Tag Archives: ռազմական

Մի դուռ էլ փակեցին

21 Ապր

Ամեն գնով նախահարձակ լինելու և լարվածությունը պահպանելու Վրաստանի գործունեության նոր դրսևորումը դարձավ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դիմումը իր երկրի խորհրդարանին, որով նա առաջարկում էր չերկարաձգել «Վրաստանի տարածքով ռազմական բեռների ու անձնակազմի տարանցումը կազմակերպելու վերաբերյալ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնագրի» կիրառումը: Ըստ պաշտոնական բացատրության, այդ փաստաթղթի գործողության ժամկետը լրացել էր և երկու երկրների ներկայիս հարաբերությունների պայմաններում պարզապես իմաստ չուներ այն երկարաձգել: Հիշեցնենք, որ տվյալ համաձայնագիրը Վրաստանի ու Ռուսաստանի կառավարությունների կողմից ստորագրվել էր 2006 թվականին` հինգ տարի ժամկետով: Այն սահմանում էր Վրաստանի տարածքով ավտոմոբիլային, օդային և երկաթուղային տրանսպորտով ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական բեռների, ինչպես նաև անձնակազմի տարանցման կարգը, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի համար: Փաստաթղթում ասվում էր նաև այն մասին, որ եթե վրացական կողմը դրա ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարեր դադարեցման մտադրության մասին (ժամկետը լրանում է նոյեմբերին), ապա Մոսկվայի հետ կնքված համաձայնագիրը մեխանիկորեն կերկարաձգվեր:
Եվ այսպես, Վրաստանի խորհրդարանը ապրիլի 19-ին 84 կողմ ձայներով որոշում ընդունեց համաձայնագրի գործողության ժամկետի լրանալու մասին: Երկրի արտգործնախարար Նինո Կալանդաձեն կատարված փաստը մեկնաբանեց զուտ վրացական բառապաշարով. «Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայից հետո վրացական կառավարությունը որոշում է ընդունել այլևս չշարունակել Ռուսաստանի հետ ռազմական բեռների փոխադրման համաձայնագրի ժամկետը»:« Սրա հետ մեկտեղ վրացական կողմը նաև պնդում էր, թե վերջին անգամ Ռուսաստանը այդ հարցով իրենց է դիմել 2008 թվականի հունիսին, սակայն ստանալով մերժում, այլևս այդ խնդրով հարցումներ չի ներկայացրել: Ստացվում էր այնպես, որ կամ ռուսները վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի փոխադրում չէին իրականացրել (ինչը հազիվ թե համապատասխանի իրականությանը), կամ ունեն այլընտրանքային ուղիներ և վրացական օգնության կարիքը բնավ չեն զգում:
Ամեն դեպքում քաղաքական մեկնաբանները միաձայն այն տեսակետն են պաշտպանում, որ այս որոշումն այսպես թե այնպես կսրի իրավիճակը տարածաշրջանում: Ի դեպ, նույն միտքը կիսում են նաև վրացի դիտորդները, որոնք էլ շրջանառու դարձրեցին վարկածն այն մասին, թե որոշումը պայմանավորված է Ադրբեջանի հետ բարելավվող հարաբերություններով: «Հնարավոր է, որ դա ադրբեջանցիներն են խնդրել: Թեև որոշման պատճառների մասին միայն կարելի է գուշակել, բայց դա առաջին միտքն է, որ գալիս է մարդու ուղեղին»,- գրել էր վրացի փորձագետներից մեկը: Իհարկե, նման տարբերակը քիչ հավանական է` հաշվի առնելով Բաքվի նկատմամբ Մոսկվայի ազդեցության չափերը, սակայն սա էլ լիովին բացառել չի կարելի: Մյուս կողմից էլ նկատենք, որ կատարվածն ըստ էության այլ բան չէր, քան արդեն առկա իրավիճակի սոսկ իրավական ձևակերպումը:
Մեզ անհանգստություն պատճառող խնդիրը կայանում է նրանում, որ նման որոշմամբ փաստացի Ռուսաստանը զրկվում է Վրաստանի տարածքով` ցամաքային ու օդային ճանապարհով, Հայաստանի իր ռազմակայանին բեռներ մատակարարելու հնարավորությունից: Ու որքան էլ ընդունենք, որ հարցը բխում է ռուս-վրացական լարված հարաբերություններից, միևնույն է, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ այս ուղղությամբ ռուսներն ուրիշ ու՞ր պիտի ռազմական տեխնիկա առաքեին, եթե ոչ Գյումրիի ռազմակայան: Եվ այս դեպքում արդեն դժվար է դառնում միանշանակորեն ասել, թե հարուցված բարդություններն առաջին հերթին ում ուսերին են ծանրանալու` ռազմակայանը տնօրինող ռուսների՞, թե՞ այդ «բարիքներից» օգտվել ցանկացող Հայաստանի: Չենք կարող շրջանցել նաև այն փաստը, որ Վրաստանի խորհրդարանն այդ որոշումն ընդունեց Վրաստանի պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո, երբ բարեկանության, եղբայրության ու փոխօգնության մասին հավաստիացումների պակաս չէր զգացվում:
Ռուսաստանցի առաջատար ռազմական փորձագետներից մեկը` Ալեքսանդր Գոլցը, մեկնաբանելով վրացական կողմի նախաձեռնությունը, ասաց. «Ակնհայտ է, որ այս քայլի նպատակը դեպի Գյումրիի ռազմակայան անձնակազմի ու ռազմական տեխնիկայի տեղափոխումը դժվարացնելն է: Թույլ տվեք հիշեցնել, որ ռուսական բանակը զորակոչային հիմքի վրա է համալրվում: Դա նշանակում է, որ կես տարին մեկ Գյումրիում անձնակազմի փոփոխություն է տեղի ունենում: Երբ դա անհնարին է դառնում, ռազմակայանը լուրջ բարդությունների առաջ է կանգնում»:
Խնդիրն այս պարագայում ոչ միայն Գոլցի հիշատակած բարդություններն են, այլև այն, թե դա ի՞նչ կարող է տալ վրացիներին, որոնք հրաշալի հասկանում են`Ռուսաստանը բոլոր դեպքերում մի շարք այլընտրանքային տարբերակներ ունի, որոնք ոչ միայն թույլ կտան կազմակերպել ռազմակայանի անխափան մատակարարումը, այլև առանձնապես մեծ վնասներ չեն կրի դրանից:
Գուցե իսկապես վրացական դեմարշը որևէ խնդիր չհարուցի Հայաստանի համար: Ինչպես այս օրերին գրել էր «Կոմերսանտ» թերթը`«զենքն ու ցանկացած այլ սպառազինությունը Հայաստան կարող է հասցվել Իրանով: Բացի այդ, կա օդային ճանապարհը` անմիջապես Ռուսաստանից Հայաստան»: Իսկ Պետդումայի աղբյուրներից մեկը նույն թերթին տեղեկացրել էր, որ «ցանկացած բեռների տեղափոխումը Հայաստան այսուհետ ևս կատարվելու է առանց սահմանափակումների»:
Բոլորովին ոչ պատահաբար տարածում գտավ նաև այն կարծիքը, թե իբր Վրաստանի արգելքը տարածվում է միայն ռուսական ռազմաբազայի, այլ ոչ թե ՀՀ Զինված ուժերի կարիքների համար մատակարարումների վրա: Այս թարմ գաղափարն, իհարկե, վրացիների «արտադրանքն» է, որի նպատակն է տպավորությունն ստեղծել, թե իբր արգելքի ազդեցությունը նվազագույն հետևանքներ կունենա հայերի համար: Բացի այդ, Վրաստանում հավանաբար մոռացել են, որ անցած երեք տարում 102-րդ ռազմաբազան բնականոն ծառայություն է իրականացրել, համալրվել է անձնակազմով, բավարարել է իր բոլոր կարիքները, և ուրեմն նրանց հիշեցումը 2008-ից ի վեր գործող արգելանքի մասին որևէ ներգործություն չի ունեցել, իսկ հարակից լուծումները միշտ էլ գտնվել են: Ասվածին մնում է միայն հավելել, որ նույն այն օրը, երբ Թբիլիսիիում խոսում էին ճանապարհները փակելու մասին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումա ներկայացրեց Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը` վավերացման նպատակով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ի՞նչ է Ռուսաստանի ուզածը

30 Մրտ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Մոսկվան որոշակի իմաստով «պահպանողական» է իր արտաքին քաղաքականության մեջ: Հայտնի իրողություն է, որ այնտեղ, որտեղ արևմտյան ուժերը համախմբվում են որևէ մեծ նպատակի շուրջ, Ռուսաստանը մշտապես իրեն հեռու է պահում: Նման գործելաոճը ռուսներին դարձնում է ոչ թե կռահելի, այլ առավելագույնս ինքնուրույն, մի բան, որ դժվար է ասել Արևմուտքի շատ երկրների մասին: Եվ Լիբիայի դեպքը նույնպես բացառություն լինել չէր կարող: Այն պահից ի վեր, երբ աֆրիկյան այդ երկրում իրադարձությունները սկսեցին զարգանալ ողբերգական սցենարով, Ռուսաստանն առաջինների թվում էր, որ արձագանքեց դրանց: Արդեն մարտի սկզբին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր ստորագրեց Լիբիային բոլոր տեսակի զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա առաքելու արգելքի մասին: Դրա հետ մեկտեղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարեց, թե իրենք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում դեմ կարտահայտվեն Լիբիայի ներքին գործերին ռազմական միջամտություն ցուցաբերելու որոշումներին:
Այս մի հարցում ռուսները թերևս շտապել էին կամ գերագնահատել էին իրենց անկախ պահվածքը: Բանն այն է, որ երբ վրա հասավ ճակատագրական որոշումը կայացնելու պահը, Ռուսաստանը ընդամենը ձեռնպահ քվեարկեց: Ավելի ուշ պաշտոնական Մոսկվան պիտի արդարանար, թե Անվտանգության խորհրդում չի օգտագործել վետոյի իր իրավունքը, քանի որ բանաձևի դրույթների հետ ընդհանուր առմամբ համաձայն էր: Սակայն նման բացատրությունն անլիարժեք էր ու ոչ համոզիչ: Առաջին հերթին պարզ չէր, թե որտեղ էր ավարտվում համաձայնության սահմանը և սկսվում տարակարծության ոլորտը: Այդ պատճառով էլ հարկ է իբրև հիմք ընդունել նախագահ Մեդվեդևի անհամեմատ անկեղծ մի արտահայտությունը, ըստ որի «չի կարելի ասել, որ Ռուսաստանը չի հասկանում, թե ինչ է անում»: Ընդունենք, որ Ռուսաստանը գերազանց հասկանում է: Իսկ ի՞նչ է անում նա:
ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից անմիջապես հետո Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ ռուսական ռազմական ուժերի մասնակցությունը Լիբիայում բացառվում են: Երկու օր անց այն բանից հետո, երբ դաշնակիցները սկսեցին ռմբահարել Լիբիայի քաղաքները, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության ենթարկեց Անվտանգության խորհրդին, որն, ըստ նրա, թույլ է տալիս օտարերկրյա ներխուժում իրականացնել ինքնիշխան երկրի տարածք: «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը լիարժեք չէ ու վնասակար է: Այն թույլ է տալիս ամեն ինչ և խաչակրաց արշավանքի միջնադարյան կոչ է հիշեցնում»,- հայտարարեց Պուտինը:
Նրա ելույթից բառացիորեն 3 ժամ հետո Լիբիայի իրավիճակի վերաբերյալ հատուկ ելույթով հանդես եկավ Մեդվեդևը: Նա ասաց, որ անթույլատրելի է համարում այնպիսի արտահայտությունները, որոնք, ըստ էության, կարող են քաղաքակրթությունների բախման հանգեցնել: Խոսքն, իհարկե, «խաչակրաց արշավանքի» մասին էր: Դրանից հետո նախագահը նաև հավելեց, որ ինքն է ցուցում տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո չդնել բանաձևի վրա, իսկ արտգործնախարարությունն այդ ցուցումը կատարել է: «Ես չեմ համարում, որ այս բանաձևը սխալ է, ավելին` կարծում եմ, որ բանաձևն ընդհանուր առմամբ նաև մեր տեսակետն է արտահայտում Լիբիայում տեղի ունեցողի վերաբերյալ»,- ամփոփիչ մտքում հին թեզը վերաշարադրեց նա:
Բայց նույնիսկ այս դիտողությունը չհանդարտեցրեց Պուտինին, ով այնուհետև ևս շարունակեց պնդել, թե Լիբիայիում ռազմական օպերացիան ողբերգություն է, և դրան հավանություն տվողները պետք է աղոթեն իրենց հոգիների փրկության համար: Պուտինին անհանգստացրել էր այն թեթեւությունը, որով ԱՄՆ-ը որոշում է կայացնում ուժ կիրառել միջազգային ասպարեզում: «ԱՄՆ քաղաքականությունը կայուն տենդենցներ է ձեռք բերում: Բիլ Քլինթոնի օրոք ռմբակոծում էին Բելգրադը, Բուշի օրոք` Աֆղանստանն ու Իրաքը: Հերթը Լիբիայինն է: Որտե՞ղ է տրամաբանությունը կամ խիղճը: Երկուսն էլ բացակայում են»,- եզրահանգել էր Պուտինը:
Ահա թե որտեղ է ռուսների իրական մարտադաշտը: Ամերիկացիները ռմբահարում են Լիբիան, իսկ ռուսները հարվածում են Վաշինգտոնի հեղինակությանը: Այդ պատճառով էլ Ռուսաստանի ճշմարիտ ձանը պետք է փնտրել ոչ թե այդ երկրի նախագահի, այլ վարչապետի խոսքերի մեջ: Դերերի հստակ բաշխում է տեղի ունեցել: Մեկը մեղադրանքներ է շպրտում գերտերությունների դեմքին, մյուսը հարթում է սուր անկյունները: Սակայն առաջինի տպավորությունն է ամենաուժգինն ու մտապահվողը:
Նման դեպքերի համար ռուսներն ունեն նաև «էպիզոդային» դերակատարներ: Դրանցից մեկն էլ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին է, ում լեզուն ոսկոր չունի: Հենց նա էր, որ օրերս այն համոզմունքը հայտնեց, թե շուտով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն կտա նաև ցամաքային ներխուժմանը Լիբիա և կընդունի 3-րդ բանաձևը: Դրանից հետո Ժիրինովսկին դիմեց Նոբելյան կոմիտեին` խնդրելով զրկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Նոբելյան մրցանակից: Վլադիմիր Վոլֆովիչի կարծիքով, Օբամային այդ մրցանակի հանձնումը չի համապատասխանում Լիբիայում ԱՄՆ գործողություններին: «Այդ ինչպիսի խաղաղապահններ են դրանք, որ «Թամահաուք»-ներով ռմբակոծում են ողջ երկրի տարածքը»,- բացականչել էր նա ու հավելել, որ ԱՄՆ-ի գործողությունները «ագրեսիայի ակտ» են և կարող են դիտարկվել որպես «գաղութարարական քաղաքականություն»:
Հաջորդ ապտակը հասցրեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ով, ինչպես գրում է ամերիկյան The Washington Post-ը, հրապարակավ ստորացրեց իր գործընկեր Ռոբերտ Գեյթսին ու ողջ ամերիկյան վարչակազմին, երբ միջազգայի հանրությանը՝ ԱՄՆ գլխավորությամբ, մեղադրեց Լիբիայի խաղաղ բնակչության սպանելու մեջ և կոչ արեց անհապաղ դադարեցնել կրակը: Նույն թերթը նշել էր, թե Սերդյուկովը Գեյթսի ներկայությամբ բառացիորեն «նախատել է Օբամային»։
Խնդիրը, որն իր առաջ դրել է Ռուսաստանը, առայժմ կատարվում է անխափան: Վերջին խոսքը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովինն էր, ով երեկ հայտարարեց, թե «Հաղորդագրություններ կան Քադաֆիի զորքերի դեմ օդային հարձակումների, զինված ապստամբներին աջակցություն ցուցաբերելու մասին: Այն երկրները, որոնք պարտավորվել են կատարել Անվտանգության խորհրդի բանաձևը, պետք է հաշվի նստեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի, այլ ոչ՝ ուրիշ կառույցների հետ»: Այդ կողմնակի կառույցների թվում Լավրովն առաջին հերթին նկատի ուներ ՆԱՏՕ-ին, որը ստանձնեց լիբիական օպերացիայի հրամանատարությունը: Եվ դա ասվում է` նկատի ունենալով, որ ապրիլի 15-ին Բեռլինում տեղի է ունենալու ԱԳ նախարարների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Մեծ է հավանականությունը, որ խորհրդակցության ընթացքում Լիբիայում առկա իրավիճակի մասին հարցը կլինի առանցքային։ Սակայն սա կարող է չափազանց ուշացած և ժամանակավրեպ երկխոսություն լինել, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի արագությամբ են զարգանում իրադարձությունները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Իսրայելյան զենք` Ղարաբաղի ճակատում

8 Դկտ

Երբ հայ սահմանապահները ստուգում էին սպանված ադրբեջանցի դիվերսանտի իրերը, գերազանց սպառազինված զինվորի մոտ նրանք հայտնաբերեցին նաև իսրայելական արտադրության գիշերային տեսասարք, խլացուցիչով ինքնաձիգ, սառը զենք: Սակայն դրանց պատկանելիությունն առանձնապես չզարմացրեց հայկական կողմին: Վաղուց էր հայտնի, թե Իսրայելն ինչպես է հոգ տանում Ադրբեջանի բանակի հագեցվածությունն ապահովելու համար: Այնպես որ, մեզ համար մեծ անակնկալ լինել չէր կարող նաև սկանդալային Wikileaks-ի հազարավոր բացահայտումներից այն մեկը, ուր խոսք է գնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմական հարաբերությունների մասին: Բաքվում ԱՄՆ դեսպանատան խորհրդականի այդ հեռագիրում նշվում է, որ շնորհիվ Իսրայելի հետ սերտ կապերի՝ Ադրբեջանին հասանելի է դարձել սպառազինության նոր մակարդակը՝ սեփական բանակի զարգացման համար: Ադրբեջանցի դիվանագետը նաև գրում է, թե նման տեխնիկա նա չի կարող ստանալ ոչ ԱՄՆ-ից, ոչ Եվրոպայից ու ոչ էլ հետխորհրդային երկրներից տարբեր իրավական սահմանափակումների պատճառով: Իբրև ասվածի հիմնավորում, պատճառաբանվում է, որ Արևմուտքի մյուս երկրները վախենում են վերգետնյա ռազմական համակարգեր վաճառել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ չսկսելու համար, իսկ ահա Իսրայելն իրեն միանգամայն ազատ է զգում ու սիրով պատրաստ է գործարքներ կնքել և եկամուտ ստանալ հարուստ հաճախորդից:
Նախ նկատենք, որ ամերիկացի նամակագիրը չափից ավելի է խտացրել գույները և շրջանցել է ճշմարտությունն այն պարզ պատճառով, որ Բաքուն վաղուց ի վեր ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Բելոռուսի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հետ: Պաշտպանության ծախսերը մեծացնելով` Ադրբեջանն այսօր ռազմական տեխնիկա է ձեռք բերում նաև ՆԱՏՕ-ի այլ անդամներից` Գերմանիայից ու Իտալիայից: Այնպես որ, Իսրայելը սոսկ այդ ընդարձակ ցանկում հերթական գործընկեր է: Սակայն նույնիսկ այս պարագայում երկու երկրների համագործակցությունը առանձնակի ուշադրություն է պահանջում:
Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական կապն առաջին անգամ հրապարակայնորեն հաստատվեց 2008 թվականին (չնայած, ըստ որոշ աղբյուրների, նրանց հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 1990-ականների սկզբներին): Այն ժամանակ Բաքուն հեշտ ու հանգիստ և առանց ավելորդ դիմադրության համաձայնագիր ստորագրեց Իսրայելի պաշտպանության նախարարության հետ, որը նրան թույլ էր տալիս նռնականետներ, զինամթերք, ռեակտիվ հրետանի ու կապի միջոցներ ձեռք բերել: Նույն ժամանակ Իսրայելի Կնեսեթում այդ երկրի իշխանության ներկայացուցիչները կուրծք էին ծեծում` հավատացնելով, թե «Իսրայելը երբեք զենք չի մատակարարի մի երկրի, եթե դա կարող է սպառնալ հարևան երկրների անվտանգությանը»: Շատ ու շատ դժվար պիտի լինի մտածել, թե Թել Ավիվում ոչինչ չէին լսել Լեռնային Ղարաբաղի մասին և չգիտեին, որ Հայաստանը Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական վիճակում: Բայց նույնիսկ տեղեկացված լինելը չխանգարեց, որպեսզի կնքվեր հարյուրավոր միլիոն դոլարների չափով գործարքը, և Իսրայելից Ադրբեջան տեղափոխվեին Lynx համազարկային 122 մմ-անոց համակարգեր, «Սոլթամ» ընկերության արտադրության հաուբիցներ ու դրանց համար ռազմամթերք, հրթիռա-հրետանային համակարգեր, «Տադիրան» ընկերության կապի միջոցներ, մեծ հզորությամբ ու հեռահարությամբ օժտված «EXTRA» հրթիռներ և այլն, և այլն: Իսկ ընդամենը երկու ամիս առաջ տեղեկություն հրապարակվեց, որ իսրայելական Elbit Systems ընկերությունն արդիականացնելու է ադրբեջանական բանակի Т-72 տանկերը: Հիշենք նաև, որ այս տարվա սկզբներին մամուլում լրատվություն սպրդեց այն մասին, որ ադրբեջանական զինվորական պատվիրակությունը գաղտնի այցելել է Իսրայելի ռազմա-արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ ու բանակցել է երկրի ռազմական ապահովման կառույցների հետ:
Հազիվ թե գտնվի ավելի պերճախոս վկայությունն այն իրողությյան, որ Իսրայելն ակնհայտորեն փորձում է ներխուժել կովկասյան առանց այդ էլ անկայուն տարածաշրջան` իր ներկայությամբ մեծացնելով պատերազմի վերսկսման հնարավորությունը: Թել Ավիվի այս «դեպի հյուսիս» տեղաշարժերի մասին այսօր զանազան ենթադրություններ են արվում, որոնցից մեկի համաձայն էլ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը կարող է պայմանավորված լինել հայ-թուրքական հարաբերություններում նշմարված փոփոխություններով, մի հանգամանք, որն անհետևանք չմնաց ու որոշակի լարվածություն հաղորդեց նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Սակայն Իսրայելում նախընտրում են դա արդարացնել սոսկ Իրանից եկող վտանգներով: Հատկանշական է, որ Իսրայելի հետ ձայն ձայնի տված, Ադրբեջանը նույնպես սկսել է Իրանը դիտարկել որպես իր անվտանգության գլխավոր սպառնալիք: Այսպես շատ հարմար է, և ցանկացած դեպքում կարելի է Արևմուտքին բացատրել, թե հատկապես դրանով է պայմանավորված երկու երկրների համագործակցությունը, առավել ևս, որ վերջիններիս կապը լուրջ դժգոհություն է հարուցել Իրանի պաշտոնական օղակներում, և Թեհրանում բացահայտորեն ու խստությամբ դատապարտում են Ալիևի իսրայելական քաղաքականությունը: Միայն թե այնքան էլ հեշտ գործ չէ մախաթը պարկում պահել ու Հայաստանի փոխարեն մատնացույց անել Իրանին: Զենքի ու ռազմամթերքի այդ ահռելի պաշարը, որ կուտակվում է Բաքվում, գործադրման մեկ հասցե կարող է ունենալ, և դա Ղարաբաղն է: Տարօրինակ է միայն, որ, ի տարբերություն Իրանի, Երևանում ու Ստեփանակերտում շարունակում են համառ լռություն պահպանել, և այդ լռությունն այս պահին ոչ մի արդարացում չունի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: