Tag Archives: Ռաբինդրանաթ Թագոր

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

10 Նյմ

Ես հիշում եմ մանկությանս մի օրը: Մի թղթե նավակ բաց թողեցի առվում:
Հուլիսյան խոնավ օր էր, մենակ էի ես այնտեղ ու երջանիկ իմ խաղով: Ես թղթե նավակս բաց թողեցի առվում:
Հանկարծ մռայլ ամպերը կուտակվեցին, քամին ելավ փոթորկաբեր ուժգնությամբ ու սաստիկ անձրև տեղաց: Պղտոր ջրերը խառնվեցին առվին, առուն ուռավ, վարարեց ու խորտակեց իմ նավակը:
Վշտացած ինքս ինձ միտք էի անում, թե փոթորիկը դիտմամբ սաստկացավ, որ կործանի իմ բախտը, թե նրա ամբողջ չարությունն ուղղված էր իմ դեմ:
Հուլիսի թխպոտ օրը երկար է այսօր: Ես մեկիկ-մեկիկ հիշում էի կյանքի այն բոլոր խաղերը, որ տանուլ եմ տվել: Անիծում էի բախտս իր բազում չար հանցանքների համար, երբ հանկարծ հիշեցի իմ թղթե նավակը, որ սուզվեց առվում:

Թարգմ. Համլիկ Թումանյանim81yeqouq

ԵԿ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՍ

3 Դկտ

Եկ ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։ Թող լինես հերարձակ-թափված վարսերով, թող սանրվածքդ լինի անկարգ ու կորսաժիդ ժապավենները քանդած, ինչ փույթ։
Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։
Արի կանաչներով, արի, շտապիր։
Թող սեզերի ցողը քո երանգանկար ոտքերիդ ներկը իջեցնի, կամ թեկուզ ոտքերիդ բոժոժիկների օղակները բացվեն ու մանյակներիդ մարգարիտները թափվեն, ուշ մի դարձնի։
Արի կանաչներով, արի, շտապիր։
Տեսնու՞մ ես ամպերը ինչպես են ծածկում երկինքը։
Հեռավոր ծովի ծանծաղուտից կռունկների երամն իջել է գետափին ու քմահաճ քամին բարկ ուժգնությամբ սլանում է դաշտի վրայով։
Նախիրը խրտնած դեպի գյուղի ախոռներն է վազում։
Տեսնու՞մ ես ամպերը ինչպես են ծածկում երկինքը։
Դու զուր ես վառում սեղանիդ փոքրիկ ճրագը, բոցը կերերա ու քամին կմարի։
Եվ ո՞վ կնկատի, որ քո արտևանունքները չեն մրոտվել ճրագի մարած պատրույգից։ Չէ՞ որ ծավի աչքերդ ավելի թուխ են, քան ամպերը փոթորկի։
Զուր ես վառում սեղանիդ փոքրիկ ճրագը՝ բոցը կերերա ու քամին կմարի։
Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի հագնվելուդ վրա։
Հոգ չէ, որ պսակը չի հյուսված կամ ապարանջանի շղթան չի կապվում, թող այդպես մնա։
Երկիրը բոլորովին ծածկվել է ամպերով, ուշ է արդեն։ Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐrobi-860x450_c

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

30 Հնվ

Դե ավարտիր վերջին երգը և բաժանվենք:
Մոռացիր այս գիշերը, երբ նա էլ չկա:
Ու՞մ էի տենչում շղթայել գրկիս մեջ: Երազները երբեք գերի չեն դառնա, անկարելի է:
Ագահ ձեռքերով կրծքիս եմ սեղմում դատարկությունը ու սիրտս պայթում է զայրույթից:568360_svidanie_oblako_jenschina_mujchina_tsvetok_odejda_5184x3456_(www.GdeFon.ru)

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

28 Հնվ

Հանդարտվիր, սիրտ իմ, թող քաղցր լինի ժամը հրաժեշտի:
Թող դա լինի կատարելություն, ոչ թե մահացում:
Թող սերը ձուլվի հուշերին, տառապանքը` երգին:
Թող բնի մոտ փակվեն թևերը և վերջանա վերասլաց թռիչքը դեպի եթեր:
Թող քո ձեռքերի վերջին շոյումը լինի քնքուշ, ինչպես գիշերային ծաղկի փաղաքշանքը:
Գեթ մի պահ կանգ առ, ով հրաշագեղ վախճան, ու լռության մեջ ասա վերջին խոսքդ:
Ես երկրպագում եմ քեզ ու բարձր եմ պահում ճրագս, որ լուսավոր լինի ճամփադ:hands

ԷՅՆՇՏԵՅՆԻ ԵՎ ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐԻ ԶՐՈՒՅՑԸ

15 Մյս

Էյնշտեյն – Դուք հավատում եք աշխարհից մեկուսացված աստծո՞ւն:

Թագոր – Մեկուսացված չէ: Մարդու անսպառ ինքնությունը կարող է ճանաչել Տիեզերքը: Մարդու համար անհասկանալի բան լինել չի կարող: Սա ապացուցում է, որ Տիեզերքի ճշմարտությունը մարդկային ճշմարտությունն է: Միտքս պարզաբանելու համար կօգտվեմ գիտական մի փաստից:
Նյութը կազմված է պրոտոններից ու էլեկտրոններից, որոնց միջև ոչինչ չկա, սակայն նյութը կարող է հոծ թվալ` առանց առանձին էլեկտրոնները ու պրոտոնները միացնող տարածական կապերի: Նույն կերպ և հասարակությունն է բաղկացած անհատներից, բայց նրանց միջև գոյություն ունի մարդկային հարաբերությունների փոխադարձ կապ, որն էլ մարդկային հասարակությունը դարձնում է միասնական կենդանի օրգանիզմ: Տիեզերքը, որպես ամբողջություն, փոխադարձ կապի մեջ է մեր` որպես անհատների հետ: Սա մարդու Տիեզերքն է:
Այս գաղափարը նկատել եմ արվեստում, գրականության և մարդու հոգևոր գիտակցության մեջ:

Էյնշտեյն – Տիեզերքի բնույթի վերաբերյալ երկու հայեցակարգ գոյություն ունի.
աշխարհը, որպես մարդուց կախված մեկ ամբողջություն
աշխարհը, որպես իրականություն, որը կախված չէ մարդուց:

Թագոր – Երբ մեր Տիեզերքը ներդաշնակ է հավերժական մարդու հետ, այն ընկալում ենք որպես ճշմարտություն և զգում ենք որպես գեղեցկություն:

Էյնշտեյն — Բայց սա Տիեզերքի զուտ մարդկային հայեցակարգ է:

Թագոր — Այլ հայեցակարգ չի կարող լինել: Այս աշխարհը մարդու աշխարհն է: Նրա մասին գիտական պատկերացումները` գիտնականի պատկերացումներն են: Այդ իսկ պատճառով մեզանից առանձին աշխարհը գոյություն չունի: Մեր աշխարհը հարաբերական է, նրա իրականությունը կախված է մեր գիտակցությունից: Գոյություն ունի ողջամտություն և գեղեցիկի որոշակի չափանիշ, որի շնորհիվ այս աշխարհը դառնում է հավաստի. դա Հավերժական Մարդու չափանիշն է, ում զգացողությունները համընկնում են մեր զգացողություների հետ:
Էյնշտեյն – Ձեր Հավերժական Մարդը մարդու էության մարմնացումն է:

Թագոր – Այո, հավերժականի էությունն է: Մենք պետք է այն ճանաչենք մեր զգացմունքների և գործունեության արդյունքում: Մենք ճանաչում ենք Գերագույն Մարդուն, ով զուրկ է մեզ բնորոշ սահմանափակությունից: Գիտությունը դիտարկում է այն, ինչը սահմանափակված չէ մեկ անձով, այն ճշմարտությունների անանձնական մարդկային աշխարհն է: Կրոնը գիտակցում է այդ ճշմարտությունները և հաստատում է դրանց կապը մեր ավելի խորքային կարիքների հետ. ճշմարտության մեր անհատական գիտակցումը ստանում է ընդհանուր նշանակություն: Կրոնը ճշմարտությունը արժևորում է, և մենք ընկալում ենք ճշմարտությունը`զգալով մեր ներդաշնակությունը նրա հետ:

Էյնշտեյն – Բայց դա նշանակում է, որ ճշմարտությունը կամ գեղեցկությունը մարդուց անկախ չեն:

Թագոր – Անկախ չեն:

Էյնշտեյն – Եթե մարդիկ հանկարծ վերանային, ապա Ապոլոնի արձանը կդադարեր գեղեցիկ լինելուց:
Թագոր – Այո:
Էյնշտեյն -Գեղեցիկի նման հայեցակարգի հետ ես համաձայն եմ, բայց չեմ կարող համաձայնել ճշմարտության հայեցակարգի հետ:
Թագոր – Ինչո ՞ ւ: Չէ որ ճշմարտությունը ճանաչելի է մարդու կողմից:

Էյնշտեյն – Չեմ կարող ապացուցել իմ հայեցակարգի ճշմարտացիությունը, բայց այն իմ կրոնն է:

Թագոր – Գեղեցիկը, անփոփված է կատարյալ ներդաշնակության գաղափարում, ինչ մարմնավորված է ունիվերսալ մարդու մեջ: Ճշմարտությունը համընդհանուր գիտակցության կատարյալ ըմբռնումն է: Մենք` անհատներս, ճշմարտությանը մոտենալիս կատարում ենք մանր ու մեծ սխալներ, կուտակում ենք փորձ, լուսավորում ենք մեր միտքը, ուրիշ էլ ի՞նչ կերպ կարող ենք գիտակցել ճշմարտությունը:

Էյնշտեյն – Չեմ կարող ապացուցել, որ գիտական ճշմարտությունը պետք է համարել ճշմարտություն, որը ճիշտ է մարդկությունից անկախ, բայց դրանում ես հաստատ համոզված եմ: Պյութագորասի թեորեմը երկրաչափությունում մոտավոր ճիշտ բան է պնդում` մարդու գոյությունից անկախ: Ամեն դեպքում, եթե կա մարդուց անկախ իրականություն, ապա պետք է որ լինի այդ իրականությանը համապատասխանող ճշմարտություն, և առաջինի ժխտումը կհանգեցնի վերջինի ժխտմանը:

Թագոր – Ունիվերսալ Մարդու մեջ ամփոփված Ճշմարտությունը, ըստ էության, պետք է մարդկային ճշմարտություն լինի, քանի որ հակառակ դեպքում այն ամենը, ինչն անհատներս կարող ենք ճանաչել երբեք չի կարող համարվել ճշմարտություն, համենայն դեպս, չի կարող համարվել գիտական ճշմարտություն, որին մենք հասնում ենք տրամաբանական գործընթացների և դատողական մտածողության արդյունքում, այլ խոսքերով` մտածողության օրգանի միջոցով, որը մարդկային օրգան է: Հնդկական փիլիսոփայության համաձայն, գոյություն ունի Բրահմա` բացարձակ ճշմարտություն, որին չի կարելի հասնել առանձին անհատի գիտակցությամբ կամ նկարագրել բառերով: Այն ընկալելի է անձի` խորապես անհունության մեջ ընկղմվելու դեպքում միայն: Այսպիսի ճշմարտությունը չի կարող գիտական լինել: Ճշմարտության այս կերպը կրում է արտաքին բնույթ, այսինքն` այս Ճշմարտությունն այն է, ինչը ճշմարիտ է թվում մարդկային բանականությանը, և այդ պատճառով էլ այս ճշմարտությունը մարդկային է: Սա կարելի է անվանել Մայա կամ պատրանք:

Էյնշտեյն – Ձեր հայեցակարգի համապատասխան, որը միգուցե հնդկական փիլիսոփայության հայեցակարգ է, մենք գործ ունենք ոչ թե առանձին անհատի պատրանքի հետ, այլ ամբողջ մարդկությանն ընդհանրապես:

Թագոր – Գիտության մեջ ենթարկվում ենք կարգապահության, դեն ենք նետում մեր սեփական մտքի կողմից հարկադրած բոլոր սահմանափակումները, և այդպիսով հասնում ենք ճշմարտությանը, որը մարմնավորված է Ունիվերսալ Մարդու գիտակցության մեջ:

Էյնշտեյն – Կախվա՞ծ է ճշմարտությունը մեր գիտակցությունից: Այս է խնդիրը:

Թագոր – Այն, ինչ մենք անվանում ենք ճշմարտություն, իրականության սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի խելամիտ ներդաշնակությունն է, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է Ունիվերսալ Մարդուն:
Էյնշտեյն – Նույնիսկ առօրյա կյանքում ստիպված ենք մեր կողմից օգտագործվող իրերին ստիպված ենք վերագրել իրականություն, որը կախված չէ մարդուց: Մենք դա անում ենք, որպեսզի խելամիտ փոխադարձ կապ հաստատենք մեր զգայարանների միջև: Օրինակ, այս սեղանը կմնա իր տեղում նույնիսկ այն ժամանակ, երբ սենյակում մարդ չլինի:
Թագոր – Այո, սեղանը մատչելի չէ անհատին, բայց հասանելի է համընդհանուր մտքին: Սեղանը, որը ես ընկալում եմ, կարող է ընկալվել միայն իմ բանականության նման բանականության կողմից:
Մարդուց անկախ ճշմարտության գոյության վերաբերյալ մեր տեսակետը չի կարելի ոչ բացատրել, ոչ ապացուցել, բայց դրան բոլորը հավատում են, նույնիսկ նախնադարյան մարդիկ: Ճշմարտությանը մենք վերագրում ենք գերմարդկային օբյեկտիվություն: Այդ իրականությունը, որը կախված չէ մեր գոյությունից, մեր փորձից, մեր բանականությունից, անհրաժեշտ է մեզ, չնայած չենք կարող ասել, թե դա ինչ է նշանակում:

Թագոր – Գիտությունը ապացուցել է, որ սեղանը որպես պինդ մարմին` ընդամենը շղարշ է, և այն, ինչը մարդային գիտակցությունը ընկալում է որպես սեղան, չի կարող գոյություն ունենալ, եթե գոյություն չունենար մարդկային գիտակցությունը: Միաժամանակ պետք է խոստովանել, որ սեղանի տարրական ֆիզիկական իրականությունը ոչ այլ ինչ է, քան առանձին պտտվող էլեկտրական ուժերի բազմություն և, հետևաբար, նույնպես պատկանում է մարդկային գիտակցությանը:
Ճշմարտության հասնելու գործընթացում մշտական պայքար է տեղի ունենում համընդհանուր մարդկային մտքի և առանձին անհատի սահմանափակ մտքի միջև: Այդ անվերջանալի պայքարը առկա է մեր գիտության, փլիսոփայության, բարոյագիտության մեջ: Համենայն դեպս, եթե անգամ գոյություն ունենար մարդուց դուրս ինչ-որ բացարձակ ճշմարտություն, այն մեզ համար այն կլիներ բացարձակապես չգոյություն չունեցող:
Դժվար չէ պատկերացնել մի բանականություն, որի համար իրադարձությունների հաջորդականությունը զարգանում է ոչ թե տարածության, այլ ժամանակի մեջ` երաժշտության մեջ նոտաների հաջորդականության նման: Այսպիսի բանականության համար իրականության հայեցակարգը հարազատ կլինի երաժշտական իրականությանը, որի համար Պյութագորասի երկրաչափությունը զուրկ է որևէ իմաստից: Գոյություն ունի թղթի իրականություն, որը անսահման հեռու է գրականության իրողությանից: Թուղթը ուտող ցեցի բանականության համար գրականություն բացարձակապես գոյություն չունի, բայց մարդկային բանականության համար գրականությունը, որպես ճշմարտություն, ավելի մեծ արժեք ունի, քան թուղթը: Ճիշտ այնպես էլ, եթե գոյություն ունենա այնպիսի ճշմարտություն, որը ոչ մի զգայական կամ մտավոր առնչություն չունենա մարդկային բանականության հետ, այնքան ժամանակ կհամարվի ոչինչ, քանի դեռ մենք կմանանք մարդկային բանականությամբ էակներ:

Էյնշտեյն – Այդ դեպքում ես ավելի հավատացյալ եմ, քան դուք:

Թագոր – Իմ կրոնը սեփական էության մեջ Հավերժական Մարդու, Ունիվերսալ մարդկային ոգու ճանաչումն է: Սա է եղել իմ դասախոսությունների թեման, որը ես անվանել եմ «Մարդու Կրոնը»:

Զրույցը տեղի է ունեցել 1930թ.-ի հուլիսի 14-ին, Էյնշտեյնի ամառանոցում:
Թարգմ. Գևորգ Հակոբյան, Նունե Մովսիսյան

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

1 Ապր

Գլխավորը, որ մարդուն ուսուցանում է կյանքը, այն չէ, որ աշխարհում գոյություն ունի տառապանք, այլ այն, որ իրենից է կախված` տառապանքն իր համար բարիք կդարձնի՞ արդյոք, կդարձնի՞ արդյոք բերկրանք: Չի կարելի ասել, թե մենք ամենևին չենք յուրացրել կյանքի այս դասը, չէ՞ որ աշխարհում չկա մեկը, ով ինքնակամ համաձայնել է հրաժարվել տառապելու իր իրավունքից, քանզի այն հավասարանշանակ է մարդ լինելու իրավունքին։ Մի անգամ աղքատ գործավորի կինը դառնորեն գանգատվեց ինձ, որ իր ավագ որդուն պատրաստվում են մի քանի ամսով ուղարկել հարուստ ազգականի մոտ: Նրան ցնցել էր հատկապես իր հոգսերը թեթևացնելու բարի մտադրությունը, չէ՞ որ ծայրը ծայրին հազիվ էր հասցնում, բայց նա չէր պատրաստվում հանուն նյութականի հրաժարվել մայրական սիրո իր անկապտելի իրավունքից: Մարդկային ազատությունը երբեք դժվարություններից ազատվելու խնդիր չի դրել, դա դժվարությունները կրելու և դրանք բերկրանքի մաս դարձնելու ազատություն է։ Այդպիսի ազատության մենք հասնում ենք, երբ գիտակցում ենք, որ մեր անհատական էությունը կեցության բարձրագույն նպատակը չէ, որ մենք մեր մեջ կրում ենք համաշխարհային էությունը, իսկ այն հավերժական է, չի երկնչում տառապանքներից և դրանք դիտարկում է որպես բերկրանքի հակառակ երես: Նա, ով հասկացավ այս ճշմարտությունը, գիտի, որ հատկապես տառապանքն է ճշմարիտ հարստությունը այնպիսի անկատար արարածների, ինչպիսիք մենք ենք, և տառապանքն է, որ վեհացրել է մեզ և արժանի արել կանգնելու կատարյալների կողքին: Նա գիտի, որ մենք թշվառներ չենք, և տառապանքը մեր ծանր վճարն է այն ամենի դիմաց, ինչը արժեքավոր է այս կյանքում` ուժի, իմաստության, սիրո դիմաց, տառապանքը խորհրդանշում է կատարելության հասնելու անսպառ հնարավորությունը, երջանկության մշտական բացահայտումը. այն մարդը, որ իսպառ կորցրել է կյանքի բերկրանքը, հենց որ վրա է հասնում աղետը, գահավիժում է ավելի ու ավելի` մինչև հոգևոր սնանկացման վերջին աստիճանը: Միայն այն դեպքում, երբ մենք ինքնազմայլանքի համար ենք օգնության կանչում ցավին, այն դառնում է չարիք, վրեժխնդիր լինում իրեն հասցված վիրավորանքի դիմաց, դատապարտելով մեզ տանջանքների։ Քանի որ նա վեստալուհի է, ում սրբազան կոչումն է ծառայել կատարելությանը, և զբաղեցնելով իր օրինական տեղը հավիտենության զոհասեղանի մոտ, նետում է սև գլխաշորը և իր պատկերին արժանացած ականատեսի դիմաց բաց անում իր կերպարանափոխված դեմքը` համակված գերագույն հրճվանքով։

Թարգմ. Գ. Դավթյան

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

9 Հնվ

ՊԱՐՏԻԶՊԱՆԸ
Օրը դեռ չի վերջացել, շուկան դեռ չի փակվել, շուկան գետի եզերքին:
Ես կարծում էի, թե ժամանակս ապարդյուն անցավ և կորավ վերջին հույսն իմ:
Բայց ո՛չ, եղբա՛յր իմ, դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Առևտուրը վերջացավ:
Երկու կողմից էլ հաշվարկը պարզ է: Արդ, ժամանակն է, որ ես տուն գնամ:
Հը՛, դռնապան, հա՞րկ ես պահանջում:
Մի վախեցիր, մա՛րդ, դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Քամու օրորը փոթորկով է սպառնում, և արևմուտքում կուտակվող ամպերը լավ բան չեն գուշակում:
Խաղաղ ջրերը սպասում են հողմին:
Շտապում եմ անցնել գետը` քանի գիշերը վրա չի հասել:
Հը՛, լաստավար, քեզ պետք է վճարեմ:
Ա՛ռ, եղբա՛յրս, դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Ճանապարհի եզրին, ծառի տակ նստած է մուրացկանը: Ավա՜ղ, նա երկչոտ հույսով նայում է դեմքիս:
Նա կարծում է, թե այսօրվա գործով հարստացել եմ:
Այո՛, իմ եղբայր, դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Գիշերն ավելի է մթնում, ճամփան դատարկվում է: Լուսատտիկներն առկայծում են թփերում:
Ո՞վ ես դու, որ գաղտագողի, անշշուկ քայլերով հետևում ես ինձ:
Գիտե՛մ, գիտեմ — դու ուզում ես հափշտակել ամբողջ վաստակս: Ես քեզ չեմ հուսախաբի:
Որովհետև դեռ էլի մի բան մնացել է մոտս:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

Կես-գիշերին տուն եմ գալիս դատարկ ձեռքերով:
Անքուն ու տագնապալի աչքերով դու անհամբեր սպասում ես ինձ իմ դռան մոտ:
Երկչոտ թռչունի պես դու գիրկս ես ընկնում, կրքոտ, անզուսպ սիրով:
Ա՜խ, աստված, այո՛, այո՛, ես դեռ շատ բան ունեմ:
Բախտն ինձ հիմնովին դեռ չի կողոպտել:

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

26 Հկտ

Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կեսգիշերին ասաց. « Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ Աստծուն։ Ա՜խ, ո՞վ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ»։ «Ե՛ս»,- շշնջաց Աստված, բայց մարդու ականջները փակ էին։ Անկողնու մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը կրծքին։
«Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր»,- ասաց մարդը։ Ձայնը նորից ասաց. «Ես Աստվածն եմ», բայց մարդը չլսեց։ Հանկարծ երեխան լաց եղավ քնի մեջ ու ավելի հպվեց մորը։ Եվ հրամայեց Աստված՝ «Սպասի՛ր, պանդոյր, մի՛ լքիր քո տունը», նա կրկին չլսեց։
Ու Աստված դառնորեն հառաչեց. «Ինչու՞ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ »։

%d bloggers like this: