Tag Archives: ռասիմ

ՎԱՑԼԱՎ ՀԱՎԵԼ

23 Դկտ

Իր նախնականության մեջ «Հայրենիք» բառն այսպիսով նշանակում է ոչ թե փակ կառուցվածք, այլ դրա հակառակը` կառուցվածք, որը բացում է, կամուրջ` մարդու և տիեզերքի միջև, ուղեցույց, որը ծանոթից տանում է դեպի անծանոթը, տեսանելիից դեպի անտեսանելին, հասկանալիից դեպի առեղծվածայինը, կոնկրետից դեպի համընդհանուրը: Դա ամուր հողն է ոտքերի տակ, որի վրա մարդը կանգնում է դեպի երկինք ուղղվելիս:
Ամենահեշտը, բնականաբար, «Հայրենիք» հասկացության մասին շատ չխորհելն է, և ավանդական նշանակությունը ընդունելը կամ շարունակել Հայրենիքի ըմբռնումը որպես փակ մի կառուցվածք ամրացնելն ու խորացնելը: Այս ուղին ոչ միայն բարդ չէ, այլև հասարակության որոշակի շերտերի, և այս իսկ պատճառով որոշակի քաղաքական գործիչների համար նաև բավականին գրավիչ: Այն չի դնում ինտելեկտուալ կամ բարոյական ոչ մի հատուկ պահանջ, այլ յուրաքանչյուրին առաջարկում է հայտնի իրողությունների հարմարավետ քնաբարձ ծանոթ հանրության գրկում: Պատկանելությունն այդ հանրությանը որպես բարձրագույն արժեք, հանում է անհատական պատասխանատվությունը ու վեր է ածվում հեշտորեն ճանաչելի հուսալիության անհուսալի մի աշխարհում… Սա մի մտածելակերպ է, որին մարդկանց կարող է տանել կամ դրդել, որպես փակ կառուցվածք, Հայրենիքի ըմբռնումը: Իսկ հետո կարող է պատահել, որ այն իր ծայրահեղ ձևում ի վերջո կծնի ոչ այլ ինչ, քան շովինիզմ, գավառականություն, խմբային էգոիզմ, օտարատյացություն և ռասիմ: Մենք բոլորս բավականին լավ գիտենք, թե ուր են տանում նման կոլեկտիվ հոգեվիճակները, երբ հմտորեն խթանվում են ազգայնամոլ առաջնորդների կողմից. բռնության, էթնիկական զտումների, պատերազմների և համակենտրոնացման ճամբարների:
Հայրենիքի ըմբռնումը, որպես փակ կառուցված, իր մեջ վտանգ է պարունակում. այստեղ Հայրենիքը մարդկային զարգացման ցատկահարթակի փոխարեն ավելի շուտ որպես չօդափոխված խուլանցք է դիտվում, մի քարանձավ, որը պաշտպանում է մարդուն աշխարհից, քան նրա հետ իր կոնտակտի տարածություն, ավելի շուտ որպես մի մարդուն մյուսից մեկուսացնելու գործիք, քան դեպի ուրիշը բացվող ուղու դարպաս:
Այդ ըմբռնման մեջ, հատկապես դրա այլասերված ձևերի, ես գտնում եմ շատ ձևականություն. դրանում Հայրենիքը ավելի ու ավելի պարզորոշ կերպով կորցնում է ամենայն ոգեղեն չափողություն կամ ամենայն ոգեղեն բովանդակություն, այն ավելի ու ավելի քիչ է ներկայացնում զգայված կամ միասին ընդունված արժեքների ամբողջություն կամ սեփական ոգեղեն ժառանգություն, ինչպես որ ըմբռնվում է ու դառնում է իր արտաքին, բովանդակազուրկ ատրիբուտների` տարազների, դրոշների, կոչերի կամ անվերջ կրկնվող մեղեդիների սոսկ մեռած մի փաթեթ:
Ես կարծում եմ, որ արդի աշխարհը ժամանակի ընթացքում իր ետևում կթողնի ազգային պետության ավանդական ըմբռնումը որպես ազգային գոյության գագաթնակետ, ինչը դե ֆակտո նշում է պատմության վերջը:

%d bloggers like this: