր, թե իրականությունը` աստվածային բնույթն է, Քամյուն այն աբսուրդ էր համարում, քաղաքականության մեջ ներքաշված գրողներն իրականության մեջ տեսնում են ամենից առաջ տնտեսական կողմը եւ համարում են, որ այն ձգտում է սոցիալիզմի: Յուրաքանչյուրը խոսում է այն աշխարհի մասին, որն ինքը տեսնում է, բայց բոլորն այն տարակերպ են տեսնում:
Սակայն, հեշտ է հասկանալը, թե ինչու գրական հեղափոխությունները տեղի էին ունենում հանուն ռեալիզմի: Երբ գրելաեղանակի ինչ-որ ձեւ կորցնում է իր նախնական կենսունակությունը, ուժը, հզորությունը, երբ այն վերածվում է սովորական դեղատոմսի, ակադեմիզմի, որի ընդօրինակողները հետեւում են դրան, լոկ ենթարկվելով հնամոլության եւ ծուլության, եւ նույնիսկ իրենց հարց չեն տալիս դրա անհրաժեշտության մասին` մեռյալ ձեւերի մերկացումը եւ նորերի որոնումը, որոնք ունակ են նախորդներին փոխարինելու, հենց վերադարձն է առ իրականություն: Միայն ետեւում թողնելով հնացած ձեւերը, մենք կարող ենք առաջ գնալ իրականության յուրացման մեջ: Եթե մենք չենք համարում, որ այսուհետ աշխարհն արդեն լիովին բաց է (իսկ այդ դեպքում ամենախոհեմ բանը կլիներ ընդհանրապես գրելը դադարել), մենք կարող ենք սոսկ ջանալ փոքր-ինչ առաջ ընթանալ: Խոսքն այն մասին չէ, որ «ավելի լավ անես», այլ գնաս դեռեւս անհայտ ուղիներով, ուր նոր գրելաեղանակի անհրաժեշտություն է ծագում…

Թարգմ. Վարդան Ֆերեշեթյան

%d bloggers like this: