Tag Archives: ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

25 Հկտ

Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն
Եվ ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ,
Եվ ամեն օր այնպես տառապում եմ, սե՛ր իմ,
Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:
Անբնական մի վերջ՝ հիմար մի տագնապից,
Հիմար մի տագնապի անբնական չափից,
Իմ ու այս աշխարհի անբնական կապից,
Ամեն կողմից գլխիս,
Երազներիս թափվող
Անմարդկային ցավից, անմարդկային լափից:
Անբնական մի վերջ, սե՛ր իմ, անբնական,-
Դու, որ կարող էիր թավշե մի ժպիտով
Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան
Եվ որ կարող էիր գուրգուրանքի ստով
Լցնել իմ մեջ կյանքի ուժը տիտանական,-
Դու հեռացար այնպես փափուկ ու բնական,
Այնպես անփութորեն եւ մտերիմ այնքան,
Այնքան մտերմորեն – եւ լուռ, եւ անհուզում,
Որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում:
Մի՛ տագնապիր, մի՛ լար եւ մի՛ ասա, թե դու
Հետո ճամփաներ ես փնտրել վերադարձի,
Իսկ դու գիտե՞ս ինչ է ցավը խորտակվածի,
Եվ կորուստը՝ արդեն կորուստ տված մարդու:
Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով
Պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդության,
Եվ դա չի լինելու խռովածի տագնապ.
Կամ միամիտ մարդու քմայք անփորձության:
Պիտի գնամ, ի՞նչ կա: Դու էլ պիտի գնաս,
Որպես փափուկ մշուշ, կամ կարոտի մի հով,
Պիտի գնաս մենակ, անվերադարձ, անփույթ,
Սակայն, ավաղ, ուրիշ,
Ուրիշ ճանապարհով:27578096_love

ՉԳԻՏԵՄ ԵՐԲ… ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ՈՎ…

13 Ապր

Չգիտեմ երբ, չեմ հիշում ով
Անցնում էր լուռ այս աշխարհով:

Ցավերն ամեն՝ առած ուսին,
Գլխի վերև՝ մեռած լուսին,
Ոտքերի տակ՝ աշխարհը սին,
Չգիտեմ երբ, չեմ հիշում ով,
Անցնում էր լուռ այս աշխարհով:

Աչքերից կախ՝ սրսուռ երգեր,
Ուսերից կախ՝ թմրած ձեռքեր,
Թույլ կողերին մեռնող մեղքեր.
Չգիտեմ երբ, չեմ հիշում ով
Հողածնունդ իր ցավերով
Մեխվեց երկրի ամեն անկյուն,
Խեղդեց բոլոր ցավերն անքուն,

Ցավ-դիակներ առած ուսին,
Գլխի վերեւ մեռած լուսին,
Ոտքերի մեջ աշխարհը սին,
Իր մեղապարտ կյանքի կեսին
Մեխվեց կյանքի կոկորդն ահով.-

Չգիտեմ երբ, չեմ հիշում ով…

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆBankoboev.Ru_zloveschee_odinochestvo_v_pole

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

21 Մյս

Առավոտի հետ, առավոտի,
Թրթռոցի մեջ զնգուն օդի
Ես քո անունը լսում էի
Եվ տաքանում ու մրսում էի:

Միջօրեի հետ, միջօրեի,
Քեզանով պապակ, տոչոր էի,
Փնտրում էի քեզ, մաքուր էի
Եվ արևի պես ես կույր էի:

Մայրամուտի հետ, մայրամուտի,
Դռների առջև իջնող մութի
Կրկին անունդ կանչում էի
Եվ արևի հետ հանգչում էի:

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

9 Մրտ

Դուրսը՝ թախծի հեղեղ,
ներսս՝ անհուն թախիծ.-
մեկը մի բան երգեր
աստվածային Բախից:
Գոնե մի բան լիներ,
լույսի մի ճառագայթ,
որ այդ թախծի ծովում
դառնար ինձ առագաստ:
Թե ոչ՝ ուզում եմ ես
անվերադարձ, անհետք,
տխուր կոհակվելով
հանդերի մեջ ցրվել.-
երևի թե մայրս
աչք է եղել նրբին,
որ ես այսքան մաքուր
արտասուք եմ ծնվել:

%d bloggers like this: