Tag Archives: ռադիոակտիվ

Մեր ներսի վտանգը

22 Մրտ

Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը մեկ անգամ ևս արթնացրեց մեր ինքնապաշտպանական բնազդները: Եվ սա ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը սեյսմիկ անվտանգության առումով գտնում է ռիսկային գոտում, այլ նաև նրա համար, որ մեր հանրապետությունում ևս կա վտանգավոր մի կառույց` ատոմակայանը: Հանկարծ բոլորը միանգամից հասկացան, որ եթե Ճապոնիայի նման երկրում է հնարավոր ատոմակայանի վթարն ու ճառագայթումը, ապա Հայաստանում դրա հավանականությունը շատ անգամ ավելին կարող է լինել: Ասվածն էլ ավելի առարկայական դարձավ այն բանից հետո, երբ ճապոնական աղետին արձագանքելով Գերմանիան, օրինակ, կանգնեցրեց երկրի տարածքում գործող ամենահին 7 միջուկային ռեակտորների աշխատանքը, իսկ Չինաստանը սառեցրեց ԱԷԿ կառուցելու իր ծրագրերը: Այս խնդրով Եվրամիության կառույցներն անմիջապես խորհրդակցություններ անցկացրեցին և որոշեցին հաջորդ շաբաթ նախատեսել հատուկ հանդիպում միջուկային անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կքննարկվեն ու գնահատականներ կտրվեն ոչ միայն տեղի ունեցած վթարի հետևանքներին, այլև կորոշակիացվեն այն դասերը, որոնք կարելի է քաղել Ճապոնիայի իրադարձություններից:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր անելիքները եվրոպացիների հոգսերից մի քանի անգամ ավելին են լինելու: Հազիվ թե ձեռքի տակ եղած միջոցները ներկա պահին թույլ տան լուրջ քայլեր ձեռնարկել ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Առավելագույնը, որ հնարավոր է անել, մեկ անգամ ևս աչքի անցկացնել այն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան գործունեությունը: Կառավարությունն արդեն որոշում է կայացրել մոտ ժամանակներս երկիր հրավիրել միջազգային փորձագետներին` ստանալու նրանց խորհուրդները, թե ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրել` ամեն կարգի անցանկալի հետևանքներից հեռու մնալու համար: Ու եթե նույնիսկ հիմա փոքր-ինչ անիրատեսական է թվում այն հեռանկարը, թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են մինչև 2016 թվականը Մեծամորում տեղակայված խորհրդային տիպի ատոմակայանը փոխարինել նոր ատոմակայանով, բայց ոչինչ նրանց չի խանգարում ժամանակ առ ժամանակ խոսել դրա մասին: Մինչդեռ բոլորի համար էլ վաղուց հասկանալի է դարձել, որ նոր ատոմակայանի կառուցումը ձգձգվում է անորոշ ժամանակով, իսկ էներգետիկայի նախարարությունում սոսկ մտածում են հնի աշխատանքի ժամկետը երկարաձգելու մասին:
Այս ընթացքում բնապահպանները շարունակում են ահազանգել, որ Մեծամորի ատոմակայանը երկրաշարժային բեկվածքներին շատ մոտ է գտնվում: Նվազագույնը 5 երկրաշարժային տեկտոնիկ բեկվածքներ կան, մեկը 34 կմ, մյուսը` 16 կմ, իսկ երրորդը` ռեակտորից 500 մ հեռավորության վրա: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ երկրաշարժն անկանխատեսելի երևույթ է (ժամանակակից տեխնոլոգիաները միայն մոտալուտ երկրաշարժն են կարողանում կանխատեսել), ապա դժվար չէ կռահել ամեն կարգի հանգստացուցիչ խոսքերի և հավաստիացումների իրական արժեքը:
Բայց արի ու տես, որ մեր գլխի տակ փափուկ բարձեր դնողների քանակը ոչ մի կերպ չի նվազում: Այս օրերին էլ սկսել են խոսել այն մասին, թե հայկական ատոմակայանը կոնստրուկցիոն տեսանկյունից ճապոնականից տարբեր է ու իր անվտանգության տեսանկյունից ավելի բարձր է: «Այստեղ օգտագործվում է այլ մեթոդ: Ճապոնիայում հավանաբար հույսը դրել էին ավելի բարձր աշխատանքային կարգապահության և ավելի էժան էներգիա ստանալու վրա»,- պնդում են նրանք:
Նույնիսկ ոմանք չզլացան կռահումներ կատարել երկրաշարժ հնարավորության դեպքում ՀԱԷԿ-ը աշխատանքի բնույթի մասին: Համաձայն դրա, ատոմակայանի բոլոր կարևորագույն հանգույցները` ռեակտորը, պարագեներատորը, գլխավոր շրջանառու պոմպերը կապված են հատուկ հիդրոամորտիզատորներով, որոնք սովորական աշխատանքային ռեժիմում թույլ են տալիս ջերմային ընդարձակումներ ու դինամիկ տատանումներ, բայց երկրաշարժի ժամանակ այդ հարվածները վերցնում են իրենց վրա և արգելում են կարևոր հանգույցների տեղաշարժը:
Եվ այնուամենայնիվ, սա բավարար բացատրություն կամ լիակատար երաշխիք դիտվել չի կարող: Խիստ բնական է, որ մարդիկ լրջորեն անհանգստանում են իրենց վաղվա օրվա համար: Ըստ էության ոչ ոք դեմ չէ առոմային էներգիայի կիրառմանը, սակայն ինչպե՞ս կարելի է հանուն այդ ցանկության հաշվի չառնել բնության կատակլիզմները: Եվ այն մասնագետները, ովքեր շարունակում են պնդել, թե անհապաղ պետք է վերանայել պաշտպանության չափորոշիչները, լավ գիտեն, որ մեր ատոմակայանը սեյսմավտանգ Հայաստանում կառուցվել է խորհրդային ստանդարտներով, առանց «տանիքի», ինչպես Չեռնոբիլը: Գիտեն նաև, որ պաշտպանության մակարդակը ցածր է ճապոնական ԱԷԿ-ից, և հազիվ թե այն դիմանա 8 բալանոց երկրաշարժերին:
Այս օրերին սկսեցին նաև զանազան լուրեր շրջանառվել, թե իբր ճապոնական ատոմակայանի հետ տեղի ունեցած դեպքից հետո միջազգային կառույցները ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ Մեծամորի ատոմակայանը փակելու համար: Այդ տեղեկություններն առայժմ չեն հաստատվել: Սակայն փոխարենը Մեծամորի ԱԷԿ-ի վտանգի մասին բարձր ձայնով ահազանգներ են հնչում հարևան երկրներում: Այդպես են վարվում վրացիները: Նույն բանն են ասում թուրքերը, իսկ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ոչ ավել, ոչ պակաս, նույնիսկ պահանջեց հայկական ատոմակայանի փակման գործընթաց սկսել։
Դրսից եկող կարծիքներն ու դժգոհությունները դեռևս ամենակարևոր շարժառիթները չեն: Դրանից առավել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունն է: Եվ հանուն այս գերակա խնդրի արժե մտահոգվել լրջորեն և կանգ չառնել ոչ մի զոհողության առաջ:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: